
Սնդիկ պարունակող որոշ ապրանքների ներմուծումն ու արտահանումը կարգելվի
Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է սահմանափակել սնդիկի հավելիչով որոշ արտադրանքների ներմուծումն ու արտահանումը։ ՇՄՆ-ն սահմանել է սնդիկ պարունակող այն ապրանքների ցանկը, որոնց արտահանումը և ներմուծումը 6 ամսով կարգելվի՝ 2023թ․ հունվարի 1-ից մինչև 2023թ․ հուլիսի 1-ը։ Կառավարության այս որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Շրջակա միջավայրի նախարարության սահմանած ցանկում ներառված են սնդիկ պարունակող լամպեր, դիմահարդարման և խնամքի միջոցներ, սնդիկ պարունակող մարտկոցներ, չափիչ սարքեր, այդ թվում՝ ջերմաչափեր, բարոմետրեր և այլն։
Արգելքը չի տարածվի սնդիկի հավելիչով այն արտադրանքների վրա, որոնց օգտագործումը կհիմնավորվի քաղաքացիական պաշտպանության, ռազմական, ինչպես նաև գիտական հետազոտությունների նպատակով։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Սնդիկի մասին» Մինամատայի կոնվենցիայով, որը 2017 թվականին վավերացրել է նաև Հայաստանի Հանրապետությունը։
Ինչպես ասվում է հիմնավորման մեջ, նախագծի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին ազդեցություններից, քանի որ վերջիններս խիստ թունավոր են և վնասակար մարդու առողջության, վայրի բնության և էկոհամակարգերի համար։ Սնդիկի ներթափանցումը մարդու օրգանիզմ հաճախ տեղի է ունենում դրա գոլորշիների ներշնչման ժամանակ, որոնք հոտ չունեն։
Ըստ նախագծի հիմնավորման՝ սնդիկի նույնիսկ փոքր քանակների ազդեցության հետևանքով կարող են առաջանալ առողջական խնդիրներ և ծանր թունավորում։ Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սնդիկը դիտարկում է այն տասը հիմնական քիմիական նյութերի կամ միացությունների շարքում, որոնք զգալի մտահոգություն են առաջացնում հանրային առողջության համար:
Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Մեկնաբանել