HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոնան, աղբանոցը եւ 2 կգ սիբեխը (վիդեո)

6-ամյա Նոնան հոր հետ գնում է աղբանոց` շիշ հավաքելու: Գնում են տարբեր տեղեր` որտեղ աղբավայր պատահի: Օրական հավաքում են 2-3 պարկ շիշ: Սպիտակ շշի մեկ հատը հանձնում են 25 դրամով, գունավորը` 15 դրամով:

Ձմեռը փայտ չեն ունեցել, վառելիքն էլ են աղբանոցից բերել: Նոնան հոր հետ նաեւ մետաղներ է հավաքում` ալյումին, պղինձ, որ հանձնեն ու գումար ստանան: «Հոսանքի լարեր են գցած լինում, բերում ենք, հարում, հավաքում քիչ-քիչ ու տանում հանձնում»,- պատմում է Սոնան` Նոնայի մայրը: 

Սոնան երեք երեխա ունի, երեքն էլ անչափահաս են: Մասնագիտությամբ վարսավիր է, բայց չի աշխատում, փոխարենը այս օրերին գնում է դաշտեր` սիբեխ հավաքելու: «Ամբողջ օրը` առավոտը ժամը 8-ից, էթում ենք մինչեւ գիշերվա ժամը 9-10-ը, ինչ ա որ 1-2 կգ բերենք, գոյատեւենք,- ասում է Սոնան,- ի՞նչ անենք, բա երեխեքին ո՞նց կերակրենք, որ հացի փող չունենք»:

Սոնան օրվա ընթացքում հասցնում է հավաքել 1-2 կգ սիբեխ: Կիլոգրամը 500-800 դրամով վաճառում է Երեւանում:

Նոնան այս տարի պետք է դպրոց հաճախի, բայց մայրը չգիտի, թե որ դպրոց պետք է ուղարկի նրան: Ապրում են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի 1 հասցեում գտնվող նախկին հանրակացարանի վթարային շենքում:

Նրանք, ինչպես նաեւ նույն շենքում ապրող 8 ընտանիքներ, այդ թվում` 30 անչափահաս երեխաներ, ապրիլի 23-ից պետք է ազատեն տարածքը, քանի որ հանրակացարանի սեփականատերը դատարան է դիմել` շենքը ապօրինի բնակություն հաստատած բնակիչներից ազատելու պահանջով:

Սոնան եւ ամուսինը` Վազգենը, ապրել են վերջինիս հայրական տանը` երեքսենյականոց բնակարանում: Սակայն 15 անձից բաղկացած ընտանիքը դժվարությամբ էին տեղավորվում, ինչի պատճառով ստիպված եղան դուրս գալ ու ապրելու այլ տեղ որոնել:

Արդեն 8 տարի է, ինչ հաստատվել են այս շենքում: Սոնան պատմում է, որ այստեղ բնակվելու համար դիմել են Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանին: Քաղաքապետն ասել է` եթե դատարկ սենյակներ կան, գնացեք նստեք: Իրենք էլ եկել, բացել են դատարկ սենյակի դուռը եւ բնակություն հաստատել:

«Հիմա էլ դատարանում իրա խոսքը` որպես քաղաքապետի, պետք էր, որ ինքն ա թույլ տվել, որ եկել ենք նստել (ինքը նույնիսկ ճարտարապետ ա դրել մեզ հետ ուղարկել), ատկազ է գալիս»,- ասում է Սոնան:

Եղվարդ քաղաքի Շիրակի 1 հասցեում գտնվող հանրակացարանի շենքը սեփականության իրավունքով պատկանում է «Գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկում եւ ներդրում» ՊՓԲԸ-ին:

2003 թ. հանրակացարանը վարձակալության իրավունքով հանձնվել է «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ին: Վարձակալած շենքը, սակայն, «Ագրոհոլդինգը» մինչ օրս չի օգտագործել: Իսկ այդ տարիների ընթացքում այնտեղ բնակություն են հաստատել հիմնականում անապահով ու բազմազավակ ընտանիքներ:

Ի վերջո, «Ագրոհոլդինգը» որոշել է տնօրինել իր տարածքը, սակայն չի կարողացել այնտեղից հանել բնակիչներին: Որոշել է դիմել դատարան: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ` դատավոր Գագիկ Հերոբյանի) մարտի 23-ին նրանց վտարելու մասին վճիռ է կայացրել եւ մեկամսյա ժամկետ տրամադրել:

Դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ ներկայիս բնակիչները հանրակացարանում բնակություն են հաստատել ապօրինի կերպով, քանի որ նրանց կողմից տվյալ գույքն օրենքի կամ պայմանագրի հիման վրա տիրապետելու վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել: Բնակիչների բանավոր պնդումները, թե իրենք այդ վայրում բնակություն են հաստատել Եղվարդի քաղաքապետի բանավոր թույլտվությամբ, եւս հերքվել են քաղաքապետի գրությամբ:

Նախկին հանրակացարանի շենքում ապրող բնակիչներն ասում են, թե տեղյակ չեն եղել, որ իրենց պետք է վտարեն շենքից, որպեսզի նախապես կարողանային տան հարցը որեւէ կերպ լուծել: Շիրակի 1 հասցեում ապրող բնակիչները չգիտեն` ուր են գնալու եւ ումից են ապաստան խնդրելու:

«Քաղաքապետին էլ ասում ես օգնի` սկի դուռը չի բացում, որ նայի երեսիդ»,- նկատում է երկրորդ հարկում ապրող Մարին: 

Բնակիչներն ասում են, որ ստիպված պետք է բնակարան վարձեն, որը Եղվարդում արժե 25000-30000 դրամ, սակայն երբ տան տերն իմանում է, որ հանրակացարանի բնակիչներ են, երեք ամսվա վարձը միանգամից է պահանջում` պատճառաբանելով, թե հնարավոր է` չկարողանան վճարել:

Սոնա եւ Վազգեն Ծատուրյանները տուն գտել են, սակայն տան տերը 25 հազար դրամ կանխիկ գումար է պահանջել: Նրանք այդ գումարը չունեն: Նպաստ ստանում են, բայց Սոնան մտահոգ է, որ եթե մշտական բնակության տեղ չունենան, կզրկվեն նաեւ դրանից:

Արմանը, Հովոն եւ մյուսները

3-ամյա Արմանի ոտքերը թաց էին, իսկ ձախ ոտքին ոտնաման չկար: Երբ այցելեցինք նրանց տուն, կանգնած էր ջրով ողողված տան շեմին: Այդ խոնավ խցում Արմանից բացի եւս 6 երեխա է ապրում, բոլորն էլ` անչափահաս, կրտսերը` 6 ամսական: Նրանք հազիվ են տեղավորվում բորբոսած ու թաց անկողիններում, իսկ փոքրիկների օրորոցներից նամշահոտ էր բուրում:

Արտյոմ եւ Արաքսյա Օխոյանները 8 երեխա ունեն: Նրանք Շիրակի 1 հասցեի նախկին հանրակացարանի շենքի առաջին հարկում ապրող միակ բնակիչներն են: Մյուսները խոնավության, ջրի եւ փլված լինելու պատճառով արդեն լքել են հարկի հարեւան բնակարանները:

Օխոյանների միակ չափահաս զավակը Մարին է, ով ամուսնացած է եւ ապրում է երկրորդ հարկում: Մարին է խնամում իր երկու երեխաներին եւ 7 քույր-եղբայրներին: Մեր այցելության ժամանակ ծնողները տանը չէին, աշխատանքի էին գնացել: Մայրը փողոցներն է մաքրում, հայրը` գերեզմաններ փորում: Այս շենքում հայտնվել են պարտքերի պատճառով, վաճառել են իրենց տունը, որ փակեն դրանք:

Օխոյանների ընտանիքը, այլ ելք չունենալով, վտարվելուց հետո պատրաստվում է մեկնել Ղարաբաղ` Լաչինի շրջանի Հերիք գյուղ: Այնտեղ նրանց խոստացել են տուն տալ, բայց լսել են, որ հոսանք չկա, չգիտեն, թե ինչպես են հաստատվելու:

Կյանքը` թաթախված ցեխաջրերում


Շիրակի 1 հասցեում գտնվող հանրակացարանի շենքը վթարային եւ կիսափուլ է: Համեմատաբար բարվոք է երկրորդ հարկը` ոչ ջրատար խողովակներից է ջուր հոսում, ոչ էլ տանիքից է կաթում: Երրորդ հարկում տների պատերը բորբոսած ու սեւացած են, որովհետեւ անձրեւների ժամանակ տանիքից կաթում է: Առաջին հարկի խողովակներից արդեն մեկ տարի է` ջուր է հոսում եւ լցվում առաջին հարկի ընդհանուր միջանցք ու Օխոյանների տուն:

Միջանցքով ոտաբոբիկ կամ կիսահագնված երեխաներ են ներսուդուրս անում: Նրանք օրն անցկացնում են ցեխաջրի մեջ խաղալով: Երկրորդ հարկի բնակիչ Ալինան ասում է, որ երեխաները դպրոցում էլ են անտեսված: Նրանց մասին ասում են, թե «բոմժանոցից են գալիս»:

«Մենք մեղավո՞ր ենք, որ տան պատերն այնքան խոնավ են, որ գարդերոբի մեջ շորը բորբոսնում ա»,- ավելացնում է Ալինայի հարեւանուհին,- էս էրեխես հարցնում է` մամա, միջանցքն ի՞նչ է: 7 տարեկան երեխա է, չի իմանում` միջանցքն ինչ ա»:

Շենքում կոմունալ հարմարություններ չկան, ամեն հարկում մեկ ընդհանուր զուգարան կա, իսկ խոհանոցը յուրաքանչյուրն իր համար հարմարեցրել է: «Դրել եմ, լվացքը կուխնիայում եմ անում, բա կուխնիայում լվացք կանե՞ն»,- դժգոհում է Ալինան: Շորերը չորացնելու միակ եւ հարմար տեղը հարկի միջանցքն է:

 Չնայած այս պայմաններին, բնակիչները գոհ են, որ գոնե մինչ օրս տանիք են ունեցել, իսկ հիմա դրանից էլ են զրկվելու: Ալինան չի հավատում, որ այս ամենը պատմելն իրենց որեւէ օգուտ կտա: «Էն որ էս մի երկու ամիս ա` էթում-գալիս ու հարցնում են, ո՞ւմ ա պետք: Էն որ ասում են` եզն ընկնում է, դանակավորը շատանում է: Հիմի մենք ընկած ենք, չորս կողմից գալիս նկարում են, չորս կողմից հարցուփորձ են անում, ի՞նչ ա լինում»:

Նրանք իրենց լքված են զգում, անտեր ու մոռացված: «Իմ տղան ծառայում է Ղարաբաղում, սահման է հսկում, որ Սերժն ու մնացածները հանգիստ քնեն,- նյարդայնացած ասում է Ալինան,- հեսա մյուսին էլ պետք է տանեն, հլը տենամ ո՞ր փողոցից պետք է գան տանեն»:

«Տանելու են, որ ծնողներն իր փոքր եղբոր ու քուրիկի հետ հայտնվեն փողոցում, իսկ Սերժն էլ հանգիստ քնի»,- ավելացնում է հարեւանուհին:

Քաղաքապետը պատրաստակամ է

Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը մեզ հետ զրույցում հակառակ պատկերը ներկայացրեց: Ասաց, որ իրենք երկար տարիներ այդ ընտանիքներին «եւ տեր են կանգնել, եւ օգնել են»:

«Եվ այսօր, որ էդ խնդրի առաջ կանգնած են, դա մեր բարի կամքի դրսեւորման արդյունքում  է եղել, որ մենք ժամանակին թողել ենք, որ այդտեղ էդ մարդիկ ապրեն: Մեր միջնորդությամբ են իրենք այդտեղ ապրում, որովհետեւ դա եղել է կողքի հիմնարկ-ձեռնարկության հյուրանոցը»,- խոստովանեց քաղաքապետը:

Մեր դիտարկմանը, թե ինչու է, ուրեմն, այդ փաստը հերքող գրություն ուղարկել դատարան, արձագանքեց. «Այնտեղ էդ 7-8 ընտանիքից երկու նորմալ ընտանիք կա, էդ նորմալ ընտանիքներին կասեմ` իրենց ով ա թույլ տվել: Հիմա անբարոյական մի քանի ընտանիք կա, ե՞ս պիտի հիմք ընդունեմ նրա ասածը, թե՞ դատարանը պիտի հիմք ընդունի»:

Նորայր Սարգսյանն ասում է, որ իրենք բնակիչներին զգուշացրել են, որ հանելու են շենքից: Քաղաքապետարանը բնակֆոնդ չունի, որ նրանց բնակարաններ հատկացնի, բայց պատրաստակամություն է հայտնել բնակարան վարձելու դեպքում վճարել վարձավճարները, սակայն ոչ բոլորինը:

«Եթե դուք եղել եք այնտեղ, պետք է հասկանայիք, որ ընտանիքների 90 տոկոսը նորմալ մարդիկ չեն: Եթե հայրը երեքսենյականոց բնակարան ունի, իրա աղջիկներին դուրս է վռնդել տնից, լրագրողին չի՞ հետաքրքրում` ինչն ա պատճառը, որ հայրը աղջիկներին հանել է դուրս»,- արձագանքեց Ն. Սարգսյանը:

Քաղաքապետի խոսքով, իրենք պատրաստ են վճարել 5 ընտանիքի վարձավճարները, որովհետեւ մնացածներին իրենց բնակիչները չեն համարում. «Մեկը երեկ-մյուս օրը բերդից դուրս ա եկել, եկել ա այդտեղ, ես իրեն հաշվեմ Եղվարդի բնակի՞չ, իրա հոգսերո՞վ էլ ես զբաղվեմ»,- ասում է քաղաքապետը:

Հարցին, թե ինչ պետք է անեն մյուսները, Ն. Սարգսյանը պատասխանեց, որ իրենք պատրաստ են տալ բոլոր այն ընտանիքների վարձավճարները, որոնք կարող են Եղվարդում տուն վարձել, այսինքն` եթե եղվարդցին այդ անձանց վստահի իր տունը:                      

Լուսանկարները` Անահիտ Հայրապետյանի

 

Մեկնաբանություններ (3)

Սամվել Հովասափյան
Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները, Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան, կարդալով նման լուրերը և դիտելով նման պատկերները կարմրում ե՞ն, ամոթի զգացում ունենում ե՞ն:
Սասուն
Էլ ինչու՞ ես քարը թողնում քարի վրա , քար աշխարհ... Արաբ ախպեր, դու մեզ ներիր մենք շնորհք չունենք...
OpenArmenia
բա ել ինչու՞ չեք հետաքրքրվում թե ինչով ավարտվեց այս պատմությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter