HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն քննարկեց ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած համարվելու ժամկետները

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է կրճատել մարտական գործողությունների հետևանքով անհետ կորած համարվելու ժամկետները:

Առաջարկվում է ամրագրել, որ ռազմական գործողությունների կապակցությամբ անհետ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին:

Հիշեցնենք, որ անհետ կորած համարվող քաղաքացու ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից կարող է հատուցում ստանալ միայն վերջինիս` դատական կարգով անհետ կորած ճանաչվելու պարագայում:

Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Առաջարկվում է կրճատել նաև մահացած ճանաչելու ժամկետը` երկու տարուց դարձնելով մեկ տարի (ռազմական գործողությունները սկսելու պահից):

Նախագիծն ընդունվելու դեպքում հետադարձ ուժ է ստանալու` տարածվելով սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կարևորեց նախագիծը` ընդգծելով, որ անհետ կորած համարվելու ժամկետների կրճատումն էական նշանակություն ունի այդ անձանց իրավական կարգավիճակը հստակեցնելու համար:

«Կոչ եմ անում բոլորին՝ այդ թվում նաև նրանց, ովքեր այստեղ ներկա չեն, գան ու քվեարկեն այս նախագծի օգտին»,- ասաց նա:

Լրացում 18:32

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 80 կողմ ձայնով:

Լուսանկարը` արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter