Ղազանչեցոց եկեղեցու խոցման վերաբերյալ «Հետքի» հրապարակումն ուղարկվել է քննչական կոմիտե՝ քննության առարկա դարձնելու
Անցյալ տարվա մայիսի 28-ին «Հետքը» հետաքննություն էր հրապարակել 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամու կողմից Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցու թիրախավորման մասին:
Հիմնվելով պատերազմի օրերին Արցախում աշխատած մեր լրագրողական թիմի հավաքած իրեղեն ապացույցների եւ դրանց հետագա մասնագիտական ուսումնասիրության ու գնահատականների վրա՝ եկել էինք այն եզրակացության, որ թշնամին 2020 թ. հոկտեմբերի 8-ին Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին խոցել է թուրքական արտադրության «T-300 Kasırga» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով, իսկ ավելի կոնկրետ՝ եկեղեցու դեմ հոկտեմբերի 8-ին երկու անգամ կիրառվել է այդ համակարգի «TRG-300 Kaplan» կառավարվող հրթիռը (նկարում):
Մեր հրապարակումից մեկ տարի անց ՀՀ իրավապահ մարմինների կողմից որեւէ արձագանք չէր եղել, չնայած ներկայացրել էինք կոնկրետ իրեղեն ապացույցներ՝ կիրառված զինամթերքի մնացորդներ:
Միաժամանակ հայտնի էր, որ Ղազանչեցոց եկեղեցու խոցման վերաբերյալ առկա է քրեական գործ, ինչի մասին դեռ 2020-ի նոյեմբերին հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազությունը:
Հետեւաբար հարց էր ծագում, թե հայ իրավապահներն ինչ քայլեր են ձեռնարկել քրգործի շրջանակներում, եւ արդյոք «Հետքի» հրապարակումը դարձել է քննության առարկա: Այս եւ այլ հարցերի վերաբերյալ հարցում էինք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Գլխավոր դատախազությունն ի պատասխան հայտնել է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու եւ վարելու դեպքի առթիվ 2020 թ. սեպտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ հետեւյալ դրույթներով՝
-384-րդ հոդվածի 2-րդ մասով («Ագրեսիվ պատերազմ սանձազերծելը կամ վարելը պատժվում է 12-20 տարի ազատազրկմամբ»),
-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով («Զինված ընդհարումների ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող կամ պաշտպանության միջոցներից զրկված անձանց, վիրավորների, հիվանդների, բժշկական կամ հոգեւոր անձնակազմի, սանիտարական զորամասերի կամ սանիտարական տրանսպորտային միջոցների, ռազմագերիների, քաղաքացիական անձանց, քաղաքացիական բնակչության, փախստականների, հովանավորվող անձանց կամ ռազմական գործողությունների ժամանակ պաշտպանությունից օգտվող այլ անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտում համարվող հետեւյալ արարքը կատարելը՝ սպանություն, պատժվում է 12-20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ»),
-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով («Զինված ընդհարումների ժամանակ անձի ֆիզիկական կամ հոգեկան վիճակին լուրջ վնաս պատճառած կամ մարդու մահ առաջացրած միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող հետևյալ արարքները՝ 1) քաղաքացիական բնակչության կամ առանձին քաղաքացիական անձանց վրա հարձակումը, 2) ոչ ընտրովի բնույթի հարձակումը, որը վնասում է քաղաքացիական բնակչությանը կամ քաղաքացիական օբյեկտներին, եթե ակնհայտ է, որ նման հարձակումը կհանգեցնի չափազանց մեծ կորուստների քաղաքացիական անձանց շրջանում կամ չափազանց մեծ վնաս կպատճառի քաղաքացիական օբյեկտներին, եթե այդպիսի վնասներ պատճառելը չափազանց է՝ կոնկրետ եւ անմիջական ռազմական գերազանցության հասնելու համար, պատժվում են 12-20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ»),
-391-րդ հոդվածի 3-րդ մասով («Զինված ընդհարման ժամանակ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իր ենթակային՝ ոչ մեկին ողջ չթողնելու կամ ակնհայտ հանցավոր այլ հրաման կամ կարգադրություն տալը, որն ուղղված է սույն օրենսգրքի 387-րդ («Պատերազմ վարելու արգելված միջոցներ եւ մեթոդներ կիրառելը») եւ 390-րդ («Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ») հոդվածներով նախատեսված հանցանքների կատարմանը պատժվում է 5-15 տարի ազատազրկմամբ»),
-395-րդ հոդվածի 1-ին մասով («Վարձկան հավաքագրելը, ուսուցանելը, ֆինանսավորելը կամ այլ ձեւով նյութապես ապահովելը, ինչպես նաեւ զինված ընդհարումներում կամ ռազմական գործողություններում նրան օգտագործելը պատժվում են 5-10 տարի ազատազրկմամբ»):
Ըստ գլխավոր դատախազության՝ այս քրգործի նախաքննության ընթացքում ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչները, կոպտորեն խախտելով միջազգային մի շարք պայմանագրերի պահանջները, ոչնչացրել եւ վնասել են Արցախի Հանրապետության մի շարք պատմական հուշարձաններ, ինչպես նաեւ պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաներ:
Մասնավորապես՝ քննության առարկա են դարձվել նաեւ Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ մայր տաճարի, Շուշիի Կանաչ Ժամ կամ Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու դիտավորյալ թիրախավորման եւ վանդալիզմի, Մեխակավան (Ջրական, Ջաբրայիլ) բնակավայրի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խաչը կոտրելու (հետագայում այս եկեղեցին ամբողջությամբ ոչնչացվել է - հեղ.), սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանը պղծելու, Ավետարանոց գյուղում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը եւ Արցախի մի շարք այլ պատմական հուշարձանների դիտավորյալ վնասման, գերեզմանատների պղծման դեպքերը։
«Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների բավարար համակցության հիման վրա խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցանքներ կատարելու, այդ թվում՝ Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի վնասման դեպքով, քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի թվով 8 բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ»,- հայտնել է գլխավոր դատախազությունը:
Վերջինիս փոխանցմամբ՝ քրգործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը:
Դատախազությունը նաեւ հայտնել է, որ «Հետքի» անցյալ տարվա հրապարակումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին՝ նշված քրգործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար։ Դատախազությունը չի հայտնել, թե երբ է նյութն ուղարկվել քննչական կոմիտե, բայց եթե հաշվի առնենք, որ հրապարակումից ավելի քան մեկ տարի անց խմբագրությունը որեւէ արձագանք չի ստացել ՀՀ իրավապահներից, կարելի է եզրակացնել, որ վերջիններս մինչ այս ծանոթ էլ չեն եղել նյութին:
Գլխավոր դատախազին հարցրել էինք, թե արդյոք նախաքննական մարմինն ունի իրեղեն ապացույցներ Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցու դեմ կիրառված զինամթերքի վերաբերյալ։ Եթե այո, ապա, ըստ նախաքննության, 2020-ի հոկտեմբերի 8-ին ի՞նչ զենքով է թշնամին թիրախավորել եկեղեցին։ Սրան ի պատասխան՝ դատախազությունից փոխանցել են. «Հարցադրման վերաբերյալ տվյալներ ներկա փուլում չեն կարող ներկայացվել՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով»:
Գլխավոր լուսանկարում՝ Շուշիի մայր տաճարը՝ թշնամու առաջին խոցումից հետո. 08.10.2020
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել