
Արմավիրի բժշկական քոլեջում լարվածությունը չի թուլանում. աշխատակիցները ոստիկանների օգնությանն են դիմել
Արմավիրի պետական բժշկական քոլեջում արդեն երկու ամիս է՝ լարված վիճակ է: Աշխատակիցները չեն կարողանում աշխատել տնօրենի պարտականությունները կատարող, քոլեջի տնօրենի տեղակալ Աննա Խաչատրյանի հետ:Դեկտեմբերի 15-ին նույնիսկ ոստիկանության աշխատակիցներ են հրավիրել քոլեջ, որպեսզի Խաչատրյանը հետ վերադարձնի աշխատակիցներից մեկի համակարգիչը:
2021թ. հոկտեմբերի 12-ին լրացել է 2006թ-ից քոլեջը ղեկավարող Արամ Խաչատրյանի պայմանագրի ժամկետը և այդ հիմքով ազատվել է աշխատանքից։ Քոլեջի կառավարման խորհրդը հայտարարել էմրցույթ տնօրենի թափուր տեղի պաշտոնի համար։ Հավակնորդները եղել են Արամ Խաչատրյանն ու տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Աննա Խաչատրյանը։
Մրցույթի օր է հայտարարվել նոյեմբերի 12-ը: Սակայն, տնօրենի պարտականությունները կատարող Աննա Խաչատրյանի բողոքի հիման վրա նոյեմբերի 1-2-ին տեսչական մարմնի կողմից իրականացվել է կառավարման խորհրդի գործունեության ստուգում։ Ստուգման արդյունքում հայտնաբերվել են խորհրդի գործունեության որոշ կետերի խախտումներ։
Մրցույթից մեկ օր առաջ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի կողմից տնօրենի պարտականություններ կատարողին ուղարկվել է գրություն, որով առաջարկվում է հետաձգել մրցույթի օրը մինչև խախտումների շտկումը:
Նշենք, որ արձանագրված խախտումը եղել է այն, որ չի հաստատվել խորհրդի աշխատակարգը, ինչպես նաև չի եղել 2017թ-ի հունիսին նախարարի հրամանով խորհրդի վերահաստատված կազմից նախագահի, տեղակալի և քարտուղարի ընտրություն կամ վերահաստատում։
Արամ Խաչատրյանը նշում է, որ քոլեջի կառավարման խորհուրդը 2017թ. վերահաստատել է նախագահի և քարտուղարի տվյալ պաշտոններում մնալու որոշումը, որը սակայն չի արձանագրվել:
«Այժմ վստահ եմ, որ դա արվել է միտումնավոր, քանի որ խորհրդի քարտուղար Գևորգյանը տնօրենի ներկայիս պաշտոնի հավակնորդ, այն ժամանակ փոխտնօրեն Աննա Խաչատրյանի հարազատ քույրն է»,-նշում է Արամ Խաչատրյանը։
2021թ նոյեմբերի 12-ին հայտարարված կառավարման խորհրդի նիստը չի կայացել խորհրդի անդամների մեծ մասի չներկայանալու պատճառով։ Արամ Խաչատրյանի փոխանցմամբ՝ Աննա Խաչատրյանը չարաշահելով իր դիրքը անձամբ զանգահարել և համոզել է ուսանողներին չներկայանալ, խորհրդի անդամ դասախոսներին տուն է ուղարկել ասելով, որ նիստ չի լինելու։ Մյուս անդամները չեն ներկայացել, իբր խիստ զբաղված լինելու պատճառով, սակայն նախկին տնօրենի համար պարզ է, որ նրանց ուղղակի թույլ չեն տվել։
Արամ Խաչատրյանն ասում է, որ այդ ամենը հովանավորվել է նաև Արմավիրի մարզպետարանի միջոցով, քանի որ Աննա Խաչատրյանի եղբայրը և փեսան աշխատում են մարզպետարանում:
Քոլեջի կառավարման խորհրդի անդամների 1/3 –ի պահանջով նոյեմբերի 15-ին հրավիրվել է խորհրդի նիստ` օրակարգում ունենալով տեսչական մարմնի կողմից կազմված ակտի քննարկումն ու խախտումների շտկումը։ Սակայն, ինչպես փաստում է նախկին տնօրենը, Աննա Խաչատրյանը սկսել է սպառնալ աշխատողներին ազատել աշխատանքից, եթե որևէ մեկը փորձի խորհրդի անդամներին տեղեկացնել նիստի մասին, որովհետև ինքը դեմ է նիստի կայանալուն: Այդ կերպ ցանկացել է հնարավորինս երկարաձգել նիստի կայանալը, որպեսզի ցույց տա խորհրդի անգործունակ լինելը։
Արամ Խաչատրյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին է ուղարկել մի տեսագրություն, որտեղ Աննա Խաչատրյանը պաշտոնին ոչ վայել արտահայտություններով է խոսում խորհրդի նախագահի և աշխատակիցների հետ:
Երբ փոխվել է Արմավիրի մարզպետը, քոլեջում հույս են ունեցել, որ այլևս չկա աշխատակիցների վրա նախկին ազդեցությունը, դեկտեմբերի 14-ին խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ դարձյալ մեկ՝ տեսչության ակտը քննարկելու և խախտումները վերացնելու օրակարգով նիստ են հրավիրել: Արամ Խաչատրյանի փոխանցմամբ, խորհրդի 11 անդամից 9-ը ներկա են եղել և նիստը կայացել է: Այդ օրը խորհրդի աշխատանքներից բացակայել են Աննա Խաչատրյանի քույրը և մանկավարժներից մեկը, ում քոլեջից նախապես տուն էին ուղարկել:
Խորհրդի նախագահը խնդրել է որակի պատասխանատուին, որպեսզի գործավարի պարտականություններ կատարի, ինչպես եղել է նախկինում և այժմ՝ Աննա Խաչատրյանի ղեկավարության ժամանակ: Սակայն, Արամ Խաչատրյանի փոխանցմամբ, Աննա Խաչատրյանը թույլ չի տվել, որպեսզի որակի պատասխանատուն քոլեջի ձևաթղթի վրա հավաքի այն գրությունը, որին կից նախարարին պետք է ուղարկվեր քոլեջի խորհրդի նիստի որոշումը:
Աննա Խաչատրյանն ասել է, որ քոլեջից որևէ գրություն չի ուղարկվելու: Չի տրամադրել նաև քոլեջի արձանագրությունների գիրքը և ստիպված խորհրդի նիստն արձանագրվել է այլ գրքում՝ պատճառների մասին կատարելով հատուկ նշում:
Աննա Խաչատրյանը վերցրել է նաև որակի պատասխանատուի համակարգիչը, որտեղ առկա է քոլեջին վերաբերող մի շարք էլեկտրոնային փաստաթղթեր: Վերջինս ստիպված դեկտեմբերի 15-ին զանգահարել է ոստիկանություն, իսկ մի քանի մանկավարժներ արդեն ոստիկանության բաժանմունքում բացատրություն են տվել կատարվածի մասին:
Քոլեջի որակի պատասխանատու Քրիստինե Սարգսյանի հետ չկարողացանք խոսել: Դեպքից հետո նրա առողջական վիճակը վատացել էր:
Քոլեջի փոխտնօրեն Հայաստան Հակոբյանն ասաց, որ ինքն մեկն է եղել այն մանկավարժներից, ով ոստիկանության բաժանմունքում բացատրություն է տվել: Երեկ էլ եղել է մարզպետի խորհրդական Առնակ Ավետիսյանի մոտ և կոլեկտիվի անունից փոխանցել իր մտահոգությունները:
«Իմ այցի նպատակն այն էր, որ փոխանցեմ կատարվածը: Մարզպետարանի անունն է շոշափվում, որ խորհրդի անդամների մասնակցությունը նիստերին: Խորհրդի անդամ մի քանի բժիշկների լիազոր մարմինը մարզպետարանն է, նրանք էլ նիստերին չեն գալիս: Հավատացած եմ մարզպետը դրանից տեղյակ չէ և խնդրեցի, որ մարզպետին տեղյակ պահեն»,-հավելեց Հ. Հակոբյանը:
Քոլեջի փոխտնօրենն ասում է, որ իրավիճակը խաղաղվելու համար պետք է, որ տնօրենի թափուր տեղի համար մրցույթը կայանա և րդար ճանապարհով ընտրվի տնօրեն:
Հայաստան Հակոբյանը նշում է, որ քոլեջը քաոսի են վերածել Աննա Խաչատրյանն ու նրա քույրը՝ Սիրանուշ Գևորգյանը: Վերջինս նույնիսկ Հ. Հակոբյանին սպառնացել է, թե «վերջդ եկել է»:
Հայաստան Հակոբյանը նշեց, որ առանց բացատրություն պահանջելու երեկ խիստ նկատողություն է հայտարարվել Քրիստինե Սարգսյանին՝ այդ կերպ նպատակ հետապնդելով ազատվել «անհնազանդ» կադրերից:
Դեկտեմբերի 14-ի նիստով հաստատվել է խորհրդի աշխատակարգը, ընտրել են նախագահ, տեղակալ, քարտուղար: Նույն նիստում որոշել են հաջորդ օրը՝ դեկտեմբերի 15-ին դարձյալ նիստ հրավիրել և տնօրենի թափուր տեղի համար մրցույթի օր նշանակել: Սակայն, կիրառվել է նախկին մեխանիզմը և խորհրդի անդամների մեծ մասը չի ներկայացել, նիստը չի կայացել:
Արմավիրի բժշկական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իրականությանը չեն համապատասխանում իր հասցեին հնչած մեղադրանքները:
Նշեց, որ նախարարության ներկայացուցիչները եղել են քոլեջում և վերջիններս են ասել, որ խորհրդի նիստերի հետ կապված պետք է սպասել նախարարության հրահանգավորմանը, երբ հրահանգը լինի, այդ ժամանակ էլ նիստերը կանցկացվեն:
«Նախարարությունը պետք է ասի, որ ժամանակ անենք նիստերը, որովհետև բոլոր քոլեջներին ուղարկվել է նիստերի անելու կարգը, մերը դեռ չի եկել: Երբ կհրահանգավորեն, կանենք»,-ասում է Աննա Խաչատրյանը՝ հավելելով, որ որևէ մեկին չի սպառնացել:
Նշենք, որ խորհրդի նիստեր չանցկացվելու պատճառով քոլեջն արդեն կանգնած է որոշ դժվարությունների առջև: Աննա Խաչատրյանն ասաց, որ հարցեր կան հատկապես ֆինանսականին վերաբերող, որոնք հասատվում են խորհրդի նիստում: Աննա Մկրտչյանն ասում է, որ նիստերի չկայանալն իր մեղքը չէ:
Աննա Խաչատրյանն ասաց, որ հաստատված չէ քոլեջի տարիֆիկացիան, հաստիքացուցակը, նախահաշիվը, որը պետք է հաստատվեր դեռևս նախկին տնօրենի ժամանակ, սակայն օգոստոսի 31-ի նիստով գրված է, որ հաստատվել է տարիֆիկացիան և հաստի, բայց հաստատված չէ: Հոկտեմբերի 7-ին, երբ պաշտոնավարել է նախկին տնօրենը պետք է հաստատվեր նախահաշիվը, սակայն դարձյալ հաստատված չէ:
«Դրանք բոլորը մնացել են առանց հաստատման, բոլորը պետք է նախորդ տնօրենի ժամանակ հաստատվեին: Գրվել է, որ հաստատվել է, սակայն հաստատված չէ»,-նշում է քոլեջի տնօրենի պարտականությունները կատարողը:
Արդեն հարկային պարտավորություններ են առաջացել, որոնք կապված են նախահաշվի հաստատման հետ: Հոդվածի փոփոխություն պետք է իրականացվի, որը խորհրդի գործառույթն է: Այս ընթացքում արդեն ավելանում են տույժ-տուգանքներ, որոնց չափի վերաբերյալ ժամանակավոր պաշտոնակատարը տեղեկություններ չուներ:
Քոլեջում սովորում է 350 ուսանող: Ուսանողները չեն ստանում նաև կրթաթոշակը՝ մոտ 4700 դրամը: Այդ հարցը դարձյալ պետք է քննարկվի խորհրդում և հաստատվի խորհրդի նախագահի կողմից, սակայն, ըստ Աննա Խաչատրյանի, օգոստոսի կեսից ուսանողները կրթաթոշակ չեն ստացել, մինչդեռ տնօրենի պարտականությունները կատարելու իր հրամանը եղել է հոկտեմբերի 14-ից:
Աննա Խաչատրյանը նշում է, որ 2016թ-ին է ընտրվել կառավարման խորհուրդը, նախագահը, տեղակալն ու քարտուղարը: Այդ ժամանակ ընտրվել է նաև քոլեջի նախկին տնօրենը: 2017թ-ին եղել է վերահրամանագրում, սակայն նախարարությունը չի ուղարկել որևէ հուշաթերթ կամ շրջաբերական, որի հիման վրա պետք է իրականացվեր վերահրամանագրումը, ինչի հետևանքն էլ եղել է այն, որ այժմ խորհուրդը մնացել է առանց ղեկավար կազմի:
Նա հերքեց այն պնդումները, թե իր քույրը միտումնավոր չի արձանագրել խորհրդի նախագահ, տեղակալ, քարտուղար ընտրելու խորհրդի որոշումը: Ավելին, հիմնավոր չհամարեց, որ իր եղբայրն ու փեսան ազդեցություն ունեն քոլեջի աշխատանքների վրա՝ պնդելով, որ քոլեջը մարզպետարանի ենթակայության տակ գործող հասատտություն չէ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը «Հետքին» փոխանցեց, որ տեսչությունը ստուգում է իրականացրել և ակտ կազմել այն մասին, որ 2017թ.-ին տվյալ քոլեջում խորհուրդ են ձևավորել, բայց նախագահ և քարտուղար չեն ընտրել, աշխատակարգ չեն սահմանել, ուստի այդ խորհրդի որոշումները չեն կարող համարվել օրինաչափ: Ըստ այդմ՝ ԿԳՄՍՆ-ն այդ հիմքով դիմել է քոլեջին, որ մինչ հարցերի հստակեցումը մրցույթ չհայտարարեն:
«Այժմ համապատասխան օրենսդրության շրջանակում ճշգրտվում են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են խնդրին իրավական լուծում տալու համար»,-հավելեց Գ. Մելիքբեկյանը:
Արամ Խաչատրյանը նշում է, որ Աննա Խաչատրյանը խեղաթյուրում է փաստերը: Նախահաշիվը կարող է հաստատվել այն ժամանակ, երբ նախարարությունն ուղարկում է ֆինանսական պայմանագիրը: Նախարարությունն այն ուղարկել է հոկտեմբերի 15-ին, մինչդեռ ինքը տնօրենի պաշտոնը թողել է դրանից 3 օր առաջ: Դրանից հետո էլ Աննա Խաչատրյանը թույլ չի տվել խորհրդի նիստերի անցկացումը, որպեսզի նախահաշիվ հաստատվի:
Ինչ վերաբերում է տարիֆիկացիայի և հաստիքացուցակի հաստատմանը, ապա Արամ Խաչատրյանի խոսքերով, օգոստոսի 31-ին քննարկվել է հարցը, արժանացել է հավանության: Այն ստորագրվել, հաստատվել է տնօրենի և հաշվապահի կողմից և ուղարկվել է նախարարություն:
Ուսանողների կրթաթոշակի հետ կապված էլ Արամ Խաչատրյանը հավելեց, որ օգոստոսի 31-ի խորհրդի նիստում քննարկվել է ուսանողների կրթաթոշակի հարցը և նախարարություն ուղարկել են 151 ուսանողի տվյալ: Նախարարությունից պատասխանել են, թե այդքան ուսանողի կրթաթոշակ տրամադրելու իրավունք չունեն, հայտնելով, որ այն տրամադրվում է միայն պետպատվերով սովորողներին:
«Մինչ այդ մենք կրթաթոշակները հատկացրել ենք գործող կարգի համաձայն: Ուսումնարանների դեպքում տրվում է պետպատվերով սովորողներին, իսկ քոլեջներին միայն գերազանց ու լավ առաջադիմության համար: Մեր պարագայում ոչ օրենքով, ոչ կարգում չի եղել նման բան, որ միայն պետպատվերով սովորողներին պիտի հատկացվի կրթաթոշակ: Ի դեպ, այդ ուսանողների ցանկը հտրամադրել է այժմ տնօրենի պարտականություններ կատարող անձը»,-հավելեց Արամ Խաչատրյանն՝ ավելացնելով, որ երկրորդ անգամ նախարարություն ուղարկել են միայն պետպատվերով սովորողների ցուցակ և դրանից հետո ուսանողները պետք է ստանային կրթաթոշակը:
Թե երբ կավարտվի Արմավիրի բժշկական քոլեջում տիրող լարվածությունը՝ մնում է միայն գուշակել:
Մեկնաբանել