
Միջպետական ճանապարհը դարձել է անանցանելի և փորձանք՝ վարորդների համար
Լուսանկարում երևացող ճանապարհի մեջտեղում առկա հսկա փոսը մեկն է այն բազմաթիվ փոսերից, որոնք մեկ տարուց ավելի լարված են պահում Երևան-Մարգարա միջպետական նշանակության ճանապարհով (Մ3) երթևեկող վարորդներին: Պատկան մարմինների արձագանքն ուշանում է նաև այն դեպքերում, երբ այդ հատվածում վթարներ են գրանցվում:
Երևան-Մարգարա միջպետական ճանապարհն անցնում է մի շարք համայնքներով: Արմավիրի մարզի Վարդանաշեն, Երասխահուն, Ջրարբի, Ջրառատ, Լուսագյուղ համայնքների բնակիչները հիմնական «տուժողներն» են, որովհետեւ ամեն օր փորձում են շրջանցել մեծացող փոսերը:
Փլուզման վտանգի առաջ է Ջրարբի համայնքի մոտակա փոքր կամուրջը: Այն մեջտեղից կիսվել է, երևում են մետաղյա կոնստրուկցիաները: Քարերով հարմարեցված, ծռմռված մի քանի ճանապարհային նշան է տեղադրված ճանապարհի մեջտեղում: Սակայն տեղանքին անծանոթ վարորդներին այդ նշանները ոչինչ չեն հուշում հսկա փոսի մասին:
Խիստ վթարային է միջպետական ճանապարհի Ջրառատ համայնքի մոտակայքում գտնվող մեծ կամուրջը, որի տակով երկաթգիծ է անցնում:
Ջրառատի բնակիչները նախընտրում են հին ճանապարհով երթևեկել:
Նույն վիճակում է Վարդանաշեն համայնքում գտնվող փոքր կամուրջը: Եզրերից կամուրջը քանդվել է, անձրևից ու ձյունից քայքայվել են կամրջի մետաղական կոնստրուկցիաները:
Ճանապարհի մեջտեղի հատվածում ասֆալտն արդեն քայքայվել է: Վարդանաշենի բնակիչները նշում են, որ բեռնատար ավտոմեքենաների ծանրությունից մետաղական կոնստրուկցիաները տեղաշարժվել են, ինչն էլ հանգեցրել է ներկա անմխիթար վիճակին:
Երևան-Մարգարա ճանապարհի մոտ 8 կմ հատվածը գրեթե անանցանելի է դարձել փոսերի պատճառով:
Ճանապարհի անմխիթար վիճակի պատճառներից մեկն էլ Մարգարա համայնքում շահագործվող ավազի երկու հանքավայրերն են՝ «ՄԼ Մայնինգ» և «Վինեկա» ըներությունների կողմից։ Ավազով գերբեռնված ավտոմեքենաներն ուղղակի քարուքանդ են անում ճանապարհները:
«Հետք»-ն անդրադարձել է նաև այլ համայնքներում հանքավայրերից գերբեռնված ավտոմեքենաներով ավազի տեղափոխմանը, որով վնաս է հասցվում ոչ միայն պետության, համայնքի շահերին, այլև՝ գյուղացիների գույքին:
Վարդանաշեն համայնքն առավել տուժած համայնքներից է: Այստեղ ասֆալտի վրա նշմարվում են բեռնատար ավտոմեքենաների անիվներից փոս ընկած հետքերը: Ամռան ամիսներին շոգից փափկած ասֆալտի վրա խորը հետք են թողնում բեռնատարների անիվները, խորանալով՝ դրանք դառնում են փոսեր:
Անձրևներից հետո այդ փոսերը լցվում են ջրով ու դառնում փոքր լճակներ: Վարդանաշենի գլխավոր ճանապարհը՝ «Մ3»-ը, չունի ջրահեռացման համակարգ: Ճանապարհի երկայնքով նույնիսկ առուներ չեն անցնում, որպեսզի անձրևաջրերը հեռացվեն: Այդ է պատճառը, որ այստեղ փոսերն ավելի արագ են մեծանում:
Նախորդ տարվա համեմատ վատթարացել է նաև միջպետական ճանապարհի՝ Երասխահուն համայնքով անցնող հատվածի վիճակը: Գյուղացիներից Կարեն Սարգսյանը փոսերի պատճառով տարվա մեջ 4-5 անգամ իր ավտոմեքենայի մասերը փոխում է:
«Ես գույքահարկ եմ տալիս ավտոյի համար, ինչի՞ համար եմ տալիս: Փող եմ տալիս, որ ավտոս ավելի լավ ջարդե՞ն»,- հարցնում է Կարենը:
Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը «Հետք»-ին փոխանցեց, որ այս տարի նշված ճանապարհահատվածը վերանորոգվելու է:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից էլ ասացին, որ 8,5 կմ ընդհանուր երկարության ճանապարհը նախատեսված է վերանորոգել: Մրցույթը կայացել է, սակայն հաղթող ընկերության հետ դեռ պայմանագիր չի կնքվել: Պարզ չէ, թե ինչ գումարի մասին է խոսքը: Թե երբ կսկսվեն վերանորոգման աշխատանքները, նույնպես հայտնի չէ:
Մեկնաբանել