HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համայնքները տարեկան բյուջեն հաստատել են առանց հանրային լսումներ անցկացնելու

Համայնքների մեծ մասն արդեն հաստատել է 2022թ.-ի տարեկան բյուջեն, և դա արել է առանց հանրային լսումների: Հանրապետության 75 համայնքից համայնքային պաշտոնական կայքերում բյուջեի հանրային լսումներ իրականացնելու մասին հայտարարություն է տարածել մեկ տասնյակ համայնք՝ Աշտարակ, Ապարան, Հրազդան, Ծաղկաձոր, Եղվարդ, Ջրվեժ, Կապան, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան: Նշված համայնքների մի մասը բնակիչներին իրազեկել է, որ 2022թ. բյուջեի հանրային լսումն անցկացվելու է համայնքապետարանի պաշտոնական կայքում, օնլայն տարբերակով:

Համայնքային կայքերի «Հանրային քննարկումներ» բաժինը քննարկվող հարցի վերաբերյալ կարծիքներ, մեկնաբանություններ, առաջարկներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Նշված համայնքներում լսումներ տեղի ունեցե՞լ են, քա՞նի մասնակից է եղել, ի՞նչ հարցեր են քննարկվել և ի՞նչ առաջարկներ են արվել, հայտնի չէ, բացառությամբ մեկ-երկու դեպքի: Աշտարակ համայնքի կայքում մեկ գրառում կա՝ առաջարկվել է ներքաղաքային տրանսպորտի հարցը լուծել: Ջերմուկ համայնքում հանրային քննարկման ներկայացված 2022թ. բյուջեի և Ջերմուկ համայնքի 2022-2026 թթ. զարգացման հնգամյա ծրագրի վերաբերյալ ոչ մի գրառում չկա: Սակայն համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Արմինե Ղազարյանը գրառում է կատարել. նա շնորհակալություն է հայտնել համայնքի բնակիչներին՝ ակտիվ մասնակցության և քննարկումների համար:

«Քննարկումներին մասնակցել են 49 քաղաքացիներ, որոնք վերաբերում էին Ջերմուկ համայնքի 2022-2026թթ. զարգացման հնգամյա ծրագրում ներառված միջոցառումներին և ծրագրերին: Շնորհակալ ենք նաև նոր ծրագրերի և առաջարկների համար, որոնք  կքննարկվեն Ջերմուկ համայնքի ավագանու ֆինանսավարկային և համայնքի սոցիալ-տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից: Հաշվի առնելով համայնքի բյուջեի միջոցներն ու ծրագրերի առաջնահերթությունը՝ հանձնաժողովի որոշմամբ նոր առաջարկները  կներկայացվեն նաև համայնքի ավագանու քննարկմանն ու հաստատմանը, անհրաժեշտության դեպքում կընդգրկվեն Ջերմուկ համայնքի 2022թ. բյուջեի ֆոնդային մասում»,- ընթերցողի համար ոչ տեսանելի քննարկման արդյունքներն ամփոփել է ֆինանսական բաժնի պետը:

Նրա և մյուսների ամփոփ խոսքը համոզիչ կլիներ, եթե համայնքային կայքերում տեղադրվեր քննարկման արձանագրությունը, օրվա լրահոսում միջոցառման մասին տեղեկատվություն հրապարակվեր՝ լուսանկարներով, այնուհետև տեղեկացնեին բնակչների առաջարկների հիման վրա բյուջեի նախագծում արված փոփոխությունների կամ այն մերժելու մասին և այլն:

Նշենք, որ հանրային քննարկման դրված այլ հարցերի դեպքում դա արվել է: Ինչպես օրինակ՝ Դիլիջան համայնքում «Տաղավարներ՝ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար» թեմայով, կայքի նորություններ բաժնում լրացուցիչ տեղեկատվություն է հրապարակվել քննարկման վերաբերյալ:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի սկզբունքներից մեկն էլ տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցությունն է: Օրենքի հոդված 11-ում, որը վերաբերում է մասնակցային կառավարմանը, սահմանված է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին իրազեկող պարտադիր տեղեկատվությունը: Սահմանված է նաև համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը, որով բնակիչները կարող են ուղղակի կամ անուղղակի ներգործություն ունենալ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների վրա:

Ըստ այդմ՝ 2021թ. դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններով ձևավորված նոր համայնքներն անգամ ավագանու առաջին նիստերում ընդունել են բնակչության մասնակցայնությունն ապահովող փաստաթղթերը՝ «Համայնքում հանրային բաց լսումներ և քննարկումներ կազմակերպելու և անցկացնելու կարգը» և «Տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը»:

Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին խորհրդարանի վավերացրած օրենսդրական փոփոխություններով մեծ թվով համայնքներ խոշորացվեցին նախկին շրջաններով՝ իրենց կազմում ընդգրկելով մինչև երեք տասնյակից ավելի բնակավայրեր: Նոր ձևավորված բազմաբնակավայր համայնքներում բնակչությանը տեղական կառավարմանը մասնակից դարձնելու միակ՝ օրենսդրորեն ամրագրված ձևը, հանրային լսումների միջոցով նրանց կարծիքներն ու առաջարկները լսելն է: Նոր ձևավորված համայնքների մեծ մասը դեռևս տարեկան բյուջեն չի հաստատել, իսկ նրանք, որոնք հաստատել են՝ դա արել են առանց հանրային լսումների: Հայտնի չէ, թե ով (ովքեր) և ինչպես է բյուջե կազմել:

Ավելին, ՏԻՄ օրենքն ամրագրել է, որ խոշորացված համայնքներում ավագանին պարտադիր պետք է ձևավորի մշտական հանձնաժողովներ, որը համայնքների մի մասն արդեն արել է, սակայն բյուջեն չի քննարկել հանձնաժողովներում: Բյուջեն հաստատելու վերաբերյալ ավագանու որոշումներում նշում չկա, որ այն քննարկվել է ավագանու մշտական հանձնաժողովներում և «Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի» դրական եզրակացությամբ է ներկայացվում ավագանու հաստատմանը: Էլ չասենք այն դեպքերի մասին, երբ ավագանին սկզբում բյուջե է ընդունել, հետո մշտական հանձնաժողովներն է ձևավորել կամ չի էլ ձևավորել:

Արթիկ համայնքում բնակիչները բյուջեին ծանոթացան, երբ 2021թ. դեկտեմբերի 30-ին ավագանին հաստատեց այն: Քննադատվելուց հետո համայնքապետարանը 2022թ. հունվարի 20-ին համայնքի 2022թ. բյուջեի փոփոխությունների վերաբերյալ նախնական քննարկում նշանակեց:

Արագածավան, Ծաղկահովիտ, Տաթև և մի քանի այլ համայնքներ բյուջեն հաստատել են, բայց չեն կցել ավագանու որոշմանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն ասում է, որ ոչ ոք համայնքներին չի պարտավորեցրել շուտափույթ բյուջե ընդունել: Համայնքներ այցելելու ժամանակ ինքը խորհուրդ է տվել անգամ մարտ, ապրիլ ամիսներին ընդունել բյուջեն, երբ արդեն ծանոթացած կլինեն բնակավայրերի խնդիրներին և դրա հիման վրա բյուջեն կկազմեն:

Մեր հարցին, թե նախարարությունում ինչպե՞ս են վերաբերվում օրենքի խախտումով բյուջեները հաստատելուն, պրն Գիլոյանը հայտնեց. «Նախարարությունը կարող է վարչարարություն իրականացնել, եթե մասնակցային քաղաքականությունը չեն իրականացնում: Դա օրենքի պահանջ է, պետք է անեն: Սակայն խիստ հետևողականություն կամ պահանջ չենք ներկայացրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքներում մի շարք կազմակերպաիրավական հարցեր պետք է լուծվեն՝ խոշորացումից հետո կնիք ու կանոնադրություն չունեն, հաստիքացուցակները պետք է հաստատեն և այլն»: 

Պրն Գիլոյանը նշեց, որ բյուջե չունենալը դժվարացնում է ՏԻՄ-երի աշխատանքը, դրա համար նրանք շտապողականություն են դրսևորում: Մինչև տարեկան բյուջեն հաստատելը, իհարկե, նախորդ տարվա ծախսերի ձևաչափով կարող են ծախսեր իրականացնել, այդ պատճառով ամենաշատն են շահագրգռված, որ բյուջեն շուտ ընդունեն և կարողանան ծախսեր իրականացնել: «Մենք գրությամբ դիմել ենք Ֆինանսների նախարարությանը, որպեսզի թույլատրեն համայնքներին ծախսեր իրականացնել՝ մինչև այդ հարցերը կարգավորվեն, համայնքային հիմնարկները պետք է կարողանան աշխատել, ծախսեր իրականացնել»,- ասում է վարչության պետը:

Պրն Գիլոյանը համամիտ է մեզ հետ, որ համայնքներում մշտական հանձնաժողովները շատ անելիքներ ունեն, և նրանց գոյությունը ձևական բնույթ չպետք է կրի: Հանձնաժողովների չգործելու պատճառը բացատրում է նրանով, որ համայնքները նոր են կանոնադրություն հաստատում, որպես նոր կառավարչական հիմնարկներ: Ասում է, որ հանձնաժողովները շատ տեղերում ստեղծված են, բայց քանի դեռ նրանց աշխատակազմերը չեն ձևավորվել՝ դրանք չեն կարող գործել:

ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի ներկայացրած մեղմացնող հանգամանքներն ընդունելի կլինեին, եթե դրանք վերաբերեին միայն նոր խոշորացված համայնքներին, սակայն ավելի վաղ ձևավորված բազմաբնակավայր համայնքները նույնպես օրենքը շրջանցել են բյուջեն հաստատելիս:

Համայնքային կայքերում հանրային լսումներ իրականացնելու մասին պարտադիր հայտարարություն են հրապարակում այն դեպքերում, երբ համայնքը պետք է հայտ ներկայացնի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին, քանի որ այդ ծրագրերը ֆինանսավորում են միջազգային կազմակերպությունները, օրինակ՝ Համաշխարհային բանկը: ՀԲ-ի համար համայնքի ներկայացրած հայտը քննարկելու պարտադիր պայման է հանրային լսումներով ծրագրային առաջարկ ներկայացնելը:

Նույն պահանջը օրենքով պարտադիր է նաև այն դեպքերում, երբ համայնքը դիմում է պետական բյուջեից սուբվենցիա ստանալու համար, սակայն բազմաթիվ համայնքներում բնակչությունը սուբվեցիայով իրականացվող ծրագրի մասին տեղեկանում է, երբ այն արդեն իրականացվում է: Ո՞վ որոշեց, թե ինչն է առաջնահերթ այդ համայնքների համար:

Պրն Գիլոյանի ասելով՝ բյուջեի հանրային լսումներ իրականացրած համայնքների թիվն ավելի մեծ է՝ իրենց մոնիտորինգի արդյունքներով 22 համայնք հանրային լսումներ է իրականացրել, արձանագրություններն ուղարկել են նախարարություն, համայնքի ֆեյսբուքյան էջում են տեղադրել և այլն: Մեզ այլ հարց է հետաքրքրում. ինչի՞ համար են ավելորդ հավաստիացումները, ինչո՞ւ են ավելորդ թղթաբանություն իրականացնում համայնքներում, երբ իրենց աշխատանքը կարող է տեսանելի լինել և չափվել միայն կայքում հրապարակելով:

Խոշորացված բոլոր համայնքների ավագանու նիստերը պետք է հեռարձակվեն՝ 10 000 և ավել բնակիչ ունեցող համայնքներում ավագանու նիստերը համայնքի պաշտոնական համացանցային կայքում առցանց հեռարձակելը նույնպես ՏԻՄ օրենքով ամրագրված պահանջ է: Նախորդ տարիներին խոշորացված համայնքներն այն իրականացնում են, նոր ձևավորված բազմաթիվ համայնքներ դեռևս շենքային պայմաններ չունեն աշխատանքը կազմակերպելու համար: 

Այդուհանդերձ, նիստերը հեռարձակելու օրենսդրական պահանջը նաև նրանց է վերաբերում, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ հարցին տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետը հայտնեց, որ նախկինում միջազգային դոնորների աջակցությամբ այդ հարցը լուծել են տարբեր համայնքներում: Հիմա այդ հնարավորությունը չունեն, բայց համայնքները տեխնիկան կարող են իրենց միջոցներով էլ ձեռք բերել, տեխնիկայի ցանկը և դրա ֆինանսական հաշվարկները կան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter