
Կառավարությունը ցանկանում է ավելացնել ճանապարհների պահպանմանն ուղղվող պետական միջոցների ծավալը
Կառավարությունը ցանկանում է առկա գնաճին համապատասխան բարձրացնել ճանապարհներին պահպանմանն ուղղվող պետական միջոցների ծավալները՝ նպատակ ունենալով ապահովել այդ ծախսերի արդյունավետությունը: Գործադիրի այս որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ներկայում ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները, դրանց վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների, թունելների, մետաղական արգելափակոցների պահպանման աշխատանքներն իրականացվում են հիմք ընդունելով դեռ 2010 թվականին կատարված աշխատանքների արժեքի հաշվարկները: Ինչպես ասվում է որոշման նախագծում, անցել է 10 տարի՝ բարձր գնաճի պայմաններում աշխատանքներն իրականացվում են նույն արժեքով:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հիմնավորմամբ՝ այս հանգամանքն ուղղակիորեն ազդում է աշխատանքի որակի վրա, կապալառու կազմակերպությունների դժգոհության տեղիք է տալիս, նրանք հրաժարվում են առկա պայմաններով մասնակցել աշխատանքների գնման ընթացակարգերին, ինչը, ըստ նախագծի, պետության գերակա ոլորտի շուկայում անխուսափելիորեն առաջացնելու է պահանջարկի և առաջարկի մեծ ճեղքվածքի:
Որոշման նախագծում նշված է, որ գնային քաղաքականության նման պայմաններում հնարավոր չէ ապահովել ճանապարհների սպասարկման որակի բարձրացումը։ Ուստի նախագծով առաջարկվում է առկա գնաճին համաչափորեն բարձրացնել ճանապարհներին պահպանմանն ուղղվող պետական միջոցների ծավալները՝ ապահովելով այդ ծախսերի արդյունավետությունը:
Կառավարությունը նախատեսում է ներդնել նաև միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հսկողության նոր համակարգ, ինչը թույլ կտա ճանապարհների հսկողությունն իրականացնել իրար հետ փոխկապակցված բջջային հավելվածի միջոցով։
Նախագծով առաջարկվում է լրացուցիչ պահանջներ սահմանել ճանապարհների սպասարկման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորմների համար։ Օրինակ՝ սահմանվում է, որ պահպանվող ճանապարհահատվածի յուրաքանչյուր 40 կմ համար անհրաժեշտ է 1 միավոր տեխնիկա:
Բացի այդ, սպասարկման աշխատանքներում ներգրավված կոմբինացված ճանապարհային մեքենաների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ նախագծով առաջարկվում է, որ սպասարկման աշխատանքներում կարող են ներգրավվել 25 և ավելի փոքր տարիք ունեցող մեքենաներ: Սահմանվում է նաև, որ սպասարկման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորմների 70 տոկոսը պետք է հանդիսանա կապալառուի սեփականությունը, հակառակ դեպքում գործնականում կապալառուները սպասարկման աշխատանքներում հիմնականում շահագործում եմ վարձակալության իրավունքով պատկանող տեխնիկան, ինչը, ըստ կառավարության, գործնականում խնդիրներ է առաջացնում:
Կառավարությունն ընդգծում է, որ նախագիծը 2021 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնելու։
Մեկնաբանել