HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորը գիտնականներին խոստացել է հանդիպում նախաձեռնել «Գնումների մասին» օրենքում փոփոխությունների թեմայով

Վերջին տարիներին Հայաստանում գիտության ոլորտի աշխատակիցները «Գնումների մասին» օրենքը համարում են ոլորտի արգելակներից մեկը: Ըստ օրենքի՝ գիտնականը պետք է ձեռք բերի ամենացածր գին առաջարկողի սարքավորումը: Մեզ հետ զրույցներում գիտաշխատողներն արձանագրում են, որ գիտահետազոտական սարքեր արտադրող միջազգային հեղինակավոր կազմակերպությունները մասնաճյուղեր չունեն Հայաստանում, ինչի հետեւանքով հայ գիտնականը տենդերի միջոցով գնում է այն, ինչը համապատասխանում է առաջադրված չափանիշներին: Բայց այդ դեպքում դժվար է ասել, թե ձեռք բերված սարքը որքան կարող է ծառայել:

Այս տարվա փետրվարին Գիտությունների ազգային ակադեմիայում գիտական ինստիտուտների ղեկավարները խնդիրը բարձրացրել են նաեւ ԱԺ պատվիրակության առաջ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւս ներկա էր հանդիպմանը: Նրանից հետաքրքրվել ենք, թե ինչ փոփոխություններ են իրականացվել այդ քննարկումից հետո: Պատգամավորին հարցրել ենք, թե արդյոք հնարավոր է, որ գիտական գործունեությամբ զբաղվողների համար փոփոխություն կամ լրացում արվի օրենքում:

Գաբրիելյանը նախ նշում է, որ ակադեմիա էին այցելել ոլորտի ընդհանուր խնդիրներին ծանոթանալու, ինչպես նաեւ վերջին տարիներին կառավարության կողմից իրականացված ծրագրերի արդյունքները տեսնելու համար: Իշխանական պատգամավորի դիտարկմամբ՝ արդեն ուժի մեջ մտած գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ փոփոխությունը դրական է ընկալվել գիտական ոլորտի կողմից: Նկատում է, որ ի զարմանս իրեն՝ ոչ թե խոսվում էր ֆինանսական խնդիրների, այլ հակառակը՝ այդ միջոցները ծախսելու կամ գույք, սարքավորում ձեռք բերելու մասին:

Պատգամավորն ասում է՝ «Գնումների մասին» օրենքի հարցը բարձրացրել են մեկ-երկու ինստիտուտի տնօրեններ, բայց ԳԱԱ նախագահը հայտնել է, որ խնդիրը վերաբերում է երեք տասնյակ ինստիտուտներին: Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ օրենքն, ըստ էության, առանձնահատկություն չի սահմանել գիտության ոլորտում իրականացվող գնումների համար, եւ փաստացի դրանք նույն ընթացակարգով են կազմակերպվում, ինչ մյուս ոլորտների գնումները:

«Արձանագրեցին, որ վերջին մեկ տարվա ընթացքում ինստիտուտները ֆինանսական միջոցների լուրջ խնդիր չունեն, խնդիր ունեն այդ ֆինանսական միջոցների արդյունքում սարքավորումներ ձեռք բերելու»,- ասում է պատգամավորն ու ավելացնում, որ գիտնականների հետ հանդիպմանը՝ նաեւ որպես ԱԺ ոլորտային հանձնաժողովի նախագահ, խոստացել է առաջիկա օրերին քննարկում կազմակերպել կառավարության գործընկերների հետ օրենքում հնարավոր փոփոխությունների վերաբերյալ:

Հարցին, թե ինչպես է պատկերացնում հարցի լուծումը, պատգամավորը հստակ պատասխան չի տալիս: «Պետք է հասկանանք, որ եթե պետությունը գումար է հատկացնում, ապա ուզում է իմանալ, թե այդ գումարներն ինչպես ծախսվեցին, ովքեր էին մատակարարները, ինչ ճանապարհով ձեռք բերվեց գնման առարկան: Եվ հենց այս հարցերն էլ, ըստ էության, «Գնումների մասին» օրենքը փորձ է արել կարգավորել: Չեմ կարող միանշանակ ասել՝ լավ օրենք է կամ վատ, բայց փորձն արված է, որ պետությունը պետք է ինչ-որ վերահսկողություն ունենա»,- ասում է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:

«ԳԱԱ ղեկավարի եւ մի քանի ինստիտուտների տնօրենների հետ ԱԺ-ում տեղի ունեցավ քննարկում ինստիտուտների միավորման հետ կապված: Այդ ժամանակ եւս կարեւորվեց հանդիպումը հատկապես ֆինանսերի նախարարության հետ: Հաշվի առնելով իրավիճակը, նաեւ ԱԺ-ում նիստերի առկայությունը՝ առաջիկա 10 օրերին իմ կողմից կնախաձեռնվի հանդիպում ԳԱԱ ղեկավարի, մի շարք ինստիտուտների ղեկավարների, ֆինանսների նախարարության եւ կառավարության մեր մյուս գործընկերների հետ՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք լուծում տալ տվյալ հարցին»,- ասում է պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter