HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Գաղտնի» վարկ՝ ուրիշի անունով. որտեղ են թերանում բանկերը, ԿԲ-ն ու քաղաքացիները

Զեղծարարների ձեռագիրը գրեթե բոլոր դեպքերում նույնն է՝ այլ անձանց պատկանող անձնագրերի, նույնականացման քարտերի և ծածկագրերի միջոցով նրանց հաջողվել է սպառողական ու ապառիկով տեխնիկայի ձեռքբերման վարկեր վերցնել այդ փաստաթղթերի տերերի անուններով ու հափշտակել գումարները։

Հակոբ Սարխոշյանը, որը պնդում է, որ զեղծարարները «Իդրամ»-ի և «ԱյԴի Բանկի»-ի համատեղ հավելվածի իր հաշվեհամարից գումար են հափշտակել, հետո՝ իր անունով վարկ ձևակերպել, հարուցված քրեական գործի շրջանակներում տուժող է ճանաչվել։

Նա  ավելի քան կես տարի է՝ սպասում է, որ իրավապահները քննեն և բացահայտեն, թե ինչպես է կատարվել հափշտակությունը, և ով է մեղավոր։ Գործը, ըստ Քննչական կոմիտեի, նախաքննության փուլում է։

Մինչ հանգամանքները կպարզվեն, քաղաքացու անունով վարկը շարունակում է գործել, իսկ նրա վարկային պատմությունը՝ «սևանալ»։ 

«Բնականաբար, այդ վարկը մենք չենք վճարել։ Բանկն էլ դիմել է դատարան՝ բռնագանձման պահանջով։ Խոսքը «Ռոքեթ լայն»-ով ստացված վարկի մասին է»,- «Հետքին» պատմում է Հակոբ Սարխոշյանի կինը՝ Բելլա Մարտիրոսյանը։

Հայաստանում օնլայն վարկավորման գործիքների միջոցով հափշտակությունների ու զեղծարարությունների մասին պարբերաբար ահազանգեր են հնչում։ Դրանց կենտրոնում հաճախ հայտնվում են «Իդրամ»-ն ու «ԱյԴի Բանկ»-ը։

«ԱյԴի Բանկ»-ն ու «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակը համագործակցում են 2018 թվականից և ունեն միասնական էլեկտրոնային հարթակ՝ Idram&IDBank-ը։ 

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում քրեական գործերի մասին տեղեկություններ կան, որոնք հարուցվել են համակարգչային տեխնիկայի օգնությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ)։

Ներկայացված են արդեն ավարտված գործերը։ Վերջին 10 գործերից 5-ի դեպքում զեղծարարությունները տեղի են ունեցել «Իդրամի»-ի և «ԱյԴի Բանկի»-ի հավելվածների ու օնլայն վարկավորման հնարավորությունների կիրառմամբ։ Դեպքերից մեկով էլ «Իդրամ»-ի անունը անուղղակիորեն է շոշափվում՝ արդեն հափշտակված գումարներն են փոխանցվել «Իդրամ» հաշվի։

Գործերից մեկի մեղադրական եզրակացության համաձայն՝ քաղաքացի Ռուզաննա Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Անահիտ Սահակյանի անվամբ բացելով «Իդրամ» հավելված, նշված հավելվածի միջոցով Անահիտ Սահակյանի անվամբ «ԱյԴի Բանկ»-ից ստացել և հափշտակել է 1 միլիոն դրամ վարկը։

Ռուզաննա Այվազյանը մեղավոր է ճանաչվել, դատարանը նրան պարտավորեցրել է վճարել 1 միլիոն դրամը վարկը, ևս 600 հազար դրամ՝ որպես պատիժ։

Մեկ այլ գործ՝ Գագիկ Մկրտչյանն իր ծանոթին՝ Գայանե Աղաքարյանին 87 հազար դրամ պարտքը վերադարձնելու համար ասել է, որ այն կարող է վերադարձնել, սակայն կանխիկ գումար չունի և իր հաշվից կարող է փոխանցել Գայանեի «Իդրամ» հաշվին։ Հետո տեղեկանալով, որ Գայանեն իր հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը չի հիշում, առաջարկել է իր միջոցով վերականգնել, որի համար Գայանեից պահանջել է իրեն տրամադրել վերջինիս բջջային հեռախոսին կարճ հաղորդագրությունների միջոցով ստացված համապատասխան թվերը։ Հետո փոխել է Գայանեի հաշվի գաղտնաբառը և այդպիսով տիրացել վերջինիս «Իդրամ» հաշվի գաղտնաբառին և մուտքանվանը: Ապա, իր բջջային հեռախոսի համապատասխան հավելվածով մուտք է գործել Գայանեի «Իդրամ» հաշիվ և առցանց եղանակով նրա անվամբ «ԱյԴի Բանկ»-ում ձևակերպել վարկ՝ ընդհանուր 500 հազար դրամ, փոխանցել է իր անվամբ գրանցված «Իդրամ» հաշվին և կանխիկացրել։ Նման եղանակով ևս 50 հազար դրամի վարկ է ձևակերպել ու փոխանցել իր անվամբ գրանցված «Աջարաբեթ» հաշվին։

Այս գործերի շրջանակներում հանդիպում ենք նաև «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի, «Ամերիաբանկի», «Ակբա-կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի, «էվոկաբանկ»-ի, «Մոգո» վարկային կազմակերպության, «Թել-Սել» համակարգի, «Յուքոմ», «Վեոն Արմենիա», «Մոբայլ Սենթր» խանութների և բազմաթիվ այլ անուններ, որոնց զեղծարարները կարողացել են մոլորեցնել։

Քիչ չեն նաև դեպքերը, երբ հափշտակված գումարները փոխանցվել են օնլայն խաղատների և բուքմեյքերական հաշիվների։ 

«ԱյԴի Բանկ». «Զեղծարարության բոլոր դեպքերը տեղի են ունեցել քաղաքացիների կողմից իրենց անձնական տվյալները այլ անձանց տրամադրելու հետևանքով»

Այն, որ մեծ մասամբ «ԱյԴի Բանկ»-ն ու «Իդրամ»-ն են դառնում հափշտակությունների գործիք, բանկը բացատրում է նախևառաջ այն հանգամանքով, որ Idram&IDBank համակարգը տարածվածությամբ Հայաստանում առաջիններից է։

«Idram&IDBank հարթակը Հայաստանում միակն է, որ տրամադրում է միաժամանակ վճարահաշվարկային և բանկային ծառայություններ։ Հարթակն ունի 1.5 մլն գրանցված օգտատեր և 550 հազարից ավելի ակտիվ օգտատերեր»,- «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ նշել են բանկից։

Բանկը զեղծարարության բոլոր դեպքերի համար մեկ ընդհանրություն է առանձնացնում․ «Անձի կողմից իր անձնական տվյալների, այդ թվում՝ ստացվող նույնականացման կոդերի հետ վարվեցողության կանոնների խախտումը, մասնավորապես՝ այլ անձանց տրամադրումը»։

Այլ խոսքով՝ զեղծարարների ծուղակում են հայտնվում այն քաղաքացիները, որոնք ստացված ծածկագրերը տրամադրում են երրորդ անձանց։

Բանկից նաև շեշտում են, որ միայն իրենց հարթակի միջոցով չեն զեղծարարություններ կատարվում։ «Անձնական տվյալների կամ բանկային տվյալների՝ երրորդ անձանց փոխանցելու հետևանքով գրանցվել և գրանցվում են զեղծարարության դեպքեր նաև այլ հանրային, լայն օգտագործում ունեցող հարթակների միջոցով»,- նշված է բանկի պատասխանում՝ առանց հիշատակելու, թե խոսքը որ բանկերի կամ էլեկտրոնային դրամապանակների մասին է։

«ԱյԴի Բանկ»-ն իր հարթակի միջոցով զեղծարարությունների տարածվածությունը ոչ մի կերպ չի պայմանավորում իր անվտանգության և նույնականացման համակարգերի աշխատանքով։

Մեր հարցին՝ ընկերությունն ընդունու՞մ է, որ զեղծարարությունների պատճառը նաև իր անվտանգության համակարգն է, բանկից վստահեցնում են՝ Idram&IDBank հարթակում գործում է անվտանգության պատշաճ համակարգ։

Պնդում են, որ համակարգի անվտանգությունն ապահովված է, և զեղծարարության բոլոր դեպքերը տեղի են ունեցել քաղաքացիների կողմից իրենց անձնական տվյալները՝ PIN կոդ, գաղտնաբառ, նույնականացման կոդ, այլ անձանց տրամադրելու հետեւանքով։

«Իդրամ հաշվառման հաշիվ մուտք գործելու համար պահանջվում է հաճախորդի հեռախոսահամարը, որը նաև մուտքանունն է, այնուհետև հենց հաճախորդի կողմից ստեղծված PIN կոդը և գաղտնաբառը։ Այսինքն, հարթակ մուտք գործելու համար անձը պետք է ունենա այս բոլոր տվյալների համախումբը։ Հարթակի ներսում արդեն, երբ անձը փորձում է անցնել սինքրոնացում, վարկ ձևակերպել և այլն, համակարգն ուղարկում է նաև մեկանգամյա նույնականացման կոդ, որը ևս գաղտնի տվյալ է և չի կարելի տրամադրել որևէ մեկին։ SMS հաղորդագրության տեքստում այդ մասին զգուշացվում է»,- մանրամասնում են բանկից։  

Կենտրոնական բանկը չի «խառնվում» բանկերի ու իրավապահների գործերին

Կենտրոնական բանկը, որը բանկային համակարգը վերահսկող մարմինն է, որևէ կերպ չի ներգրավվում զեղծարարությունների վերաբերյալ գործերում։

Ավելի վաղ՝ մասնավորապես Հակոբ Սարխոշյանի հետ տեղի ունեցած դեպքի առնչությամբ, գլխավոր դրամատնից պատասխանել են, որ զեղծարարությունների մասին տեղեկությունները պարունակում են հանցակազմի տարրեր, և խնդրի լուծումը Կենտրոնական բանկի իրավասություններից դուրս է:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ. «Միլիոնանոց վարկը կախված է լինում ընդամենը մեկ ծածկագրից. ԿԲ-ն պետք է միջամտի»

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում ամենամեծ խնդիրն այն է, որ Idram&IDBank հավելվածով օնլայն վարկերի տրամադրման գործընթացը չափազանց պարզեցված է։

«Ինձ առնվազն տարօրինակ է թվում, որ կարելի է 1-1.5 մլն դրամի վարկ ձևակերպել րոպեների ընթացքում, ու հետո դրա պատճառով մարդիկ կրակն ընկնեն։ Թե՛ Idram&IDBank, և թե՛ նման մյուս հավելվածները ոչ միշտ է, որ անհրաժեշտ անվտանգությունն ապահովում են։ Եթե քեզ զանգեն, արտառոց պատմություն պատմեն, դու էլ հավատաս ու այդ մեկ կոդը տաս, ապա վերջ՝ քո անունով վարկ է ձևակերպվում։ Այսինքն՝ քո միլիոնանոց վարկը կախված է լինում ընդամենը մեկ ծածկագրից։ Զրոյից օգտատեր գրանցվելու համար Idram&IDBank հավելվածով նույնականացման ամբողջ գործընթացը կատարվում է՝ անձնագիր, քարտ կցել և այլն։ Բայց խնդիրն այն է, թե երբ դու արդեն օգտատեր ես, այդ վարկ ստանալու քայլը շատ պարզեցված է»,- ասում է փորձագետը։

Ըստ նրա՝ այդ վարկերը առանց հավելյալ ստուգումների չպետք է ձևակերպվեն։ Առնվազն բանկի աշխատակիցը պետք է հետ զանգի և համոզվի՝ հաստա՞տ քաղաքացին է այդ վարկի համար դիմել։

Մյուս կողմից էլ, քաղաքացիներն իրենց անզգուշության պատճառով են հայտնվում զեղծարարների ծուղակում։ Սակայն, հարկավոր է, որ բանկերն ու վերահսկող մարմինը՝ Կենտրոնական բանկը, այնքան ուժեղացնեն անվտանգության ու վերահսկողության մեխանիզմները, որ քաղաքացին անզգուշության կամ ֆինանսական ցածր գրագիտության պատճառով չհայտնվի նման իրավիճակում։ Հնարավոր չէ բոլորից պահանջել ֆինանսական բարձր գիտելիքներ։

«Այստեղ արդեն գործ ունենք ոչ միայն ՏՏ անվտանգության հետ, այլև՝ բանկային համակարգի կանոնակարգման ու պահանջների խստացման։  Ֆինանսական համակարգի կարգավորման խնդիր է։ Բանկը կարող է ասել, որ ինքն իր մրցակցությունը պահելու համար այդպիսի ծառայություն է մատուցում, մարդիկ էլ օգտվում են։ Ընկերությունն ինքը կարող է առաջարկել մրցակցային պրոդուկտ, բայց ֆինանսական կարգավորողը, այս դեպքում ՝ Կենտրոնական բանկը, ելնելով հասարակության մտահոգություններից, որևէ կերպ, գոնե, փորձի միջամտել։ Հակառակ դեպքում, եթե դա թողնվի ֆինանսական կառույցների բարեխղճությանը, իրավիճակը կբարդանա»,- կարծում է Արթուր Պապյանը։

Նա նկատում է, որ Հայաստանում կան բանկեր, որոնց տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգությունը բավականին լուրջ մակարդակի վրա է։ Բայց կան նաև բանկեր ու ֆինանսական կառույցներ, որոնց դեպքում այն թերի է։ 

Ի՞նչ անել. որևէ մեկին, ոչ մի պարագայում, չտրամադրել անձնական տվյալներ

Մինչ բանկերը պնդում են, թե իրենց անվտանգության համակարգերը պատշաճ պաշտպանված են, Կենտրոնական բանկը համարում է, որ զեղծարարությունների դեպքերն իրավապահների տիրույթում են, իսկ իրավապահներն ամիսներով կամ տարիներով քննում են գործերը, քաղաքացիներին մնում է մեկ բան անել այդպիսի ծուղակներում չհայտնվելու համար։

Զեղծարարների ծուղակում չհայտնվելու համար առաջին, հիմնական և ամենակարևոր խորհուրդը նույնն է՝ որևէ մեկին, ոչ մի պարագայում չտրամադրել անձնական տվյալներ։ Եթե բնակարանի բանալին բնակարանի ապահովության երաշխիքն է, ապա PIN կոդը, գաղտնաբառը, ցանկացած տեսակի նույնականացման կոդ, որ անձը ստանում է իր հեռախոսահամարին, իր ֆինանսական ապահովության երաշխիքն են։

«ԱյԴի» Բանկում համարում են, որ տարածված զեղծարարությունների խնդիրները կարելի է հաղթահարել միայն համատեղ ուժերով, մասնավորապես՝ բարձրացնելով անհատների անձնական տվյալների պաշտպանության տարրական կանոններին հետևելու անհրաժեշտության գիտակցումը։

««Idram&IDBank հարթակում Ձեր տվյալներն ապահով են մինչ այն պահը, քանի դեռ Դուք դրանք ինքներդ չեք փոխանցել երրորդ անձանց»,- շեշտում են բանկից։

Գլխավոր լուսանկարը՝ pixabay.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter