
Թուրքիայի մամուլն ավելի դրական է անդրադառնում Հայաստանին, քան Հայաստանի մամուլը` Թուրքիային
Թուրքական մամուլում գերակշռում են Հայաստանին վերաբերող դրական հրապարակումները: Մինչդեռ Հայաստանում հակառակ միտումներ են գրանցվել: Այսօր' Երևանի մամուլի ակումբի կազմակերպած կլոր սեղանի ժամանակ, հայ և թուրք փորձագետները ներկայացրին շուրջ 2 տարվա կտրվածքով թուրքական և հայկական մամուլում' հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հրապարկումների մոնիտորինգի արդյունքները:
Իզմիրի համալսարանի ներկայացուցիչը հրապարկեց իրենց կողմի արդյունքները, համաձայն որոնց' թուրքական մամուլից ընտրվել է 4 օրաթերթ և 1 առցանց պարբերական' «Զաման», «Սաբահ», «Ջումուրիեթ» ու «Հյուրիեթ» օրաթերթերը և NTV առցանց պարբերականը:
Ուսումնասիրության հիմնական ժամանակահատվածը 2008 թ.-ից սկսած է, ընդգրկում է ֆուտբոլային դիվանագիտության, Օբամայի' Թուրքիա կատարած այցի, արձանագրությունների նախաստորագրման, արձանագրությունների առկախման և Աղթամարի պատարագի ժամանակահատվածը:
Թուրքական մամուլի ուսումնասիրություններից պարզվել է, որ հրապարակումների 50 տոկոսը չի վերաբերել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, այլ ավելի շատ առնչվել է ֆուտբոլին, ինչի հետ շոշափվել է նաև Հայաստանի հարցը: Գործընթացը հիմնականում ներկայացվել է նորությունների և սյունակների ժանրերով:
Բանախոս Գոկչեն Կարանֆիլը նշեց, որ որակական վերլուծությունը ցույց է տվել, որ հայ-թուրական հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացը շահարկվել է ներքին քաղաքական նկատառումներով:
Հրապարակումների 35 %-ում ավելի շատ դրական և չեզոք մոտեցումներ են նկատվել' չնայած մոնիտորինգ անցկացնողներն ակնկալել են ավելի շատ բացասական երանգներ, ինչը ուսումնասիրությունն անցկացնողներին հիմք է տվել եզրակացնել, որ թուրքական լրատվամիջոցները շահագրգռված են կարգավորման գործընթացով:
Այս ողջ ընթացքում մեծ տեղ է տրվել նաև մամուլում ԱՄՆ-ի վարչակազմի ազդեցությանը' որպես կարևոր հանգամանք հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Թուրքական կողմի համար որպես երրորդ կողմ դիտարկվել է Ադրբեջանը, հայկական կողմի համար' սփյուռքը:
Երևանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Արտակ Այունցը նշեց, որ հայկական կողմից ընտրվել են «Գոլոս Արմենիի», «168 ժամ», «Ազգ», «Առավոտ» և lragir.am լրատվամիջոցները: Հիմնական հրապարակումները եղել են լրատվական բնույթի, զգացվել է վերլուծական նյութերի պակաս: Ուսումնասիրված հայկական լրատվամիջոցներում նյութերի 12 %-ը թուրքական աղբյուրներից է եղել, մինչդեռ թուրքական լրատվամիջոցներում հղումները հայկական լրատվամիջոցներին շատ քիչ էին:
Հայաստանյան մամուլում տեղ են գտել արտաքին քաղաքականության, պատմական փաստերին վերաբերող հրապարակումներ: Եվ ըստ վիճակագրության' բացասական հրապարակումները 3 անգամ ավելի շատ են, քան դրականը' 12-ը 4 տոկոսի հարաբերությամբ:
Արտակ Այունցի խոսքերով' հիմնական դրական հրապարակումները վերաբերել են տնտեսական ոլորտին, իսկ բացասականը' ճանապարհային քարտեզին: Արձանագրությունների առկախումից հետո տեղ գտած հրապարակումները նույնիսկ կառավարամետ լրատվամիջոցներում ավելի արմատական են դարձել, ինչից բանախոսը եզրակացնում է, որ անհրաժեշտ է երկխոսություն, և ավելի շատ անհրաժեշտ է շեշտը դնել սոցիալական ու մշակութային ոլորտների և մարդկային պատմությունների վրա, քանի որ հենց այդ պատմություններում դրական միտումներ նկատելի են:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել