HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչի հաշվին է ակտիվացել Հայաստանի անշարժ գույքի շուկան

2021 թվականին Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների, այդ թվում՝ առուվաճառքի ռեկորդային քանակ է գրանցվել: Շուկայի գործակալները այս աշխուժությունը պայմանավորում են  ինչպես եկամտային հարկի վերադարձի ծրագրի սահմանափակումներով, որի հետևանքով քաղաքացիները շտապում են օգտվել ծրագրից, այնպես էլ՝ 2020-ին հետաձգված գործարքներով ու այլ գործոններով: 

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականին Հայաստանի անշարժ գույքի շուկայում ընդհանուր առմամբ իրականացվել է 201 563 գործարք է, որը նախորդ տարվա համեմատ 27%-ով աճել է: Վերջին առնվազն տասը տարիների կտրվածքով գործարքների այս քանակն աննախադեպ է:

Հասկանալու համար շուկայի իրավիճակը մենք առանձնացրել ենք անշարժ գույքի առուվաճառքի վիճակագրությունը, որը լավագույնս արտացոլում է եղած իրավիճակը:

Այսպես, 2021 թվականին Հայաստանի անշարժ գույքի շուկայում 56 044 առուվաճառք է իրականացվել, որը նախորդ տարվա համեմատ աճել է 21.4%-ով: Վերջին տարիներին սա առուվաճառքի գործարքների ամենաբարձր ցուցանիշն է:

«Սիլվեր ՌԵԱ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովի դիտարկմամբ անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը էապես նպաստել են եկամտային հարկի վերադարձի ծրագրի սահմանափակումները: 

2015 թվականից գործող ծրագրի համաձայն՝ եկամտային հարկ վճարող քաղաքացուն հնարավորություն է տրվում հետ ստանալ եկամտային հարկն ու այն ուղղել  կառուցապատողից գնվող բնակարանի հիպոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։

2021 թվականին պետությունը սահմանափակումներ ներառեց եկամտային հարկի վերադարձի ծրագրում՝ համարելով, որ վերադարձվող եկամտային հարկի գումարները լուրջ վնաս են պետական բյուջեի համար։ Ծրագիրը 2022 թվականից մինչև 2025 թվականը աստիճանաբար կդադարեցվի Երևանում  կառուցվող շենքերի համար, սկզբում այն կսահմանափակվի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների համար։ 2025 թվականից հետո կգործի միայն մարզերում: 

«Այս պահին մեծ պահանջարկ կա էլիտար դասի շենքերի նկատմամբ:  Հասարակության աշխատող հատվածը, ովքեր միջինից բարձր եկամուտ ունեն, թեկուզ ընտանիքում երեք հոգի են, իրենց գրանցված աշխատավարձերը գումարում են, հասկանում են, որ եկամտային հարկերը բավականին բարձր են, շտապում են օգտվել այս ծրագրից, քանի դեռ այն Երևանի համար չի դադարեցվել։ Նրանք բնակարան են ձեռք բերում՝ անկախ նրանցի այս պահին ունեն բնակարանի կարիք, թե ոչ»,- «Հետք»-ի հետ զրույցում նշում է Անդրանիկ Հարությունովը: 

Կադաստրային տվյալները ևս վկայում են, որ 2021 թվականին եկամտային հարկի վերադարձի ծրագրի սահմանափակումները նպաստել են անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը: Ակնհայտ է հատկապես չորրորդ եռամսյակում գրացված ակտիվացումը: Հիշեցնենք, որ եկամտային հարկի վերադարձի ծրագրի սահմանափակումների մասին քննարկումներն ու նախագիծը շրջանառության մեջ դրվեցին օգոստոսի վերջից: 

Այս ինֆոգրաֆիկայում առանձնացրել ենք վերջին հինգ տարիներին Հայաստանի անշարժ գույքի շուկայի առուվաճառքի քանակները՝ ըստ եռամսյակների: 

Ինչպես երևում է, առաջին եռամսյակում առուվաճառքի գործարքների քանակը դեռևս 8.3%-ով զիջել է 2020 թվականի նույն եռամսյակին:  

Երկրորդ եռամսյակում այն վերջին տարիներին ամենաբարձրն է եղել, 2020-ի նույն եռամսյակի համեմատ  աճել է 75.4%-ով: 

Երրորդ եռամսյակում կրկին անկում է գրանցվել՝ 2.2%-ով:

Իսկ չորրորդ եռամսյակում շուկան կրկին աշխուժացել թե՛ 2020 թվականի նույն եռամսյակի համեմատ՝ 48.1%-ով, թե՛ նախորդող երեք տարիների:   

Հետաձգված գործարքներ, անշարժ գույքի թանկացման սպասումներ

Ինչ վերաբերում է երկրորդային շուկային՝ ապա այստեղ, ըստ Անդրանիկ Հարությունովի, ակտիվացում է նկատվել մինչև 2021 թվականի դեկտեմբերի վերջ: Ներկայում համեմատաբար պասիվ վիճակ է:

«Դա սեզոնային է: Սովորաբար, հունվար-փետրվարին ավելի պասիվ վիճակ է լինում: Կարծում եմ՝ մինչև փետրվարի վերջ կատիվանա»,-ասում է նա:

Անշարժ գույքի շուկայի մեկ այլ գործակալ՝ Լևոն Գրիգորյանը, բացի եկամտային հարկի վերադարձի ծրագրից, անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը նպաստող այլ գործոններ ևս նշում է։ Դրանց շարքում են 2020 թվականին հետաձգված գործարքները, որոնք տեղափոխվել են 2021 թվական։ 

«2020 թվականին սկզբում համավարակի, այնուհետև պատերազմի պատճառով մարդիկ անորոշության մեջ էին, հետաձգում էին իրենց գործարքները, հատկապես՝ պոտենցիալ գնորդները։ 2021-ին, երբ իրավիճակը համեմատաբար հանգիստ էր, նրանց մի մասը գնեց անշարժ գույք։ Պատկերացրեք՝ ընտանիք է, որը վարձով է ապրում, բայց այդ պահին հիփոթեքով կամ կանխիկով գնելու հնարավորություն ունի, որքան էլ երկրում անորոշություն լինի, մեկ տարուց ավելի սպասել չի կարող, իր գործարքն անում է»,- ասում է անշարժ գույքի գործակալը։

2021 թվականին անշարժ գույքի առուվաճառքի գործարքների ամենամեծ մասնաբաժինը՝ 31.4%-ը, իրականացվել է Երևանում: Ընդհանուր առմամբ՝ մայրաքաղաքում անշարժ գույքի 17 602 առուվաճառքի գործարք է գրանցվել, որը 2020 թվականի համեմատ աճել է 26.6%-ով:

 Ընդ որում՝ ամենաշատ առուվաճառքն  իրականացվել է Արաբկիր (17%) և Կենտրոն (16%) վարչական շրջաններում: 

Հատկանշական է, որ բացի Ավանից, մյուս վարչական շրջաններում գործարքները աճել են 2021 թվականին: Առավել մեծ տեմպով աճել է գործարքների քանակը Քանաքեռ-Զեյթունում:

Աղյուսակում ներկայացված է 2021 թվականին Երևանում իրականացված առուվաճառքի գործարքների քանակական համեմատությունը 2020 թվականի նկատմամբ` ըստ վարչական շրջանների: 

Պահանաջարկի մեծացմանը զուգահեռ թանկացել է նաև Երևանում վաճառվող ու վարձակալության տրվող անշարժ գույքը:  «Սիլվեր ՌԵԱ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը կանխատեսում է, որ եթե Երևանում անշարժ գույքի նկատմամբ պահանաջարկը շարունակի աճել, ապա 2022 թվականին տների ու բնակարանների գները կարող են շուրջ 20%-ով էլ թանկանալ: 

Ըստ գործակալի՝ բացի պահանջարկի աճից, անշարժ գույքի գների վրա Երևանում ազդում է  նաև շինանյութի գների բարձրացումը: 

Կադաստրային տվյալներով՝ Երևանում բնակարանների գների տեսանելի աճ է գրանցվել 2021 թվականի չորրորդ եռամսյակում: 2020 թվականի նույն եռամսյակի համեմատ բնակարանների գները բարձրացել են միջինը 8.4%-ով: 

Անշարժ գույքի գործակալ Լևոն Գրիգորյանի խոսքով էլ՝ անշարժ գույքի գների բարձրացումը «գայթակղում է» մարդկանց, ովքեր գումար ունեն, բայց այս պահին նպատկահարմար չեն համարում այն ներդնել բիզնեսում։ 

«Հաշվի առնելով, որ անշարժ գույքը գնալով թանկանում են, նրանք իրենց խնայած միջոցներով  տուն ու հող են գնում՝ հուսալով, որ ապագայում ավելի թանկ գնով կվաճառեն կամ վարձակալության կտան»,- ասում է գործակալը։ 

Պաշտոնական տվյալներով՝ մարզերում ևս անշարժ գույքի շուկայի որոշակի ակտիվացում է նկատվում: Հիմնականում՝ հողերի առուվաճառքի: Ընդհանուր առմամբ, մարզերում 2021 թվականին իրականացվել է անշարժ գույքի առուվաճառքի 38 442 գործարք, որը 2020 թվականի համեմատ աճել է  19.2%-ով: 

Այս տվյալները, սակայն, դեռևս չեն կարող վկայել, որ մարզերում անշարժ գույքի շուկան «եռում է»: 

Վանաձարում գործող «Հովան» անշարժ գույքի գործակալության տնօրեն Արտյոմ Սաքանյանը նկատում է, որ մինչև 2020 թվականը անշարժ գույքի շուկան Լոռու մարզում շատ ավելի աշխույժ է եղել, քան այսօր: 

«Հիմա ավելի շատ վաճառողներն են, քան գնորդները։ Մինչև երկրի վիճակը չկայունանա, այս անորոշությունը անշարժ գույքի շուկայի վրա շարունակելու է վատ ազդել մարզերում: Մարդը գումար ունի, բայց տատանվում է՝ ներդնե՞լ անշարժ գույքի մեջ, թե՞ ոչ։ Մինչև պատերազմը մտածում էին կապիտալ է, բայց այսօրվա դրությամբ երաշխիք չկա, որ 20 հազար դոլարով գնված տունը կարո՞ղ ես որոշ ժամանակ անց այդ գնով վաճառել»,- նշում է անշարժ գույքի գործակալը:

Ըստ նրա՝ Վանաձորում բնակարանների ու տների գները պատերազմից հետո բարձրացել են, երբ Արցախում բնակվողները տեղափոխվել են Վանաձոր: Պահանջարկն ավելացել է, գինը բարձրացել։ Նույն միտումը նաև վարձակալությունների ոլորտում է:

Գլխավոր լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter