
Անհետ կորած զինվորի մայր. «Աչքերս բաց տեսնում եմ դժոխքը»
Երկու ամսից ավելի է` Էջմիածնի N զորամասի պայմանագրային զինծառայողների ծնողները իշխանություններից պահանջում են պատերազմի օրերին Արցախ ծառայության մեկնած իրենց որդիներից տեղեկություններ տրամադրել: Ծնողները չգիտեն՝ իրենց որդիները ողջ են, թե մահացած:
Անհետ կորածների ծնողները պարբերաբար հավաքվում են այն զորամասի մոտ, որտեղից տղաներին տարել են Արցախ: Երեկվանից մեկ տասնյակից ավել ծնողներ անժամկետ նստացույց են անում զորամասի դիմաց՝ դարձյալ պահանջելով քայլեր ձեռնարկել որդիներին Հայաստան բերելու ուղղությամբ:
Նրանք հենց զորամասի դարպասների մոտ խարույկ էին վառել ու նստել՝ սպասելով պատասխանի: Սակայն նրանց որևէ մեկն այդպես էլ չի ընդունել, խոստումներ չի տվել: Միայն հեռակա լսել են, որ հրամանատարներից մեկն այսօր մեկնել է Արցախ տեղեկություններ իմանալու:
41 անհետ կորածների ծնողների խումբը կիսվել է երեք մասը՝ մի մասը Ստեփանակերտում է, մի մասը Երևանում` Պաշտպանության նախարարության դիմաց է կանգնած սպասում լուրի, մնացածներն էլ՝ Էջմիածնում են հավաքվում:
«Արդեն 81 օր է՝ տեղեկություն չունենք մեր երեխեքից: Պատկան մարմինները չեն զբաղվում, ոչ մի հարցի լուծում չեն տալիս: Մենք պետք է իմանանք մեր երեխեքի տեղը, նրանց գոյության մասին»,-ասում է ծնողներից Հռիփսիմե Հակոբյանը:
Տիկին Հռիփսիմեն նշեց, որ իրենք սկսել են ուսումնասիրել ադրբեջանական բոլոր աղբյուրներում հրապարակվող լուսանկարները, տեսանյութերը, որպեսզի այդ եղանակով կարողանան գտնել կամ որևէ տեղեկություն ստանալ իրենց որդիներից: Ասում է՝ արդեն ընտանիքի անդամների հոգեկանը խանգարվել է դիտելով այդ դաժան տեսանյութերը, թե ինչպես են տանջում հայ գերիներին կամ անդամահատում նրանց: Սակայն, տեղեկատվություն ստանալու այլ տարբերակ չունեն:
«Աչքերս բաց տեսնում եմ դժոխքը, էլ դժոխք տեսնելը ո՞նց է լինում»,-ասում է Հ. Հակոբյանը:
Ծնողներն անվտանգության նկատառումներից ելնելով՝ չեն նշում այն տարածքը, որտեղ տարել են իրենց որդիներին ու հաշված րոպեների ընթացքում անհետացել: Հռիփսիմե Հակոբյանի խոսքերով՝ 2020թ. հոկտեմբերի 21-ին ավտոբուսով Էջմիածնի զորամասից տղաներին տարել են Արցախի բնակավայրերից մեկը՝ նշելով, թե 10-20 ադրբեջանցի կա տարածքում, գնում են «տարածքը մաքրելու», սակայն բոորովին այլ ուղղությամբ են տարել:
«Գեներալ Անդրանիկ Մակարյանը սխալ ուղղությամբ է տարել, մոտ 7 կմ ավել ճանապարհ են գնացել ու մեզ էլ ասում են, թե դա «վրիպակ» է եղել: Գեներալ լինելով՝ ոնց կարող է այդքան զորք տանել ու ասել՝ «վրիպակ» է եղել: Հո ապրա՞նք չէին տեղափոխում, որ 7 կմ ավել գնային, հետո էլ հետ բերեին»,-նշում է Հ. Հակոբյանը:
Ծնողները պատմում են, որ տղաները եղել են առանց զենքի, զրահաբաճկոնի ու սաղավարտի: Ընդամենը մեկ ավտոմատ են ունեցել: Իրենց համար անհասկանալի է, թե առանց զենքի ինչպես էին տղաները դիմակայելու իրենց ասած՝ 10-20 ադրբեջանցուն:
Զորամասի դիմաց նստածներից Մանյա Մելոյանն էլ նշեց, որ Անդրանիկ Մակարյանը Արցախ մեկնող պայմանագրային զինծառայողներին ասել է, թե Արցախում նրանց կդիմավորի 25-30 հայ զինվորական, սակայն տղաներին ոչ ոք այդպես էլ չի դիմավորել:
«Տղաներին տարել են անմիջապես թշնամու քթի տակ ու ինքը հետ ա եկել: Ուղեկցողին էլ պատասխանատվության չեն ենթարկել: Ուղեկցող ասվածն էլ եղել է մի պատահական վարորդ, ով իբր տարածքին լավ է տիրապետել»,-ասում է Մանյա Մելոյանը:
Անհետ կորած զինծառայողների ծնողները նշում էին, որ հոկտեմբերի 18-ին տեսանյութերով նկատել են նույն տեղանքում Ադրբեջանի դրոշը հայկական դպրոցի շենքի վրա, մինչդեռ պաշտպանության նախարարության լրատվության պատասխանատուները հերքել էին, թե իբր «ֆոտոշոփ» է եղել:
«Առանց մտածելու ո՞նց են երեխեքին, ամսի 21-ին, առանց զենքի տարել մտցրել մի տեղ, որտեղ թուրքն է, բոլորիս էլ խաբում էին, թե ֆոտոշոփ է: Գեներալը պատասխան չունի, ոչինչ չի ասում: Պարզ է, որ դավաճանություն է եղել, այլ բառ չեմ գտնում»,-նշում է Հռիփսիմե Հակոբյանը:
Արցախում գտնվելու առաջին օրը՝ հոկտեմբերի 21-ին, զինծառայողներից մեկը զանգահարել է հրամանատարին՝ տեղեկացնելով, որ իրենց օգնություն է պետք, շրջափակման մեջ են: Հանդիպման ժամանակ ծնողները նույնը փոխանցել են Անդրանիկ Մակարյանին, սակայն վերջինս, ըստ Հռիփսիմե Հակոբյանի, ասել է, թե ինքը չէր կարող գնալ զոհվել, հակառակ դեպքում ծնողներին ո՞վ էր պատասխան տալու:
«Իբր մեզ պատասխան է տվել, հիմա էլ մտածում էր իր զոհվելու մասին: 81 օր անցել է արդեն, ոչ ոք մեզ չի կանչել, թեկուզ նույն գեներալը, չեն ասել՝ կներեք մեզ, մենք ենք տարել, այդպես է եղել: Մեզ ասում են՝ գնացեք սպասեք երկու օր: Սա ասում են ծնողին, ով չի կարողանում հացը կուլ տալ, անկողին չի կարողանում մտնել: Ինչքա՞ն սպասենք, ինչի՞ն սպասենք: Իրենք դրդում են մեզ, որ անցնենք բոլոր սահմանները»,-հավելում է Հռիփսիմե Հակոբյանը:
Վերջինս նշեց, թե անհետ կորած որդին 28 տարեկան է: Ամուսնացած է, ունի 1 և 3 տարեկան երեխա: Տիկին Հռիփսիմեն պատմեց, որ արդեն չի կարողանում թոռների հետ շփվել: Երբ ներս է մտնում մեծ թոռը հոր մասին է հարցնում, ասում է, որ հորը կարոտել է, սակայն ինքը չգիտի, թե ինչ պատասխան տա:
Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև զորամասից, սակայն դռները փակ էին, մոտեցող չկար:
Ծնողներն ասում էին, որ զորամասի դիմաց մնալու են այնքան մինչև իրենց հստակ պատասխան տան որդիների մասին:
Մեկնաբանել