
Աշխատանքային իրավունքների հիմնախնդիրներին նվիրված բազմակողմ հետազոտություններ՝ Հայաստանում
Հայաստանում աշխատանքային իրավունքների հիմնախնդիրներին նվիրված բազմակողմ հետազոտություններ են իրականացվել, որոնց արդյունքներն այսօր ներկայացվել են առցանց միջոցառման ժամանակ։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հայաստանում ԵՄ դեսպանի կարծիքով՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով Հայաստանում ներդրվել են մի շարք գործիքներ, որոնք պետք է կիրառվեն։
«Առողջ հասարակության հիմքն է հանդիսանում աշխատանքային իրավունքների հանդեպ հարգանքը, դա շարժիչ ուժն է»,- ասել է դեսպանը՝ կարևորելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացումը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը դրական է գնահատել Աշխատանքային տեսչության ստեղծումը։ Նա տեղեկացրել է, որ փոփոխություններ են նախապատրաստվում Աշխատանքային օրենսգրքում և նշել, որ այս հետազոտությունների արդյունքները կնպաստեն առաջիկա բարեփոխումներին։
ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանն ամփոփ ներկայացրել է աշխատանքային իրավունքի ոլորտում Տեսչական մարմնի ստացած դիմում-բողոքների, վարույթների վիճակագրությունը։
«2021թ-ին չենք ունեցել բողոք, որին ընթացք չի տրվել։ Աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկություններ ստանում ենք թե՛ մասնավոր հատվածից, թե՛ ՊԵԿ-ից, թե՛ ՄԻՊ-ից, թե՛ քաղաքացիների դիմումների տեսքով։
Տեսչությունն այսօր զրոյից վերականգնվում է, փորձում ենք հնարավորինս շատ թվային լուծումներ ներդնել, որպեսզի անձերի փոփոխությունը չազդի աշխատանքի վրա»,- նշել է Ավագյանը՝ ընդգծելով պետություն-մասնավոր հատվածի գործակցության ուժեղացման կարևորությունը։
Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող 3 ծրագրերի կոնսորցումների անդամ կազմակերպությունների կողմից արված հետազոտությունները վերաբերում են Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության վիճակին, աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ դատական գործերին, Հայաստանում կանանց աշխատանքային իրավունքների իրադրության վրա կորոնավիրուսային համավարակի ազդեցությանը, ԵՄ-ում արհմիությունների ստեղծման լավագույն փորձին, նաև կարիքների գնահատմանը։
Մեկնաբանել