HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ուխտաձորցի 8-ամյա Վանիկի հարցերին մայրը չի կարողանում պատասխանել. «պապիկիս ու հորեղբորս գերեզմաններն էլ են քանդե՞լ»

Ուխտաձորցի 8-ամյա Վանիկը գրեթե ամեն օր մորը հարցնում է, թե ինչ են անում իրենց գոմում մնացած կովերը, խոզերն ու հավերը, ինչ վիճակում է կատուն: Վերջերս համացանցում տեսանյութ է տեսել, թե ինչպես են ադրբեջանցիները կոտրում ու պղծում հայկական գերեզմանների շիրմաքարերը, ինչն էլ Վանիկի մոտ վախ ու տագնապ է առաջացրել:

«Ինձ ամեն օր հարցեր է տալիս, որոնց պատասխանները չունեմ: Հարցնում է՝ տեսնես պապիկիս ու հորեղբորս գերեզմաններն էլ են քանդել: Հարցնում է նաև, թե հիմա ով է քշում մեր ավտոմեքենաները, որ մնացել են գյուղում: Շատ-շատ հարցեր է տալիս»,- ասում է Վանիկի մայրը՝ Մարգարիտա Սաֆարյանը:

Տղան լուռ էր: Գրեթե չէր ժպտում, իրեն պահում էր մեծ մարդու նման: 

Վանիկը ծնողների, քրոջ ու տատիկի հետ արդեն 4 օր է՝ ապրում է Էջմիածնի «Մեր տուն» հասարակական-սոցիալական կազմակերպության շենքում, որն ավելի հայտնի է «մանկատուն» անունով: Ընտանիքը գնալու տեղ չունի: Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում գտնվող իրենց տունն այժմ Ադրբեջանի հսկողության տակ է:

Ընտանիքի հայրը՝ Ստեփան Աբալյանը, անկողնում պառկած էր: Նա հոկտեմբերի 17-ին վիրավորվել է Արցախի Տող գյուղի մոտակայքում և տեղափոխվել Երևանի Միքայելյան համալսարանական հիվանդանոց: 50 օր հիվանդանոցում մնալուց հետո դեպտեմբերի 4-ին դուրս է գրվել: Երկու անգամ վիրահատվել է, սակայն դեռ չի կարողանում կանգնել:

Այժմ Ստեփանի վերքերը մշակում և վիրակապում է կինը՝ տիկին Մարգարիտան: Վերջինս մինչև պատերազմի սկսվելն աշխատել է Մեխակավանի (Ջաբրայիլ) հոսպիտալում, որպես բուժքույր:

Դեղորայքը, խնամքի պարագաները գնում է ընտանիքը՝ խնայած գումարով: Գնալով դժվարանում է դեղորայք գնելու հարցը, քանի որ եկամուտ չունեն:

Ստեփանը 12 տարի է, ինչ զինվորական համակարգում է աշխատում: Պատմեց, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան արթնացել է տագնապի շչակի ձայնից:  Նկատել է, որ անօդաչու թռչող սարքերը գնում են իրենց գյուղի ուղղությամբ: 

«Ոտքերս թուլացավ, մտածեցի վերջ՝ գյուղի վրա ա գնում, կխփեն»,- պատմում է Ստեփանը և հավելում, որ այդ ժամանակ ընտանիքն Ուխտաձորում էր: Ստեփանն անմիջապես զանգել է տուն ու զգուշացրել անօդաչուների մասին, հորդորել չվախենալ ու թաքնվել:

«Արդեն երեկոյան զանգեցի գյուղի ընկերներիս, խնդրեցի, որ եթե գյուղը տարհանեն, ընտանիքիս չմոռանան»,- ասում է Ստեփանը և «կուլ տալիս» արցունքները:

Մի պահ լռում է, նորից հավաքում է իրեն ու շարունակում, որ սեպտեմբերի 27-ի գիշերը, երբ իրավիճակը համեմատաբար հանդարտվում է, գնում է տուն և ընտանիքին տեղափոխում Արցախի՝ փոքր-ինչ ավելի ապահով գյուղ: Սակայն, պատերազմը թեժանում է, ու ընտանիքն օրեր անց տեղափոխվում է Հայաստան: Ստեփանը, մինչև վիրավորվելը, մնում է Արցախում:

Նշեց, թե արդեն 3-րդ պատերազմն է տեսնում: 1992թ.-ին 12 տարեկան է եղել, սակայն հիշում է ամեն ինչ: Այդ տարի ռազմի դաշտում կորցրել է հարազատ եղբորը՝ 24-ամյա Վրեժին, իսկ հայրը՝ վիրավորվել է: Այնուհետև տեսել է 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմն ու այս տարվա ադրբեջանցիների վայրագությունները:

Զինվորականի խոսքերով՝ այս պատերազմը ոչ մի բանով նման չէր նախկինում տեսած երկու պատերազմներին: Սա անբացատրելի էր, դաժան ու ահարկու:

«Մերոնք լավ էին սկսել, պիտի հաղթեինք այս կռիվը, բայց չգիտեմ՝ ինչը խանգարեց: Երևի ԱԹՍ-ները խանգարեցին, շատ-շատ էին»,- ասում է Ստեփանը: Նա անընդհատ կրկնում էր, որ «պիտի հաղթեինք»:

Այնուհետև Ստեփանը զրույցը տարավ դեպի հարազատ գյուղ: Պատմեց, որ Ուխտաձորում մեծ տուն ունեին, ոչ մի բանի կարիք չունեին և հանգիստ, համերաշխ ապրում էին: Բացի այն, որ Ստեփանն աշխատել է, ընտանիքը զբաղվել է նաև հողագործությամբ: Ընտանի կենդանիներ են պահել:

Գյուղից դուրս գալուց ոչինչ չեն հասցրել վերցնել, նույնիսկ անձնագրերը թողել են տանը:

«Հենց հիմա, եթե մեր հողերը հետ տան, ես այս վիճակով հետ կգնամ: Ես զինծառայող եմ, եթե չզորացրեն, պատրաստ եմ գնալ իմ ծառայությունը շարունակել: Մենք՝ ղարաբաղցիներս, պարտավոր ենք գնանք մեր եղածը պահպանենք: Ամեն ղարաբաղցի պիտի այդ մասին մտածի, այլ տարբերակ չունենք»,- նշում է Ստեփանը և հավելում, որ եթե Ստեփանակերտում ընտանիքին տրամադրեն ապահով կացարան, դարձյալ կվերադառնան Արցախ, ինքն էլ կշարունակի զինվորական ծառայությունը:

«Եթե մեզ տնով չապահովեն, ընտանիքիս պիտի թողնեմ Հայաստան, ես մենակ վերադառնամ Արցախ, իմ գործը շարունակեմ»,- նշում է Ստեփան Աբալյանը:

Ընտանիքի չափահաս անդամները նշում էին, թե Հայաստանում իրենց ապահով են զգում, մարդիկ լավ են վերաբերում, սակայն միևնույն է, այստեղ «հյուր» են և իրենց ավելի լավ կզգան Արցախում:

«Ճիշտն ասած՝ հլը գիտեմ՝ հյուր եմ, եկել եմ, պիտի գնամ: Տարին 2 անգամ գալիս էի Երևան դասերի: Հիմա էլ ինձ թվում ա՝ եկել եմ դասերի, մի 2-3 օրից պիտի վերադառնամ: Շատ դժվար ա, բառերով չեմ կարող ասել»,- նշում է Ստեփանը:

Ասում է՝ Արցախի հետ կապված մտածելու շատ բան ունեն. «Սաղ մտածմունք ա էլի: Գերեզմաններն այնտեղ ենք թողել, դա արդեն հերիք ա: Տեսե՞լ եք քարերն ինչ են անում: Դրանք վատ ազգ են»:

Ստեփանի կինը՝ Մարգարիտան, ևս կարոտել է իր գյուղը: Աչքերը փայլում էին, երբ խոսում էր տան մասին:

«Ընդհանրապես չէինք սպասում, որ ամեն ինչ կթողնենք ու կգնանք: Մտածում էի՝ 2-3 օր է, պատերազմը կավարտվի, հետ կգանք մեր տուն: Ում մտքով կանցներ, որ էլ տուն չենք ունենալու»,- նշում է Մարգարիտան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter