
Օրենքի կարգավորումները հնարավորություն չեն տալիս ստուգել պաշտոնյայի ազդեցությունը պետական գնումների ոլորտում
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առնչվել է անհամատեղելիության մի շարք իրավիճակների, սակայն, օրենքի կարգավորումների բացակայությունը թույլ չի տվել հարուցել վարույթներ:
Դեպքերի մեծամասնությունը վերաբերել է պետական գնումների գործընթացին: Մասնավորապես, շահերի բախման ներկա կարգավորումներով, ֆորմալ ընթացակարգերի պահպանումը զրկում է հանձնաժողովին վարույթի շրջանակներում գնահատել այս կամ այն պետական պաշտոնյայի իրական ազդեցությունը գնումների գործընթացին, կազմակերպվող մրցույթներին և դրանց արդյունքների վրա: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը:
Հանձնաժողովի անդամի խոսքերով՝ բիզնեսի բաժնեմասի հավատարմագրային կառավարման ինստիտուտի անկատարությունն իրենց շատ է մտահոգում: Այս իրավակարգավորումները կրում են ձևական բնույթ, բովանդակային տեսանկյունից չեն լուծում բիզնես գործունեության և պաշտոնի անհամատեղելիության խնդիրները:
«Այս և այլ մի շարք խնդիրները տեսնելով և հաշվի առնելով մենք արձանագրել ենք, որ անհրաժեշտ է օրենսդրական փոփոխությունների նախագիծ մշակել, որը նախատեսում ենք ներկայացնել 2022թ. մայիսին: Նախագիծը կներառի փոփոխություններ, թե անհամատեղելիությանը վերաբերող, թե շահերի բախմանը վերաբերող հոդվածներում»,-ասում է Լիլիթ Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է կոռուպցիան ռիսկերին, ապա հանձնաժողովի անդամը նշեց, որ դրանց մեծ մասն ի հայտ է գալիս կառավարման բացերի և թերի համակարգերի հետևանքով: Առանց այդ համակարգերի առողջացման հնարավոր չեն համարում ոլորտային գնահատումները և առողջացման ծրագրերը:
Հանձնաժողովը 2022թ-ին նախատեսել է գնահատումների համար կիրառել միջազգային ԻՍՕ (ISO) ստանդարտները, որպես ուղենիշ, ինչպես նաև նահատումներն անցկացնել ավտոմատացված հարցաշարերի միջոցով: Դրանց լրացման արդյունքում դուրս կբերվեն գործառնական բացերը և ռիսկերը և յուրաքանչյուր պետական մարմին կստանա հաշվետվություն իր մոտ առկա կոռուպցիոն ռիսկերի առկայության, ինչպես նաև դրանց առողջացման ուղենիշերի հետ կապված:
Մեկնաբանել