HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Հայկական խանութներում թուրքական ապրանքները կրկին կփոխարինեն տեղականին»

«Հայաստանում թուրքական ապրանքների արգելքի ընթացքն ու ավարտը բավական անհաջող էին։ Ընթացքում պետությունը տեր չկանգնեց ո՛չ իր որոշմանը, ո՛չ էլ խթան հանդիսացավ, որ տեղական արտադրողը զարգանա, չդրդեցին, որ ներմուծողները թեքվեն դեպի տեղական արտադրությունը»,- այսօր կազմակերպված ասուլիսին նման կարծիք հայտնեց «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը։

Էկոնոմիկայի նախարարությունը 2021 թվականի դեկտեմբերի 30-ին հայտարարեց, որ միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, որը գործում էր մեկ տարի։ 

Այս հայտարարությունը տնտեսվարողների կողմից ոչ միանշանակ ընդունվեց։ Ոմանք կարծում են, որ արգելքը նպաստել է տեղական արտադրության զարգացմանը, ոմանք էլ՝ որ վերահսկողությունն այնքան թույլ է եղել, որ թուրքական ապրանքը մաքսանենգ ճանապարհով մտել է Հայաստան և ազատ վաճառվել, հետևաբար՝ զգալի արդյունքներ չէր կարող տալ։ 

Հիմա, երբ թուրքական ապրանքների մուտքն այլևս արգելված չէ, ըստ Էմիլ Ստեփանյանի՝ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի տեղական արտադրությունը պաշտպանելու համար։ 

«Հայկական խանութներում թուրքական ապրանքները կրկին զբաղեցնելու են տեղական փոքր, ոչ շատ հզոր, փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանքի տեղը։ Յուրաքանչյուր արտադրանք, որը արտադրվում է հարուստ, հզոր, 100 միլիոնանոց շուկա ունեցող երկրում՝ Թուրքիայում, և ունի ավելի ցածր ինքնարժեք, բնականաբար ավելի մեծ շանսեր ունի վաճառվելու, քան հայկականը։ Էլ չեմ ասում թուրքական պետական աջակցության, արտադրամասերի նորագույն տեխնոլոգիաներով հագեցվածության մասին։ Թուրքական արտադրությունը ինովացիաների կիրառմամբ եվրոպական մի շարք երկրներից ավելի առաջ է»,- շեշտում է փորձագետը։ 

2021 թվականի ողջ ընթացքում, երբ պաշտոնապես արգելվել էր թուրքական ապրանքների ներմուծումը, ըստ էմիլ Ստեփանյանի՝ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը բավարարվեց տեղական արտադրողներին ու ներմուծողներին միայն պաշտոնական ուղեցույցներ ներկայացնելով։ 

«Բայց պետք է առաջին իսկ օրերից տեղական արտադրողների հետ մեծ, սերտ աշխատանք տարվեր, որ արտադրողները հայտնվեին վաճառակետերում։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ վեց ամսով է արգելվելու ներմուծումը, և բնականաբար, յուրաքանչյուր ներմուծող մինչև արգելքը իր պաշարները լրացրեց։ Մեկ տարի, մեծ հաշվով, կուտակած թուրքականն ենք վաճառել։ Այդ թվում՝ մաքսանենգ ճանապարհով ներմուծածը։ Այսինքն՝ տեղական արտադրողի համար տեղ չի բացվել, որ իր արտադրածը կարողանա ցույց տալ տեղական վաճառակետերում»,- ասում է նա։ 

2020 թվականին հոկտեմբերի 20-ին, երբ Արցախում ընթանում էին մարտական գործողություններ, Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց, որով դեկտեմբերի 31-ից արգելվեց թուրքական ծագում ունեցող պատրաստի ապրանքների ներմուծումը։ 

Հետագայում թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը երկարաձգվեց ևս վեց ամսով։ Արգելքը պաշտոնապես գործեց մեկ տարի։ 

Էմիլ Ստեփանյանը հարց է տալիս՝ եթե պետությունը տեսնում է, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքից մի քանի ամիս անց էլ խանութներում վաճառվում է թուրքական ապրանք՝ արտադրված 2021 թվականին, ինչու՞ չի արգելում նաև վաճառքը։ 

Ըստ նրա՝ պետական կառույցների ու պաշտոնյաների իրարամերժ հայտարարությունները թուրքական ապրանքների արգելքի որոշումի հայտարարությունից առաջ բացասական ազդեցություն է ունեցել տնտեսվարողների բիզես պլանավորման վրա։ 

«Մինչև դեկտեմբերի վերջ Էկոնոմիկայի նախարարությունը մեկ այլ բան էր հայտարարում, Ազգային ժողովը՝ մեկ այլ։ Մինչև այդ խոսում էին արգելքը երեքից հինգ տարով երկարաձգելու մասին, բայց անակնկալ կերպով հանել են։ Բիզնեսին սխալ մեսիջներ են տվել»,- ասում է փորձագետը։ 

Մեկ այլ օրինակ է Էկոնոմիկայի նախարարության հայտարարությունը, որում նշված է, որ «էմբարգոյի գլխավոր բացասական հետևանքն է գնաճի վրա էական ազդեցությունը»։ Մինչդեռ, դրանից օրեր առաջ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ էմբարգոն էական ազդեցություն չի ունեցել գնաճի վրա։ 

Տեղական արտադրողների համար այսօր մեծ խնդիր է փոքր խանութներում, սուպերմարկետներում իրենց ապրանքը տեսանելի տեղերում ներկայացնելը։ Խոշորագույն արտասահմանյան արտադրողները, որոնց ապրանքները ներմուծվում են Հայաստան, կարողանում են մեծ գումարներ տրամադրել և իրենց ապրանքները ներկայացնել սուպերմարկետների վաճառքի համար ամենահարմար դարակներում։ Այստեղ տեղական արտադրանքը հետին պլան է մղվում և հայտնվում վաճառակետերին այն դարակներում, որոնք նույնքան լավ տեսանելի չեն։  

«Երևան քաղաքում մանրածախ առևտրի մոտ 70%-ը կենտրոնացված է սուպերմարկետներում։ Մենք ունենք, օրինակ, 1000 արտադրող և 10 սուպերմարկետների ցանց։ Եվ ամբողջ առևտուրը կուտակված է այս 10 սուպերմարկետներում։ Սուպերմարկետը տարածք է վաճառում և այդ տարածքից ստանում է և՛ ցուցադրման փող, և՛ բուն վաճառքից փող։ 

Բնականաբար միլիարդավոր կարողություններ ունեցող արտադրողների ապրանքների դեմը խաղ չկա։ ՓՄՁ-ն ուզում է հայտնվել սուպերմարկետների ցանցում, ասում են՝ տեղ չկա»,- ասում է Էմիլ Ստեփանյանը՝ շեշտելով, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացումից հետո այս հարցը առավել քան կարևոր է դարձել։ 

Մինչև արգելքը Հայաստանը տարեկան կտրվածքով մինչև 270 մլն դոլարի ապրանք է ներմուծել Թուրքիայից: Փոխարենը Թուրքիայում հայկական ապրանքների նկատմամբ պահանջարկ չկա: Հայ-թուրքական առևտրում Հայաստանը հիմնականում ներմուծողի դերում է: Իսկ արտահանումը չնչին է:

Մինչև արգելքը Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների առաջատար հնգյակում են եղել տրիկոտաժե հագուստը, ցիտրուսային պտուղները, տրիկոտաժե պաստառները, բամբակե գործվածքն ու նավթամթերքը:

«Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Աննա Բեկլյարովան ևս շեշտում է, որ այսօր, երբ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չի գործում, հայ տեղական արտադրողն ու արտահանողը պետական աջակցության, ճիշտ ռազմավարության կարիք ունեն։ 

«Մինչև այսօր Հայաստանում արտահանման խթանման ինստիտուտ չկա։ Արտադրողները իրենք իրենց ջանքերով են ինչ-որ բան անում։ Իհարկե, նրանք պետական աջակցության են սպասում, բայց այստեղ պետք է հասկանալ, որ հարցին պետք է ցուցաբերել համակարգային մոտեցում։ Համատեքստից չկտրել խնդիրը, այն խնդիրների ամբողջություն է։ Պետք է աշխատել տնտեսվարողների հետ, կրթել, օգնել»,- ասում է Աննա Բեկլյարովա։ 

Նա օրինակ է բերում Բելառուսին, որը չի արգելում որևէ երկրի արտադրանքի ներմուծում, բայց առևտևրի ոլորտին պահանջում է, որ վաճառվող արտադրանքի 80%-ը պետք է լինի տեղական արտադրանքը։ 

Աննա Բեկլյարովայի տեղեկություններով՝ թուրքական ապրանքների արգելքը հանելու որոշումից առաջ, երբ չի բացառվել, որ առաջիկա տարիներին արգելքը կարող է գործել, եղել են տեղեկան արտադրողներ, որոնք վարկեր են վերցրել իրենց արտադրությունն ընդլայնելու համար՝ հույս ունենալով, որ թուրքականի արգելքի պայմաններում տեղեկան արտադրանքի համար նոր տեղ կբացվի։ Սակայն նրանք փաստի առաջ են կանգնել, երբ Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է արգելքը չերկարաձգելու կառավարության որոշման մասին։ 

«Մենք փորձում ենք շենք կառուցել՝ առանց գծագրի: Այստեղ պատուհան դրեցինք, դուռ դրեցինք, այն մյուս կողմում ինչ-որ բան փլվեց։ Առանց հիմքի տուն չի կառուցվում»,- ասում է Բեկլյարովան։ 

Մեկնաբանություններ (1)

Carolin
common sense tells us that the turkish ban should have been places since 1915 and never removed until turkey admits their crime. Like this no country is going to take us seriously and they really don't! Until we have respect for ourselves we will be spat on and ignored lie we have!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter