
Հայաստանի Հանրապետությունը խախտել է «Հետաքննող լրագրողների» արտահայտվելու ազատության իրավունքը. ՄԻԵԴ-ի վճիռը
Այսօր՝ մայիսի 18-ին, Եվրոպական դատարանը, դիմումից 10 տարի անց, հրապարակել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով վճիռը՝ արձանագրելով, որ պետությունը խախտել է լրատվամիջոցի արտահայտվելու ազատության իրավունքը: Հայաստանի կառավարությունը երեք ամսվա ընթացքում կազմակերպությանը պետք է վճարի 1500 եվրո` կատարած ծախսերի համար:
Հիշեցնենք, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի «Հետք» թերթի 2008թ. մայիսի 5-ի համարում հոդված էր հրապարակվել՝ «Ում գրպանն են մտնում ավազահանքի փողերը» վերնագրով: Նույն հոդվածը տպագրվել էր նաև «Ազգ» օրաթերթի 2008թ.-ի մայիսի 20-ի ներդիրում: Լրագրողը ներկայացրել էր Իջեւանի հարավային մուտքի մոտ, Աղստև գետի վրա գտնվող «Սպիտակ ջուր» ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանման վերաբերյալ փաստեր, որտեղ շոշափվում էր այդ ժամանակվա քաղաքապետի՝ Վարուժան Ներսիսյանի անունը: Հետագայում հրապարակվել էր ևս մեկ նյութ՝ «Երեք հանձնաժողովները «կտեսնե՞ն» ջրամբարի ավազի անօրինական շահագործումը» վերնագրով, ինչից քաղաքապետը ևս վիրավորվել էր:
Լրագրողն իր ունեցած տեղեկությունները ստուգել էր տեղում, լուսանկարել էր ավազի արդյունահանման և տեղափոխման գործընթացը, խոսել ջրամբարում աշխատող բանվորների հետ, ապա փորձել էր գրավոր հարցումներով ստանալ պաշտոնական մեկնաբանություններ:
«Սպիտակ ջուրը» 1997թ. կառավարության որոշմամբ սահմանվել է իբրև Իջևանի համայնքային սեփականություն: Բայց ջրամբարի համար պատասխանատու Իջևանի քաղաքապետարանը ջրամբարի պատկանելության, ջրամբարի ավազն օգտագործելու իրավունքի եւ դրա համար մուծվող հարկերի մասին «Հետքի» հարցն անպատասխան էր թողել: Այդ ժամանակ Բնապահպանության նախարարությունը հայտնել էր, թե ջրամբարի ավազի օգտագործման իրավունքը որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի տրված չէ, քանի որ նշված տարածքում պաշարների ուսումնասիրություն կատարված չէ, և լիցենզիայի պայմանագիր կնքված չէ: Դատախազությունն էլ հոդվածում հրապարակված փաստերը ստուգելու փոխարեն հարցում էր կատարել Իջևանի քաղաքապետարան և «պարզել», որ լճի ավազանից քաղաքապետարանի այգու տարածքի հարթեցման համար տեղափոխվել է միայն տիղմը` փաստորեն «հերքելով» ավազի արդյունահանման ակնհայտ փաստը:
2008թ.-ի հունիսի 18-ին Իջևանի քաղաքապետարանը «Պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և վնասի հատուցման պահանջների մասին» հայցադիմում էր ներկայացրել Երեւանի Քաղաքացիական դատարան` պահանջելով պարտավորեցնել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին հերքելու Իջևանի քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները և քաղաքապետ Վ. Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող լուրերը: Որպես փաստաբանի վարձատրության գումար քաղաքապետը պահանջել էր 930 հազար դրամ:
Երկու տարուց ավելի տևած դատավարության ընթացքում ջանում էին ապացուցել, որ «Սպիտակ լիճ» արհեստական ջրամբարը քաղաքի հաշվեկշռում չէ, չնայած այդ մասին կար Կառավարության որոշում, և որ ջրամբարը որպես ավազահանք շահագործողը Վարուժան Ներսիսյանը չէ:
Վարուժան Ներսիսյանի՝ քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո «Սպիտակ լիճ» ջրամբարը, որը 40 տարով վարձակալության էր տրվել մասնավոր ընկերության, Վճռաբեկ դատարանի 2014թ. փետրվարի 19-ի որոշումով վերադարձվել է քաղաքապետարանին:
Նշենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 10.07.2009թ. վճռով հայցը մերժվել էր: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2009 թվականի որոշմամբ վճիռը բեկանել, և գործն ուղարկվել էր նոր քննության: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 09.07.2010թ. վճռով հայցը բավարարվել էր:
Վերաքննիչ քաղաքացիական 27.12.2010թ. որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել և փոփոխվել էր դատարանի 09.07.2010թ. վճիռը, Կազմակերպությունից հօգուտ քաղաքապետարանի 930.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի ծախս բռնագանձելու պահանջի մասով հայցը բավարարվել է մասնակիորեն`450.000 ՀՀ դրամի մասով: Վճռաբեկ դատարանը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի բողոքը վերադարձրել է:
Ներպետական ատյանները արտահայտվելու ազատության իրավունքը ստորադասել են քաղաքապետի հեղինակությանը. ՄԻԵԴ-ի հիմնավորումները
Եվրոպական դատարանում գործի քննության ընթացքում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը պնդել է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (Արտահայտվելու ազատություն) խախտում տեղի չի ունեցել: Միջամտությունը սահմանված է եղել օրենքով, այն է` Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածով:
Կառավարության դիրքորոշման համաձայն՝ միջամտությունը հետապնդել է օրինական նպատակ` Իջևանի քաղաքապետի հեղինակության պաշտպանություն և քաղաքապետարանի լիազորությունների պահպանում և գործարար համբավի պաշտպանություն: Բացի այդ, ներկայացուցիչը նշել է, որ միջամտությունն անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում: Որպես հիմնավորում կառավարության ներկայացուցիչը նշել է, թե քննարկվող հոդվածը Իջևանի քաղաքապետին մատնանշել էր որպես ավազի ապօրինի արդյունահանման պատասխանատու, մինչդեռ լրատվամիջոցը չի ներկայացրել որևէ ապացույց կամ փաստական հանգամանք այդ պնդման հաստատման համար:
Կառավարության դիտարկմամբ, չնայած հոդվածը բարձրացնում էր հասարակության մտահոգությունը, և քաղաքապետը, որպես հասարակական գործիչ, ենթարկվում է ընդունելի քննադատության ավելի լայն սահմանների, սակայն դա չի նշանակում, որ քաղաքական գործիչները չպետք է հնարավորություն ունենան պաշտպանվելու, երբ նրանց վերաբերյալ հրապարակումները սխալ են և մոլորեցնում են հասարակությանը:
ՄԻԵԴ-ը շեշտել է, որ դիմումատու կազմակերպությունը, լինելով ոչ կառավարական կազմակերպություն, որի նպատակն է խթանել և ամրապնդել հետաքննական լրագրությունը, քաղաքացիական պատասխանատվության է ենթարկվել թերթում և իր կայքում տպագրված հոդվածի համար: Հետևաբար, միջամտությունը պետք է դիտարկվի ազատ մամուլի էական դերի համատեքստում՝ ժողովրդավարական հասարակության պատշաճ գործունեությունն ապահովելու գործում:
ՄԻԵԴ-ը նշել է, որ ներպետական դատարանները սահմանափակվել են միայն այն հանգամանքով, որ վիճարկվող հրապարակումը խաթարել է քաղաքապետի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը:
Դատարանները հաշվի չեն առել կազմակերպության դիրքը՝ որպես հետաքննական լրագրությամբ զբաղվող ՀԿ, և նրա կողմից բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը: Հաշվի չեն առել քաղաքապետի անձը՝ որպես ընտրված պաշտոնյա, հոդվածը տպագրելու հարցում կազմակերպության կողմից հետապնդվող նպատակը, վիճարկվող հոդվածում հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ընդհանուր մտահոգության խնդրի առկայությունը և քաղաքապետի ենթադրաբար կոռուպցիոն գործելակերպի վերաբերյալ տեղեկատվության կարևորությունը:
«Ներպետական դատարանները չկարողացան ուշադրություն դարձնել այն էական գործառույթին, որը մամուլն իրականացնում է ժողովրդավարական հասարակությունում»,-նշել է ՄԻԵԴ-ը:
ՄԻԵԴ-ն արձանագրել է նաև, որ ներպետական դատարանները փորձ չեն արել տարանջատել փաստերն ու գնահատողական դատողությունները, կարծիքները, ինչն էլ հանգեցրել է նրան, որ դրանք պետք է ապացուցվեն կազմակերպության կողմից:
Ավելին, ներպետական վճիռներում չկա որևէ ապացույց, որ դատարանները հավասարակշռություն են իրականացրել հայցվորի հեղինակությունը պաշտպանելու անհրաժեշտության և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ մամուլի արտահայտվելու իրավունքի միջև: ՄԻԵԴ-ի դիտարկմամբ՝ ներպետական ատյանները չեն կարողացել հավասարակշռել երկու մրցակցային շահերը և իրենց վերլուծությունը սահմանափակել են միայն քաղաքապետի հեղինակությանը վնաս հասցնելու հարցի քննարկմամբ և փոխհատուցմամբ՝ ստորադասելով արտահայտվելու ազատության իրավունքը:
Վերոնշյալ տարրերը ՄԻԵԴ-ին հանգեցրել են այն եզրակացության, որ ներպետական դատարանների հիմնավորումները դիմումատու կազմակերպության 10-րդ հոդվածի իրավունքներին միջամտությունն արդարացնելու համար «կարևոր և բավարար» չէին: Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում:
Հավելենք, որ «Հետքի» շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է փաստաբան Վահե Գրիգորյանը։
Մեկնաբանել