
Հայաստանից հեռացած գործարարը չի հավատում իշխանությունների խոստումներին, թե արդար ընտրություններ են լինելու
«Հետքի» հարցերին պատասխանում է «Փարիզյան սուրճի» նախկին սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը
Դուք մի քանի տարի տնտեսական գործունեություն եք ծավալել Հայաստանում եւ ծանոթ եք, թե կառավարության վարած քաղաքականությանը, թե երկրի վիճակին առհասարակ: Ձեր կարծիքով, այս տեմպերով հնարավո՞ր է երկրում կրճատել աղքատությունը, զարգացնել տնտեսությունն ու կանխել արտագաղթը:
Ոչ, որովհետեւ տնտեսական դաշտը մաքուր չէ: Ով ներդրում է անում, նախ' շատ մեծ հարկեր է վճարում փոքր երկրում եւ մրցակցությունից դուրս է մնում: Մաքսազերծումը թանկ է, հումքը թանկ է, իսկ պետությունը ոչինչ չի անում, որ վիճակը լավանա: Կառավարությունը պետք է կրեդիտներ բացի, քանի որ ամեն ինչ թանկ է, դրամը կայուն չէ, դրա համար արտագաղթը դեռ շարունակվելու է:
Եթե երիտասարդները տեսնում են, որ սովորելով ոչ մի բանի չեն հասնում, պետությունը ոչ մի միջոց երիտասարդին չի տալիս, չի օգնում, որ ներդնի տնտեսության մեջ, ստիպված արտագաղթում է: Եթե Թուրքիայի հետ սահմանի բացման հարցը չլուծվի, բանակի խնդիրները չլուծվեն, կաշառքը չվերանա, ուրեմն վստահություն չեն ունենա եւ ժողովուրդը 100 տոկոսով կփախնի: Դա շատ վտանգավոր է, եւ ես շատ մտահոգված եմ: Բոլոր խնդիրները չեմ ասում, որովհետեւ սոցիալական ապահովության խնդիրն իմ կարծիքով արդեն սարսափելի խորն է:
Ի՞նչ է պետք այս վիճակից հնարավորինս շուտ դուրս գալու համար:
Առաջին հերթին արդար ընտրություն, լեգիտիմ պետություն, իսկ հետո, եթե այդ հիմքն ունենանք, երեւի «IMF International Monetary Fund» մեզ նորից աջակցի: Պետք է փոխել ամբողջ, տնտեսական, հարկային դաշտը, արդարադատության համակարգը պետք է լինի արդար, մրցակցություն պիտի լինի, որ նորից Հայաստանում ներդրումներ լինեն եւ ժողովուրդն էլ ցանկանա մնալ մեր հայրենիքում: Ինձ թվում է, առաջին հերթին այդ լեգիտիմությունը կարող է հասարակությանը հույս տալ:
2 օրից Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, դրսից հետեւու՞մ եք քաղաքական իրավիճակին եւ ի՞նչ կարծիք ունեք:
Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակին հետեւելուն, ապա ասեմ, որ միայն հայությունն է հետեւում, այն էլ այն հայությունը, որն իրական հայ է մնացել: Այսօր Ֆրանսիայում ավելի են հետաքրքրված այստեղի նախագահական ընտրություններով, իսկ իմ շրջապատից ովքեր հետեւում են Հայաստանի ընտրություններին, դժբախտաբար նույն սարսափով կարծում են եւ դժբախտաբար գիտեն իրականությունը, եւ շատ հույս չունեն, որ երկիրը կփոխվի: Այս ընտրություններին մենք հետեւում ենք բոլոր լրատվամիջոցներով եւ համաձայնեք, որ եվրոպացու համար մեկ-մեկ, որ կարդում ենք, անհավատալի է: Այդ կեղծիքները, այդ փողերը, այդ մուրաբաները եւ բջջային հեռախոսները, որ կաշառք են տալիս, կասեք, ո՞ր եվրոպացին դրանից չի սարսափի: Շատ հետաքրքիր է համեմատելը Հայաստանի եւ Ֆրանսիայի նախընտրական գործընթացները:
Ձեր կարծիքով, Հայաստանում հնարավո՞ր է ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը եւ քաղաքական իրավիճակը, թե՞ այլ գործոններ են պետք դրան հասնելու համար:
Ինձ թվում է' Հայաստանում այս անգամ եւ վերջին անգամ հնարավոր է փոխել իրավիճակը: Եթե 3 ուժերը' Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան» եւ Դաշնակցություն կուսակցությունները կարողանան ճիշտ հաշվեն եւ արդյունքում ճիշտ ընտրություն լինի, ուրեմն ամեն ինչ լավ կլինի, իսկ եթե այս անգամ էլ կեղծվի, կարծում եմ' պարզ է, որ վատ է լինելու: Բայց արդյո՞ք այս ամենի մեջ հասարակությունը մեղավոր չէ….
Դուք ապրում եք Եվրոպայում, արդյոք այնտե՞ղ էլ են քաղաքացիների ձայնը գնում 5-10 հազար դրամով:
Դուք երեւակայում եք: Եթե եվրոպայում նույնիսկ փորձեն առաջարկել, մանավանդ' Ֆրանսիայում, նույն վայրկյանին հեղափոխություն կլինի: Այստեղ կաշառակերություն կա, բայց Ֆրանսիայում նույնիսկ ամենաբարձր ղեկավարության մակարդակով դատում են նման երեւույթը: Տեսեք, նույնիսկ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակն է դատվում, հետեւաբար Ձեր հարցն այստեղ ծիծաղ կառաջացնի:
Ի՞նչ է պետք անել Հայաստանում այդ արատավոր երեւույթը վերացնելու համար:
Ժողովուրդը պետք է ավելի քաղաքակիրթ լինի, պետք է զարգանա, որ հասկանա' 5000 դրամով ապագան չեն ծախում, դրանից հետո միայն կվերանա այս արատը:
Գիտեք, երեւի երիտասարդները մի օր կհասկանան, բայց լինելով շատ հայասեր, իմ երկիրը սիրող մարդ, շատ եմ ցավում այդ վիճակի համար: Ուզում եմ հավատալ, որ այս անգամ էլ ժողովուրդը չպիտի վաճառի իր ապագան 5000 դրամով: Կոչ եմ անում, խնդրում եւ աղաչում եմ ժողովրդին, գիտեմ դժվար պայմաններ ունեք, բայց ընտրություններին մի վախեցեք եւ ճիշտ ընտրեք: Հնարավորություն տվեք, որ Ազգային ժողովը լինի ժողովրդավարական:
Հայաստանում Ձեր գործունեության ընթացքում շփվելով հայաստանյան պաշտոնյաների հետ եւ ճանաչելով նրանց' հավատու՞մ եք այն խոստումներին, որ արդար ու ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրություններ են անցկացնելու:
Եթե ներկայիս իշխանությունների մասին է խոսքը, ապա ոչ, ոչ ոչ: Ոչ մի րոպե չեմ հավատում: Իրենք միայն ստում են կամ խանգարում են, հետեւաբար չեմ հավատում: Բայց գիտեմ, որ Հայաստանում շատ խելացի, զարգացած, քաղաքակիրթ մարդիկ կան, իրենք են իմ հույսը: Գիտեք ես շատ եմ ուզում, որ այս ամենը շուտ փոխվի:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել