HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Սերժ Ավետիքյան. «Իբրև ժողովուրդ և պետություն չենք կարողանում երկխոսել այն կառույցների հետ, որոնք մեզ պետք են»

«Հետքը» զրուցել է ֆրանսահայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի հետ։

Պրն Ավետիքյան, ձեզ հետ հարցազրույցի մի քանի առիթ կա՝ ձեր նոր դոկումենտալ ֆիլմը՝ «Վերադարձ Սոլոզ», որի փակ ցուցադրությունը եղավ Երևանում այս փետրվարին, թեև ֆիլմը Ֆրանսիայում դեռ էկրան չի բարձրացել, պատերազմն Արցախում, որին դուք հետևում էիք սրտի կսկիծով և ջանքեր չէիք խնայում Ֆրանսիայի իշխանությունների ուշադրությունը դրա վրա սևեռելու, նրանց գործուն քայլերի դրդելու համար, և վերջապես ֆրանկոֆոնիայի մեկամսյակը Հայաստանում, որի մեկնարկը տրվեց մարտի 20-ին, իսկ դուք տարբեր ծրագրերով նպաստում ենք ֆրանկոֆոն մշակույթի տարածմանը մեր երկրում։ Զրույցը սկսենք ֆիլմից։

Սոլոզը ձեր նախնիների ծննդավայրն է, գյուղ Թուրքիայում, որտեղ դուք եղել եք չորս անգամ՝ 1980-ականներին, 2003, 2005թթ.-ին և վերջին անգամ 2019-ին, փնտրել հայկական հետքը ու ժամանակի ընթացքի մեջ ցույց տվել այդ հողում հայերի ներկայության ապացույցների անհետացումը, հետևողական ջնջումը։ Ինչու՞ եք անընդհատ ձեր արմատներին վերադառնալու փորձեր անում։

Երբ ես Երևանում էի ապրում (ծնվել եմ Ախպարաշենում), պապս թրքերեն արտահայտություններ էր օգտագործում, որովհետև Սոլոզում իրենց հայերեն բարբառով էին խոսում և թրքերեն։ Ես տպավորված եմ եղել, որովհետև մինչև 6-7 տարեկան ապրել եմ պապիկիս հետ։ Որոշ չափով ընտելացել էի նաև թրքերենին։ Ինքը թրքերեն երգեր էր երգում, հետո հայրս էր երգում, մինչ այսօր ես այդ երգերն անգիր գիտեմ։ Երբ Թուրքիայում մի քանի թուրք ընկերների մոտ երգեցի, ապշած էին, որովհետև իրենք հայերեն չնչին բաներ գիտեին։ Վերադառնալ՝ ինձ համար նշանակում էր հասկանալ, թե որտեղից ենք եկել, որտեղ ենք ծնվել, վերածնվել։ Եթե պապիկիս մասին եմ խոսում, նշանակում է տպավորված եմ եղել Սոլոզում իր մանկությամբ, իսկ ես մանուկ էի, և դա արձանագրվել էր իմ մեջ։ Եվ ես չէի կարող բաց թողնել Թուրքիա մեկնելու հնարավորությունը, 1987 թվականին, երբ ինձ հրավիրեցին մի բալետ նկարելու։ Ասում են՝ կյանքում պատահականություն չկա, կան որոշված հանդիպումներ, բայց պետք է պատրաստ լինել այդ հանդիպումները կայացնելու։ Այնպես ստացվեց, որ մի քանի թրքահայ և թուրք ընկերների միջոցով ես կարողացա կազմակերպել իմ առաջին այցը Սոլոզ։ Դրանից հետո, երբ հայտնաբերեցի հայկական գերեզմանաքարերը, գյուղը ու տպավորվեցի նրանով, ինչ պատմել էր պապս, այլևս չկարողացա անջատվել նրանից, հասկացա, որ պետք է խորացնեմ այս հարցը՝ ոչ թե ինչ-որ բաներ երազելու, վերադառնալ այնտեղ ապրելու, դա միամտություն կլիներ, այլ հասկանալու, թե ինչպես է ժամանակը վարվում պատմության հետ։ Առավել ևս այն պատմության հետ, որը դու ուզում ես քանդակել քո աչքերով՝ իբրև ռեժիսոր, իբրև արտիստ։ Մենք քանդակում ենք ժամանակի աշխատանքը մեզ վրա։ Երբ հասկանում ես, որ ցեղասպանության փաստն ընդունված չէ իրենց կողմից, կրիմինալի կողմից, դա ավելի շատ է ազդում մեր պատմության հետ մեր պաթոլոգիկ հարաբերության վրա։ Ուստի, ես չկարողացա չգնալ մինչև վերջ, իհարկե չգիտեմ՝ հասել եմ վերջին, թե ոչ, բայց չկարողացա բավարարվել ո’չ առաջին, ո’չ երկրորդ այցով, որովհետև ինչպես ֆիլմում եմ ասում՝ անհավանական էր, որ իմ առաջին անիմացիոն ֆիլմը՝ «Կյանքի գիծը», կցուցադրվի Բուրսայի եվրոպական փառատոնում, որը 30կմ է հեռու Սոլոզից։ Ես առանց թույլտվության գնացի, հետո հասկացա, որ կարելի է ընդլայնել նկարահանումները և 2005-ին մեկ շաբաթից ավելի նկարեցի Սոլոզը՝ այս անգամ թույլտվությամբ և ֆրանսիական թիմով։ Բայց այդ ժամանակ հասկացա, որ գյուղը բաժանվեց երկու մասի՝ մի մասը համաձայն էր այն ծեր մարդու՝ Շեվքել Բաշարի հետ, որն ինձ ընդունել էր միշտ, իսկ մյուս մասը դեմ էր, որովհետև վախենում էր, թե ես եկել եմ ինչ-որ բան պահանջելու և իրենց այդտեղից վռնդելու։ Բայց երբ հասկացա, որ Սոլոզի ներկայիս բնակիչները նույպես իմիգրանտներ են և եկել են հայերի տեղահանությունից հետո, իմ դիրքն էլ մի քիչ փոխվեց ու ես սկսեցի հասկանալ, թե ինչու իրենք չեն կարողանում ընդունել ցեղասպանության փաստը․ որովհետև թուրք են դարձել և չեն համարձակվում։ 2019-ին ես կրկին վերադարձա, որովհետև ինտուիցիայով զգում էի, որ ինչ-որ բան է կատարվելու, հատկապես Էրդողանի վերջին հինգ տարվա քաղաքականության հետևանքով, որը Թուրքիան լիովին հեռացնում է Եվրոպայից և մեզ հետ կապված որևէ հարց լուծելու հնարավորությունից։ Ֆիլմիս հերոսներին հարցրի՝ համաձա՞յն են հետս խոսել, ասացին՝ այո, եթե ցեղասպանության մասին չխոսես։ Ասացի՝ ցեղասպանության մասին արդեն խոսել ենք։ Վերադառնալ Սոլոզ՝ նշանակում էր չպարտվել՝ հիշողության զգացումը շարունակել զարգացնել և «մարսել» որոշ պաթոլոգիկ հարաբերություն, որ մենք ունենք մեր անցյալի հետ։ Հայ ընկերներ ունեմ շատ մտերիմ և խելացի, որոնք երբեք ոտք չեն դնի Թուրքիա, ոչ թե վախենում են, այլ չեն կարող հոգեբանորեն իրենց թույլ տալ դա, իսկ ինձ մոտ դա ստացվեց ի շնորհիվ իմ Ավետիս պապի, որն ինձ ասել էր, որ թուրքերն էլ են ժողովուրդ, թուրքերեն լեզուն էլ է լեզու, և եթե ճիշտ մարդկանց գտնես, կարող ես որոշ բաներ հասկանալ։ Չպետք է խառնել ժողովրդին կառավարության հետ։

Բայց արդյոք կառավարության քաղաքականությունը չի ազդում հասարակության վրա։ Չէ՞ որ այդքան տարի ապարդյուն փորձում էինք երկխոսել։

Իրենք էլ են ցանկանում երկխոսել, իրենց մտավորականությունն էլ է ուզում երկխոսել։ Օսման Կավալայի հետ ֆորումներ ենք կազմակերպել, պիես ենք խաղացել, արեցինք այն, ինչ կարող էինք, բայց դրա սահմանը տեսանք։ Երկխոսությունը Եվրոպայի հետ կտրվեց Էրդողանի իսլամացման քաղաքականության հենց սկզբից։ Դա արդեն գեոպոլիտիկայի արդյունքն է։ Չեմ ասում՝ ժողովուրդը մեղք չունի, բայց կարող ենք ասել, որ բոլոր ժողովուրդներին տիրում են այն մարդիկ, ում իրենք են ընտրում։

Հայոց ցեղասպանության մասին Ժակ Քեբադյանի հետ ձեր առաջին ֆիլմը վերնագրված է «Առանց վերադարձի հնարավորության»։ Եվ այդուհանդերձ, այս ֆիլմում հաստատական ձևով ասում եք՝ «Վերադարձ Սոլոզ»։ Ի՞նչ խորհուրդ եք դրել ֆիլմի այս անվանման մեջ։

«Առանց վերադարձի հնարավորության»՝ դա այն կնիքն էր, որ դրվում էր հայ միգրանտների անձնագրերում։ Ինձ համար կարևոր էր, որ այդ բառն օգտագործեմ՝ ո’չ, առանց վերադարձի չի, կարելի է վերադառնալ։

Հարյուր տարի անց հայերը կրկին տեղահանվեցին իրենց տնից, հայրենի հողից, այս անգամ՝ Արցախում, 44-օրյա պատերազմի հետևանքով։ Ինչու՞ է պատմությունը կրկնվում։ Մենք անընդհատ նույն ողբերգությանն ենք բախվում։

Հայ ժողովուրդը, որտեղ էլ լինի աշխարհում, որտեղ սփռված է, ապրում է իբրև սփյուռքահայ։ Ես դա լուրջ եմ ասում նաև Հայաստանի համար։ Ես Հայաստանում իբրև սփյուռքահայ եմ ծնվել և ապրել, որովհետև ծնվել եմ 1947-ին գաղթած ֆրանսահայի ընտանիքում։ Բայց կովկասահայերը, որոնք տեղում են ծնվել, ևս միշտ եղել են ուրիշի լծի տակ՝ լինի Ռուսաստան, Պարսկաստան, թե Թուրքիա։ Մեր պատմությունը ցույց է տալիս, որ մենք անկախություն չենք կարողացել ձեռք բերել դարեր ի վեր, և ինքնակառավարում չենք կարողացել մշակել։ Դա չի նշանակում, որ խելացի չենք, չենք կարող դա անել, բայց չենք կարողացել մշակել, որովհետև մեզ միշտ քաշքշել են, միշտ եղել է մուտք այս փոքրիկ տարածաշրջան, որը հազիվ է մնացել, քանի որ կարևոր էր ռուսների համար։ Ապրել Արարատ լեռան դիմաց՝ իմանալով, որ այն եղել է քո տարածքում, բայց հիմա պատկանում է ուրիշին, և դրա հետևում կա մի ամբողջ Անատոլիա, որը պատկանել է ամբողջ մի ժողովրդի, որին վռնդել են, սպանել ու ջարդել են, շատ պաթոլոգիկ երևույթ է, ինչպե՞ս ապրել այդ հողի վրա, ինչպե՞ս կարողանալ դիմանալ դրան։ Սա ողբերգություն է։ Քչերն են խոսում այս մասին, բայց մենք մշակել ենք զոհաբերության կարիքը։ Ասես զոհաբերությունը մաս է կազմում քո պարտականության, որ պետք է զոհաբերվես կամ զոհաբերես քեզ մի ուրիշին, որպեսզի մի որևէ դրական բան կայանա։ Բայց դա ապրելու ձև չէ, ի՞նչ է նշանակում շարունակել զոհաբերությամբ ապրել և այդ երաժշտությունը գրել, այդ երգերը երգել։ Դա չի նշանակում, որ դրա մեջ չկա մեծ մարդկային զգացմունք, ընդհակառակը՝ կա, բայց դրանք ծանր են նստում մարդու զարգացման, մարդու լայնախոհության և համամարդկային լինելու առումով։ Մենք զարգացրել ենք մեր համամարդկային զգացմունքները՝ ինչպես Փարաջանովը, Փելեշյանը, Նարեկից մինչև Շիրազ, Սևակ։ Երբ թարգմանում ենք այդ տեքստերը, տեսնում ենք, որ մեր մասին ենք խոսում, բայց միշտ համամարդկային ձևով, որովհետև մեզ պետք է օգնեն, ընդունեն։ Երբ թշնամին չի ընդունել մեր պատմությունը, և դա շատ մեծ ողբերգություն է հոգեբանական առումով, մենք ցանկացել ենք, որ մարդկությունը ընդունի դա։ Այսօր հաշվում ենք, թե քանի պետություն է ընդունել ցեղասպանությունը և ուրախանում ենք դրանով։ Բայց երբ Իսրայելը չի ընդունում, որովհետև ձեռնտու չի, ԱՄՆ-ն չի ընդունում, որովհետև պաշտպանում է Իսրայելին, դա նշանակում է, որ մեզ հետ խաղում են։ Գնդակի պես մեզ մեկը մյուսին է գցում, երբ Թուրքիային պետք է պատժեն, ասում են՝ կընդունենք ցեղասպանությունը, բայց հենց Թուրքիան մի քայլ հետ է գնում, ասում են՝ վերջ, անցանք այլ հարցերի։ Մենք դարձել ենք գեոպոլիտիկ խաղալիք այն մարդկանց ձեռքին, ովքեր անում են այն, ինչ ցանկանում են, առավել ևս, երբ մենք դա թույլ ենք տալիս։ Այս անգամ, կարծես թե, այդ թույլտվությունն ի սկզբանե կար։ Ես չեմ ուզում հիմա քաղաքական անախորժ թեմաների մեջ խորանալ, ինձ դա թույլ չեմ տա հատկապես, որովհետեւ ՀՀ քաղաքացի չեմ, ինչքան էլ կարող եմ ինչ-որ բաներ ենթադրել, վերլուծել, բայց կարող եմ պարզորեն ասել այն, ինչ զգում եմ։ Թավշյա հեղափոխությունն ինձ համար հեղափոխություն չէր ի սկզբանե, դա ժողովրդի պահանջն էր՝ բարելավելու իր սոցիալական պայմանները։ Իսկ դա դարձնել հեղափոխություն և միայն կոռուպցիայի դեմ պայքարել, միայն ներքին հարցերով զբաղվել՝ նշանակում է դառնալ ավելի թույլ շրջապատող թշնամիների հանդեպ, որովհետև լուծում ես ներքին հարցեր՝ չազդելով այն պրոցեսի վրա, որը վտանգում է քեզ դրսից։ Սա է ինձ տխրեցնում, որ ՀՀ կառավարությունը պատրաստ չէր լուծել Ղարաբաղի հարցը դիվանագիտական ճանապարհով։ Հանձնվեր իրենց այն, ինչ պետք է հանձնվեր, և պահպանվեր այն, ինչ պատմականորեն արժանի էր մնալ Արցախ։

Արցախյան պատերազմից ընդամենը չորս ամիս անց Ադրբեջանը շտապում է ոչնչացել կամ յուրացնել հայկական մշակութային հուշարձաններն իր վերահսկողության տակ անցած տարածքներում։ Ինչպե՞ս կանխել այն, երբ մշակութային ժառանգության պահպանմանը կոչված ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքն արգելվում է։ Բացի այդ, այս կառույցն առանձնապես շահագրգռված չէ, քանի որ Ադրբեջանը շռայլորեն ֆինանսավորում է նրա տարբեր ծրագրեր։ Դուք նույնպես արտահայտվել եք այս առնչությամբ։ Եվ այնուամենայնիվ, մենք հույս ենք կապում միջազգային կառույցների հետ։

Ենթագիտակցաբար, մեր ժողովրդի մեջ մնացել է մի խոր նստվածք, որ մենք պետք է մեր հարցերը լուծենք միայնակ, որովհետև մեզ չեն օգնել ցեղասպանությունից հետո։ Հայերն են սպանել Թալեաթին, Էնվերին, ԱՍԱԼԱ-ի միջոցով հայկական հարցը ասպարեզ եկավ 80-ականներին, հետո սկսեցինք մենք ֆիլմեր նկարել, ասես միշտ մենք ինքներս պետք է լուծենք մեր հարցերը, համամարդկային դատը մեզ չի վերաբերում, չի կարողանում մեզ ընդունել, դա շատ մեծ ողբերգություն է, և եթե դա երեխայի մեջ արմատավորվում է ի ծնե՝ իբրև իրականություն, դա նշանակում է իր ամբողջ կյանքում նա ցանկանալու է միայնակ լուծել իր հարցը․այս համատեքստում էի խոսում զոհաբերության մասին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներկայացուցչին ասում եմ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն Օդրե Ազուլեին ես ճանաչում եմ անձամբ, միասին ենք աշխատել Կինոկենտրոնում, եթե ցանկություն ունես, խնդրեմ, հրավիրիր դեսպանատուն կամ մենք գնանք ՅՈՒՆԵՍԿՕ, ես իբրև ռեժիսոր` ո’չ դիվանագետ, իրեն ասեմ, թե ինչ ենք մենք ապրում և թե ինչու է մեզ համար շատ կարևոր Արցախի եկեղեցիների, հուշարձանների պահպանումը։ Դրանց ոչնչացումը համաշխարհային հանցագործություն է, դա միայն Ադրբեջանի հետ չի կապված։ Ինքը պատասխանում է, որ դա այդպես չի կարող լինել, պետք է օրենքով լինի, չի համարձակվում ուղիղ ասել՝ հարգելի Օդրե Ազուլե, Սերժ Ավետիքյանն ինձ հուշեց, որ լավ կլինի մենք հանդիպենք, ոչ թե, որ ինքն իրեն մեծ բանի տեղ է դրել, այլ որ դուք իրեն ճանաչում եք և ինքը ձեզ ասելու որոշ բաներ ունի։ Հենց պատերազմից հետո ես առաջարկել եմ լինել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին ուղեկցողներից մեկը՝ տեսախցիկով, որպեսզի օբյեկտիվ ձևով նկարեմ այն, ինչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները կհայտնաբերեն։ Բայց դա տեղի չունեցավ, որովհետև իրենք գնացին Բաքու և մնացին այնտեղ։ Իսկ դա ենթադրելի էր, եթե Հայաստանից ոչ մեկը չի պահանջում, որ գնան Արցախ։ Իրենք չեն անի դա, որովհետև ադրբեջանցիները անում են այն, ինչ իրենք են ցանկանում։ Ինչու՞, որովհետև Մեհրիբան Ալիևան ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է, Ադրբեջանը բազմաթիվ քաղաքական գործիչներ է գնել Ֆրանսիայում ևս, այդ բոլորը մենք գիտենք, բայց չենք օգտագործում մեր իմացածը և չենք համարձակվում դա ասել ուղիղ ձևով, հրապարակել, որ իբրև ժողովուրդ և պետություն չենք կարողանում երկխոսել այնպիսի կառույցների հետ, որոնք մեզ պետք են։ Դա նշանակում է, որ մեր պետությանը բանի տեղ դնող չկա, խաղալիք ենք, որովհետև փոքր ենք, մյուս երկրները, որոնց հետ Ադրբեջանը գործ ունի, ձայն չեն հանում, օրինակ՝ Բրիտանիան, որովհետև ադրբեջանական նավթի 70%-ը «Բրիթիշ պետրոլիում»-ինն է։ Դրա համար էլ օգնեցին պատերազմի ժամանակ։ Նույնը Թուրքիան արեց, որպեսզի կապվի Ադրբեջանի հետ Սյունիքով։ Այս բոլորն արդեն ընդունված է, ստորագրված է և պիտի արվի, որովհետև դիմադրող չկա, իսկ ոչ մի միջազգային կառույց չի դիմադրի, որովհետև մենք չկանք դիվանագիտական հողի վրա։ Չենք կարողանում ներկա լինել։

Պատերազմի ժամանակ հրապարակվեց ֆրանսահայ արվեստագետների նամակը՝ ուղղված Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանին, որտեղ դուք, Ռոբեր Գեդիկյանը և Սիմոն Աբգարյանը քննադատում էիք Ֆրանսիայի «չեզոք» դիրքորոշումը Արցախյան հարցում՝ թելադրված տնտեսական և քաղաքական շահերով։ Օրեր առաջ էլ հայ գերիներին վերադարձնելու կոչով հանդես եկաք։ Նման ճնշումներն արդյունք տալի՞ս են։ 

Շատ չնչին, որովհետև գեոպոլիտիկ շատ ցինիկ հարաբերություններ են աշխարհում, առավել ևս հիմա։ Անցյալում էլ էր այդպես, բայց այն ժամանակ որոշ պարզություն կար։ Կար Արևմուտք և Արևելք, սոցիալիզմ և կապիտալիզմ, այսօր կարծես թե սոցիալիզմը դարձել է նեոկապիտալիզմ, կապիտալիզմը հասել է անարխիստական գագաթնակետի, այնպես որ մեծ հույս չունեմ, որ մեր նամակները կարող են ինչ-որ բան փոխել։ Առհասարակ, Սփյուռքում թյուրիմացություն կա, թե ինչ ռազմավարությամբ պետք է աշխատել Հայաստանի առնչությամբ։ Բայց դա միայն Սփյուռքի մեղքով չէ, այլև Հայաստանի Հանրապետության։ Սա իմ ցավոտ խնդիրներից մեկն է, որի մասին ցանկանում եմ խոսել։ Սփյուռքին չպետք է պարզունակ ձևով ասել՝ ինչ ուզում եք արեք Հայաստանում, եկեք, գործեք, հիմնադրեք, այլ եթե ցանկություն կա Սփյուռքի շրջանում, հատկապես՝ երիտասարդության, որոնք սովորել են դիվանագիտություն, քաղաքականություն, արվեստ, ֆիզիկա, մաթեմատիկա, որոնք ցանկություն ունեն գալ և աշխատել Հայաստանում, հրավիրել, օրինակ,երեք ամսով, ներգրավել կառավարման և քաղաքականության ոլորտներում պրոֆեսիոնալ ձևով։ Աշխատավարձի հարց չկա, այլ ընդունելության, հնարավորություն տալու։ Հայաստանի և սփյուռքի միջև հասկացվածության և համաձայնության հարց կա։ Պետք է համատեղ ուժերով պարզություն մտցնել Հայաստանում ստեղծված դրության մեջ։ Երբ մենք պարզորոշ չենք տեսնում, թե ինչ է կատարվում մեր կյանքում, մտահոգվում ենք, կարող ենք հիվանդանալ, հիմա ամբողջ ազգն է այդ պրոցեսի մեջ, պարզություն չկա, թե ինչ քաղաքականություն է որդեգրել Հայաստանը և ինչ դիրք է բռնել Սփյուռքի հանդեպ։ Այդ պարզությունը պակասում է։ Սփյուռքում շատ երիտասարդներ և կազմակերպություններ կան, որ մղում ունեն գալու և մասնակցելու Հայաստանի վերականգնմանը։ Խոսքը դաշնակցականների, ռամկավարների կամ հնչակների մասին չէ, նրանք իրենց գործն արդեն արել են, խոսքը պրոֆեսիոնալ երիտասարդների մասին է։ Հայաստանին ու Սփյուռքին երկխոսություն է պետք, մեզ չեն սովորեցրել երկխոսել, մենք նեղանում ենք, գոռում ենք, որովհետև շատ ենք սիրում իրար, մեկս մյուսի կարիքն ունենք, սա էլ պաթոլոգիկ հարաբերություն է։ Այս հարաբերությունը պետք է վերանայել՝ դրական դարձնելու միտումով։ Շատ գործ կա անելու, բայց մենք չպետք է ճնշվենք այդ բեռի տակ, այլ թեթևություն մտցնենք այս ամենի մեջ, որպեսզի ժպտանք։ Մեր ժպիտը վերացել է, մենք վրդովումի պրոցեսի մեջ ենք, ես երբեք չեմ տեսել Հայաստանի ժողովրդին այսպիսի ատելության մեջ, այդպիսի բան չի եղել ո’չ երկրաշարժից հետո, ո’չ 90-ականներին, երբ եկել էի Միքայել Դովլաթյանի «Լաբիրինթոս» ֆիլմի նկարահանումներին, այդ թվականներին լույս չկար, ջուր չկար։ Հակառակը՝ մարդիկ օգնում էին մեկը մյուսին։ Հիմա էլ դժվար օրեր են, բայց ժողովուրդը չի համաձայնվում երկխոսել։ Իրավիճակի մեջ պարզություն պետք է մտցնի կառավարությունը։

Նկատի ունեք՝ Հայաստանն ինքը հստակ չի սահմանել, թե ինչ է ուզում սփյուռքից, չի ձևակերպել իր ակնկալիքները։

Ճիշտ այդպես։ Եթե Սփյուռքից ակնկալիքը միայն հետևյալն է՝ դուք պիտի մեզ օգնեք, որովհետև ապրում եք այնպիսի երկրներում, որտեղ ավելի ազատ եք և հարուստ, դուք օգնեք, որպեսզի ձեր խիղճը հանգիստ լինի, իսկ մեզ հանգիստ թողեք, մենք կանենք այն, ինչ պետք է՝ սխալ է։ Իմ կարծիքով՝ պետք է հարցեր տալ ու պատասխաններ գտնել։ Իսկ Հայաստանում հարց տվող չկա, կան միայն պատասխանողներ, կան հերոսներ, զոհաբերվածություն։ Բայց պետք է հարցերը մեկ առ մեկ տրվեն՝ ինչու այսպես եղավ և ինչպես կարելի է սրանից դուրս գալ։

Ձեր ֆիլմի դիտումից հետո ծավալված քննարկմանն ասացիք, որ որքան էլ դժվար լինի, պետք է փորձենք խոսել մեր հարևանների հետ։ Դուք խոսում էիք Սոլոզում ապրող թուրքերի հետ։ Այս դիսկուրսը բացվել է նաև Հայաստանում։ Պե՞տք է ինքներս խոսենք մեր հարևանների հետ, չնայած այն հանգամանքին, որ մեր նկատմամբ թշնամաբար են գործում, թե թույլ տանք դա անել միջնորդներին, որոնք իրենց շահերն են առաջ տանում։

Բարդ հարց է, բայց հենց այստեղ է, որ Հայաստանը պետք է «օգտագործեր» Սփյուռքը, որովհետև Սփյուռքի պատմությունն ավելի շատ է կապված Թուրքիայի հետ, քան Հայաստանինը։ Այդ առումով Սփյուռքում ավելի շատ աշխատանք է արվել, քան Հայաստանում, այն համատեքստում, որ երկխոսությունը կարող էր ընդլայնվել քաղաքացիների միջոցով։ Երբ ես գնում էի Ստամբուլ «Նույն ջուրն ենք խմել» ֆիլմի ցուցադրությանը և պետք է խոսեի թուրք հանդիսատեսի առաջ, ես խոսում էի։ Սրահում ընդդիմացողներ կային, մեկը բարձրանում էր և գոռում էր՝ ի՞նչ իրավունք ունեք ցեղասպանություն բառն օգտագործել, դուք պատմաբան չեք, ես էլ ասում էի՝ դուք չգիտեք, թե որտեղից է ծագում ցեղասպանություն բառը, դուք Լեմկինի մասին չեք լսել, հրեաների ցեղասպանության մասին, հավանաբար, չեք լսել։ Հենց հայերի ցեղասպանության միջոցով գտնվեց այդ բառը, որը նշանակում է գեները կտրել մի տեղից ու հանել, դա չի նշանակում մի ամբողջ ազգ ոչնչացնել, այլ հանել մի ազգ այն տեղից, որտեղ նա ապրում էր։ Ասացի՝ ու՞ր են 2.5 մլն հայերը, որոնք Անատոլիայում էին ապրում։ Եթե դուք այդ հարցին պատասխանեք, ես կասեմ, թե ինչու եմ այդ բառն օգտագործում։

Ուզում եմ ասել՝ այդ գործն արվեց, բայց չբավականացրեց, որովհետև հաստատվեց Էրդողանի դիկտատուրան։ Այս հարցում Հայաստանի քաղաքական գործիչները սխալ են գործում՝ չօգտագործելով Սփյուռքի և ոչ հայ պատմաբաններին, օրինակ՝ Թաներ Աքչամին, ով հայոց ցեղասպանության փաստն ապացուցող գրքեր է գրել։ Եթե Էրդողանը դրեց այնպիսի պայման, որ նախ պատմաբանները պիտի լուծեն այս հարցը, ապա նոր՝ քաղաքական գործիչները, ուրեմն պետք էր ոչ թե մերժել, այլ ասել՝ շատ լավ, մենք քաղաքական ձևով ենք ուզում այդ հարցը լուծել, բայց պատմաբաններ էլ ունենք, որոնց դուք չեք կարող չհավատալ։ Դա չարվեց։ Հավանաբար այլ դերակատարներ են հուշում Հայաստանի դիվանագիտությանը՝ ինչպես վարվել, Ռուսաստանը կամ ուրիշը, և մենք այդ թակարդի մեջ ենք, որ չենք կարողանում ինքնուրույն որոշել, բայց ինչպե՞ս չօգտագործել Սփյուռքի ամբողջ ուժը, երբ դու փոքր երկիր ես և կարիք ունես, որ ժողովուրդը գա, ինչպես Իսրայելն օգտագործեց իր Սփյուռքը։ Չեմ ասում՝ մի կախարդանքով անմիջապես կշտկվի իրավիճակը, բայց մենք պետք է միավորվենք և զարգացնենք երկխոսությունը և’ մեր մեջ, և’ մեզնից դուրս, որպեսզի ունենանք մեզ պաշտպանողներ։ Հակառակ դեպքում ոչինչ չենք կարող, ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրինակում ասացի։ Հեշտ չի, բայց պետք է դադար առնել, նստել և մտածել՝ ինչպես կարող ենք մեր մտածածն ընդունել տալ այնպիսի մարդկանց միջոցով, որոնք ծանր քաշ ունեն դիվանագիտական հողի վրա։ Մենք պետք է շարունակենք ստեղծագործել, մշակույթը զարգացնել, որովհետև շատ ժամանակ ենք կորցնում։ Եթե հինգ հազար երիտասարդ ենք կորցրել, նշանակում է 1/3-րդ մասը մի սերնդի չկա, մնացած 2/3-ը պետք է հնարավորություն ունենա առավել ևս սովորի։ Եվ այս հողի վրա պետք է ներկա լինի կրթության նախարարությունը, մինչդեռ ես դա չեմ զգում, մարդ չկա, որի հետ կարողանաս խոսել։

Գանք մշակույթին։ Դուք ակտիվորեն ներգրավված եք Հայաստանում մշակութային զանազան նախագծերում՝ «Ոսկե ծիրան» փառատոն, տեղական արտադրության ֆիլմերում դերակատարումներ, ներկայացումների բեմադրություններ և այլն։ Այս տարվա աշնանն էլ ձեր մտահղացմամբ կմեկնարկեն թատրոնի եւ կինոյի դերասանների համար վարպետության վեցամսյա դասընթացները, որտեղ փորձելու եք մեկտեղել ֆրանկոֆոնիան և թատերական արվեստը՝ իբրև դասավանդողներ ներգրավելով ֆրանսիացի և ֆրանսահայ հայտնի արվեստագետների։ Պատմեք, խնդրեմ, այդ ծրագրի մասին։

Երիտասարդ դերասանների, ուսանողների համար նախատեսված այս նախագիծն իրագործելու ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և «Ազնավուր» հիմնադրամի և այլ հիմնադրամների աջակցությամբ։ Դեսպանատան մշակութային բաժինը շատ ակտիվ է աշխատում և թիկունք է կանգնում այսպիսի ծրագրերին։ Դասընթացին զուգահեռ ծավալուն թարգմանական աշխատանք է արվելու։ Ես շատ եմ նկարվել Հայաստանում, աշխատել երիտասարդ և ավագ սերնդի դերասանների հետ, որոնք բոլորն էլ տաղանդավոր են։ Երիտասարդների մոտ նկատեցի, որ իրենց անհրաժեշտ է ոչ թե Ստանիսլավսկու դպրոցից դուրս գալ, այլ զարգացնել այն, «պայթեցնել», որովհետև տեղ կա դա անելու։ Ես միշտ կարծել եմ, որ պետք է բացել մարդկանց ներսը, դա տեսություն չէ, կարելի է սովորել նայելով, զգալով, բայց պետք է բացես քեզ։ Բացել՝ նշանակում է մի լեզու էլ սովորել, ուրիշ լեզվով լսել այն, ինչ արդեն գիտես, ուրիշ լեզվով արտահայտվել, դրա համար ֆրանսերենը մտցրի այս ուսման պրոցեսի մեջ։ Բայց այն կոչեցի երկլեզու, որովհետև դասընթացի մասնակիցներից ոչ բոլորը, որոնք կընտրվեն, կլինեն ֆրանկոֆոն։ Այնպես ենք անելու, որ ընտրված մասնակիցներն անվճար ֆրանսերեն սովորեն մինչ դասընթացի մեկնարկը։ Իմ առաջարկով՝ ոչ թե տեսությամբ զբաղվող արվեստագետներ են գալու դասավանդման նպատակով, այլ իսկապես բեմադրիչներ, ռեժիսորներ և դերասաններ, ովքեր հենց հիմա աշխատում են Ֆրանսիայում։ Թատրոնի և կինոյի ինստիտուտի հետ ենք իրագործելու սա, և հուսով եմ՝ հետո այստեղ ֆրանսերենը նույնպես ուսուցանվող լեզու կդառնա։ 25 մասնակիցներից հինգը կլինեն Արցախից, եթե «Ավրորա» հիմնադրամը հովանավորի, մի քանիսն էլ՝ Գյումրիից։ Մեր ամբողջ հույսը հիմնադրամներն են այս գործը սկսելու համար։ Համոզված եմ՝ եթե հաջողենք, ամեն տարի կկրկնենք։     

Որպես վերջաբան. Պատերազմի ժամանակ դուք ուղերձ հղեցիք ձեր հայրենակիցներին և հայ զինվորին՝ ասելով, որ հավատում եք մեր վերջնական հաղթանակին և ազատությանը։ Կոչ արեցիք մնալ միասնական և կառուցել մեր ապագան՝ Հայաստանում և Սփյուռքում։ Ի՞նչ ուղերձ կհղեիք հիմա՝ պարտությունից հետո։

Պարտվելն ապացուցում է, որ պատմությունը միակողմանի չէ, զոհաբերության պրոցեսը չպետք է  ավանդույթ դառնա, հասկանանք, որ վաղուց չէինք գրավել, ինչն արեցինք 90-ականներին, և վաղուց չէինք պարտվել այսպես, բայց դա եղավ։ Հասկանանք, թե ինչու՞։ Պատճառը դիվանագիտության, մենակության մեջ է և այլն։ Կխնդրեի հայաստանցիներին հանդարտեցնել իրենց մեջ եռացող ըմբոստացումը, վերացնել դավաճանություն բառն ու հարցը, որովհետև այդքան հեշտ չի այդպես ասել, ավելի խոր բաներ կան, լավ մտածել, թե ինչ տիպի կառավարություն է ցանկանում ժողովուրդը։ Լավ հասկանալ, թե ընդդիմությունն ու ներկա կառավարությունն ինչ ծրագիր են առաջարկում, վերջապես ազատվել տոհմական մտածողությունից քաղաքականության մեջ։ Մենք շատ տարբեր ենք մեկս մյուսից և դրա մեջ է մեր ուժը՝ հայաստանցի, թե սփյուռքահայ։ Մենք պետք է ընդունենք, որ մենք մի ազգ ենք, բայց մի ժողովուրդ չենք, շատ տարբեր ազդեցություններով ենք ապրել, տարբեր լեզուների, կոնտեքստների մեջ, բայց դա է մեր հարստությունն ու ուժը, դա պետք է ընդունենք, գնահատենք ու առաջադիմենք։ Պետք է վերջ տանք այս տոհմական մոտեցմանը՝ ես իմ ընտանիքին եմ պաշտպանում, այս մաֆիայից եմ կամ այն։ Դա է պետք վերացնել և ընդունել, որ մի ազգ, եթե ունի այդ մեծ հարստությունը՝ Սփյուռքը, որն իր ազդեցությունն է տարբեր երկրներում, կհարստանա ավտոմատ ձևով, եթե Հայաստանը տեղ տա դրան։ Մեկս մյուսից սովորելու բան ունենք, բայցև պետք է կարողանանք միմյանց ասել այն, ինչ ճիշտ չի թվում մեզ։ Ոչ միայն գովենք մեզ, այլ ընդունենք մեր սխալները։ Հին կովկասյան ավանդույթներով ապրելն այսօրվա իրադրության հետ համատեղելի չէ։

Մեկնաբանություններ (4)

Hagop Babikian
I agree some of the comments. However, we should stop playing a "toy" role in international arena. We became a Vassal state of Russia. Nobody respects a Vassal state. Only us, ourselves can stop being toy. We should play directly with our peers, not make big boys to entertain and take advantage of us.
Salpi
The problem with this interview is not what Avedikian says or does not say. It is a badly edited interview. Rather, it is not edited at all. It is a raw transcript of a conversation, and as such it is rambling and unfocused. It is not good journalism, and it is not fair to the person interviewed. Avedikian raises some good point, but they are buried under a lot of verbal rubble, so to speak. Yes, always avoid all-capital letters!
Varouj
Yes this person is. for real, and his thoughts are very lucid and simple. It's unfortunate that all we have around us are respondents like he pointed out in his article that are ready to critique and not unite. Let's stop talking in all caps whether on social media or face to face.. give a little space for each others thoughts, a little empathy for each persons pain and perspective, a little understanding will go a long way in the healing process. We need to come together and attack the. problems of today with work not words, each one of. us has a job to do, it's time to identify it and begin the journey of accomplishing it.
HAGOP
IS THIS PERSON FOR REAL?????? DID HE JUST WAKE UP FROM A DREAM??????? WHAT HE IS SAYING IS NOT SOMETHING NEW!!!!!!! MY 6 MONTH OLD GRANDSON SAYS SAME THING!!!!! ARMENIA HAS ALWAYS BEEN A TOY!!!!!! THE REASON IS THAT ARMENIA IS TOO WEAK!!! TOO POOR!!! POPULATION TOO SMALL!!!!! OFFICIALS ARE CORRUPT!!!! STEAL MONEY!!!!! NOT HELP THE COUNTRY BECOME STRONG AND PROSPEROUS!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter