
Տարվա ընթացքում պաշտոնի անհամատեղելիության վերաբերյալ հարուցվել է 3 վարույթ, որից 2-ը՝ «Հետքի» հոդվածի հիմքով
2021թ ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 45 դիմում և մեդիա հրապարակում է ուսումնասիրել անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու, շահերի բախման և էթիկայի նորմերի խախտման վերաբերյալ:
Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը: Արդյունքում անհամատեղելիության վերանբերյալ հարուցվել է 3 վարույթ, որոնցից մեկը վերաբերել է դատավորին, մյուսներով անցել են Արարատի մարզպետն ու վերջինիս ազգական համայնքի ղեկավարը: Հարուցված 3 վարույթներից 2-ը վերաբերել է «Հետք»-ի հրապարակմանը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները: Հիմնավորվել է, որ դատավորը զուգահեռ իրականացրել է բիզնես գործունեություն:
Գրել էինք, որ Ռազմիկ Թևոնյանը Արարատի մարզպետի պաշտոնը ստանձնել է 2020թ. դեկտեմբերի 10-ին: Մարզպետ նշանակվեուց առաջ Ռ. Թևոնյանը եղել է «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ի տնօրենը, սակայն պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ մարզպետը դեռ շարունակում է լինել գործարանի տնօրեն, թեև օրենքը համատեղելիությունն արգելում է: Ի դեպ, գործարանի տնօրենի պաշտոնը Արարատի ներկայիս մարզպետը զբաղեցրել է 2004թ.-ից:
Հանձնաժողովը 2021թ. սեպտեմբերի 14-ին գլխավոր դատախազություն է ուղարկել գրություն՝ վարույթում առկա բովանդակային տարբերություն ունեցող նյութերին քրեադատավարական ընթացակարգերի շրջանակում գնահատելու, հիմքերի առկայության դեպքում՝ ընթացք տալու նպատակով:
Հոկտեմբերի 11-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստացել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում առերևույթ կեղծ փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը:
Ակնհայտ է, որ այդ ընթացքում իրավապահ մարմինները պատշաճ քննություն չեն իրականացրել: Չեն նշանակվել փորձաքննություններ հնարավոր կեղծիքը բացահայտելու նպատակով և այլն:
Հանձնաժողովը, հիմք ընդունելով նաև քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, հոկտեմբերի 18-ին եզրակացրել է, որ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը չի խախտել անհամատեղելիության պահանջները:
Նույն հոդվածում նաև գրել էինք, որ «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը պատկանում է մարզպետի ազգականին՝ Մարտիկ Թևոնյանին, որը 1991 թ․-ից Արարատի մարզի Արալեզ համայնքի ղեկավարն է:
Հրապարակման հիմքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ էր հարուցել նաև համայնքապետի մասով: Պարզվել է, որ Մարտիկ Թևոնյանը գույքը անհատույց օգտագործման իրավունքով հատկացրել է գործարանին, սակայն, լինելով ընկերության միակ բաժնետերը, բաժնեմասը չի հանձնել հավատարմագրային կառավարման:
Համայնքի ղեկավարի մասով արձանագրվել էր անհամատեղելիության խախտում:
Մեկնաբանել