
Յուրաքանչյուր 100 միլիարդ դրամ խաղադրույքի դեպքում 300 միլիոն դրամ պետական տուրք․ նախագիծ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է բարձրացնել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատոր) պետական տուրքի գծով բեռը։ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ներկայացված նախագծով՝ առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքը լրանցել նոր հոդվածով, համաձայն որի՝ ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների համար կսահմանվեն պետական տուրքի նոր, առավել բարձր գործակիցներ։
Ըստ նախագծի հիմնավորման՝ 2017-2019 թվականներին ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատոր) կազմակերպման համար պետական տուրքը կազմել է 500 մլն դրամ, իսկ 2020 թվականից 600 մլն դրամ է:
Միևնույն ժամանակ, ըստ ֆիննախի՝ 2017 թվականից ոլորտի ծավալներն աճել են մոտ 28 անգամ: Մասնավորապես, 2017 թվականին ոլորտի կողմից ընդունվող խաղադրույքների ծավալը կազմել է 138,5 մլրդ դրամ, 2018-ին՝ 333,6 մլրդ դրամ, 2019-ին՝ 1,116 տրիլիոն դրամ, 2020-ին՝ 1,98 տրիլիոն դրամ, իսկ 2021-ին՝ 3,9 տրիլիոն դրամ։
Ուստի, ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, չնայած այն հանգամանքին, որ 2020 և 2021 թվականներից ոլորտը սկսել է հարկվել շահութահարկով, ոլորտի կողմից վճարվող հարկերը և տուրքերը համարժեք չեն ոլորտի աճի տեմպերի և ՀՆԱ-ում ոլորտի կշռի հետ: Մյուս կողմից, կատարված խաղադրույքների ծավալների աճը ֆիննախի համար մտահոգիչ է և անհրաժեշտ է տարբեր գործիքներով, այդ թվում՝ հարկային, զսպել խաղադրույքների կատարումը:
Այսպիսով, ֆինանսների նախարարությունն առաջարկում է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու դեպքում տարեկան պետական տուրք սահմանել 300 միլիոն դրամը, իսկ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 30 միլիարդ դրամի խաղադրույքի դեպքում՝ տարեկան 100 միլիոն դրամ։
Օրինակ՝ եթե ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչը տարեկան ընդունում է 1 տրիլիոն դրամի չափով խաղադրույք, ապա ստիպված կլինի վճարել 10x300 միլիոն դրամի չափով պետական տուրք, այսինքն՝ 3 միլիարդ դրամ։
Հավելենք, որ այս նախագիծը օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։ Վերջնականապես ընդունվելու դեպքում այն օրենքի մեջ կմտնի 2023թ․ հունվարի 1-ից։
Մեկնաբանել