Զրույց ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանի հետ՝ «Գնումների մասին» օրենքի վերաբերյալ
Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանի հետազոտությունների բնագավառն ընդգրկում է լազերային ֆիզիկան, ատոմային ֆիզիկան, քվանտային և ոչ գծային օպտիկան: Նա 2004 թ․-ին արժանացել է Նախագահի մրցանակի: Եվրոպական օպտիկական ընկերության անդամ է, անդամակցում է նաև Ֆրանսիայի «Ալֆրեդ Կաստլեր» ազգային ֆոնդին: 2015-ին Արամ Պապոյանն արժանացել է «ICO Galileo Galilei Award» պատվավոր մրցանակին՝ Ալկալի ատոմների բարձր լուծունակության սպեկտրասկոպիայի ոլորտում կարևոր նվաճումների համար։ Օպտիկական ընկերության տնօրենների խորհրդի կողմից 2019թ. ճանաչվել է «օպտիկայի պաշտպան»: Օպտիկական ընկերությունը (OSA) համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություն է, հիմնադրվել է 1916թ. որպես Ամերիկայի Օպտիկական ընկերություն:
- Պարոն Պապոյան, Դուք հաճախ նշում եք, որ մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրվի տեխնոլոգիական զարգացումը, որն էլ հնարավոր է միայն գիտության՝ որպես առաջնահերթություն դիտելը։ Որքանո՞վ կա այսօր այդ գիտակցումը իշխանության և հասարակության մոտ։ Արդյո՞ք պատերազմը որևէ բան չփոխեց այդ առումով։
-Այդ գիտակցումը սկսել է ձևավորվել թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, թե՛ հասարակության մակարդակով: Այս առումով, կարելի է ասել, իրավիճակ է փոխվել. եթե անկախության անցած 30 տարիներին գիտության դերի մասին խոսում էին գրեթե բացառապես հենց գիտնականները, այսօր գիտության կարևորության հարցը բարձրացնում է նաև բիզնես հանրությունը, հատկապես՝ առաջատար տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները, ինչի վառ ապացույցն է «Գիտուժ» նախաձեռնությունը:
Ինչ վերաբերվում է պատերազմին, իրոք, քաղած դասերը նույնպես բերում են այն գիտակցության, որ առանց տեխնոլոգիական զարգացման (խոսքն առաջին հերթին հենց սեփական մշակումների մասին է) զարգացում, ուժեղացում, պաշտպանունակություն և կայունություն ակնկալելը խիստ հարցահարույց է: Իսկ տեխնոլոգիական զարգացման հիմքում գիտությունն է:
Հատկանշական է, որ ինչպես ցույց է տալիս համաշխարհային պատմությունը, հաճախ զարգացման առումով բեկումնային փոփոխությունների հիմք են հանդիսանում հենց կրիզիսային իրավիճակները, մասամբ նաև այն պատճառով, որ խնդիրներն անմիջապես տեսանելի և ընկալելի են դառնում բոլորի համար: Մյուս կարևոր հանգամանքը «հեռանկարային» մտածելակերպն է: Մինչ այսօր պետությունը (և ոչ միայն, նաև` հասարակությունը) հիմնականում առաջնորդվել է «կարճատես» մոտեցումով (այսօր լուծել այսօրվա, առավելագույնը՝ վաղվա խնդիրները` առանց տեսանելի և հեռավոր ապագայի մասին մտածելու): Եթե խոսում ենք տեխնոլոգիաների և գիտության մասին, պետք է փոխվի նաև այդ մոտեցումը:
-2017թ.-ից ներդվել է «Գնումների մասին» նոր օրենքը, որի նպատակներից է, ըստ պաշտոնական հաղորդագրության,ապահովել հնարավորինս թափանցիկ, արդյունավետ գնումներ՝ պատկան մարմինների կողմից ցածր գնով ապրանքներ ձեռք բերելու, դրանով իսկ կանխարգելելու հնարավոր կոռուպցիոն դեպքերը և բարձրացնելու հասարակական հսկողությունը գնման գործընթացների նկատմամբ։ Դուք ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն եք նոր օրենքի ներդրումից առաջ մինչ այսօր։ Ի՞նչ դրական և բացասական կողմեր ունի օրենքն ու արդյո՞ք այն կատարում է իր գլխավոր առաքելությունը՝ կանխարգելելու կոռուպցիան։
-Կոռուպցիայի կանխարգելումն իրոք կարևոր խնդիր է, ինչպես նաև միջոցների արդյունավետ տնօրինումը, որի միտումը նույնպես օրենքի հիմքում է: Սակայն նախարարություններից և ազգային ժողովից տեղափոխվենք կազմակերպություններ, որոնք պետք է առաջնորդվեն այդ օրենքով, և փորձենք վերհանել այն խնդիրները, որոնց առերեսվում են օրենքը կատարողները, մասնավորապես՝ գիտական կազմակերպությունները:
Այստեղ մատնանշեմ հիմնական ընդհանուր բնույթի խնդիրները:
1) Նոր, «գնումների համակարգողի» հաստիքի անհրաժեշտություն, մասնագետի ուսուցում, վերապատրաստում (լրացուցիչ ծախսեր): Նոր հանձնաժողովների ստեղծում, նիստեր, արձանագրություններ և այլն: Թղթաբանության կտրուկ աճ:
2) Օրենքի և կարգերի անընդհատ փոփոխություններ՝ գրեթե ամեն ամիս (պետք է հետևել՝ խախտումներից խուսափելու համար): Ի դեպ, անկայուն օրենսդրական դաշտը շատ ավելի խնդիրներ է առաջացնում, քան կարելի է ենթադրել:
3) Օրենքի դրույթները տարածվում են թե՛ պետական բյուջետային, թե՛ արտաբյուջետային (նաև՝ միջազգային) ֆինանսավորման ծրագրերով և պայմանագրերով գործունեության վրա: Պետական բյուջետային միջոցների ծախսումը կարգավորման ենթակա է՝ կոռուպցիոն ռիսկերի նվազման և արդյունավետության առումներով: Ինչ վերաբերվում է արտաբյուջետային միջոցների ծախսերին, դրանք պետք է վերահսկվեն (և վերահսկվում են) ֆինանսավորող կազմակերպությունների կողմից՝ սահմանված մեխանիզմներով: Կրկնակի կարգավորումը խնդիրներ ու բարդություններ է առաջացնում:
-Ի՞նչ եք կարծում՝ օրենքն ընդունելիս այդյո՞ք հաշվի են առնվել տարբեր ոլորտների առանձնահատկություններն ու նրբությունները։
-Ոչ, հաշվի չեն առնվել: Թերևս պատճառներից մեկն այն է, որ միասնական օրենսդրական դաշտը՝ առանց բացառությունների և առանձնահատկությունների հաշվի առնելու, որոշ չափով փակում է չարաշահումների ճանապարհը: Ինչպես ասում էր հարկային տեսչության երկարամյա պետի տեղակալ Ա. Ալավերդյանը՝ «եթե մենք հարկային արտոնություններ տանք գիտնականներին, վաղը բոլոր խոշոր գործարարները կդառնան գիտնական և առաջինը կօգտվեն այդ արտոնություններից»: Սակայն տարբերակում պետք է անել՝ հիմնավորված և խելամիտ մոտեցումներով:
-Ի՞նչ խնդիրների առջև եք կանգնում՝ նյութեր ու սարքավորումներ ձեռք բերելու ճանապարհին։ Բողոքներ կան, որ նոր օրենքի գործարկումից հետո գիտական հիմնարկները գնումներ կատարելիս կորցնում են ավելի շատ ժամանակ և ավել ֆինանսներ։
-Մինչև օրենքի գործածումը ինքներս փնտրում էինք առավել շահավետ և ոչ ծախսատար գնման թույլատրված տարբերակներ: Այժմ, հատկապես թանկարժեք ապրանքների, ինչպես նաև ոչ թանկարժեք, որոնք ներառված են տարեկան գումարային 1 մլն. դրամը գերազանցող ապրանքախմբերի ցանկում, թղթաբանությունն անհամեմատ ծավալուն է, իսկ գները՝ բարձր:
Եվս մեկ կարևոր հանգամանք: Գիտական կազմակերպության հիմնական առանձնահատկությունը նրանում է, որ ձեռքբերվելիք ապրանքների ցանկը խիստ փոփոխական է և շատ դեպքերում ներառում է ապրանքներ, որոնք չկան երկրի շուկայում: Այդ առումով մենք խիստ տարբերվում ենք, օրինակ, հանրակրթական դպրոցներից կամ նախարարություններից: Ձեռքբերվելիք ապրանքների բազմազանությունը, արտերկրից գնելու անհրաժեշտությունը դարձնում են գործընթացն էլ ավելի ժամանակատար ու ծախսատար:
- Հայաստանում կա՞ն գիտական սարքեր և նյութեր արտադրող ընկերություններ, թե՞ ամեն ինչ ձեռք է բերվում միայն արտասահմանից։ Ի՞նչ քայլերով է դա արվում։
-Հիմնական խնդիրներից մեկը հենց դա է: Հայաստանում գրեթե չկա գիտական սարքավորման և նյութերի արտադրություն, ավելին՝ այդ արտադրանքը նաև չկա հայաստանյան շուկայում:
Դիցուք պետք է գնել 1 մլն դրամը գերազանցող սարք, որն արտադրվում է Գերմանիայում: Գնման գործընթացով հայտարարվում է մրցույթ: Մրցույթին իրավասու է մասնակցել ցանկացած երկրի կազմակերպություն կամ ընկերություն: Սակայն մրցութային փաթեթը կազմվում է հայերենով, հիմա արդեն նաև ռուսերենով: Անգլերեն ձևաչափ չկա: Նույնիսկ եթե գերմանական ընկերությունը կամ նրա այլ երկրում դիստրիբյուտորը պատահականորեն մուտք գործեն հայաստանյան գնումների մրցույթի հրավերների առցանց համակարգ (որի հավանականությունը 0 է, հնարավոր է միայն գնորդի կողմից ուղղորդմամբ), նրանք կտեսնեն անհասկանալի լեզվով գրառումներ:
Ավելին, նույնիսկ եթե մենք թարգմանենք փաթեթն իրենց համար, կտեսնեն պայմաններ, որոնք առնվազն զարմանք կառաջացնեն. օրինակ՝ կանխավճարը կարող է լինել առավելագույնը 50% (գրեթե բոլոր արտադրուղները և վաճառողներն աշխատում են 100% կանխավճարով), այն էլ այդ գումարը պետք է «սառեցվի» հաշվի վրա՝ բանկային երաշխիքով մինչև հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրելը: Էլ ավելի բարդ է 25 մլն. դրամը գերազանցող սարքավորման դեպքը, որտեղ նախատեսվում է բանկային երաշխիքով 15%, 10% և 5% որակավորման, պայմանագրային և այլ ապահովագրության համար գումարների սառեցում:
Հաշվի առնելով նաև, որ մեծ հավանականությամբ վաճառողը չի ընդունի մրցույթի հրավերի և տիպային պայմանագրի բազմաթիվ հոդվածներով նախատեսված պայմանները (օրինակ՝ ապահովել կնքված մրցութային ծրարի հասանելիությունը հանձնաժողովին սահմանված ժամկետում, նույն օրացուցային տարում մատակարարման ապահովումը և այլն), վաճառողը, որն ունի իր գործարքների կարգը, պարզապես կհրաժարվի մասնակցությունից:
Այս դեպքում խաղի մեջ կարող են մտնել միջնորդ ոչ պետական կազմակերպությունները (ընկերությունները), որոնք սահմանափակված չեն գնումների օրենքի պահանջներով, կարող են մասնակցել մրցույթին և շահելու դեպքում կկատարեն գնում նույն գերմանական ընկերությունից՝ նրա թելադրած պայմաններով: Այստեղ առաջանում են նոր բնույթի խնդիրներ:
Միջնորդ կազմակերպությունը սեփական միջոցներով վաճառողի կողմից պահանջվող 100% կանխավճարը փոխանցելու համար ծախսում է սեփական միջոցները (շատ ժամանակ՝ բանկից վարկով ստացված), սառեցնում գումարներ բանկային հաշվին և մտնում այլ կորուստների ու ռիսկերի մեջ, որինակ՝ փոխարժեքային. պայմանագրի գինն ամրագրվում է ՀՀ դրամով, իսկ ծախսերն արվում են արտարժույթով, և փոխարժեքի տատանման դեպքում կորուստները կարող են լինել էական՝ հաշվի առնելով, որ հաճախ մատակարարման ժամկետը ամիսներ են: Բնական է, որ այդ բոլոր կորուստներն ու ռիսկերը մեղմելու, ինչպես նաև սեփական շահույթն ապահովելու համար միջնորդ ընկերությունն ունի մեկ ճանապարհ՝ գնի բարձրացում: Եթե այդ գինն ավելի բարձր է, քան կազմակերպության գնումների պլանում նշված գումարը, փակվում է նաև այդ ճանապարհը:
Կամ մեկ այլ օրինակ, որին բախվում են գրեթե բոլոր գիտական հաստատությունները՝ ավելի փոքր գնումների դեպքում։ Օրինակ՝ մեզ պետք է գնել մի համակարգչային մկնիկ։ Քանի որ դա համակարգչի մաս է, ուստի ենթակա է տենդերով գնման։ Դրա համար ևս պետք է կազմվի հանձնման-ընդունման ակտ։ Կամ, ենթադրենք հոսանքագծի վթար է եղել, ասենք՝ վնասվել է լարը։ Պետք է գա մի կազմակերպություն, նախագիծ կազմի, տենդեր հայտարարի, դրան մասնակցեն ընկերություններ և մնացած այլ գործողությունները։ Դա նշանակում է, որ ինստիտուտը մեկ ամիս կարող է մնալ առանց հոսանքի։ Նման դեպքում ի՞նչ ենք անում մենք․ պարզապես վճարում ենք մեր գրպանից, առնում այդ իրը՝ երկար քաշքշուկից խուսափելու համար։ Սա համալիր խնդիր է, բոլոր հարցերը պետք է լուծվեն ծրագրով ու միմյանց ներդաշնակ։
-Ի՞նչ կասեք ավելացված արժեքի հարկի մասին։
-Սա հարց է, որը բերում է լրացուցիչ անորոշություններ և խնդիրներ: Առանձին և լայն քննարկման առարկա է:
-Պատրաստվու՞մ են արդյոք գիտական կազմակերպությունները՝ դիմելու կառավարությանը՝ «Գնումների մասին» նոր օրենքի մեջ փոփոխություններ կատարելու առաջարկով, և ինչպե՞ս կձևակերպեիք այդ փոփոխությունները։
-Հարցը բարձրաձայնել ենք տարիներ շարունակ՝ տարբեր հանդիպումների և քննարկումների ժամանակ: Թերևս կառավարությանն արժե դիմել ոչ թե որպես առանձին կազմակերպության ղեկավար, այլ համակարգված՝ օրինակ ՀՀ ԳԱԱ կողմից, որը ներկայացնում է մի քանի տասնյակ գիտական կազմակերպություններ: Գուցե դա լինի ավելի ազդեցիկ:
Գլխավոր լուսանկարում՝ Արամ Պապոյան
Մեկնաբանել