HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համայնքներում Տարածքային կառավարման նախարարության դերակատարությունը զրոյացվել է 

Մեղրի համայնքի 2022թ․-ի տարեկան բյուջեով հողի հարկը պլանավորվել է 1 մլն դրամ։  Այն պլանավորվել է ոչ թե հողի հարկի բազային տվյալներով, այլ 2021թ․-ի հարկի հավաքագրման փաստացի ցուցանիշից էլ զգալի պակաս։ Համայնքի 2021թ․-ի բյուջեում հողի հարկը պլանավորվել էր 6 մլն 90 հազար դրամ, որից հավաքագրվել է 1 մլն 350 000 դրամ` ընդամենը 22,2%-ը։ 2022թ․-ին դրանից էլ 350 000 դրամ պակաս են պլանավորել։ 

Մեղրիի 2022թ․տարեկան բյուջեն նույնպես նվազել է։ Համայնքապետարանի ներկայացրած վերլուծական տվյալներով՝ 2022թ․-ի բյուջեն 10,7%-ով կամ մոտ 109 մլն դրամով պակաս է 2021թ․ բյուջեով նախատեսվածից և շուրջ 12,9%-ով կամ 134 մլն դրամով պակաս է 2020թ․ փաստացի հավաքագրված եկամուտներից: 

Համայնքապետարանը բյուջեի մուտքերը նվազեցնելու համոզիչ փաստարկներ չի ներկայացրել։ 2021թ․-ի դեկտեմբերին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններով Մեղրի համայնքի նոր ղեկավար է ընտրվել Բագրատ Զաքարյանը, որը ներկայացնում է «Հանրապետություն» կուսակցությունը: Տարեվերջում այս ցուցանիշներով համայնքի նորընտիր ղեկավարը կարող է բյուջեի 100%-ից ավելի կատարողական ցույց տալ և անտեղյակներին համոզել, որ ինքը համայնքի ղեկավարի լավագույն թեկնածուն էր։

Այս խաբեությունը կանխելու իրավասությունը Սյունիքի մարզպետարանինն էր, որն այս տարի իրավական հսկողություն է իրականացրել Մեղրիում և չի «նկատել», որ 2022թ․-ի բյուջեն ճիշտ չի պլանավորվել, իսկ 2021թ․բյուջեն թերակատարվել է։ Շեշտենք, որ նախկինում համայնքի ղեկավարից բյուջեի ճիշտ պլանավորում կպահանջեին, միաժամանակ կպարտավորեցնեին գանձել հողի հարկի նախորդ տարվա ապառքները։ 

Չենք կարծում, որ միայն Մեղրին է այս հնարքը կիրառել, պարզապես մյուս համայնքների վերաբերյալ վերլուծություններ չկան։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի հաստատած տարեկան ծրագրով 2022թ․-ի առաջին կիսամյակում իրականացրած իրավական հսկողության արդյունքները վաղուց պետք է հրապարակված լինեին, սակայն 10-ը մարզպետարանից 4-ն է հրապարակել, այն էլ՝ մասնակի։ Արմավիրի մարզպետարանը 2022թ․-ին իրավական հսկողության մեկ ակտ է հրապարակել, Լոռին՝ 2, Վայոց Ձորը և Սյունիքը՝ երկուական ակտեր են հրապարակել։ 

Հրապարակված ակտերը բովանդակային առումով իմաստազուրկ են, հսկողությունը չափազանց ձևական բնույթ է կրում, ինչպես փաստում է Մեղրիի օրինակը և, ըստ էության, վերածվել է անարդյունավետ մի միջոցառման։ Նախարարությունում, թերևս, կարծում են, որ համայնքներում տիրող անկառավարելի վիճակը քողարկելու և իրականությունը կոծկելու լավագույն տարբերակը լռություն պահպանելն է։ Մազպետարանների մի մասը՝ Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք, 2020թ․-ից է դադարել իրավական հսկողության ակտերը հրապարակել,  մյուս մարզերը վերջին անգամ 2021թ․-ին են հրապարակել, բայց մասնակի։

ՏԿԵ նախարարությունն ինչ-որ պահի ցանկացել է ավելի ծանրակշիռ դեր վերագրել իրավական հսկողության իրականացմանը և նախարարության կառուցվածքում  նոր՝ վարչական վերահսկողության վարչություն է ստեղծել։ Կանոնադրության համաձայն՝ վարչությունը պետք է իրականացնի կատարված հսկողության արդյունքների, ինչպես նաև՝ տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ ընթացիկ տեղեկությունների և հաշվետվությունների վերլուծումն ու ամփոփումը։ Սակայն նախարարության պաշտոնական կայքում վարչության աշխատանքների մասին որևէ բան չեք գտնի։

Նախարարությունն ունի նաև համայնքային բյուջեների վարչություն, որն առանց իրավական հսկողության էլ համայնքային բյուջեների վերլուծություններ պետք է կատարեր։ Իր մանդատով վարչությունը պետք է «իրականացնի մշտադիտարկում համայնքային բյուջեների կատարման գործընթացի վերաբերյալ», ապահովի համայնքային բյուջեների կատարման վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար ստացումը, վերլուծումը, ամփոփումը և տրամադրի նախարարին։ 

Նախարարության կայքում ոչ մի վերլուծություն չկա, նախարարին գուցե տրամադրում են, բայց համայնքներում կառավարման որակը դրանից չի բարելավվում։ Հնարավոր է, որ նախարարությանը փաստացի զրկել են համայնքներում հսկողություն իրականացնելու լիազորությունից։ Համայնքներում այն այլևս դերակատար չէ, իսկ ՏԿԵՆ-ին Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված գործառույթները վերաբաշխվել են այլ գերատեսչությունների միջև։ Օրինակ, համայնքներում քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտները ստուգում է Կառավարությանը ենթակա քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչությունը։ 

Այսպես՝ ՔՏՀԱ տեսչությունը 2022թ․-ին 5 համայնքում ստուգել է հողօգտագործման և քաղաքաշինության ոլորտը և իրավախախտումներ թույլ տալու համար երկու համայնքի ղեկավարի վարչական տույժի է ենթարկել, երկուսին պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է գլխավոր դատախազություն։

Ըստ ՔՏՀԱ տեսչության հաղորդագրության՝ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին տեսչությունը վարչական տույժի է ենթարկել՝ ինքնակամ կառույցը քանդելու կամ ապամոնտաժման մասին որոշման կատարումը չապահովելու համար տուգանել է 2 000 000 դրամով:

Քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու հիմքով վարչական պատասխանատվության է ենթարկվել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։ Նա տուգանվել է 200 000 դրամով՝ «ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգի խախտում թույլ տալու համար հանձնաժողովի կազմում  չի ընդգրկել ՔՏՀԱ տեսչական մարմնի ներկայացուցչին»:

Տեսչությունը Ուրցաձոր համայնքում ստուգել է հողօգտագործման ոլորտը՝ հետ գնալով մինչև 2006թ․-ը։ Ընդ որում, տեսչությունը խոսում է այս ոլորտում կատարված իրավախախտումների մասին մի դեպքով, որը 3 տարի առաջ Քննչական կոմիտեն քննել էր, և ներկայումս այդ քրեական գործով դատաքննություն է ընթանում։ «Հիմք ընդունելով հանգամանքը, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքների հատկանիշներ, հայտնաբերված հանրորեն վտանգավոր արարքներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է  ՀՀ գլխավոր դատախազություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բերդ համայնքում նույնպես հողօգտագործման ոլորտն են ստուգել և հայտարարել են հողային օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումների մասին։ Մասնավորապես, հողի նպատակային նշանակությունն առանց համապատասխանեցնելու՝ ինքնակամ գազալցակայան են կառուցել։ 

Հողի նպատակային նշանակության անհամապատասխանության խնդիրն, օրինակ, Արարատյան դաշտի ձկնաբուծարանների դեպքում այս իշխանությունները հանցանք չեն համարում։ Իսկ Բերդ համայնքում հայտնաբերված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով տեսչությունը դիմել է գլխավոր դատախազություն։ Նշենք, որ Բերդ համայնքի ղեկավարը 2021թ․ նոյեմբերից կալանավորված է, և քրեական գործը դատաքննության փուլում է։

ՔՏՀԱ տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 𝟐𝟎𝟐𝟏 թ․-ին համայնքներում քաղաքաշինության բնագավառում իրականացրել է 𝟓𝟎𝟒 ստուգում, որի արդյունքում արձանագրվել է 𝟏𝟔𝟒𝟓 խախտում․ 𝟏𝟕𝟔-ն արվել է Երևանում, 𝟕𝟏-ը՝ Կոտայքի, 𝟑𝟖-ը՝ Սյունիքի, 𝟑𝟓-ական՝ Արագածոտնի, Լոռու, Արարատի և Շիրակի, 𝟑𝟐-ը՝ Արմավիրի, 𝟐𝟏-ը՝ Տավուշի, 𝟏𝟗-ը՝ Գեղարքունիքի, 𝟕-ը՝ Վայոց Ձորի մարզերում։

𝟐𝟎𝟐𝟏թ․-ի ընթացքում իրականացված պլանային և ըստ անհրաժեշտության ստուգումների արդյունքում արձանագրվել է 𝟖𝟓𝟏 խախտում, հիմնականում արձանագրվել են՝ հողի նպատակային նշանակության, գործառնական նշանակության և օտարման կարգի խախտումներ։ Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով գլխավոր դատախազություն է ներկայացվել  𝟑𝟔 հաղորդում։

Այս խախտումները բացահայտելու և կանխելու իրավասությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությանն է։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը նախարարությանն է վերապահել ոլորտը վերահսկողի դերը՝ ինքնակառավարման ինքնակարգավորվողի սկզբունքը չխախտելու նպատակով։ 

Ներկայումս նախարարության դերն այդ մասով զրոյացվել է, որը երկու բան կարող է նշանակել՝ ՏԿԵՆ-ը տեղական ինքակառավարումը երաշխավորողի պարտավորությունից փաստացի հրաժարվել է կամ՝ նրան զրկել են։ Մյուս տարբերակը՝ պատասխանատվությունից չի հրաժարվել, բայց, նրա փաստացի անգործությամբ պայմանավորված, ոլորտում խնդիրների կարգավորման պատասխանատվությունը ստանձնել են տարատեսակ ստուգող տեսչությունները․ Կառավարությանը ենթակա քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, Ֆինանսների նախարարություն, Պետական վերահսկողական ծառայություն, Հաշվեքննիչ պալատ և այլք։

Եվ հետո, «ստուգող» բառից համայնքներում զգաստանում են, իսկ «հսկողությունը» ո'չ էմոցիաներ է առաջացնում, ո'չ էլ՝ հետևանքներ։

Նույն վիճակն էր մեկ տասնամյակ առաջ, երբ նախարարության անհետևողականության և հսկողություն իրականացնելու թերի կանոնակարգումների արդյունքում համայնքներում վարչական ու ֆինանսական ստուգումներ էր իրականացնում ավելի քան 6 գերատեսչություն` մարզպետարանը, Վերահսկիչ պալատը, ֆինանսների նախարարությունը, Պետական եկամուտների կոմիտեն, Կառավարության վերահսկողական ծառայությունը, նախագահի վերահսկողական ծառայությունը եւ այլք: Ուսումնասիրությունները վկայում էին, որ այդ ստուգումները չէին նպաստում համայնքներում վարչարարության բարելավմանը, օրինականության պահպանմանը և ամենակարևորը՝ տեղական ինքնակառավարման կայացմանը:   

Այս վիճակը շտկվեց 2013թ․-ից, երբ ՀՀ նախահագի հրամանագրով հիմնովին փոփոխվեց իրավական հսկողության իրականացման բովանդակությունը, և ՏԿԵՆ-ից բացի, համայնքներում ստուգում իրականացնելու արտոնություն տրվեց միայն Ֆինանսների նախարարությանը՝ պետական բյուջեից համայնքներին տրվող դոտացիայի մասով։  

Միանշանակ էր նաև, որ քանի դեռ ՏԿԵՆ-ի իրականացրած հսկողությունը ձեւական բնույթ էր կրելու եւ չէր ծառայեցվելու համայնքներում վարչարարության բարելավմանը,  նրա փոխարեն այդ գործառույթն իրականացնելու էին պետական այլ կառույցներ՝ սյուբեկտիվ գործոններով պայմանավորված և անհասկանալի մեթոդաբանությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter