
82 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ավիատոր Դմիտրի Աթբաշյանը
Այսօր՝ 82 տարեկան հասակում, կյանքից հեռացել է անվանի ավիատոր Դմիտրի Աթբաշյանը, ով 1971-1987 թթ. եւ 1992 թ. ղեկավարել է քաղավիացիայի հայկական վարչությունը: Աթբաշյանի օրոք հայկական քաղավիացիան կտրուկ վերելք ապրեց, ստեղծվեցին նոր ենթակառուցվածքներ, այդ թվում՝ օդանավակայաններ Հայաստանի ամբողջ տարածքում, վերակառուցվեցին հները:
2010-2015 թթ. Աթբաշյանը եղել է նաեւ ԼՂՀ քաղավիացիայի վարչության պետը: Նրա անմիջական ղեկավարությամբ է վերակառուցվել Ստեփանակերտի օդանավակայանը:
Ստորեւ ներկայացնում ենք հայտնի ավիատորի կենսագրությունը:
Ծնվել է 1938 թ. Սուխում քաղաքում: 1958-ին ավարտել է Սասովոյի թռիչքային ուսումնարանը, մասնագիտությունը՝ ինքնաթիռի օդաչու, 1971-ին էլ ավարտել է Կիեւի քաղավիացիայի ինժեներների ինստիտուտը, մասնագիտությունը՝ ինքնաթիռների եւ շարժիչների շահագործման ինժեներ:
Մինչեւ 1971 թ. աշխատել է Մագադանի մարզում, Չուկոտկայում՝ անցնելով շարքային օդաչուից մինչեւ ավիացիոն ջոկատի հրամանատար ճանապարհը:
1971-1987 եւ 1992 թթ. եղել է քաղավիացիայի հայկական վարչության պետը: Նրա ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ նախագծվել, կառուցվել կամ ամբողջովին վերակառուցվել է 13 օդանավակայան («Զվարթնոց», «Էրեբունի», «Շիրակ» եւ այլն), ստեղծվել է նյութատեխնիկական բազա, որի հիմքի վրա սկսվել է «Յակ-40», «Տու-134», «Տու-154», «Իլ-86» ինքնաթիռների եւ «Մի-8» ուղղաթիռների շահագործումը, վերակառուցվել է Հայաստանի օդային տարածքը, ստեղծվել է տեղական օդային գծերի ցանց, ներդրվել են աերոնավիգացիայի, թռիչքների կառավարման եւ վերահսկման ավտոմատացված ժամանակակից համակարգեր, համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծվել է ուսումնական բազա թռիչքային եւ ինժեներատեխնիկական պրոֆեսիոնալ անձնակազմ պատրաստելու համար, կազմակերպվել է ԽՍՀՄ քաղավիացիայի վերանորոգման-շինարարության խոշորագույն տրեստը՝ «Արմավիառեմստրոյը», ազգային կադրերով են համալրվել քաղավիացիայի բոլոր ծառայություններն ու ավիաձեռնարկությունները:
Աթբաշյանի օրոք հայկական քաղավիացիան առաջատար դիրքեր էր զբաղեցնում ԽՍՀՄ-ում իր տնտեսական եւ առեւտրային արդյունավետությամբ, թռիչքների հաճախականության եւ անվտանգության ապահովման մակարդակով:
1992 թ. Աթբաշյանի կողմից կազմակերպվել եւ ղեկավարվել է Հայաստանում առաջին կոմերցիոն ավիաընկերությունը՝ «Երեւան-Ավիա» ԲԲԸ-ն, որն առաջին անգամ մեր երկրում շահագործել է «Իլ-76» տիպի օդանավեր:
1995 թ. Դ. Աթբաշյանն աշխատանքի է հրավիրվել Ուկրաինա, որտեղ աշխատել է մինչեւ 1998 թ.: Այստեղ նա մշակել է Ղրիմի նախկին ռազմական աերոդրոմները քաղաքացիականի փոխակերպելու ծրագիրը, որն ընդունվել է ուկրաինական իշխանությունների կողմից:
2009-2010 թթ. եղել է ԼՂՀ վարչապետի խորհրդականը, իսկ 2010-2015 թթ. ԼՂՀ ԿԱ քաղավիացիայի վարչության պետը:
Դմիտրի Աթբաշյանը ԽՍՀՄ վաստակավոր օդաչու էր, Ավիացիայում եւ տիեզերագնացության մեջ մարդու խնդիրների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, ԽՍՀՄ «Աէրոֆլոտի» գերազանցիկ, ՀԽՍՀ տրանսպորտի վաստակավոր աշխատող, պարգեւատրվել է ԽՍՀՄ մի շարք շքանշաններով ու մեդալներով:
Ամուսնացած էր, ուներ 2 դուստր:
«Հետքը» 2016-2017 թթ. հրապարակել է Դ. Աթբաշյանի անտիպ գիրքը «Ավիացիան Հայաստանում» պայմանական վերնագրով (ռուսերեն), իսկ 2018-ին հրապարակվել է «Ավիացիան Ղարաբաղում» պայմանական անվանումով անտիպ գիրքը (ռուսերեն):
Կյանքից հեռացել է նաեւ վաստակավոր ավիատոր Գարուշ Նիկողոսյանը
Իր հերթին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտնել է, որ կյանքից հեռացել է կոմիտեի աշխատակից, նախկին օդաչու եւ վաստակավոր ավիատոր Գարուշ Ստեփանի Նիկողոսյանը։ ՔԱԿ-ի տեղեկացմամբ՝ Նիկողոսյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել էր 1961 թվականից՝ որպես օդաչու, անձնակազմի հրամանատար։ Երկար տարիներ զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում, ինչպես նաեւ ՔԱԿ-ում։
«Գարուշ Նիկողոսյանն օժտված էր բարձր պրոֆեսիոնալիզմով, եռանդուն էր, ջանասեր եւ նվիրված իր գործին։ Նա ունեցել է իր անուրանալի ներդրումը քաղաքացիական ավիացիայում եւ արժանացել է մի շարք պարգեւների»,- հայտնել է քաղավիացիայի կոմիտեն։
Մեկնաբանել