
Ավետարանոցից՝ Լենուղի. Արտաշեսը կոտրված պրոթեզով մասնակցել է պատերազմին
Նարինեն, դարպասից գլուխը դուրս հանած, նայում է դպրոցի ճանապարհին: Երեխաների տուն գալու ժամն է, իսկ նրա չորս դուստրերը դպրոցում են։
-Դու՞ք եք Արցախից եկել,-հարցնում ենք Նարինեին: Դրական պատասխան է տալիս ու արագ հեռանում:
Մինչ կմոտենայինք դարպասին, կաղալով մոտենում է Արտաշես Առաքելյանը՝ Նարինեի ամուսինը: Նա ներս է հրավիրում ու ոտքի անկանոն շարժումներով մոտենում սենյակում դրված թախտին, որպեսզի վայրկյան առաջ նստի:
Մեկ սենյակից բաղկացած տունը հեքիաթներում նկարագրված խրճիթ է հիշեցնում: Դուռը փայտից է, ամեն անգամ բացել-փակելիս խուլ ճռռոց է արձակում: Ներսում ամեն ինչ հին է. պատին՝ մաշված գորգ, հին սեղան ու աթոռներ, չոր թախտ: Սենյակի մի անկյունում գազօջախ է դրված, մյուս հատվածում ժանգոտած վառարանն է ու հայելիով փոքր հարդասեղանը:
Սենյակի միակ «ժամանակակից» իրը լվացքի մեքենան է, որն ամուսինները հերթափոխով են միացնում: Յոթ հոգանոց ընտանիքի հագուստները ձեռքով լվանալը հեշտ չէ: Նարինեն պատմեց, որ 60.000 դրամով օգտագործված լվացքի մեքենա են գնել, որի գումարի կեսը դեռ չեն վճարել: Սենյակում ջրագիծ չկա, այդ իսկ պատճառով ամուսինները միմյանց փոխարինելով՝ մի քանի րոպեն մեկ տարայով ջուր են լցնում մեքենայի մեջ:
«Էհ, Ղարաբաղում 2 լվացքի մեքենա ունեինք, աման լվալու մաշին ունեինք, 50 կով ունեինք, ինչ օրն ընկանք»,-լվացքի մեքենայի մեջ ջուր լցնելով ասում է Արտաշես Առաքելյանը:
Արտաշեսը ձեռքն անընդհատ իջեցնում է ձախ ծնկից ներքև: Ամաչում է ուղղել պրոթեզը, որն ամիսներ առաջ կոտրվել է և իրեն նեղություն է տալիս: Ի վերջո, տաբատը վերև է բարձրացնում, ու երևում է «ինքնաշեն» պրոթեզը:
«Մինչև պատերազմը պրոթեզս կոտրվել էր, ժամանակ չկար, որ գայի Երևան, սարքեի: Հետո որոշեցի գամ, բայց պատերազմը սկսվեց: Ստիպված փայտերով կապեցի, հարմարեցրեցի, որ յոլա գնամ: Գիտեմ, գեշ եմ քայլում, բայց հիմա էլ փող չկա, որ սարքել տամ»,-ասում է Արտաշեսը:
Մինչ Արտաշեսը ցույց էր տալիս պրոթեզը, նրա երեքամյա դուստրը՝ Վիկտորյան, հայացքը չէր կտրում հոր ոտքից: Ընթացքում էլ գրկախառնվում էր, ձեռքից բռնում:
Արտաշեսն Արցախի առաջին պատերազմում է վիրավորվել: Պրոթեզ է կրում: Այդ վիճակում մասնակցել է նաև 2020թ. 44-օրյա պատերազմին:
Մինչև երկրորդ պատերազմն ապրել են Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում: Հոկտեմբերի 3-ին կնոջն ու երեխաներին ուղարկել է Հայաստան: Զգացել է, որ «կռիվը չի կանգնելու»: Արտաշեսն իր երեք քույրերի հետ մնացել է գյուղում, քանի որ վերջիններիս որդիներն ու ամուսինները մասնակցել են մարտական գործողություններին:
«Տելեվիզրն անընդհատ ասում էր՝ հաղթելու ենք, հաղթում ենք, բայց մենք գիտեինք, որ չենք հաղթում, ադրբեջանցիները մոտենում էին»,-ասում է Արտաշեսը:
Նա պատմում է, որ գնալով Ավետարանոցի շուրջ սեղմվում էր օղակը: Գյուղի տղամարդկանց մի մասը Քիրս լեռան վրա էր, մի մասն էլ անտառներում էր հերթապահում, որպեսզի կանխեն դիվերսանտների մուտքը:
«Տղերքն արդեն տեսան իմ առողջական վիճակը, ասեցին՝ դու գնա, էլ չես կարա մնաս, սա ուրիշ կռիվ ա, ավտոմատի կռիվ չի: Իջա գյուղ, քույրերիս վերցրի ու մեզ բերեցին թողեցին Գորիսի Տեղ գյուղում: Հետո եկել ենք Երևան ու գտել եմ ընտանիքիս»,-ասում է Արտաշեսը։ Իրենց դուրս գալու հաջորդ օրն ադրբեջանցի դիվերսանտները մտել են գյուղ:
Մինչև Արտաշեսի գալը Նարինեն 5 երեխաների հետ ապրել է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում:
Այժմ ապրում են Նարինեի մորական կողմից ազգականի տանը, Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: Ամբողջ ցերեկ գտնվում են վերը նկարագրված սենյակում, իսկ գիշերը տեղափոխվում են քիչ հեռվում գտնվող այլ շինություն, որտեղ գիշերելու նպատակով նրանց դարձյալ մեկ սենյակ է հատկացված: Երեխաները հատակին են քնում, քանի որ այդտեղ նույնպես հարմարություններ չկան:
«Սկզբում որ եկանք, ասացին, որ լույսն ու գազը պետությունն ա վճարելու: Դեկտեմբերին գազը վառեցինք, եկան ասացին՝ կամ պիտի վճարեք, կամ անջատում ենք: Ստիպված վճարեցի: Հիմա շատ զգույշ եմ վառում, որ գումար շատ չծախսի, որովհետև մենք ենք վճարելու»,-ասում է Նարինե Միքայելյանը: Էլեկտրաէներգիայի վարձավճարը ևս չի փոխհատուցվում, ազգականն է վճարում:
Նարինեի ասելով՝ ամեն ամիս 45 հազար դրամ նպաստ են ստանում, որը հատկացնում է Հայաստանի կառավարությունը: Հաշմանդամության թոշակ է ստանում նաև Արտաշեսը, սակայն փաստաթղթերի պատճառով 2 ամիս է չեն ստացել, ստիպված պետք է գնան Ստեփանակերտ, որ կարգավորեն:
Նարինեի տպավորությամբ՝ գնալով նվազում է պետության ուշադրությունն իրենց նկատմամբ: Այժմ ավելի շատ անհատներն են օգնության ձեռք մեկնում:
«Մեր հարևաններն են սնունդ բերում, հագուստ տալիս: Դպրոցական երեխեքիս դասընկերների ծնողներն են օգնում: Ես շատ գոհ եմ մեր գյուղից, գյուղապետարանից: Բայց լավ, ընդունենք, մեր գյուղացիներն էլ մեզ չեն օգնում, բա մեր վիճակն ի՞նչ ա լինելու»,-հարցնում է Արտաշեսը: Նա Լենուղին արդեն իր գյուղն է համարում, թեև հույս ունի Արցախ վերադառնալ:
Նարինեն դժգոհ է հատկապես պետական պաշտոնյաների վերաբերմունքից: Հագուստի համար երբեմն գնում է մարզպետարան, որպեսզի կարողանա պիտանի բան գտնել երեխաների համար, սակայն վատ վերաբերմունքի է արժանանում աշխատակիցների կողմից:
«Ինձ հենց տեսնում են, ասում են՝ դու մի քանի օր առաջ տարար, ձայնը գցում են գլուխները: 5 երեխա ունեմ, գնում եմ, որ ձմեռվա շոր գտնեմ, չի լինում, 1-2 շոր եմ վերցնում: Մեկ շաբաթ հետո էլի եմ գնում, որ տեսնեմ՝ պիտանի շոր կա՞, հետս կռվում են: Ես մեղավոր չեմ, որ պատերազմ եղավ, իմ տուն ու տեղը թողել, եկել եմ իրենցից օգնություն եմ խնդրում: Մենք ագահ չենք, որ ամեն ինչ վերցնենք, միայն ինչ պետք է, դա ենք վերցնում»,-ասում է Նարինեն:
Բազմազավակ մայրն այժմ խուսափում է թակել պաշտոնյաների դռները, երեխաների համար հագուստ, ուտելիք է գնում ունեցած գումարով: Սակայն, աշխատանք չունեն ու չգիտեն, թե ինչպիսին է լինելու իրենց ապագան:
«Ես Լենինականի աղջիկ եմ, բայց որ հիմա Արցախում ապահով մի տեղ տուն տան, էլի հետ կգնամ»,-ասում է Նարինեն և հավատով սպասում վերադարձին Ավետարանոց:
Լենուղու համայնքապետ Գեղամ Ղազարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասում է, որ համայնքապետարանը չունի Առաքելյանների ընտանիքի կոմունալ ծախսերը հոգալու հնարավորություն և պարտավորություն:
«Մենք ամեն օր հետաքրքրվում ենք նրանցով, գիտենք, որ սոցապ նախարարությունից պատասխան են սպասում, որ կոմունալների վճարի հարցը լուծվի: Գյուղապետարանը ֆինանսական միջոց չունի այդ հարցերը հոգալու համար»,-ասում է Լենուղու համայնքապետարանը:
Նարինեի խոսքով՝ մարզպետարանի ուղղորդմամբ դիմել են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն մերժում են ստացել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել