HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խոշորացված համայնքներում աշխատակազմի և ավագանու անդամների համար աշխատասենյակ են փնտրում

Խոշորացված համայնքների ավագանու ընտրություններից անցել է արդեն երեք ամիս, սակայն որոշ համայնքներում դեռ ազատ տարածք են փնտրում ավագանու նիստերն անցկացնելու, աշխատակազմի և խմբակցությունների գործունեության համար: Խոշորացված համայնքների զգալի մասը չունեն բավարար շենքային պայմաններ: 

Կառավարության նախաձեռնությամբ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվել է համայնքների խոշորացումը, Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2021թ. սեպտեմբերի 24-ին և հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ հոկտեմբերի 4-ին: Առնվազն 3 ամիս էլ կառավարությունը ժամանակ է ունեցել մինչև խոշորացված համայնքներում ավագանու, համայնքի ղեկավարի ընտրությունները (ավագանու համամասնական ընտրությունները կայացել են 2021թ. դեկտեմբերի 5-ին):

Սակայն, փաստացի, մինչ օրս համայնքների զգալի մասը չունեն բավարար աշխատանքային պայմաններ: Բնակավայրերը միմյանց հետ կապող հասարակական տրանսպորտ չունեն և այլն: Ստացվում է, կառավարությունն առանց նախապատրաստական աշխատանքներ կատարելու, հապճեպ խոշորացում է իրականացրել:

Արմավիրի մարզի Արաքս համայնքը ներառում է 13 բնակավայր: Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 27.491 մարդ: Նոր ձևավորված ավագանին այս տարվա հունվարի 10-ին որոշել է համայնքի ղեկավարի նստավայրը սահմանել Գայ գյուղը: Իսկ ավագանու երեք խմբակցությունների նստավայրերը սահմանել է տարբեր գյուղերում:

Մասնավորապես, ըստ ավագանու որոշման, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նստավայրը Ջրարբի համայնքն է, «Զարթոնք» խմբակցությանը՝ Արտիմետը, իսկ «Հանուն Հանրապետության» խմբակցության նստավայրը լինելու էր Լուսագյուղում:

Մեկ ամիս անց՝ փետրվարի 8-ին, ավագանու որոշմամբ` երկու խմբակցությունների նստավայրերը տեղափոխվել են: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տեղափոխվել է Գայ գյուղ, իսկ «Հանուն Հանրապետության» խմբակցությունը՝ Ջրառատի մշակույթի տուն:

Սպասվում է, որ առաջիկայում ևս մեկ անգամ փոխվելու է ավագանու որոշումը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տեղափոխվելու է Արաքս համայնք:

Նշենք, որ Արտիմետից մինչև համայնքի ղեկավարի նստավայր Գայ գյուղ ամենակարճ ճանապարհը մոտ 11 կմ է, իսկ Ջրառատից՝ 4,3 կմ: Ջրառատից մինչև Արտիմետ 12 կմ է: Ստացվում է, որ նույն համայնքի ավագանու անդամներն իրարից 12 կմ հեռու են գործունեություն իրականացնում: Քննարկումները իրականացնում են հեռահար, հակառակ դեպքում ստիպված են ամեն անգամ 12 կմ ճանապարհ անցնել և նույնքան էլ վերադառնալ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Հետք»-ին պատասխանել են, որ Հանրապետության 21 խոշորացված համայնքում ավագանու խմբակցությունների համար չկան բավարար պայմաններ, իսկ 17-ում՝ մասնակի են:

Խոշորացումից հետո կենտրոնացվել է նաև համայնքապետարանների աշխատակազմերը, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացրել: Մասնավորապես, 7 համայնքում աշխատակազմերի գործունեության համար չկան բավարար շենքային պայմաններ, իսկ 21 համայնքում պայմանները մասնակի են բավարարում:

Նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ համայնքապետարանների նորմալ գործունեության համար 26 համայնքներում նախատեսվում է նոր վարչական շենքերի կառուցում, կապիտալ վերանորոգում կամ մասնաշենքերի ավելացում:

Ինչ վերաբերում է ավագանու նիստերի ուղիղ հեռարձակմանը, ապա 22 համայնքում օրենքի նշված պահանջը չի գործում՝ տեխնիկական միջոցներ չունենալու կամ դրանց անբավարար լինելու պատճառաբանությամբ: Երբեմն էլ ինտերնետ կապի որակը թույլ չի տալիս: Օրինակ, Ջերմուկ համայնքում ավագանու նիստերը ուղիղ հեռարձակվում են միայն այն ժամանակ, երբ ինտերնետ կապը նման հնարավորություն տալիս է:

Արաքսն այն համայնքներից է, որտեղ խոշորացումից հետո չկան բավարար աշխատանքային պայմաններ: Նույնիսկ աշխատակազմի համար շենքի մակերեսը չի բավարարում: Չկա ավագանու նիստերի անցկացման համար առանձին սենյակ: Խմբակցությունների աշխատանքը կազմակերպելու համար շենքային պայմանները ևս բավարար չեն: Դրանով էլ պայմանավորված է խմբակցությունների նստավայրերի փնտրտուքը:

Արաքս խոշորացված համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ համայնքապետարանի շենքի փոքր լինելու պատճառով, համայնքապետարանի աշխատակազմի երկու՝ Գյուղատնտեսության և Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի բաժինները որոշել են տեղափոխել Ջրառատ բնակավայր:

Ղազար Ղազարյանի փոխանցմամբ՝ սուբվենցիոն ծրագրով վերանորոգվելու է համայնքապետի նստավայրը:

«Տարածքը ընդլայնելու հնարավորություն չունենք: Փոքր սենյակներում փորձելու ենք տեղավորել աշխատակազմին: Ավագանու խմբակցությունների տեղափոխումները ևս պայմանավորված է շենքային պայմաններով»,-ասում է Ղ. Ղազարյանը՝ հավելելով, որ ավագանու նիստերը պլանավորում են ևս Արաքս գյուղում անցկացնել: Համայնքի ղեկավարն այս քայլը պատճառաբանում է Արաքսի սահմանամերձ լինելով (Թուրքիայի հետ ունի սահման):

Համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե որքանով է արդյունավետ համայնքապետարանի աշխատանքները, եթե աշխատակազը նույն տեղում չէ, ավագանու խմբակցությունները տարբեր գյուղերում են:

«Ձեռք ենք բերել պայմանվորվածություն բջջային օպերատորների հետ, որ տեխնկական միջոցով լինի ուղիղ կապ ավագանու խմբակցությունների և վարչակազմի հետ: Կրթության և գյուղատնտեսության բաժիններն էլ ամեն րեպեի հրատապություն չունեն, նրանց հետ  կաշխատենք օնլայն տարբերակով, հեռախոսակապով»,-ասում է Արաքս խոշորացված համայնքի ղեկավարը:

Նշենք, որ Արաքսը միակ համայնքը չէ, որտեղ աշխատանքը դժվարանում է շենքային պայմանների կամ հաղորդակցման հնարավորություների բացակայության պատճառով: Օրինակ, Փարաքար համայնքում ևս աշխատակազմի, ավագանու խմբակցությունների համար աշխատանքային բավարար պայմաններ չկան: Նոր-նոր է նախատեսվում կառուցել առանձին եռահարկ վարչական շենք:

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում էլ ավագանիների համար առանձին սենյակներ չեն հատկացրել, տարածք չունեն: Ջրվեժում ավագանու նիստերն անցկացվում են համայնքապետի աշխատասենյակում:

Արմավիրի համայնքապետարանն ունի ավագանու նիստերի համար նախատեսված սենյակ, սակայն համայնքների խոշորացումից հետո տարածքի մակերեսը չի բավարարում և այլն:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ 3000 և ավել բնակիչ ունեցող համայնքներում ավագանու հրապարակային նիստերը առցանց հեռարձակվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում: Արաքսում ավագանու նիստերը հեռարձակվում են միայն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, քանի որ համայնքապետարանի պաշտոնական կայքը  վերազինված չէ:

Համեմատության համար նշենք, որ Արմավիրի մարզի 7 խոշորացված համայնքներում ավագանու նիստերը լիարժեք հեռարձակվում են միայն Վաղարշապատ համայնքում, Արմավիրում՝ մասնակի: Մնացած 5 համայնքներում տեխնիկական հնարավորություններ չկան և օրենքի պահանջը չի ապահովվում:

 

Ինֆոգրաֆիկան՝ Տիրայր Մուրադյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter