HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանում մոտ 3000 երեխա ունի պալիատիվ օգնության կարիք․ ԱՆ-ն նոր հայեցակարգ է մշակել

2022թ. ապրիլին Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է մանկական պալիատիվ արտահիվանդանոցային ծառայությունների մատուցման հայեցակարգը, համաձայն որի՝ նախատեսվում է իրականացնել նաև արտահիվանանոցային պալիատիվ ծառայություն, նաև՝ մարզերում։

Այս պահին մշակվում են չափորոշիչները, իսկ հունիս-հուլիս ամիսներին, ըստ Առողջապահության նախարարության, արդեն գործնական քայլեր կիրականացվեն։

Ներկայում Հայաստանում կա 8 մահճակալ՝ նախատեսված հիվանդանոցային մանկական պալիատիվ ծառայության իրականացման համար, թեև ընդհանուր հաշվարկներով պալիատիվ բժշկության կարիք ունի մոտ 3000 երեխա, նաև՝ արտահիվանդանոցային։

 

2021թ. հոկտեմբերին Հայաստանում բացվեց առաջին մանկական պալիատիվ բուժման բաժանմունքը, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, որտեղ կա 5 մահճակալ և նախատեսված է օնկոհեմատոլոգիական հիվանդություն ունեցող երեխաների համար։ Եվս 3 մահճակալ կա «Արաբկիր» ԲԿ-ում՝ նախատեսված հենց այդ բուժհաստատությունում գտնվող ծանր և կյանքին սպառնացող դեպքերի համար։

Առողջապահության նախարարությունը նախատեսում է ընդլայնել մանկական պալիատիվ բժշկական օգնության ծառայությունները, մասնավորապես՝ հիվանդանոցային ծառայություններից անցնել արտահիվանդանոցային ծառայությունների:

ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանն ասում, որ ամռանն արդեն գործնական քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ․

«Ներկա դրությամբ արդեն մշակման փուլում են գտնվում հիվանդանոցային և արտահիվանդանոցային մանկական պալիատիվ բժշկական օգնության չափորոշիչները, ըստ որի, իհարկե, վերապատրաստվելու են մասնագետները, որ ժամանակին երեխաներին ճիշտ հայտնաբերեն և ուղղորդեն, առանց որի պալիատիվ բժշկության ցուցաբերումն անհնարին կլինի»,- ասում է Ավետիսյանը։

Գործնական քայլերը, ըստ նրա, կսկսվեն այս տարվա հունիս-հուլիս ամիսներից, այս պահին մշակված է միայն հայեցակարգը, ընթացքի փուլում է բուժման մոդելի մշակումը։

Հայեցակարգը մշակվել է՝ հաշվի է առնելով Ավտրալիայի ուղեցույցը, որի հետ նաև ԱՆ այս պահին համագործակցում է։ Բացի այդ, ուսումնասիրվել է նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի և այլ միջազգային ուղեցույցներն ու տարբեր երկրների փորձեր։

Հաշվի առնելով մարզային հագեցվածությունը, մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը՝ քննարկվում են նաև, թե որ մարզերում առաջնային կարգով կներդրվեն այդ ծառայությունները․

«Հիմա օրակարգային է մշակված մոդելի փորձարարական կերպով ներդրումը բացերի վերհանման, բացթողումների հնարավորության չեզոքացման ուղղությամբ, այսինքն՝ ոչ մի երեխա, ով որ կարիք ունի, դուրս չմնա»,- ասում է Լ․Ավետիսյանը։

 Պալիատիվ օգնություն (ֆրանսերեն՝ palliatif, լատիներեն՝ pallium ծածկոց, թիկնոց բառից), ամոքիչ օգնություն, մոտեցում, որը թույլ է տալիս բարելավել կյանքին սպառնացող հիվանդությունների (քաղցկեղով և կյանքը սահմանափակող այլ հիվանդություններ) խնդրին բախվող հիվանդների և նրանց ընտանիքների կյանքի որակը՝ ցավի և այլ ֆիզիկական ախտանիշների վաղ հայտնաբերման, մանրակրկիտ գնահատման և բուժման օգնությամբ տառապանքների կանխարգելման ու թեթևացման, ինչպես նաև հիվանդին և նրա հարազատներին հոգեբանասոցիալական ու հոգևոր աջակցության տրամադրման միջոցով[1]։

Մեծահասակների մոտ պալիատիվ օգնությունը հիմնականում ցուցաբերվում է ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ:

Երեխաները պալիատիվ օգնության կարիք կարող են ունենալ հիվանդության տարբեր փուլերում՝ սկսած կյանքի վաղ շրջանից, բնածին անոմալիաների, ժառանգական տարբեր հիվանդությունների դեպքում։
Տարանջատվում է մանկական պալիատիվ օգնության 4 հիմնական խումբ։

Առաջինը՝ կյանքին սպառնացող քրոնիկ հիվանդությունների դեպքում է, որոնց ժամանակ առկա է բուժում, որն արդյունավետ չէ։

Երկրորդ խմբում ներառված են հիվանդություններ կամ այնպիսի վիճակներ, երբ բարձր է վաղաժամ մահվան հավանականությունը, և պահանջվում է երկարատև և ինտենսիվ բուժում։

Երրորդ խմբում պրոգրեսիվող հիվանդություն ունեցող երեխաներն են, որոնք ի սկզբանե ունեն պալիատիվ բուժօգնության կարիք, օրինակ, մուկովիսցիդոզ, ծանր մկանային դիստրոֆիա և այլն։

Չորրորդ խմբում են ոչ պրոգրեսիվող, ծանր, անդառնալի հետևանք ունեցող հիվանդություններով երեխաները, որոնց դեպքում նրանք չեն կարող ենթարկվել վերականգնողական բուժման։ Օրինակ՝ ծանր գլխուղեղային հիվանդություններով երեխաները, որոնց դեպքում նույնպես բարձրանում է վաղաժամ մահվան հավանականությունը։

Ըստ Լիլիթ Ավետիսյանի՝ առողջապահական համակարգը պետք է թիկունք հանդիսանա ընտանիքների համար դժվար որոշումների կայացնելու ժամանակ և աջակցի ծանր ընթացքների դեպքում․ ԱՆ-ի մոդելը պետք է լինի ընտանիքակենտրոն և երեխայակենտրոն՝ հաշվի առնելով նաև երեխաների իրավունքները, տարիքին բնորոշ առանձնահատկությունները, պալիատիվ օգնության ցուցաբերման ճիշտ տարբերակն ու միջավայրը, և ընտանիքը ևս պետք է որոշումներ կայացնելու մասը դառնա․

«Պետք է յուրաքանչյուր փուլում փորձել երեխային ներգրավել որոշումների կայացմանը»,- ասում է նա։

Լիլիթ Ավետիսյանի խոսքով՝ Հայաստանի նման զարգացող երկրում պալիատիվ բժշկության պահանջն ավելի բարձր է, քան զարգացած երկրներում։ Թեև հատուկ ուսումնասիրություն չկա, թե Հայաստանում քանի երեխա ունի պալիատիվ բժշկության կարիք, սակայն Լ․ Ավետիսյանն ասում է, որ Մանկական բժիշկների հայկական ասոցացիան, Առողջապահության ազգային ինստիտուտի հետ մեկտեղ, օգտվելով վիճակագրական ծառայություններից, վեր է հանել երեխաների այն մոտավոր թիվը, որոնք կունենան պալիատիվ բժշկական օգնության կարիք՝ մոտ 3000 երեխա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter