
Լիլիթի որդին դպրոց չի գնացել. երեխան հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ չի ունեցել (վիդեո)
Լիլիթ Սարգսյանի 7-ամյա որդին այս տարի դպրոց չի գնացել, որովհետև մայրը չի կարողացել հոգալ դպրոցականի համար ամենաանհրաժեշտ ու ամենատարրական կարիքները: Երեխան հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ չի ունեցել, և Լիլիթը ստիպված է եղել նրան տանը պահել' ավելորդ ծախսերից խուսափելու համար:
Լիլիթը միայնակ մայր է համարվում, համապատասխան փաստաթղթեր էլ ունի, երկու երեխա է մեծացնում, երրորդին էլ սպասում է, բայց միշտ չէ, որ նրանց կարիքները կարողանում է հոգալ: Ամուսինը հիվանդ է, երբեմն գալիս է երեխաների մոտ, հետո օրերով բացակայում է:
Լիլիթի խնամակալության տակ է նաև նրա 16-ամյա քույրը, ում հետ էլ ապրում է Լիլիթն ու իր երեխաները: Մայրը Արցախյան պատրեազմի մասնակից է եղել, և քաղաքի ծայրամասում' Չարբախի հանրակացարանի սենյակը նրան են հատկացրել, մայրն էլ կտակել է կրտսեր դստերը:
Այս ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը 30 հազար դրամ նպաստն է եղել, որից էլ արդեն 7 ամիս է զրկել են: Լիլիթը մարտին «Կենտրոն» կանաչապատման գրասենյակում աշխատանքի է ընդունվել, ծաղիկներ խնամել, տարածքը մաքրել: «Փարոսում» այդ մասին իմացել են ու կտրել նպաստը: Երբ աշխատանքից ազատվել է և ուզեցել է կրկին վերականգնել այն, Լիլիթին ասել են, որ պետք է ամուսնուն գրանցի այդ սենյակում, եթե ոչ' նպաստ չի ստանա: Սակայն Լիլիթն ասում է, որ ամուսինը գրանցված է իր տատի տանը, և ժառանգությամբ քրոջը տրված բանակարանում նրան գրանցել չի ուզում: Քույրը հնարավոր է ընտանիք կազմի և այստեղ բնակվի:
Լիլիթի տան պայմանները շատ համեստ են: Համեստը' մեղմ է ասված: Առավոտյան պատուհաններին սառույց է կապում, ջուրը նախկինում դրսի ծորակից էին բերում, հետո հարևանն իր համար ջրագիծ է անցկացրել, մի ծորակ էլ տվել է Լիլիթին: Էլեկտրաէներգիայի պարտքերը սովորական են դարձել: Երբ լույսն անջատում են, միակ հույսը էլեկտրիկի մեծահոգությունն է, և նրան են խնդրում լույսը միացնել մինչև կարողանան մի տեղից գումար գտնել և փակել գոյացած պարտքը: Փայտե վառարանի համար դրսից հավաքում են վառվելու պիտանի ինչ պատահի' հին կոշիկներ, ցախ, հագուստ կամ խանութներից արկղեր են բերում:
Կրթությունից դուրս մնացած երեխաներ հանրակացարանի այս շենքում շատ կան: Հարևան մուտքում 7-ամյա Մոնիկան ևս առաջին դասարան չի գնացել: Շենքի բնակիրչները ցույց են տալիս 7-րդ հարկում բնակվող մեկ ուրիշ ընտանիքի, ում 4 երեխաներն էլ դպրոցահասական են, բայց չեն հաճախում, որովհետև միակ աշխատող հայրը հասցնում է հոգալ ընտանիքի գոյատևման համար ամենանհրաժեշտը' հացի խնդիրը, բայց նրանք նկարահանվել չեն ուզում, հույս չունեն, որ որևէ բան կփոխվի:
Մինչդեռ փետրվարի 11-ին կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած նախարարին կից կոլեգիայի 2012 թվականի առաջին նիստին, որը վարել է անձամբ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ դպրոց չհաճախող երեխաների թիվը ճշտելու նպատակով քաղաքապետարանի, վարչական շրջանների և ոստիկանության համապատասխան բաժինների կողմից կատարվել է ուսումնասիրություն' մայրաքաղաքում հաշվառվել է դպրոց չհաճախող 10 երեխա, սակայն արդյունքը վերջնական չէ, աշխատանքները շարունակվում են:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել