
Խոշորացված համայնքի կենտրոնում ավագանին նստելու տեղ չունի
Այս տարվա սեպտեմբերին օրենքի ուժով համայնքները խոշորացնելուց հետո արդեն ի հայտ են գալիս դժվարություններ: Մասնավորապես, որոշ կենտրոնական համայնքներ չունեն բավարար պայմաններ համայնքապետարանի աշխատանքները կազմակերպելու համար:
Արմավիրի մարզի Խոյ խոշորացված համայնքը բաղկացած է 17 գյուղից: Խոշորացված համայնքի կենտրոնը համարվում է Գեղակերտը, սակայն վերջինիս համայնքապետարանի շենքային պայմաններն այնքան անմխիթար են, որ հնարավոր չէ այնտեղ նույնիսկ ավագանու նիստեր անցկացնել:
Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը ևս հաստատեց, որ Գեղակերտը, որպես համայնքի կենտրոն, չունի բավարար շենքային պայմաններ՝ աշխատանքները կազմակերպելու համար:
«Բայց խոշորացված համայնքի ցանկացած բնակավայրում ունենք հնարավորություն ավագանու նիստեր անցկացնելու համար: Այս պահին քննարկումներ են գնում, թե որ համայնքում ավագանու նիստերը սահմանենք: Ամենայն հավանականությամբ՝ կլինի Աղավնատուն համայնքը, քանի որ պատշաճ կահավորված սենյակ ունենք, դահլիճային պայման ունենք և ենթադրաբար նիստերն այնտեղ կանենք»,- ասում է Ա. Մեխակյանը:
Գեղակերտի համայնքապետարանի շենքում հնարավոր չէ նաև ավագանու խմբակցությունների համար սենյակներ հատկացնել: Արգիշտի Մեխակյանի փոխանցմամբ՝ մյուս բնակավայրերում շենքային պայմաններն ուսումնասիրելուց հետո կորոշվի, թե որտեղ հատկացնել խմբակցությունների մշտական սենյակները, որից հետո վարչական ղեկավարները կապահովեն ավագանու անդամի կողմից կազմակերպվող բնակիչների ընդունելությունը տվյալ բնակավայրում:
«Քանի որ ձմեռ է, պետք է նայենք, որ կարևորը շենքը ջեռուցվող լինի, մնացած պայմաններն ավելի հեշտ է ապահովելը»,-հավելեց խոշորացված համայնքի ղեկավարը:
Նշենք, որ համայնքների միավորման սկզբունքները և չափանիշները, ինչպես նաև համայնքային կենտրոնի ընտրության սկզբունքներն ու տարբերակները նկարագրված են կառավարության կողմից 2011թ. նոյեմբերի 10-ին հավանության արժանացած «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգում»:
Ըստ այդ հայեցակարգի՝ միջհամայնքային միավորման կենտրոն է հանդիսանալու տարածքի կենտրոնական մասում գտնվող ամենախոշոր համայնքներից մեկը: Միջհամայնքային միավորման կենտրոն հանդիսացող համայնքը հանդիսանում է միջհամայնքային միավորման մարմինների նստավայրը:
Նոր ձևավորվող համայնքի կենտրոնը, որպես կանոն, պետք է ունենա միացվող համայնքների նկատմամբ կենտրոնական դիրք, առնվազն 3000 բնակիչ և անհրաժեշտ նվազագույն ծավալի ենթակառուցվածքներ: Պետք է համայնքային կենտրոն դարձնել այն բնակավայրը, որը հանդիսանում է տրանսպորտային հանգույց և կապում է մյուս բնակավայրերը հիմնական ճանապարհների հետ:
Գեղակերտի դեպքում չափորոշիչին համապատասխանում է միայն կենտրոնական դիրքը:
Այս պահին լուրջ դժվարություն կա նաև տրանսպորտային ցանցի հարձում: Մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն այն բնակավայրերի թիվը, որոնք ուղիղ կապ ունեն կենտրոն համարվող Գեղակերտի հետ: Էլ չասենք, որ տրանսպորտային կապ չկա նաև բնակավայրերի միջև: Օրինակ, Լեռնամերձ կամ Դողս բնակավայրի բնակիչը Գեղակերտ հասնելու համար պետք է նախ գնա Էջմիածին քաղաք, որից հետո միայն Գեղակերտ:
«Դեռևս քարոզարշավի ժամանակ տարբեր համայնքների բնակիչներ տրանսպորտի հարցը բարձրացրել են, բայց միջհամայնքային տրանսպորտն այլ ընթացակարգով է կազմակերպվում: Արդեն կան շահած գծեր, երթուղիները կազմված են: Ուսումնասիրելով մեր բնակիչների կարիքները առաջարկություն կներկայացնենք՝ գուցե գրաֆիկի փոփոխություն լինի և այլն: Հիմնականում մեր համայնքների երթուղին տվյալ համայնքից Էջմիածին քաղաք է, այդ ճանապարհը, որ համայնքի միջով անցնում է, խնդիր չկա, բայց համայնքներն իրար կապող ցանց չկա: Տրամադրված ենք, որ երբ ունենանք վարչական ղեկավարներ, աշխատակազմ, բնակիչների հուզող հարցերն իրենց միջոցով լուծվեն, որպեսզի կենտրոն հասնելու անհրաժեշտություն չունենա»,-ասում է Արգիշտի Մեխակյանը:
Նշենք, որ Խոյ խոշորացված համայնքում դեռևս հաստատված չէ հաստիքացուցակը: Արգիշտի Մեխակյանն ասաց, որ այս պահին աշխատում են հաստիքացուցակի վրա և առաջիկա օրերին կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ՝ հաստիքացուցակը, կանոնադրությունն ու ավագանու աշխատակարգը հաստատելու նպատակով:
Համայնքապետի խոսքերով՝ հաստատվելուց հետո դեռ պետք է գնա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, արդարադատության նախարարություն: Հավանության արժանանալու դեպքում արդեն հունվարին նորից արտահերթ նիստով կհաստատեն խոշորացված համայնքի բյուջեն:
Այս օրերին ցանուցագրեր են ուղարկվում 17 բնակավայրերի համայնքապետարանների աշխատակիցներին, որ երկու ամիս անց ազատվելու են աշխատանքից:
«Ազատման ժամկետները կպահենք, հաստիքացուցակը կունենանք, որից հետո պաշտոնների մասով սահմանված ժամկետներում մրցույթներ կհայտարարվեն և աշխատակիցները հնարավորություն կունենան դիմել մրցույթներին և համալրել հաստիքացուցակը»,-ասում է Խոյի համայնքապետը:
Արգիշտի Մեխակյանն ակնկալվում է հաստիքները համալրել 2022թ-ի առաջին ամիսներին: Ասում է, որ կախված հրատապ աշխատանքներով՝ որոշ պաշտոններում ժամանակավոր պաշտոնակատարներ կնշանակվեն, որոնք լինելու են բնակավայրերի համայնքապետարանների աշխատակիցները:
Խոսելով ի հայտ եկած դժվարություններից, Ա. Մեխակյանը նշեց՝ այն պահանջները, որ իրենք և բնակիչներն ունեն խոշորացման արդյունքում, իրականում դժվար է կատարելը, թեկուզ՝ մասամբ:
«Տեխնիկական դժվարությունների հանդիպում ենք: Հաշվի առնելով, որ Արմավիրի մարզում նախկինում չի եղել խոշորացված համայնք, փորձը չունենք, այս պահին շատ դժվար է: Առանց շաբաթ-կիրակիի, ժամը 6-ից հետո աշխատում ենք, որ մատուցվող ծառայությունները գոնե նույնությամբ պահպանվեն, հետո կբարելավվենք, որակը կլավացնենք»,-ավելացրեց Արգիշտի Մեխակյանը:
Լուսանկարում՝ Արգիշտի Մեխակյանը
Մեկնաբանել