HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

13 տարվա դատաքննությունից հետո դատարանը մերժել է քաղաքացուց 5000 դրամ բռնագանձելու ոստիկանության պահանջը

2007թ. հունիսի 25-ին Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության բաժինը հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հովսեփ Դիլանյանի: Վերջինս Երևանի ՃՈ 07.05.2006թ.-ի որոշումով, վարորդների կողմից տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման պատճառաբանությամբ, ենթարկվել է վարչական տույժի՝ 5000 դրամի չափով: Գումարը հնարավոր չի եղել բռնագանձել քաղաքացուց, ինչի համար էլ դիմել են դատարան:

Պատասխանողին քաղաքացիական գործում առկա հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերի փոստային ծրարը վերադարձվել է դատարան:

Դատարանը 2007թ. հուլիսի 24-ին կայացրած որոշումով պատասխանողի ու նրա գույքի նկատմամբ հետախուզում է հայտարարել: Միաժամանակ, քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:

Օրենքի անկատարությունը հանգեցրել է նրան, որ դատարանը պատշաճ ծանուցում չկարողանալով ապահովել, 13 տարի շարունակ իր վարույթում է պահել մի գործ, որը մերժվելու էր: Բացի այդ, ակնկալվող գումարը՝ 5000 դրամը, ակնհայտորեն չի արդարացրել դատարան դիմելու և դատարանին ծանրաբեռնելու նպատակը: Մինչդեռ, «5000 դրամանոց» հայցադիմումներն այսօր էլ քիչ չեն:

2020թ. հուլիսին դատարանը մերժել է ՃՈ-ի հայցադիմումը՝ պատճառաբանելով, որ հայցադիմումին կից չի ներկայացվել բավարար պատշաճ ապացույցներ իր կողմից ներկայացված պահանջի հաստատման վերաբերյալ: Որպես գրավոր ապացույցներ դատարան են ներկայացվել ոչ թե բնօրինակի, այլ պատճենի տեսքով, որոնք ներկայացված պահանջը հիմնավորելու և հաստատելու համար բավարար չեն, հետևաբար դրանք չեն կարող դիտվել որպես պահանջը հիմնավորող պատշաճ ապացույցներ:

Ավելին, ՃՈ-ն դատական նիստերին չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը և չի ներկայացրել որևէ լրացուցիչ դիրքորոշում, միջնորդություն կամ ապացույց։

Ի վերջո համադրելով գործի փաստերը՝ դատարանը որոշել է, որ հայցվորն անպատշաճորեն օգտվելով իր դատավարական իրավունքներից և կրելով համապատասխան պարտականություններ՝ չի ներկայացրել իր հայցապահանջը հիմնավորող պատշաճ ապացույցներ: Վիճելի է մնում փաստի առկայությունը, հետևաբար Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության հայցապահանջը ենթակա է մերժման:

Դատական գործի 13 տարվա քրոնիկոնը

Հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել 26.06.2007թ.-ին։ Պատասխանողը չի ստացել գործի վերաբերյալ ծանուցումը, ինչից ելնելով դատարանը պատասխանողի ու նրա գույքի նկատմամբ հայտարարել է հետախուզում և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:

2017թ. գործով դատավոր Բորիս Գրիգորյանն անցել է թոշակի, ինչի հիմքով տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն և գործը մակագրվել է այլ դատավորի, սակայն գործի քննությունը շարունակել է կասեցված մնալ։

2019թ. տեղի է ունեցել դատական կազմի հերթական փոփոխությունը: Այս անգամ դատավոր Արթուր Աթաբեկյանը տեղափոխվել է Սնանկության դատարան։ Դատարանը նոր կազմով գործն ընդունել է վարույթ և որոշել է գործի կասեցված վարույթը վերսկսել, և նախնական դատական նիստ է հրավիրվել: Այս ընթացքում 4 դատական նիստ է նշանակվել, որից չի կայացել մեկը՝ դատավորի ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու պատճառով:

Փաստաբան, իրավական փորձագետ Կարեն Տոնոյանը նշում է, որ 2007թ. գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն, ծանուցագրերն ուղարկվել են միայն պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ՝ ստացականով:

2013թ. Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարվել է լրացում և սահմանվել է, որ գործին մասնակցող անձը դատարանի կողմից համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ նա ծանուցվել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքով՝ ինտերնետի միջոցով անհատական ծանուցման համար նախատեսված կարգով:

Այսինքն, օրենքում կատարված լրացումից հետո դատարանը կարող էր վերսկսել գործի քննությունը և լուծել այն։ Այն ինչ, գործի վարույթը 12 տարի կասեցված է մնացել, քանի որ պատասխանողին հնարավոր չի եղել ծանուցել գործի քննության վերաբերյալ։

«Պետք է փաստել, որ օրենքի անկատարությանը լուծում է տրվել 05.12.2013թ. օրենքում կատարված լրացմամբ, որից հետո դատարանը կարող էր վերսկսել գործի քննությունը և ծանուցումն իրականացնել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, որը դատարանի կողմից չի կատարվել, ինչը ևս հանգեցրել է գործի քննության ողջամիտ ժամկետի խախտման»,- եզրակացնում է Կարեն Տոնոյանը։

Գործի ողջամիտ ժամկետի խախտումներ

ՀՀ դատական դեպարտամենտից խնդրել էինք տրամադրել տեղեկություններ՝ որքան է կազմում մեկ դատական նիստի միջինացված ծախսը: Կամ՝ դատավորին այլ դատարան տեղափոխելու կամ լիազորությունները դադարեցնելու (այդ թվում՝ այլ դատարանում նշանակելու) նպատակով արդեն իսկ իր վարույթում գտնվող գործի քննության վրա հավելյալ որքան դրամական միջոց է ծախսվում՝ հաշվի առնելով գործը սկզբից քննելու օրենքի պահանջը: 

Դատական դեպարտամենտից պատասխանել են, որ դատական գործի ծախսատարության հիմնախնդրի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդն իրականացրել է ուսմնասիրություն, որի արդյունքներն ամրագրվել են 2019թ. տարեկան հաղորդման մեջ:

Նշված հաղորդումը չէր պարունակում մեր բարձրացրած հարցերի պատասխանները: Ինչևէ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ հատկապես վարչական ու քաղաքացիական դատարանները գերծանրաբեռնված են իրենց հիմնական գործառույթներին ոչ լիարժեք բնորոշ պարտավորություններով, որոնք կարող էին իրականացվել արտադատարանական եղանակներով: Օրինակ, ներկայումս վարչական դատարանի (2007թ.-ին, վարչական դատարան չի եղել և ՃՈ ակտերը վիճարկվել են ընդհանուր իրավասության դատարանում) տարեկան ծանրաբեռնվածության մեջ ճանապարհային երթևեկության կանոնների խախտմանն առնչվող գործերը կազմում են շուրջ 70%-ից ավելին:

«Միջին հաշվով նման մեկ գործի քննության արդյունքում լուծվում է 5000 դրամի խնդիր: Ամբողջ տարվա ընթացքում լուծվում է շուրջ 70 մլն դրամի խնդիր: Սակայն, պետությունը նման տիպի վարչական արդարադատության վրա բյուջեից ծախսում է 625 մլն դրամ: Որևէ կերպ նման վիճակը չի կարող արդարացվել: Ելքը` նման տիպի գործերը վարչական վարույթների միջոցով ավարտին հասցնելն է»,- նշված է տարեկան հաղորդման մեջ:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արդարադատության գերծախսատարության հաջորդ հիմնական պատճառը՝ էլեկտրոնային արդարադատության ներդրման հարցում նույնիսկ նախկին ԽՍՀՄ շատ երկրներից հետ մնալն է: Ներկայումս դատարանները միայն փոստային առաքումների վրա տարեկան 500 մլն դրամից ավելի են ծախսում:

Նշենք, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրատարրերից է: 2019թ. տվյալներով՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի վավերացումից հետո Հայաստանի Հանրապետության դեմ կայացվել է 103 վճիռ, որից 40-ը (38.8%) արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով, որը վերաբերում է նաև գործի ողջամիտ ժամկետի քննությանը:

«Ներկայում թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական և թե՛ վարչական գործերով տարիներ շարունակ քննությունները հետաձգվում են, իսկ առանձին դատավորների մոտ նշանակված ու չկայացած նիստերը 50% և ավելին են»,-արձանագրվել է Դատական խորհրդի հաղորդման մեջ:

Ողջամիտ ժամկետի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը դատական գործերի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի խախտումները բաժանում է երկու մասի՝ օբյեկտիվ, որոնք պայմանավորված են օրենսդրության բացերով և այլ հանգամանքներով, և սուբյեկտիվ՝ կախված դատավորից: Փաստաբանի խոսքով՝ գերակշռում են հիմնականում սուբյեկտիվ պատճառները:

Գ. Գյոզալյանը նշեց, որ հաճախ դատավորների չիմացության կամ ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով է գործերի քննության ժամկետը երկարում: Մասնավորապես, երբեմն դատավորը հստակ գիտի, որ անցնելու է թոշակի կամ տեղափոխվելու է այլ դատարան, ակնհայտորեն դատական նիստեր չի հրավիրում, որպեսզի գործերի քննությունը չավարտվի: Մեկ այլ դեպքում էլ նիստեր են հրավիրում 4-5 ամիսը մեկ անգամ:

Հաջորդը օրենսդրական բացերն ու խութերն են: Փաստաբան Գյոզալյանի ասելով՝ դատարաններն արդեն պատշաճ կիրառում էին Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, սակայն 2018թ. փետրվարին ընդունվեց ամբողջովին նոր օրենսգիրք, որը կիրառման ժամանակ մի շարք դժվարություններ առաջ բերեց՝ ազդելով նաև գործերի ողջամիտ ժամկետում քննության վրա:

Հաճախ ժամանակ է կորում նաև թղթային տարբերակով որոշումներն ուղարկելու, ծանուցագրերը տեղ հասցնելու վրա: Թեև դատարանների հետ գրագրությունը կարող է վարվել նաև էլեկտրոնային փոստի միջոցով, սակայն Գևորգ Գյոզալյանն ասում է, որ դեռևս անհույս է դատարաններից նման բան սպասելը:

«Ինչքան էլ գրություններիս մեջ նշեմ, որ հաղորդակցումը նախընտրում եմ էլեկտրոնային տարբերակով, միևնույն է, ուղարկում են փոստով»,- ասում է փաստաբանը՝ հավելելով, որ դեռևս «mail.ru»-ով պաշտոնական հասցե ունեցող դատարաններից դժվար է ակնկալել էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter