ԱԺ-ն քննարկեց լրագրողներին պետական մարմնի կողմից հավատարմագրումից զրկելու նախագիծը
Խորհրդարանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Լիլիթ Մինասյանի հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:
Այս փոփոխություններով՝ պետական մարմինը հնարավորություն է ստանալու հարկ եղած դեպքում լրագրողին զրկել հավատարմագրումից: Գործող կարգավորումների համաձայն՝ լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից միայն ԶԼՄ-ի դիմումի հիման վրա, ըստ պատգամավորների՝ իրենց հեղինակած նախագծով փորձում են լրացնել օրենսդրական բացը և պետական մարմնին ևս հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն տալ:
Փոփոխությունների հետևանքով` պետական մարմնի կողմից լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն եթե տվյալ ԶԼՄ-ն նախազգուշացում է ստացել, և մեկ տարվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ լրագրողը խախտել է տվյալ գերատեսչության աշխատակարգի կանոնները:
Նախագծի հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանի խոսքով` պետական մարմնի աշխատանքային գոտում խախտում արձանագրելուց հետո պետական մարմնի աշխատակազմն այդ մասին տեղեկացնում է տվյալ ԶԼՄ-ին, նույն տարվա ընթացքում նման միջադեպ կրկնվելուց հետո պետական մարմինը կարող է դադարեցնել տվյալ լրագրողի հավատարմագրումը:
Հովհաննիսյանն ընդգծեց` ԶԼՄ-ն չի զրկվում հավատարմագրումից, այլ լրագրողը, հետևաբար ԶԼՄ-ն կարող է հավատարմագրումից զրկված լրագրողին փոխարինել այլ անձով: Ըստ նրա` այս փոփոխությունները միտված են պետական մարմիններում բնականոն աշխատանքն ապահովելուն: Նախագծի հեղինակի ներկայացմամբ` փոփոխությունները չեն վերաբերում լրագրողական էթիկայի կանոնները պահպանելուն: Նա հույս հայտնեց, որ լրագրողական համայնքն այդ հարցում ինքնակարգավորման կհասնի:
Ըստ Հովհաննիսյանի` չնայած կան մի քանի ԶԼՄ-ներ, որոնք կազմակերպված կերպով փորձում են փչացնել ամեն ինչ, ինչի հետևանքով ամբողջ լրագրողական համայնքի վարկանիշն է նվազում, սակայն ըստ նրա` բարեխիղճ լրագրողներն ու ԶԼՄ-ն անհամեմատ ավելի շատ են, և կարևոր առաքելություն են իրականացնում:
Լուսանկարում` Արթուր Հովհաննիսյանը:
Մեկնաբանել