
Չդադարող սպասումի ամիսներ․ Մանուկյանները փնտրում են իրենց ավագ որդի Արմենակին
24-ամյա Արմենակ Մանուկյանի ծնողները նրա հետ վերջին անգամ զրուցել են սեպտեմբերի 29-ին՝ երեկոյան 23։20-ի սահմաններում։ Նա Հադրութից է զանգել, ծնողներին տեղեկացրել է, որ հասել է տեղ, իսկ այժմ պատրաստվում են գնալ Ջաբրայիլ, ստանալ զինվորական հանդերձանք և սպառազինություն ու բարձրանալ դիրքեր։ Հետագայում տարբեր մարդկանցից իրենց որդուց նորություններ են ստացել, սակայն դրանք նույնպես ինչ-որ պահի դադարել են, և ծնողների խոսքով՝ վերջին երկու ամիսներին Արմենակի մասին ո՛չ լավ և ո՛չ էլ վատ ոչ մի տեղեկություն չունեն։
Արմենակ Մանուկյանը պահեստազորային էր, պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Տավուշի մարզի սահմանապահ զորամասերից մեկում 2014-2016 թվականներին։ Արցախյան վերջին պատերազմում՝ սեպտեմբերի 29-ին ծանուցում ստանալուց հետո, ներկայացել է զինկոմիսարիատ և նույն օրը մեկնել ռազմաճակատ։
Ծնողները, բնականաբար, մեծ անհանգստությամբ են արձագանքել որդու որոշմանը, սակայն ինչպես ասում է նրա հայրը՝ Գարեգին Մանուկյանը, նրան անհնար էր կանգնեցնել։
«Ապրիլյանի մասնակից էր։ Ասում էր՝ գնամ 18 տարեկան զինվորի կողքին կանգնեմ, դուք չեք պատկերացնում, թե ինչ է նշանակում, երբ պատերազմի ժամանակ 18 տարեկանը մենակ է լինում, պետք է օգնող լինի»,- որդու խոսքերը հիշելով՝ պատմում է Գարեգին Մանուկյանը։
Թե՛ պատերազմի օրերին, թե՛ հրադադարի հաստատումից հետո Գարեգին Մանուկյանը մի քանի անգամ եղել է Արցախում՝ այն վայրերում, որտեղ մարտական գործողություններ են ընթացել, փորձել է գտնել իր որդուն։ Նրա խոսքով՝ ժամկետային զինծառայողներին գտնելը շատ ավելի հեշտ է, քանի որ նրանց մասին հստակ ցուցակներ կան, իսկ պահեստազորայինների և կամավորականների ներգրավման գործընթացն անկազմակերպ ձևով է արվել, այդ պատճառով էլ վերջիններիս գտնելն ավելի բարդ է։ Գարեգին Մանուկյանին պատմել են, որ սպաների բացակայության պատճառով իր որդուն նշանակել են հրամանատար։
Հոկտեմբերի սկզբի օրերին Արմենակ Մանուկյանի հարազատներն իրարամերժ տեղեկություններ են ստացել նրանից։ Ջաբրայիլի զորամասի շտաբից, որը տեղափոխվել էր այլ վայր, Գարեգին Մանուկյանն իմացել է, որ սեպտեմբերի 30-ի առավոտյան 53 հոգանոց խումբը, որոնց մեջ եղել է նաև Արմենակը, բարձրացել են Ջաբրայիլի դիրքերից մեկը։
Մանուկյաններն ապրում են Երևանում՝ Էրեբունիում։ Նրանց հարևանը և ընկերը՝ Վահագն Վարելջյանը, նույնպես եղել է Արցախում, Արմենակի հոր հետ փորձել են տեղեկություններ իմանալ նրանից։ Վահագն Վարելջյանը պատմում է, որ տարբեր մարդիկ տեսել են նրան սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին՝ Հադրութի և Ջաբրայիլի միջև գտնվող գյուղերից մեկում, 4-ին կամ 5-ին՝ Ջաբրայիլի զորամասի մոտ, «Արաբո» ջոկատի տղաների հետ, իսկ 6-ին արդեն՝ Իշխանաձորում։ Գարեգին Մանուկյանն էլ հավելում է, որ հոկտեմբերի 2-ին Արմենակին տեսնող է եղել Ջաբրայիլի զորամասում ավտոմատի վրա քնած, իսկ ոտքը՝ վիրակապած։
«Մեկ էլ ասում են, որ իրեն Եղնիկներում են տեսել։ Ջաբրայիլից Եղնիկներ ահագին հեռու է, բայց ինձ ասել են, որ հոկտեմբերի 15-20-ն ընկած հատվածում է եղել։ Տեսնողը եղել է տեղի կամավորական ջոկատի տղաներից մեկը։ Բայց ես հետո Եղնիկների զորամասի շտաբի պետին եմ տեսել, ասել է, որ այդպիսի մարդ չկա։ Չնայած ինձ ասել են նաև, որ շտաբի պետն այդ օրերին կամավորականների մասին ինֆորմացիային չէր կարող տիրապետել, քանի որ ամեն ինչ շատ խառն էր»,- պատմում է Գարեգին Մանուկյանը։
Արմենակ Մանուկյանն ընտանիքի ավագ որդին է, ունի նաև մեկ կրտսեր քույր և եղբայր։ Պատերազմից առաջ Արմենակն աշխատանքի է ընդունվել «Արմենիա» բժշկական կենտրոնի անվտանգությունում։ Սովորելիս է եղել նաև Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում, սակայն բանակից զորացրվելուց հետո կիսատ է թողել ուսումը, չնայած, ինչպես մայրն է ասում, ցանկություն ունի նորից շարունակելու։
«Շատ աշխույժ է, շատ ճարպիկ։ Իրեն ամեն ինչի մեջ գցում է։ Խելացի և աշխատասեր է, նաև հնարամիտ, դրա համար եմ մտածում, որ ինքն իրեն պետք է կարողանար պահել։ Չնայած ասել են, որ լավ կռվել է, հետ գալու նպատակ չի ունեցել, ասել է՝ մինչև վերջ պիտի կռվենք ու հետ գնանք»,- պատմում է Արմենակ Մանուկյանի մայրը՝ Արմինե Վարդանյանը։
Գարեգին Մանուկյանը անհետ կորած այլ զինծառայողների ծնողների հետ մեկ անգամ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ասում է, որ այդպիսի հանդիպումների ընթացքում ծնողներին բավարարող ոչ մի բան ընդհանրապես չի ասվում։
«Երկու ամիս է՝ պատերազմն ավարտվել է, սակայն ոչ մի շարժ չեն անում։ Ինչ էլ որ անում են, Ղարաբաղում են անում, ինչ կա, էնտեղ կա»,- ասում է Արմենակ Մանուկյանի հայրը։
Գարեգին Մանուկյանն արդեն իսկ մի քանի անգամ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներ հետ մասնակցել է որոնողական աշխատանքներին՝ անտառներում, դաշտերում։ Նրա խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը որոնողական յուրաքանչյուր խմբի հետ թույլ է տալիս գնալ նաև երկու ծնողի։
«Այսքան ժամանակ որևէ վատ նորություն չենք լսել։ Մեզ մոտ ծնողներ կան, որոնք համոզված են, որ իրենց երեխան զոհված է, և ուզում են դիակը գտնել։ Իմ էրեխու հետ կապված ո՛չ լավ, ո՛չ վատ ոչինչ չենք լսել։ Իզով-թոզով կորած է»։
Մեր զրույցի օրը՝ դեկտեմբերի 25-ին, Գարեգին Մանուկյանն ասաց, որ այդ գիշեր կրկին պատրաստվում է մեկնել Արցախ՝ իր ավագ որդու՝ Արմենակ Մանուկյանի մասին որևէ նոր տեղեկություն ստանալու, ճշտելու ակնկալիքով։
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանել