
Արտարժույթի տատանումները բացասական են անդրադառնում ջերմատնային տնտեսությունների վրա
Արտարժույթի տատանումները հանգեցրել են ջերմոցների կառուցման համար անհրաժեշտ երկաթյա կոնստրուկցիաների որոշակի թանկացմանը: Տատանումներն ազդում են նաև խոշոր տնտեսությունների վրա՝ բարձրացնելով արտադրանքի ինքնարժեքը: Մասնավորապես, խոշոր տնտեսությունների դեպքում ավելացել է գազի արժեքը:
Կառավարությունը 2020թ․ հոկտեմբերի 20-ին որոշում ընդունեց, որով դեկտեմբերի 31-ից 6-ամսյա արգելք սահմանվեց թուրքական ծագման մի շարք ապրանքների ներմուծման վրա: Արգելքը տարածվում է նաև վարունգի, լոլիկի, այլ բանջարեղենի ներմուծման վրա: Սակայն ինչպես հայտնում են Արմավիրի և Արարատի մարզպետարանները, թուրքական ապրանքների ներմուծման 6-ամսյա արգելքը էական ազդեցություն չի ունեցել նոր ջերմոցային տնտեսություններ հիմնելու վրա:
Մինչև թուրքական ապրանքների ներմուծման արգելքը՝ Արմավիրի մարզում մոտ 62 հեկտարով արդեն ավելացել է ջերմոցային տնտեսությունների թիվը: Եթե 2019-ին 815 հա էր, ապա 2020-ին՝ 877, որոնք տնօրինել են 6117 գյուղացիական տնտեսություններ: Արմավիրի մարզպետարանը փոխանցում է, որ ջերմոցային տնտեսություններում հիմնականում աճեցնում են բանջարեղեն:
Արարատի մարզում դեռևս չեն հավաքագրվել 2020թ․ տվյալները, այն պատրաստ կլինի մարտ ամսից հետո: 2019թ. ջերմոցային տնտեսությունները մարզում զբաղեցրել են 360 հա տարածք: Արարատում նույնպես հիմնականում մշակում են լոլիկ, որի ծավալը կազմում է ջերմոցներում մշակվող բանջարեղենի 42%-ը, վարունգը՝ 27%-ը, կանաչեղենը՝ 23%-ը:
Գայ համայնքն Արմավիրի մարզում առաջատարն է ջերմոցային տնտեսությունների թվով: Գյուղում 130 հա ջերմոցային տնտեսություն կա, որից 125 հա-ը՝ բանջարի մշակության համար է: 130 հա տարածքը տնօրինում են 650 ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Սամվել Մանուկյանը Գայ համայնքի խոշոր ջերմոցատերերից է: 2,5 հա ջերմոցային տնտեսություն ունի: Սամվելը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի դեռ ջերմոցների մի մասում բերք չի ցանել, սակայն արդեն ծախսը կազմում է 30 մլն դրամ: Ցուրտ եղանակը ստիպում է ավելի շատ գազ վառել, որպեսզի եղած բերքը չցրտահարվի, ինչն էլ ավելացնում է ծախսերը:
Սամվելն ասում է, որ դեռ լոլիկ չի ցանել, հետևաբար չի կարող ասել, թե թուրքական լոլիկի ներմուծման արգելքն ինչ հետևանք է ունեցել: Ասում է, որ սովորաբար այս ամիսներին ձեռնտու չէ վարունգ, լոլիկ ցանելը: Սակայն մոտ 5 հազ. քմ ջերմոցային տարածք նախատեսել է լոլիկի համար:
«Պոմիդոր վարունգ հիմա ո՞վ ա առնում: Էն մարդիկ, որոնք ծնունդ-կնունք են անում կամ գնում են հիվանդատես: Սպառումը շատ չէ, դրա համար ձեռք չի տալիս»,-նշում է Ս. Մանուկյանը:
Ինչպես Սամվելն, այնպես էլ Գայ գյուղից այլ ջերմոցատերեր, նշում են, որ 2020թ․ վնասներ շատ չեն կրել: Սակայն այս տարվա ցուրտ ձմեռը և արտարժույթով պայմանավորված գազի թանկացումը կտրուկ ավելացրել է ծախսերը: Հետևում են Հայաստանի տարածքով Ադրբեջանը Թուրքիային կապող երկաթգծի շահագործման խոսակցություններին: Ասում է, որ դրանից է կախված իրենց հետագա գործունեությունը:
«Կարող ես 2-3 տարի շոր չառնել, բայց ամեն օր պիտի մի բան ուտես: Ճիշտ ա՝ մարդիկ փող չունեն, բերքը թանկ ժամանակ չեն առնում, բայց ընդհանուր՝ առնում են: Այդ առումով նորմալ է, չենք դժգոհում: Բայց եթե թուրքական գյուղմթերքը մտնի Հայաստան, ուրեմն հող մշակելն անիմաստ է դառնալու: Սկսելու ենք 90-ականների նման, Արարատյան դաշտում փոքր հողերի վրա ցորեն ցանել, որ հաց ունենանք, ապրենք»,- ասում է Սամվելը՝ հավելելով, որ անցյալ տարի միայն 1500 քմ ջերմոցը սարքելու համար 7 մլն դրամ է իրենից պահանջվել: Դեռ եկամուտ չի ստացել, ու նրա խոսքով՝ կառավարության կողմից չմտածված քայլերը կարող են հանգեցնել շատ գյուղացիական տնտեսությունների կործանմանը:
Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը ևս սպասողական վիճակում է: Ասում է, որ ճանապարհները բացվելու դեպքում ջերմոցատերերը հանգիստ կարող են «իրենց ջերմոցները քանդել, դնել թևի տակ ու գնալ»:
«Ոչ մեկ դեռ չի հավատում, որ արգելքը կգործի: Թող մի քիչ ժամանակ անցնի, կերևա, թե ոնց է լինելու: Մտավախություն կա, որ հնարավոր է էլի բերեն թուրքական լոլիկ»,-ասում է Պողոս Գևորգյանը:
Ասոցիացիայի նախագահը նշում է, որ այս ամիսներին ջեռուցումն այնքան թանկ է, որ Հայաստանում լոլիկ շատ քիչ տնտեսություններում են ցանում: Բացի այդ, ամանորի տոներից հետո կտրուկ ընկնում է մարդկանց գնողունակությունը: Ջերմոցատերերն այնպես են ցանում, որ վաճառքի բերք ունենան մարտ-ապրիլ ամիսներից:
Պողոս Գևորգյանը դեռ չի ամփոփել, թե պատերազմը, կորոնավիրուսն ու այս տարվա ցուրտ ձմեռն ինչ ազդեցություն է ունեցել ջերմատնային տնտեսությունների վրա:
«Լավ բան չկա, դա միանշանակ, բայց մի քանի ամիս պետք է անցնի, որ հասկանանք ընդհանուր վիճակը»,-հավելում է Պ. Գևորգյանը:
Մեկնաբանել