Չկարդացվող նամակներ. դրանցում Մարաղայի ապրիլի 10-ի պատմությունն է
Այն, ինչ Վոլոդյա Ավետիսյանը տեսել է Մարաղայում, չի տեսել այլ տեղ
Այս նամակները Նելլի Ավակիմյանին բարեկամներն ուղարկել են 20 տարի առաջ Մարաղայից: Նա բացել է ծրարները, բայց մինչև հիմա այդպես էլ չի կարդացել նամակները: Նամակագիրները 1992թ. ապրիլի 11-ին գնացել են Մարաղա և ներկա եղել նախորդ օրը գյուղում տեղի ունեցածի հետևանքով զոհված հայերի թաղմանը: «Երևի նկարագրել են, ես չեմ իմանում, չեմ կարողանում կարդալ, սիրտս չի տանում»,- ասում է Նելլի Ավակիմյանը:
Շատերը համոզված են, որ այն, ինչ ադրբեջանցիները 1992թ. ապրիլի 10-ին արեցին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի խաղաղ բնակչության նկատմամբ, ցեղասպանություն է: «1992թ.-ին ադրբեջանցիները Մարաղայում հանցանք են գործել ողջ մարդկության դեմ: Դա սարսափելի տառապանքների և դաժանության վայր էր՝ նման Գողգոթային: Ես երբեք չեմ մոռանա այդ սարսափելի օրը, երբ ադրբեջանցիները հարձակվեցին Մարաղայի վրա»,- ասել է բարոնուհի Քերոլայն Քոքսը:
Մարաղայում թշնամու կողմից սպանված հայերի լուսանկարների ու տեսանյութերի հետ հաճախ է զգուշացվում, որ խորհուրդ չի տրվում դիտել երեխաներին և դյուրազգաց մարդկանց: Խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանցիների արածների վկայությունները ցնցում են իրենց անմարդկայնությամբ, դրանք դժվար է վերապատմել և հավատալ, որ նման բան հնարավոր է անել:
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը պատերազմի սկզիբից մինչև վերջ կռվել է Անկախության բանակում, եղել է բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի օգնականը, մահապարտների հետ կռվել է Մարտակերտում, երբ Մարտակերտի վիճակը չափազանց ծանր էր: Վոլոդյա Ավետիսյանն ասում է, որ այն, ինչ տեսել է Մարաղայում, պատերազմի ընթացքում չի տեսել Արցախի այլ վայրերում: Մարաղայում ադրբեջանցիներն անգամ օգտագործել էին կացին ու սղոց:
1992թ. ապրիլի 10-ին սպանված հայերի թիվը տատանվում է 80-ից 100-ի միջև, այդ թվում ծերունիներ, կանայք ու երեխաներ: Ավելի քան 40 մարդ վիրավորվել է, մոտ 70-ը՝ գերեվարվել: Գերիներից շատերի ճակատագիրը մինչ այժմ անհայտ է:
Վոլոդյա Ավետիսյան, լուս.՝ Հակոբ Պողոսյանի |
Ապրիլի 9-ի գիշերը ադրբեջանցիները նորից սկսեցին ռմբակոծել գյուղը: Վոլոդյա Ավետիսյանը պատմում է, որ Մարտակերտի շտաբի պետը զանգեց Լեոնիդ Ազգալդյանին և ասաց, որ «վիճակը շատ վատ է, հրետանային պատրաստություն է գնում, սպասում ենք հարձակման»: Ապրիլի 10-ին թշնամին հարձակվեց գյուղի վրա, մտավ տներն ու ոչնչացրեց խաղաղ բնակիչներին: Ադրբեջանցիների հետ միասին մարաղացիների վրա հարձակվեցին նաև ռուս զինվորներ ու սպաներ՝ ռուսական տանկերով: Մարաղայի ինքնապաշտպանական ջոկատը դիմադրեց, որքան կարողացավ: Երբ Ազատագրական բանակը Աղաբեկալանջից օգնության հասավ, Մարաղայի մի կեսում հայկական ուժերն էին, մյուսում՝ թշնամին: Հենց այդ մասում էլ տեղի էր ունեցել կոտորածը:
«Մինչև մենք մտանք, գյուղի կեսը վերցրել էին թուրքերը: Մարաղայի ինքնապաշտպանական ջոկատի փամփուշտները վերջացել էին, տղաները խուճապի մեջ էին: Մենք մտել ենք իրենց հետ կռվի մեջ: Ու կռիվ է գնացել մինչև համարյա լույս, թուրք հայ խառնվել էինք իրար: Հետո որ գյուղի կեսը հետ վերցրինք, նորից իրենց ուժերը համալրվեցին, տանկերով, տեխնիկաներով մտան: Մենք նահանջեցինք մի ժամով, հենց անմիջապես գյուղի վերջում նորից կազմավորեցինք ջոկատները, որոնք փամփուշտ չունեին, փամփուշտ բերեցինք, բոլորը լիցքավորեցինք ու բաժանվեցինք մասերի, նորից մտանք գյուղ: Մինչև ապրիլի 11-ը գյուղը ազատագրեցինք, արդեն թուրք չկար»,- պատմում է Վոլոդյա Ավետիսյանը:
Անկախության բանկի տղաներին հավասար Մարաղայում այդ օրը կռվում էր նաև հրամանատարը՝ Լեոնիդ Ազգալդյանը, ով վիրավորվեց թևից: Բանակի տղաներից ևս երկուսը վիրավորվեցին, իսկ Մարաղայի ջոկատի տղաներից շատերը զոհվել էին: Մարտերի ժամանակ թշնամին ևս շատ կորուստներ ունեցավ: Ազատամարտիկները թշնամուց վերցրին նաև տանկեր ու հրանոթներ, որոնք ադրբեջանցիները տեղավորել էին, որ կրակեին Մարտակերտի վրա, բայց չէին հասցրել:
Անկախության բանակի ազատամարտիկները |
Մարաղայի ազատագրումից հետո Անկախության բանակը վերազինեց գյուղի ինքնապաշտպանական ջոկատին, վերակազմավորեց ջոկատներին ու դուրս եկավ գյուղից: «Մենք տարբեր տեղեր գործողություններ էինք անում ու լուրջ գործողություններ էինք անում: Մենք ոնց որ ազատագրող, հատուկ ստորաբաժանում լինեինք: Մենք խփում էինք, վերցնում էինք, տեղի ջոկատներին տալիս էինք, ասում էինք՝ պահեք»,- պատմում է Վոլոդյա Ավետիսյանը:
Հայկական ուժերը մոտ 2 ամիս պահեցին Մարաղան, որից հետո գյուղը Շահումյանի ու Մարտակերտի մյուս գյուղերի հետ ընկավ ու մինչև հիմա մնում է ադրբեջանցիների ձեռքում: Քանի դեռ գյուղը հայկական վերահսկողության տակ էր, մարաղացիները մնացին իրենց գյուղում: Նույնիսկ ապրիլի 10-ի դեպքից հետո մարաղացի կանայք, գյուղամիջում կանգնած, Քերալոյն Քոքսին պատմում ու ցույց էին տալիս, թե ինչ է եղել:
Վոլոդյա Ավետիսյանի կարծիքով՝ ապրիլի 10-ի դեպքը տեղի ունեցավ, քանի որ հայերը չէին սպասում, որ նման անսպասելի հարձակում կլինի, և ռուսական բանակն իր զրահատեխնիկայով կօգնի ադրբեջանցիներին: Մարաղայի ինքնապաշտպանական ջոկատի տղաները և զինամթերքը քիչ էին:
«Սպանդ էին արել թուրքերը իսկական թուրքական ոճով, չէին նայել կին, երեխա, տարիք: Մենք էլ ենք գերի վերցրել ադրբեջանցի, բայց կյանքում ոչ մեկի չենք ասել՝ աչքիդ վրա ունք կա: Մենք կռվել ենք զինված մարդու՝ մեր հակառակորդի դեմ, որը զենք ունի: Իսկ որը եթե զենքը գցում էր, ասում էր՝ հանձնվում եմ, մենք նրան մատով չէինք կպնում, ձեռքերը կանդալում էինք, հանձնում էինք շտաբին: Շտաբն էր որոշում՝ իրենց ինչ պիտի աներ: Համենայն դեպս, մեր բանակի գաղափարախոսությունը դա է եղել Լեոնիդի հրամանատարությամբ»,- ասում է Վոլոդյա Ավետիսյանը:
Մարաղայի դեպքերի ժամանակ Նելլի Ավակիմյանը կորցրել է իր ընտանիքի անդամներից 3-ին
Նելլի Ավակիմյան: Հետևում այն գորգն է, որը ծնողները Նելլիին նվիրել են Երևան կատարած վերջին այցի ժամանակ: |
Ապրիլի 10-ին սպանվել է Նելլիի հարազատներից 3-ը՝ հայրը՝ 84-ամյա Երվանդ Ավակիմյանը, մայրը՝ 70-ամյա Թամարա Զաքարյանը, և եղբայրը՝ Մարաղայի ինքնապաշտպանական ջոկատի 38-ամյա ազատամարտիկ Ալիկ Ավակիմյանը:
Ալիկը ինժեներ-շինարար էր, պատերազմի ժամանակ ապրում էր Արմավիրում, քանի որ Մարաղայում իրեն «քաղաքավարի ձևով» ասել էին, որ էստեղից գնա, ուրիշ տեղ աշխատանք գտնի: Մինչ ազատագրումը Արցախում աշխատանքի էին ընդունվում ադրբեջանցիները:
Ալիկն ամեն օր Արմավիրից Երևան էր գալիս զորավարժարանում մարզվելու: Նա մասնակցել է նաև Երասխավանի կռիվներին: «Ինքը 2 փոքր երեխա ուներ՝ մեկը 4 տարեկան, մեկը՝ 6 տարեկան: Իր կնոջը, մեզ բոլորիս լացելով թողեց ու գնաց պատերազմ: Կինը ասում էր. «Ես դռանը աղաչեցի, ինձ հրեց, գնաց»: Նույնիսկ ինձ ասում էր. «Ծանոթ չունե՞ս, շուտ ուղարկես, շուտ գնամ մասնակցեմ կռիվներին: Ես տեսել եմ, խրամատները ճիշտ չեն փորել, ես պետք է գնամ, էդ բոլորը ուղղել տամ, պետք է անպայման լինեմ սահմանի վրա»»,- պատմում է Նելլին:
Նրա հայրը Հայրենական պատերազմի մասնակից էր, 25 տարի եղել է Մարաղայի դպրոցի տնօրենը, մայրը՝ քիմիայի ու կենսաբանության ուսուցչուհի նույն դպրոցում: «Ես չեմ մոռանում, որ մի անգամ դպրոցի տնամերձից աշխատողները մի դույլ ծիրան էին բերել: Հայրս դարպասի մոտ կանգնեցրեց, ասեց՝ մինչև չկռշեք, գումարը չվերցնեք, էս ծիրանը մեր տուն չի մտնելու: Ինչքա՜ն սուրբ մարդիկ են եղել»,- ասում է Նելլին:
Ծնողները ապրիլի 10-ից օրեր առաջ էին Մարտակերտում ապրող բարեկամների տնից վերադարձել Մարաղա, որպեսզի հողը մշակեն, և ռմբակոծության ժամանակ տան թաքստոցում են եղել:
«Եթե մեկը իրենց տեղյակ պահեր, կարող է իրենք էլ փրկվեին, փախչեին: Բայց արդեն որ թուրքը մտել է բակ, նոր են գլխի ընկել: Ծնողներս վախվորած, իրար ձեռք բռնած, փոսից դուրս են եկել, որ փախչեն այգու կողմը, թուրքերը մեջքից կրակել են: Հարևանները փախել են, բայց տեսել են ցանկապատի հետևից, որ թուրքերը մտել են մեր բակը»,- ասում է Նելլին:
Այդ ժամանակ Ալիկը եղել է Մարաղայի սահմանում կռվելիս: Նելլին ենթադրում է, որ ծնողները սպասել են, որ Ալիկը գա և օգնի իրենց, իսկ Ալիկը մտածել է, որ գյուղացիները փախչում են, ծնողներն էլ կփախչեն:
«Հետո արդեն երբ գյուղից դուրս հանդիպել են գյուղացիներն ու ջոկատի տղաները, գյուղացիները ասել են, որ «քո ծնողները մնացել են գյուղում»: Ալիկը արդեն հետ է դառել գյուղ: Մեր գյուղամիջում ճամփա կա, ինքը մտածել է, որ այդ այգիների արանքով կգնա կհասնի, բայց այդ ժամանակ արդեն մերոնց սպանած են եղել, ու ինքն էլ միանգամից դուրս է եկել թուրքի տանկի ու ԲՏՌ-ի դիմաց: Ալիկը ասում էր, որ «ես գերի չեմ ընկնի երբեք»: Ու նռնակները միշտ պահել է իր մոտ»,- արտասվելով պատմում է Նելլին:
Երվանդ Ավակիմյան | Թամարա Զաքարյան | Ալիկ Ավակիմյան, լուս.՝ maragha.org-ից |
Թշնամուն հետ շպրտելուց հետո ազատամարտիկները հավաքել են մարաղացիների աճյունները և թաղել եղբայրական գերեզմանոցում:
«Համարով շարել են. մամաս 13 համարն էր, պապան՝ 14: Իսկ Ալիկին առանձին են թաղել՝ որպես ազատամարտիկի, որպեսզի դպրոցականները, գյուղը իր համար առանձին հուշարձան կառուցի: Մորաքրոջս աղջիկն ու տղան ներկա են եղել Ալիկի թաղմանը, ասում է. «Մենք երկաթից մի մեծ խաչ էինք սարքել Ալիկի գերեզմանի վրա, որ տեղը իմանանք»: Բայց հիմա թուրքերը այնտեղ հո խաչ չեն թողել: Ու, ասում է, ծառերի միջոցով մենք տեղը գիտենք, ուղղությունը որոշել ենք. եթե հանկարծ Մարաղան ազատագրվի, կգնանք»,- պատմում է Նելլին ու չի կարողանում զսպել արցունքները:
Մարաղացիները ոչ իրենց հարազատների գերեզման ունեն, ոչ հուշարձան, նրանց հետ կատարվածը չի լուսաբանվում
Նելլի Ավակիմյանը բժիշկ է աշխատում Երևանում: Մարաղայում դպրոցն ավարտելուց հետո նա տեղափոխվել է Երևան, ընդունվել բժշկական ինստիտուտ: Հետո վերադարձել է Արցախ, որ աշխատանքի ընդունվի, բայց նրան չեն ընդունել: Ալիևյան համակարգի օրոք Արցախում հայերը չպետք է աշխատանքի ընդունվեին. բժիշկները ադրբեջանցի էին:
«Հայրս ամեն օր գնում էր Ստեփանակերտ, խնդրում, աղաչում, ասում էր. «Ղարաբաղի թեկուզ ամենախուլ գյուղում նշանակեք բժշկուհի, ավարտել է»: Ես նույնիսկ հասա Բաքու՝ առողջապահության նախարարի տեղակալի մոտ, ասաց, որ «ինչու պետք է մեր կադրերը թողնենք, ձեզ նշանակենք, մենք կնշանակենք Ղարաբաղում բժիշկ»: Եվ այդպես օրեցօր Ղարաբաղում, թեկուզ հենց մեր գյուղում ավելացան թուրք բժիշկները»,- պատմում է Նելլին:
Վեց ամիս Մարաղայում անգործ մնալուց հետո նա վերադարձել է Երևան: Նելլին վերջին անգամ Մարաղայում եղել է 1990 թ.: 1991-ից սկսած՝ մայրը թույլ չի տվել Մարաղա գալ, քանի որ «արդեն թուրքերն են տիրում ամեն տեղ, ջահել աղջիկներին վնասում են»: Բացի դրանից՝ անձնագրում Երևանի գրանցում ունեցող հայերը կարող էին գերի ընկնել Ստեփանակերտի օդանավակայանում:
Ծնողներն էլ ոչ հաճախ էին գալիս Երևան: Վերջին անգամ նրանք Երևանում Նելլիին այցելել են ծննդյան օրվա առթիվ և նվիրել մի ինքնաեռ ու գորգ:
Մարաղան հարուստ ու մեծ գյուղ էր. 2000-ից ավելի տնտեսություն ուներ: Նելլին շատ լավ մանկություն է ունեցել գյուղում: Ծնողները զրոյից տուն են կառուցել, այգի տնկել: Հայրը այգում տաղավար էր տեղադրել՝ մի քանի տեսակի վարդերով շրջապատված: Դպրոցականներն ամեն սեպտեմբերի 1-ին վարդ էին խնդրում Ավակիմյանների այգուց:
«Մեր բակը լրիվ ծաղկանոց էր: Էդ ի՜նչ վարդեր էին: Հայրս մի օր եկել էր Երևան: Առավոտ շուտ ասում եմ՝ էս ուր ես գնում: Ասում է՝ գնում եմ Սայաթ-Նովայի փողոց, էնտեղի ծաղիկները ջրողի հետ պայմանավորվել եմ, ինձ վարդի շիվ է տալու, որ տանեմ Մարաղայում տնկեմ: Որտեղ գնում, ծաղիկ էր բերում, ցանում էր, Սոչիից, Ղրիմից: Ծնողներս շատ էին սիրում այգին, ծաղիկները, ոչ մեկի բակում այնպիսի լիմոններ չէին աճում, ինչպես մեր բակում, 8 տեսակի թզի ծառ ունեինք»,- հիշում է Նելլի Ավակիմյանը:
Ապրիլի 10-ի սպանդից հետո Մարաղա են մտել ադրբեջանցի կողոպտիչներ ու դիակապուտներ և տարել մարաղացիների ունեցվածքը, հետո այրել տները: Նրանք Ավակիմյանների ունեցվածքը բարձել են մեքենայի մեջ, որ տանեն:
Մարաղացիները հավաքել են Նելլիի ծնողների, եղբոր՝ գետնին գցված, տրորված, պատառոտված նկարները, բերել տվել են Նելլին: Նկարների հետ նա պահում է նաև մոր դիպլոմը, որը ևս պատռել են ադրբեջանցիները, և եղբոր պատրաստած գիպսե արձանիկներից միակ պահպանվածը:
Ալիկ Ավակիմյանի պատրաստած գիպսե արձանիկը, որը պահում է Նելլին | Նելլիի ծնողների լուսանկարներն ու մոր դիպլոմը, որոնք Մարաղայից բերել են համագյուղացիները |
«Եղբայրս էդ դաժան տարիներին իր ձեռքով ինչ ասես սարքում էր, այսպիսի արձանիկներ էր սարքում, վաճառում էր, որ երեխեքին պահեր: Էնքան լավ ձեռք ուներ: Շատ բազմակողմանի զարգացած է եղել»,- ասում է Նելլին: Ալիկը Մարիամ Աստվածածնին էր քանդակել աղջկա օրորոցի վրա: Մարաղայի դեպքից մոտ 1 ամիս առաջ՝ իր վերջին ծննդյան օրը, Ալիկը բարեկամներին ասել է, որ միայն մի բան չի կատարել. երկու աղջիկներին չի կնքել: Երեխաները նրա զոհվելուց հետո են կնքվել:
Նելլին ասում է, որ Հայաստանի առաջին նախագահի իշխանության ժամանակ Մարաղայի դեպքերը թաքցվել են ու չեն լուսաբանվել: Այս դեպքերը պատշաճ ձևով չեն արծարծվել նաև երկրորդ ու ներկայիս նախագահների օրոք: Մինչդեռ ադրբեջանցիներն անընդհատ իրենց հեռուստաալիքներով որպես հայերի կազմակերպած սպանդ են ներկայացնում դեպքեր, որոնք ժամանակ իրենց մի խումբը կոտորել է իրենց մեկ այլ խմբի:
«Մեզ բոլորիս համար անհասկանալի է Մարաղայի հարցում պահվածքը: Բոլոր մարաղացիները ասում են՝ ինչո՞ւ, ինչո՞ւ են թաքցնում: Վրդովմունքից պայթում ենք: Ես ենթադրում եմ, որ առաջինը չեն ուզում Ռուսաստանին «կպած» լինել, որովհետև թուրքերը զորք չունեին, ոչ մի բան չունեին, նրանց մի 2 դանակով ենիչերիները եկել հարձակվել են: Հիմնականը, որ գյուղը վերցրել են, ռուսական վարձու տանկերն են եղել: Բայց գազանությունները թուրքերն են արել»,- ասում է Նելլի Ավակիմյանը:
Ամեն տարի՝ ապրիլի 10-ին, Նելլին եկեղեցական արարողության ժամանակ կարդալ է տալիս իր զոհված հարազատների անունները: Այդ օրը համագյուղացիները և բարեկամները հավաքվում են կամ Նելլիի տանը, կամ այլ տեղ: «Ոչ մի տեղ չունեմ ապրիլի 10-ին գնալու համար: Ոչ քար ունենք, ոչ գերեզման: Բոլոր գերեզմանները թուրքերի ձեռքում են, ասում են՝ վարել են, այնտեղ մի հատ քար չեն թողել»,- ասում է Նելլին:
Զոհվածներին ու անհետ կորածներին նվիրված միայն մեկ հուշաքար կա Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղում, որտեղ ապրում է ապրիլի 10-ին ողջ մնացած մարաղացիների մի մասը: Նելլին Նոր Մարաղայում չի եղել, բայց Ալիկի աղջիկները գնացել են, բերել հուշաքարի նկարը:
Նելլին շատ կուզենար, որ Ծիծեռնակաբերդում՝ Սումգայիթի ու Բաքվի զոհերի հուշարձանների կողքին, լինի նաև Մարաղայի ցեղասպանության զոհերի հիշատակը հարգող հուշարձան, որպեսզի մարաղացիները որևէ տեղ ունենային՝ ապրիլի 10-ին գնալու համար:
Մարաղայի ապրիլի 10-ի դեպքերը ներկայացնող տեսանյութեր կարելի է դիտել այստեղ: Զգուշացում. տեսանյութերը դիտել խորհուրդ չի տրվում երեխաներին և դյուրազգացներին:
Մեկնաբանել