
Պատգամավորները դիահերձումների կարգում որոշ փոփոխություններ են առաջարկում
Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:
Նախագծով պատգամավորներն առաջարկում են ախտաբանաանատոմիական դիահերձումների կարգում որոշ փոփոխություններ:
Նախագծի համահեղինակ, հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով` իրենք առաջարկում են ախտաբանաանատոմիական դիահերձումներն իրականացվեն ԲԿ-ներին կից ախտաբանաանատոմիական ստորաբաժանումներում: Գործող օրենքով այդ գործառույթը հնարավոր է իրականացնել ոչ միայն ԲԿ-ներին կից ախտաբանաանատոմիական ծառայություններում, նաև` այլ կազմակերպություններ ևս հնարավորություն ունեն նման գործառույթ իրականացնել:
Զեյնալյանի ներկայացմամբ` առաջարկվում է ախտաբանաանատոմիական դիահերձումներ անելու պարտադիր պահանջը չեղարկել այն դեպքերում, երբ պացիենտը մահացել է հիվանդանոցային հաստատությունում և առկա է ճշտված, եզրափակիչ կլինիկական ախտորոշում: Նման դեպքերում գործող օրենքով նախատեսված է պարտադիր դիահերձում, ուստի պատգամավորներն առաջարկում են այդ կետն ուժը կորցրած ճանաչել: Նման իրավիճակներում դիահերձում կարող է իրականացվել միայն հարազատների ցանկությամբ:
Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված են նաև որոշ վիճակագրական տվյալներ, ըստ որոնց` Հայաստանի Հանրապետությունում ախտաբանաանատոմիական բժշկական օգնության և սպասարկման տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեն 49 գործող կազմակերպություններ: Դրանցից 40-ը հանդիսանում են հիվանդանոցներ, իսկ մյուս ինը առողջապահության նախարարության կողմից ստացել են բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային` բջջաբանական և հյուսվածքաբանական (ձևաբանական) տեսակներով գործունեություն իրականացնելու լիցենզիաներ և իրականացնում են ախտաբանաանատոմիական գործունեություն:
Վերջիններս դուրս են վերահսկողությունից, քանի որ դրանք գործում են հիվանդանոցներից դուրս:
Նշվում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Եվրոպական տարածաշրջանի 53 երկրում արված հետազոտությունների մասին: Հայաստանը առաջին տեղն է գրավում մահվան դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձումների քանակով, օրինակ` 2016 թվականին մահացածների 70 տոկոսի դեպքում կատարվել են դիահերձումներ, իսկ 2019 թվականին այդ ցուցանիշը հասել է գրեթե 90 տոկոսի:
Ըստ նախագծի հեղինակների` Հայաստանում ախտաբանաանատոմիական գործունեությունը ծավալվում է բիզնեսի տրամաբանությամբ, հետևաբար փոփոխությունները նպատակ ունեն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» գործող օրենքի դրույթները փոփոխել` ոլորտի գործունեությունը վերահսկելի դարձնելու համար:
Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը` ընդգրկվելով առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ
Մեկնաբանել