HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Չգրանցված դեղերի ներկրման թույլտվությունը կարող է ռիսկեր առաջացնել բնակչության համար». «Acino»-ի ղեկավար

«Հետք»-ը վերջերս հրապարակել էր «Վագա Ֆարմ» ընկերության տնօրեն Վահե Վարսանյանի դիտարկումները՝ դեղերի շուկայի և զուգահեռ ներմուծման վերաբերյալ, որին արձագանքել են մի շարք դեղագործական ընկերություններ և պաշտոնական ներկայացուցիչներ։

Հրապարակմանն անդրադարձել էր նաև «Լևոն և Լամարա» ընկերության տնօրեն Գեղամ Մոսինյանը, որը ևս համամիտ էր «Վագա Ֆարմ»-ի տնօրենի հետ և իր հերթին ներկայացրել էր «կոռուպցիոն սխեմաների» վերացման առաջարկ։

Սակայն հակառակ տեսակետն ունեն մի շարք դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչներ, որոնք պնդում են, որ չգրանցված դեղերի ներկրումը վտանգավոր է։

 

2020թ. հոկտեմբերի 3-ին Կառավարության որոշմամբ՝ Հայաստանում թույլատրվեց չգրանցված դեղերի ներկրումը՝ զուգահեռ ներմուծմամբ, որի նպատակն էր համավարակի պայմաններում բնակչությանն ապահովել անհրաժեշտ դեղորայքով։ Այս որոշմամբ Հայաստան ներկրվեցին նաև կորոնավիրուսի բուժման հետ կապ չունեցող այլ՝ մոտ 2000 չգրանցված դեղեր (գրանցվածների հետ ընդհանուր՝ մոտ 6000 անուն դեղ)։ 2021թ. դեկտեմբերի 31-ը չգրանցված դեղեր ներկրելու վերջնաժամկետն էր։

Դեղի ամենախոշոր ներկրողներից մեկը՝ «Վագա Ֆարմ» ընկերության տնօրեն Վահե Վարսանյանը, շարունակում է պնդել, որ զուգահեռ ներմուծումից դեղերի շուկան միայն շահել է, և այդ որոշումը թույլ է տվել կարևոր, կենսական նշանակություն ունեցող չգրանցված դեղեր բերել Հայաստան, որոնց համարժեքը Հայաստանում չկար։ Բացի այդ, նվազել է դեղերի շուկայի կենտրոնացվածությունը, մի քանի անգամ էժանացել են դեղերն ու ավելացել է պետբյուջե մտնող գումարը։

Շվեյցարական «Acino» («Ացինո Ֆարմա ԷյՋի») ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Միքայել Թովմասյանը համաձայն չէ այս տեսակետի հետ. չգրանցված դեղերը, ըստ նրա, անվտանգության և որակի խնդիր ունեն, դեղերի գներն էլ էականորեն չեն նվազել։

«Վագա Ֆարմ» ընկերության տնօրենն ասում է, որ դեղերի զուգահեռ ներմուծումը կարևոր է, որովհետև Հայաստան են բերվել կենսական նշանակության կարևոր չգրանցված դեղեր, որոնց համարժեքը չկա։ Ինչու՞ եք դեմ զուգահեռ ներմուծման թույլտվության երկարացմանը։

Մեզ համար զուգահեռ ներմուծման խնդիրը սուր է, քանի որ խոսքը գնում է հիվանդների անվտանգության մասին՝ կապված դեղամիջոցների որակի և արդյունավետության հետ, որոնք բաց են մնում զուգահեռ ներկրման ժամանակ, երբ դեղը չի ներկրվում անմիջականորեն արտադրողներից, այլ ներկրվում է միջնորդ ընկերություններից: Շվեյցարական «Ացինո» ընկերության համար մեր հիվանդի առողջությունն առաջնահերթություն է, իսկ մեր առաքելությունն է որակյալ դեղերի մշակումը, արտադրությունը՝ ի շահ հիվանդների:

Այո’, կա այլընտրանքային կարծիք, որ գինը, այսինքն՝ դեղի մատչելիությունը շուկայում, ավելի կարևոր է: Մենք համաձայն ենք միայն նրա հետ, որ դա այն գործոններից է, որը հաշվի է առնում հիվանդը դեղի ընտրության ժամանակ: Բայց այդ, գործոնը միակը և առաջնահերթը չէ: Եկեք դիտարկենք դեղագործական շուկան ՀՀ-ի սահմաններից դուրս:

Բոլոր զարգացած և գրեթե բոլոր զարգացող երկրներում կա դեղերի պետական գրանցում, որն անհրաժեշտ է շուկայում միայն ստուգված, արդյունավետ և անվտանգ դեղերի առկայության ապահովման համար:

Մեզ մոտ իրավիճակը նույնն էր մինչև Քովիդը: Այսպիսով, Առողջապահության նախարարության թույլտվությունը՝ ներկրել չգրանցված դեղեր, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից, ժամանակավոր էր և ինչ-որ չափով՝ հարկադրված պանդեմիայի և ռազմական գործողությունների պայմաններում:

Տվյալ պահին ես չեմ տեսնում կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցների դեֆիցիտի վտանգ, և համապատասխանաբար, այդ թույլտվությունը երկարացնելու անհրաժեշտություն: Այսօր դեղարտադրողներն ապահովում են երկրում գրանցված դեղերի տեսականին, որոնք անհրաժեշտ են մեր ազգաբնակչությանը՝ անհրաժեշտ ծավալներով:

Չգրանցված դեղերի ներկրման թույլտվությունը երկարացնելու որոշումը կարող է ունենալ ինչպես տնտեսական հետևանքներ, այդպես էլ ռիսկեր առաջացնել մեր բնակչության առողջության համար:

Ընդհանրապես, դեղերի ներկրման ժամանակ արվում է դեղերի տուփի, փաստաթղթերի անալիզ, անհրաժեշտության դեպքում՝ լաբորատոր անալիզ: Ի տարբերություն գրանցված դեղերի ներկրման՝ չգրանցված դեղերի ներկրման դեպքում չկա հնարավորություն համեմատել ներկրվող դեղը ստանդարտի հետ, որովհետև չկա ոչ նմուշ, ոչ էլ քիմիական ստանդարտ ռեագենտ, որոնց հետ հնարավոր կլիներ համեմատել ներկրվող դեղը:

Չեմ համարում, որ նույնիսկ գնային որոշ տարբերություն կարող է արդարացնել այդ ռիսկը, որի համար մենք կարող ենք վճարել մեր հիվանդների առողջությամբ: Ինչ վերաբերում է խնդրի տնտեսական կողմին, չգրանցված դեղերի մշտական ներհոսքն արդեն հանգեցրել է նրան, որ շատ արտադրող ընկերություններ չեն շարունակում դեղերի գրանցումը Հայաստանում, և դա հանդիսանում է ոչ թե չգրանցված դեղերի զուգահեռ ներկրման պատճառ, այլ հետևանք, քանի որ այս իրավիճակն անիմաստ է դարձնում գրանցումը որպես եզրագիծ, որը նախկինում ապահովում էր Հայաստան մուտք գործող դեղամիջոցների վերահսկումը, ուրեմն նաև անվտանգությունը և արդյունավետությունը: Բացի դրանից, դեղագործական ընկերությունների կողմից դեղերի գրանցումը չերկարացնելու դեպքում պետությունը կզգա բավականին լուրջ բյուջեի դեֆիցիտ:

Ինչ վերաբերում է շուկայի գրեթե կրկնակի աճին և շուկայում 6000 անուն դեղերի առկայությանը, ինչպես պնդում է ներկրողներից մեկը, ապա վերլուծական ընկերությունների տվյալներով՝ մեծածախ գներով դեղագործական շուկան կազմել է 2019թ. 145 մլն եվրո, 2020թ.՝ 152, իսկ 2021թ.՝ 155 մլն եվրո, այսինքն՝ աճը զգալի չէ, այն իր արագությամբ զիջում է ԱՊՀ գրեթե բոլոր երկրներին:

Ներկրման ծավալների վրա հիմնվելը միշտ չէ, որ ճիշտ է արտացոլում պատկերը. դեղ ներկրելը դեռ չի նշանակում վաճառել, այդ պատճառով էլ 2021թ. ներկրված դեղերը մինչև հիմա գտնվում են շուկայում: Ինչ վերաբերում է դեղերի տեսականուն, 2021թ. դեկտեմբերի դրությամբ, երբ չգրանցված դեղերի ներկրման թույլտվությունը դեռ ուժի մեջ էր, այդ նույն ներկրողի ցանկում կար մոտ 3000 դեղ, այսինքն՝ դեղերի տեսականու կրկնակի ավելացում չի եղել:

Զուգահեռ ներկրման երկու տարվա ընթացքում եղե՞լ են այնպիսի դեղեր, երբ անվտանգության խնդիր է առաջացել։

Միայն 2021թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ Ռուսաստանում, որտեղից էլ հիմնականում տեղի է ունենում զուգահեռ ներկրումը, շրջանառությունից դուրս է բերվել դեղագործական արտադրանքի 72 անվանման 120 սերիա, որոնց որակը չի համապատասխանում սահմանված պահանջներին:

Մենք չունենք որևէ երաշխիք, որ այդ սերիաներով դեղերը չեն վաճառվում Հայաստանում՝ հաշվի առնելով մինչև 31.12.2021 գործող թույլտվությունը՝ ներկրել չգրանցված դեղեր միջնորդ ընկերություններից, այլ ոչ թե անմիջապես արտադրողներից:

Բացի դրանից, վերջերս ներկրվել են դեղամիջոցներ, որոնց տուփի և ներդիր թերթիկի լեզուն չեն համապատասխանում Հայաստանում դեղերի մակնշման համար հաստատված լեզուներից (հայերեն, ռուսերեն, անգլերեն) ոչ մեկին, այլ բնակչության մեծամասնության համար անհասկանալի լեզվով են, ինչը կարող է հանգեցնել քաղաքացիների կողմից նրանց սխալ կիրառմանը և ծանր հետևանքների:

Կարո՞ղ եք նշել այդ կեղծված դեղերը` անուններով, տրամադրել դրանց տուփերը, եթե կան։

Այս պահին չունեմ հաստատված տվյալներ։

«Վագա Ֆարմ» ընկերության տնօրեն Վահե Վարսանյանը նշում է, որ զուգահեռ ներմուծման շնորհիվ փոխվել է դեղերի գնային քաղաքականությունը. տեղի է ունեցել դեղերի գների իջեցումը՝ մի քանի անգամ, նաև՝ ձեր ընկերության ներկրած դեղերն են էժանացել։

Acino-կողմից ներկրվող դեղերի գինը զուգահեռ ներմուծման ժամանակ նվազել է 1-1,5 անգամ։ Օրինակ՝ «Թիրոզոլ» 5տբ N50 արժեր 2686 դրամ, դարձել է 2016 դրամ, «Գլյուկոֆաժ» 1000 մգ 1737 դրամ է եղել, դարձել է 1174 դրամ և այլն։

Գները՝ նկարում

Սա կապված է ոչ միայն զուգահեռ ներկրման հետ, այլև հենց արտադրողների կողմից, այդ թվում՝ մեր ընկերության կողմից, գնիջեցման հետ: Բացի դրանից, դեղերի գները բնակչության համար նվազել են շատ ավելի փոքր չափով, քան այն գինը, որով դեղը ներկրվում է երկիր, այսինքն՝ ավելի շատ շահում է ներկրողը, քան հիվանդը:

Մենք համեմատել ենք շատ զուգահեռ ներկրվող դեղերի գները Ռուսաստանում, որտեղից էլ հիմնականում տեղի է ունենում զուգահեռ ներկրումը, Հայաստանում գործող մեծածախ գների հետ, և պարզվեց, որ շատ դեպքերում մեծածախ վերադիրը (ավելացված արժեքը, հեղ.) կազմում է 30-170 %, այսինքն՝ գինը տարբերվում է մինչև 3 անգամ, չնայած այն հավաստացումներին, որ ամեն ինչ արվում է հիվանդների համար դեղերի մատչելիության բարձրացման համար, և որ մեծածախ օղակում վերադիրը կազմում է ընդամենը 7-10 %:

 

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter