HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Իմ թոռն ինձ վախեցած չպիտի ցույց տա, թե՝ տատի, տե´ս, թուրքը գնում ա ընդեղից»

Հայկը 9 տարեկան է: Ասում է, որ չի ուզում Ղարաբաղ վերադառնալ (նկատի ունի Հադրութի շրջանի Ջրակուս գյուղը), սակայն Ստեփանակերտում կապրի: Նրանց տունն այնտեղ է: Ասում է, որ տունը շատ է սիրում, կարոտել է ընկերներին, բայց չի ուզում վերադառնալ: Տղայի ականջների մեջ դեռ լսվում են սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պայթյունի ձայները:

Ընտանիքը Արցախը պարտադրված լքել է հոկտեմբերի 1-ին: Երեխայի մայրը՝ Զարուհի Մուրադյանը, պատմեց, որ տնից կարողացել են միայն որոշ փաստաթղթեր վերցնել ու դատարկ դուրս գալ, հասել են Ստեփանակերտ, այնտեղից էլ տեղափոխվել Հայաստան:

Զարուհին 47 տարեկան է: Ունի 10 երեխա, 15 թոռ: Տղաներից մեկը երկու ամսվա զինծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը: Նա ծանր վիրավորվել է և բուժում է ստանում Երևանում: Մեկ անգամ վիրահատվել է, դեռ երկու վիրահատություն էլ պետք է իրականացվի: 

«Ես չեմ պատրաստվում գնամ թուրքերի հետ նույն գյուղում ապրեմ: Մեր գյուղից Ֆիզուլի ընդամենը 9 կմ է, ես ո՞նց ապրեմ: Իմ երեխեն հաշմանդամ է արդեն դարձել, փայտով պիտի քայլի, ես ո՞նց գնամ դրանց հետ ապրեմ, իբր ոչինչ չի եղել: Այդքան արյուն, ժողովուրդ ենք կորցրել, մեր ջահել՝ 18-20 տարեկան էրեխեքին հողը դնենք ու իրենց հետ ապրե՞նք: Սա ճիշտ չի, նման բան չի լինի»,- ասում է տիկին Զարուհին` հավելելով, որ եթե տնով ապահովեն Ստեփանակերտում` կապրի:

Նշում է, թե ծանոթ են թուրքերի հոգեբանությանը: Կարծում է, որ խաղաղությունը երկար չի տևելու և օրերից մի օր դարձյալ «անհամություն» են անելու: Նրա անչափահաս երեխաները նույնպես վախեցած են, չեն ուզում տուն գնալ, քանի որ լսել են կրակոցի, պայթյունի ձայները:

«Պատերազմը կիսատ ենք թողել, պիտի մինչև վերջ տանենք: Մեկ ա, նրանք  երկար չեն համբերելու, 1 տարի հետո լինի, թե 2 տարի հետո, մեկ ա, նորից կռիվը լինելու ա: Սա խաբուսիկ բան ա: Ադրբեջանը քանի՞ անգամ ա զինադադարը խախտել, ի՞նչ երաշխիք կա, որ հիմա էլ չի խախտի: Նրանց հետ անհնար ա նույն տարածքում ապրել: Դա լինելու բան չի»,- ասում է 10 երեխաների մայրը:

Այս վիճակի համար ոչ մեկին չի մեղադրում, սակայն պետք էլ չէ համակերպվել: Նշում է, որ 4 տղայի մայր է և համաձայն է, որ իր չափահաս տղաները նորից գնան պատերազմ, միայն թե կորցրած հողերը հետ բերեն:

«Ես մայր եմ, բոլորիս սրտին էլ ցավ ա: Չկա մի տուն, որտեղ ճրագ մարած չլինի, բայց այս հարցը պիտի լուծվի, մեր հողերը պիտի հետ վերցնենք: 15 թոռ ունեմ, իմ թոռն ինձ վախեցած չպիտի ցույց տա, թե՝ տատի, տե´ս, թուրքը գնում ա ընդեղից»,- ասում է Զարուհի Մուրադյանը: 

Տիկինը պատմեց, որ Երդվյալ ազատամարտիկների միության անդամ է: Ղարաբաղյան առաջին պատերազմին ինքը մասնակցել է: Պատմեց, որ 90-ականների պատերազմն այլ էր և էականորեն տարբերվում էր այս պատերազմից:

Զարուհի Մուրադյանի կարծիքով՝ իսկական ցեղասպանությունը այս պատերազմի ժամանակ է եղել, երբ հայերի դեմ կիրառել են ցանկացած միջոց, այդ թվում` արգելված զենքեր:

«Ղարաբաղի առաջին պատերազմը պոստերում էր, սահման կար, բայց սա լրիվ ուրիշ էր: Ռմբակոծեցին խաղաղ ժողովրդին, իրենց ձեռքն ընկած էրեխեքին մորթեցին: Նման բաներ 90-ականներին չեմ տեսել: Ես չեմ հավատացել, որ նման պատերազմ կլինի: Թուրքիան ի՞նչ գործ ունի մեր հողում, իրենց զինվորը ինչի պիտի մտներ մեր տուն: Մեկ ա հաղթանակը մերն ա լինելու, ես վստահ եմ դրանում: Թող 2020-ին չլինի, 2021-ին լինի, 2022-ին լինի, բայց չպիտի այդքան ձգենք»,- կարծում է Զարուհի Մուրադյանը:

Նա չի շտապում վերադառնալ Արցախ: Եթե ամեն ինչ կարգավորվի, հանդարտվի, կգնա Ստեփանակերտ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter