HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«10, 15 կամ 5 տարի առաջ որևէ հեռարձակող նույնիսկ համարձակություն չէր ունենա մեր դեմ հայց ներկայացնելու»․ ՀՌՀ նախագահ

2021 թվականը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) ստեղծման պահից ի վեր ամենահագեցած տարին էր: Այս մասին ԱԺ գլխադասային հանձնաժողովում ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի 2021 թվականի տարեկան հաղորդումը:

«Որևէ տարի չի եղել, որ մեկ տարվա մեջ անցկացվեն ամենամեծ քանակի մրցույթներ և՛ հանրային մուլտիպլեքսի սլոթի, և՛ ռադիոընկերությունների, և՛ մայրաքաղաքային և՛ մարզային սլոթերի, և՛ տարբեր տեսակի ընտրությունների: Նախորդ տարի ավելի շատ ենք վարչական վարույթ բացել, քան 2011-2020-ը, սա այն ծավալն է, որը մենք կատարել ենք, և մեր կարծիքով դա արել ենք օրենքին համապատասխան և պատշաճ»,- ասաց Տիգրան Հակոբյանը:

Հակոբյանը, խոսելով Տեսալողական մեդիայի օրենքի շահառու համարվող ԶԼՄ-ների մասին, հայտարարեց, որ 2021-ին մամուլն աշխատել է անկաշկանդ ու ազատ: Նրա խոսքով՝ Կառավարության հռչակած սկզբունքները, ըստ որոնց Կառավարությունը չի միջամտելու ԶԼՄ-ների գործունեությանը, մեծ մասամբ պահպանվել է:

«Դատական գործերի մեծացումը խոսում է այն մասին, որ վեճերը մեդիայի և իշխանության միջև լուծվում են մեծ մասամբ իրավական դաշտում, այլ ոչ թե այլ մեդոթներով, որի մասին շատ լավ գիտենք»,- ասաց նա՝ խոսելով դատական գործերի աճի մասին:

Հակոբյանի ներկայացմամբ՝ 2020-2021 թվականներին ԶԼՄ-ները հանձնաժողովի դեմ ավելի շատ են դատական հայցերով հանդես եկել, քան հանձնաժողովի ամբողջ պատմության ընթացքում:

«10, 15 կամ 5 տարի առաջ որևէ հեռարձակող նույնիսկ համարձակություն չէր ունենա մեր դեմ հայց ներկայացնելու, 20 տարվա պատմության մեջ երկու դեպք է եղել, անցյալ տարի՝ վեց դեպք»,- ասաց ՀՌՀ նախագահը:

Տիգրան Հակոբյանը հիշեցրեց՝ 1988 թվականից այս բնագավառում է, աշխատել է և՛ պետական համակարգում, և՛ ընդդիմադիր թերթ է խմբագրել, տեսել է ամեն ինչ:

«Այն ազատության աստիճանը, որ կա հիմա Հայաստանում, ոչ մի անգամ չի եղել»,- ասաց նա:

Տիգրան Հակոբյանի խոսքով՝ ԶԼՄ-ների բողոքները նախորդ տարում հիմնականում վերաբերել են պաշտոնյաների, այդ թվում՝ պատգամավորների՝ շատ ժամանակ խտրական կամ արհամարհական վերաբերմունքին ուղղված որոշ ԶԼՄ ներկայացուցչներին:

«Բայց համարում ենք, որ դա համակարգված բնույթ չի կրել և չի խոչընդոտել լրագրողների ազատ աշխատանքներին: Պաշտոնյաներին կոչ ենք անում առաջնորդվել այդ մասնագիտության հանրային կարևորությամբ և այն կանխավարկածով, որ լրագրողները հանրային կարևոր աշխատանք են կատարում»,- նշեց նա:

Հակոբյանը վստահեցրեց՝ հանձնաժողովն ապաքաղաքական կառույց է, որի վրա որևէ ճնշում չկա ու չի կարող լինել: ՀՌՀ նախագահի խոսքով՝ ընտրությունների նախօրեին հանձնաժողովի աշխատանքները փորձել են ողղորդել, բայց նպատակին չեն հասել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter