HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասնագետ․ «Այսպիսի արբանյակ ունենալը լավ առիթ է, խթան, որ ինքներս ստեղծենք մերը»

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մայիսի 25-ին՝ Երեւանի ժամանակով 22։35-ին, ԱՄՆ Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից «SpaceX» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը։ Իր հերթին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը տարածել է «SpaceX»-ի տեսանյութը, որում նշվում է, որ վերջինիս «Transporter-5» առաքելության շրջանակներում «Falcon 9» («Բազե 9») հրթիռը Երկրի ուղեծիր է տեղափոխում 59 տիեզերական ապարատ (spacecraft)։

Ամբողջական տեսանյութը հասանելի է «SpaceX»-ի կայքում։ Ընկերությունը հայտարարել է, որ այդ ապարատների թվում կան փոքր արբանյակներ (CubeSat), միկրոարբանյակներ, ուղեծրային տրանսպորտային միջոցներ եւ այլ օգտակար բեռ։

Spacenews.com-ն էլ գրել է, որ նշված 59-ի մեջ իրենց ապարատներն ունեն տարբեր հայտնի ընկերություններ ու կազմակերպություններ՝ ամերիկյան ՆԱՍԱ-ն եւ «GeoOptics»-ը, որոնց համար փոքր արբանյակներ է արձակել նույնպես ամերիկյան «Terran Orbital»-ը, ինչպես նաեւ ֆիննական «ICEEYE»-ը, արգենտինական «Satellogic»-ը եւ ամերիկյան «Spire»-ը, որոնց արբանյակներն ուղարկել է գերմանական «Exolaunch»-ը (59-ից 21-ը հենց «Exolaunch»-ն է ուղարկել), արբանյակ է արձակել նաեւ ամերիկյան «HawkEye 360»-ը։ Նկատենք, որ արբանյակների նշանակությունը տարբեր է։  

Կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել է, որ հայկական արբանյակն արձակվել է պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի եւ իսպանական «Satlantis» ընկերության համագործակցության արդյունքում։ Իսպանական ընկերությունն անդրադարձել է իր կողմից «Falcon 9»-ով արձակված «Urdaneta» փոքր արբանյակին (CubeSat), որը Երկրի շուրջ պտտվելու է 530 կմ բարձրության վրա։ Ըստ «Satlantis»-ի՝ «Urdaneta»-ն առաջին բասկյան արբանյակն է, որն ունակ է բարձր որակի (resolution: <2m) մուլտիսպեկտրալ լուսանկարներ ստանալ։ «Urdaneta»-ն Երկրի դիտարկում կիրականացնի գյուղատնտեսական, բնապահպանական եւ այլ նպատակներով։

Հայաստանի արբանյակի մասին «Satlantis»-ը ոչինչ չի հաղորդել։ Նկատենք, որ «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն ստեղծվել է 2017-ի դեկտեմբերին։ 2017-ի նոյեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշել էր նման ընկերություն հիմնել եւ բաժնետոմսերի կառավարումը վերապահել ՊՆ-ին։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը 2021 թ. հոկտեմբերի 21-ին տիեզերական գործունեություն իրականացնելու համար լիցենզիա է տրամադրել ընկերությանը։ 2022-ի մարտին էլ կառավարությունը ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումը հանձնել է ԲՏԱ նախարարությանը։

Այսօրվա նիստում Փաշինյանը հայտարարել է, որ մինչեւ 2023 թ. վերջը Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն եւ ընդունիչ կայան, որի շուրջ կձեւավորվի մասնագետների գիտագործնական թիմ։ «Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը եւ տիեզերալուսանկարների ստացումը։ Պլանավորվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման եւ փոխանցման ծառայություններ կմատուցի նաեւ արբանյակների այլ օպերատորների համար։ Արբանյակի արած լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ՝ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության եւ այլ ոլորտներում»,- հայտնել է վարչապետը։

Արբանյակը լուծելու է շատ խնդիրներ

2020-ի դեկտեմբերին ստեղծված «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում, անդրադառնալով թեմային, նշում է, որ, ըստ երեւույթին, Հայաստանը գնել է «Satlantis» ընկերության արբանյակը։ Գրիգորյանը նշում է, որ մանրամասները շատ չեն՝ արբանյակի տեխնիկական տվյալներին անդրադառնալու համար։ Այդուհանդերձ, ըստ նրա, պարզ է, որ արբանյակն ունենալու է իր կիրառական նշանակությունը, լուծելու է շատ խնդիրներ։ Ավետիք Գրիգորյանի խոսքով՝ արբանյակը հնարավորություն ունի Երկրի մակերեւույթի հեռազննում կատարել՝ թույլ տալով լուծել կիրառական տարբեր խնդիրներ։

«Հետքի» զրուցակիցը նշում է, որ այդ ուղղությամբ գնալն ավելի ճիշտ է, քան այս պահին մեծ գումարներով գեոստացիոնար արբանյակ ունենալը, որն առանձնապես չի կարող օգտագործվել հեռազննման համար, այլ կիրառական է հեռահաղորդակցության ոլորտում։

«Այսպիսի արբանյակ ունենալը, գործարկելը, շահագործելը, կարծում եմ, լավ առիթ է, խթան, որ ինքներս ստեղծենք մեր սեփական ենթակառուցվածքները, մասնագիտական ռեսուրսները եւ գնանք տիեզերական գիտության ուղղությամբ»,- ասում է Ավետիք Գրիգորյանը։

Հայաստանի՝ տիեզերք արձակված առաջին արբանյակի տվյալներին ուրիշների կողմից հասանելիություն ունենալու թեմային անդրադառնալով՝ մասնագետը նշում է, որ դա պայմանավորված է հայկական եւ իսպանական կողմի պայմանագրային հարաբերություններով։ «Եթե դա իրավաբանորեն համարվում է Հայաստանի արբանյակը, Հայաստանը պետք է տնօրինի այդ իրավունքը՝ թույլ տալու այս կամ այն կողմին օգտվել այդ տվյալներից։ Դա կախված է նաեւ նրանից, թե ինչ լուծունակությամբ (resolution) է արվում նկարը։ Եթե մեծ նկար չի արվել այդ պահին, կարող է հասանելի լինել բոլորին, իսկ եթե մեծ լուծունակությամբ է, ապա լուրջ նշանակություն ունի եւ պետք է հիմնականում ծառայի մեզ եւ մեր գործընկերներին»,- ասում է նա։

Ավետիք Գրիգորյանի խոսքով՝ հիմա էլ Հայաստանում կա տվյալներ ընդունելու, մշակելու, դրանց միջոցով կիրառական խնդիրներ լուծելու հնարավորություն։ Բայց հավելում է, որ այս արբանյակի համար, թերեւս, հարկ կլինի որոշակի կատարելագործումներ անել արդեն եղած անտենաների վրա։ Ըստ Գրիգորյանի՝ դա միանգամայն լուծելի խնդիր է։

Մասնագետն ասում է, որ կոնկրետ այս արբանյակի հիմնական ֆունկցիան հեռազննումն է, այսինքն՝ ուղեծրից նկարում է տեղանքն ու պատկերները հաղորդում է Երկիր։ Նպատակը կարող են լինել սահմանների վերահսկումը, թե, օրինակ, ինչ ուժեր կան տեղակայված սահմանին, ինչ փոփոխություններ են լինում, որպեսզի ժամանակին տեղեկացված լինենք, այլ նպատակ է գյուղատնտեսական կիրառությունը, ինչպես, օրինակ, ջրամբարների, ջրային այլ ռեսուրսների վիճակը, որտեղ ինչքան ձնածածկույթ կա, ինչ է կանխատեսվում ամռանը, ինչքան ջրառատ կամ սակավաջուր կլինի տարին եւ այլն։ Շատ խնդիրներ կան, որոնք շատ ավելի դժվար են լուծվում, եթե այսպիսի հնարավորություն չի լինում։

«Օրինակ՝ ամեն անգամ խոսակցություն է գնում Սեւանա լճի վիճակի մասին, լճի ծաղկման պրոցեսի կամ Հայաստանի էկոլոգիական վիճակի, անտառածածկույթի, անտառահատումների, անօրինական շինությունների մասին։ Բազմաթիվ հարցեր կան, որ տիեզերական լուսանկարներով շատ ավելի հեշտ եւ արագ հնարավոր է պարզել»,- նկատում է Գրիգորյանը։

Իսկ նկարի որակի ճշգրտությունը կախված է ոչ միայն արբանյակի տեխնիկական տվյալներից, այլեւ նրանից, թե ինչ անկյան տակ է նայում Երկրի մակերեւույթին, ինչ հեռավորությունից եւ այլն։ «Իր ուղեծրի բարձրությունն ու զննման հնարավորությունները համադրելով՝ ինձ պարզ է, որ այն հնարավորություն է տալիս բավական մանրամասն տեսնել ու կիրառել նշված նպատակների համար»,- ասում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի տնօրենը։

Հարցին, թե մինչեւ արբանյակի կառավարման կենտրոնն ու ընդունիչ կայանը Հայաստանում պատրաստ լինեն, որտեղից է այն կառավարվելու, «Հետքի» զրուցակիցը կարծում է, որ իսպանական ընկերությունն ունի այդ հնարավորությունները։

«Գուցե մի քիչ հաճախության հարց լինի, ասենք՝ արբանյակն ինչ հաճախության վրա է տվյալներն ուղարկում, եւ արդյոք այդ հաճախությանը համապատասխան անտենաներ ունի «Գեոկոսմոսը»։ Ամենայն հավանականությամբ, ունի, իսկ եթե չունի էլ, ստեղծելը խնդիր չէ, իրենք այդ փորձն ունեն եւ կարող են ստեղծել։ Մինչ այդ արբանյակի կառավարումն ու տվյալների ընդունումը պայմանագրային հիմունքներով կարող են դրվել իսպանական ընկերության վրա»,- մեկնաբանում է Ավետիք Գրիգորյանը։

Դիտարկող արբանյակ ունի նաեւ Ադրբեջանը

Նկատենք, որ 2014-ից տիեզերքում իր դիտարկող արբանյակն ունի Ադրբեջանը։ Դեռ 2014-ի հունիսին եվրոպական «Airbus Dеfence and Space»-ը Հնդկաստանի տարածքից ուղեծիր էր հանել «SPOT 7» արբանյակը, որը նույն տարվա դեկտեմբերին ձեռք էր բերել Ադրբեջանն ու վերանվանել «Azersky»։ Ըստ այդ երկրի տրանսպորտի, հաղորդակցության եւ բարձր տեխնոլոգիաների նախարարության՝ արբանյակն ունի կիրառման լայն սպեկտր՝ պաշտպանություն, անվտանգություն, արձագանք արտակարգ իրավիճակներին, բնական ռեսուրսների հետախուզություն, ծովային դիտարկում, շրջակա միջավայրի պաշտպանություն, քաղաքային պլանավորում, քարտեզագրում, գյուղատնտեսություն, տուրիզմ եւ այլն:

«Azersky» արբանյակի կողմից ստացվում են լավ որակի նկարներ (լուծունակությունը պանքրոմային (սեւ-սպիտակ) լուսանկարների դեպքում՝ 1,5 մ, իսկ մուլտիսպեկտրալի դեպքում՝ 6 մ), ավելին՝ «Airbus Dеfence and Space»-ի հետ առկա համաձայնության հիման վրա ադրբեջանցիները կարող են ավելի բարձրորակ պատկերներ ձեռք բերել «Pléiades 1A» եւ «Pléiades 1B» արբանյակներից, որոնք աշխատում են «Azersky»-ի հետ նույն ուղեծրի վրա: «Azersky»-ի շահագործման ժամկետը շուրջ 12 տարի է, այսինքն՝ մոտավոր մինչեւ 2026 թ.:

2015-ի փետրվարին պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ «Azersky» նախագիծն արժեցել է 157 մլն եվրո:  

2015-ի մայիսին էլ հայտնի դարձավ, որ «Airbus Dеfence and Space»-ի փորձագետները Ադրբեջանի արբանյակային վերգետնյա կառավարման գլխավոր կայանում հանդիպել են տեղի մասնագետների հետ: Սեմինարի նպատակը, ըստ Ադրբեջանի տրանսպորտի, հաղորդակցության եւ բարձր տեխնոլոգիաների նախարարության, եղել է «Azersky»-ի հնարավորությունների ցուցադրությունը, այդ պահին կիրառման ոլորտների եւ հավանական նոր ոլորտներում օգտագործելու հնարավորության քննարկումը: Սեմինարին մասնակցել էին Ադրբեջանի ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների, ներքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների, ինչպես նաեւ պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչները:

44-օրյա պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 15-ին, ֆրանսիական «L’Obs» հայտնի պարբերականը գրել էր, որ չնայած «Azersky»-ը պետք է հետեւեր բացառապես Բաքվի նավթագազային հանքավայրերին, փաստացի աշխատում է նաեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում: Ֆրանսիական պարբերականը նկատել էր, որ այդ քաղաքացիական արբանյակը թույլ է տալիս Բաքվին հեռակա կարգով ղեկավարել հայերի դեմ գործողությունները։

Այս միտքը պատերազմից հետո՝ 2021-ի հունվարին, հաստատել էր Իլհամ Ալիեւը: «Երբ մենք արբանյակները հանեցինք ուղեծիր (Ադրբեջանն ունի 3 արբանյակ, որոնցից երկուսը («Azerspace-1» եւ «Azerspace-2») աշխատում են հեռահաղորդակցության ոլորտում - «Հետք»), ոմանք հարցնում էին, թե ինչ նպատակով է արվում այդ ամենը։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ այն մեզ շատ անհրաժեշտ էր։ Արբանյակների օգտագործումը ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո մեզ հսկայական առավելություն էր տալիս... Պատերազմի ընթացքում հակառակորդի տեղաշարժին առցանց հետեւելը եւ նրա սադրանքների կանխումը, իհարկե, մեզ լրացուցիչ առավելություն էր տվել»,- հայտարարել էր Ալիեւն ու հավելել, թե արբանյակները մեծ նշանակություն ունեն նաեւ պատերազմից հետո իրենց պլաններն իրագործելիս, որոնք կապված են վերականգնողական աշխատանքների, մասնավորապես՝ ականազերծման հետ։ Ըստ Ալիեւի՝ արբանյակից ստացվող տվյալներն ունեն նաեւ հատուկ նշանակություն գյուղատնտեսության, անտառային ֆոնդի, ջրային ռեսուրսների, բնապահպանական իրավիճակի հետագա զարգացման համար:

Գլխավոր լուսանկարում՝ «Falcon 9» հրթիռի մեկնարկը, 25.05.2022, լուս․՝ «SpaceX»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter