
Ս. Սահակյան. «Գիտակցում ենք, որ գերիների հարցը քաղաքականացված է, դատարանը դա հասկանում է և ունի զգուշավորություն»
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանից հասարակության սպասումները շատ էին՝ հատկապես Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու մասով: Սակայն երեկ հրապարակված որոշումով հայկական կողմի պահանջը չբավարարվեց: Դատարանի այս որոշումը իրավապաշտպան, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի համար սպասելի էր և մեծ անակնկալ չէր:
Իրավապաշտպանի խոսքերով՝ հայկական կողմի առաջ քաշած հարցը վերաբերում է խտրականության բոլոր ձևերի վերացմանը և գերիների խնդիրն ուղիղ կապ չունի դրա հետ: Հարցն ավելի կապակցված կարող էր լինել Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին կոնվենցիայի դրույթների, քան խտրականության բոլոր ձևերի վերացման հետ:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունը ընդդեմ Ադրբեջանի գանգատ էր ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով:
Իր հայցում Հայաստանը պահանջում էր, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի հայ գերիներին, քաղաքացիական պատանդներին և այլ պահվող անձանց, որոնք գերեվարվել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամ դրանից հետո տեղի ունեցած զինված բախումների ժամանակ։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան համանման հայց ներկայացրել էր նաև Ադրբեջանը: Բաքուն պնդում էր, թե, իբր, Հայաստանը մի շարք խտրական գործողություններ է իրականացրել և իրականացնում ադրբեջանցիների դեմ՝ նրանց ազգային և էթնիկ ծագմամբ պայմանավորված:
Չնայած Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի միջանկյալ պահանջների մեծ մասը, սակայն չի բավարարել գլխավորը. Ադրբեջանը չի պարտավորվի վերադարձնել հայ ռազմագերիներին։ Փոխարենը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այդ երկրին պարտավորեցրել է ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունն ու երաշխավորել նրանց հավասարությունն օրենքի առաջ։
Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ Պատանդառության կոնվենցիայով ավելի հիմնավորելի էր, որ նրանք պահվում են որպես պատանդներ, և մինչև հարցի լուծումը կան սպառնալիքներ, և պետք է ազատ արձակել ավելի վաղ փուլում, որպես բացառիկ միջոց՝ ապահովելու նրանց անվտանգությունը: Սակայն Սահակյանը վստահ է, որ լավ մղումներից ելնելով՝ մասնագիտական թիմը փորձել է ավելի պրոգրեսիվ գտնվել և այդ խնդիրն է առաջ քաշել, բայց չի կարողացել դատարանին համոզել և ներգրավել այդ գործընթացում:
Ս. Սահակյանի դիտարկմամբ՝ մարտավարության հարց է՝ երկու կոնվենցիայի խախտումը միավորել մեկ գործի մեջ, թե տարբեր գործերով առանձին գանգատներ ներկայացնել: Երկրորդ տարբերակով գործընթացը երկարելու է, քանի որ ամեն ինչ սկսվելու է զրոյից:
«Բոլորս գիտակցում ենք, որ գերիների հարցը շատ քաղաքականացված է, Դատարանն այս ամենը հասկանում է, և ունի զգուշավորություն: Քաղաքական պահանջների դիմաց են փորձում ազատ արձակել, և իրավական միջամտությունը մեծ խաղացողների քաղաքական պլանը կձախողեր: Սա ձախողում է հայկական կողմի համար, բայց օբյեկտիվորեն, մասնագիտորեն, որ նայել եմ, այդ գործընթացների շրջանակներում, դրա բավարարման շանսերը բարձր չեմ գնահատել»,- ասում է Սիրանուշ Սահակյան:
Իրավապաշտպանը նաև ռիսկեր է տեսնում, թե արդյոք այս գործընթացներով արհեստականորեն հավասարության նշանը չի՞ պահպանվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը կա քաղաքականության մեջ:
«Այս ռիսկի մասին միշտ բարձրաձայնվել ու քննարկվել է նախկինում: Պետք է դիմել այնպիսի փուլում, որ կարողանանք միակողմանի հաղթանակ արձանագրել: Եթե բալանսը խախտված է լինելու, Ադրբեջանը դիմելու է և իրենք էլ են հաստատում ունենալու, որ խտրականություն կա նաև հայերի կողմից, սա հաղթանակ չէ և ավելի վատ երևույթի մասին է խոսքը գնում: Դրանով արդարությունը չենք վերականգնում, այլ նոր անարդարություն ենք բերում մեր կյանք: Այդ ռիսկը կա: Թե ինչքանով է հաջողվելու կարծրատիպը կոտրել և հասնել օբյեկտիվ, սակայն միակողմանի հաղթանակի, այլ հարց է»,-հավելում է Սիրանուշ Սահակյանը:
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի երեկվա միջանկյալ որոշման մեջ իրավապաշտպանը չեզոքություն նկատում է, սակայն տերմինաբանությունն այնպես է ընտրված, որ առանձնահատկությունները հասկացվում են: Մասնավորապես, Ադրբեջանի պարագայում խոսում են պետական մակարդակով խտրական ձևերը կանխելու մասին և հատուկ նշում են, որ պետական բարձր պաշտոնյաներ ներգրավված են այդ հարցում: Հայաստանին վերագրում են մասնավոր դեպքեր, որի պատասխանատուն պետությունը չէ, քանի որ պետությունը չի ծրագրավորել, սակայն պետությունը, եթե չի կանխում, միջոցներ չի ձեռնարկում, առաջ է գալիս նաև պետության մասնակցության և պատասխանատվության հարցը:
Սիրանուշ Սահակյանն ասում է, որ դատարանը չի ցանկանա քննության վաղ փուլերում միակողմանիություն ցուցաբերել, սակայն երեկվա որոշումը մեծ հաշվով հօգուտ հայկական կողմի է: Հայկական կողմի համար ավելի շատ պահանջներ են բավարարվել, քան ադրբեջանական կողմի համար: Դրան ավելանում է նաև շեշտադրումների տարբերությունը:
Միևնույն ժամանակ Սիրանուշ Սահակյանը նշեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավասար ելակետերով չեն «կռվել» դատարանում: Հայկական կողմն ունեցել է Եվրոպական դատարանի առնվազն 5 վճիռ, որտեղ հաստատված է ադրբեջանական կողմից հայերի սպանությունների, խոշտանգումների դեպքերը: Կա հաստատում, որ այդ քաղաքականությունը կրում է պետական պլանավորվածության աստիճան, օրինակ՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով: Ադրբեջանը նման իրավական հիմքեր, դատական ակտեր չի ունեցել, սակայն կարողացել է ինչ-որ բան համոզել դատարանին, որ հայկական կողմում էլ կա խտրական վերաբերմունք, ատելություն:
Սիրանուշ Սահակյանը անդրադարձավ նաև Ադրբեջանի «ռազմական ավարի պուրակի», ինչպես նաև վերջերս անակնկալ կերպով ազատ արձակված գերիների հարցերին:
Իրավապաշտպանի խոսքերով՝ նախ, անհասկանալի պայմաններում են վերջերս ազատ արձակվել 5 հայ գերին: Սա այն պարագայում, երբ դատարանում ադրբեջանական կողմը պնդում էր, որ ազատ արձակելու հիմքեր չկան, և չեն կարող հանցագործներին ազատ արձակել: Բայց իրավական դիրքորոշմանը հակառակ՝ փաստացի գործողություններով ազատ են արձակել 5 ռազմագերու, ինչը տեղավորվել է դատական գործընթացի շրջանակներում:
Դարձյալ դատական գործընթացի շրջանակում «ռազմական ավարի պուրակից» հանվել են որոշ նմուշներ և օգտագործվել որպես փաստարկ:
«Այս գործընթացներով ադրբեջանական կողմն ուրիշ ազդակներ էլ է հղում, որ համագործակցված ավելի հեշտ արդյունքի կարելի է հասնել և կամավոր գործողություններ կատարել, քան հարկադրված՝ դատարանի կամ այլ որոշումների հիման վրա, որոնք կարող են ձգձգել՝ վնաս պատճառելով նաև դատարանների հողինակությանը»,- հավելում է իրավապաշտպանը:
Սիրանուշ Սահակյանը պատահական չի համարում նաև ականապատ քարտեզների տրամադրման վերաբերյալ ադրբեջանական կողմի երեկվա հայտարարությունները: Ադրբեջանը ցույց է տալիս, որ իրենք իրավական ճանապահով պահանջել են այդ քարտեզները, դատարանը չի բավարարել, սակայն այդ մերժման պարագայում հայկական կողմից, այնուամենայնիվ, ստացել են պահանջած քարտեզները:
Մեկնաբանել