
Արա Ղազարյան. «Ադրբեջանցիները նպատակ են ունեցել ցույց տալ, որ իրենք նվաստացնում են մեր քաղաքացուն»
Գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսանյութը հրապարակելով՝ ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդել ոչ թե տեղեկատվություն տարածել, այլ ցույց տալ զինված հակամարտության մյուս կողմին, թե ինչպես է նվաստացվում նրանց զինծառայողը, և դա մտնում է Ադրբեջանի իշխանությունների հայատյացության ընդհանուր քաղաքականության մեջ: «Հետքի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը:
Հիշեցնենք` օգոստոսի 23-ի երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է, իրականացվում են որոնողական աշխատանքներ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայ սպան մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում, որտեղ էլ և գերեվարվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մոլորված հայ սպային ներկայացրել է որպես դիվերսանտ, իսկ այդ մասին տարածված տեսանյութի մեջ Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ ցուցաբերվում է նվաստացուցիչ վերաբերմունք:
Ի տարբերություն Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի հանդիսացող քաղաքացիական անձանց, Գուրգեն Ալավերդյանը զինծառայող է, և տվյալ դեպքում, ըստ Արա Ղազարյանի, գործընթացների համատեքստը որոշակիորեն փոխվում է, չնայած դա չի նշանակում, որ մարդու հիմնարար իրավունքները չպետք է հարգվեն:
«Տեսանյութի վերաբերյալ մեծ վերապահումներ կան: Եթե այն նույնիսկ հրապարակվում է Ադրբեջանի ժողովրդին տեղեկատվություն տրամադրելու նպատակով, պետք է խիստ սահմանափակումներ կիրառել, մասնավորապես՝ դեմքը շղարշել, բովանդակության մեծ մասը փակել: Պետք է այնպես ներկայացնել, որ չերևա, թե անձը խոցելի վիճակում է գտնվում կամ նվաստացված է, իսկ տվյալ դեպքում նրանք ամբողջ տեսանյութը հրապարակել են, կողքից հայհոյանքներ են հնչում, այսինքն՝ նպատակը ամենևին էլ տեղեկատվություն տարածելը չի եղել»,- ասում է Արա Ղազարյանը:
Փաստաբանի խոսքով՝ այս հարցը կարգավորվում է նաև ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան կոնվենցիայով: Եթե անձը ունի գերու կարգավիճակ, չի նշանակում, որ իրականացվելիք քրեական դատավարության ընթացքում նրա վրա չպետք է տարածվեն դատավորի, փաստաբան ունենալու իրավունքները, իրավական պաշտպանության միջոցները: Արա Ղազարյանը շեշտում է, որ գերիների նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի մարդասիրական սկզբունքներով:
Հարցին, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ միջոցներ կարող է ձեռնարկել տվյալ իրավիճակում, Արա Ղազարյանը պատասխանեց, որ դեռևս կարող են օգտագործվել քաղաքական լծակները:
«Ինչ վերաբերում է իրավական գործընթացներին, ապա պետք է դեռ որոշ ճշգրտումներ անել, որոշել՝ գործընթաց պե՞տք է սկսել, թե՞ ոչ, և եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով»,- նշեց փաստաբանը:
Նշենք, որ Արա Ղազարյանը տարիներ շարունակում զբաղվում է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիների իրավահաջորդների շահերի պաշտպանությամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Նա ասաց, որ եթե Գուրգեն Ալավերդյանի հարազատներն այդ հարցով դիմեն իրենց, ապա այս գործով ևս մեծ սիրով կզբաղվեն:
Հավելենք՝ օգոստոսի 26-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հեռախոսազրույցում ահազանգել էր Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումների մասին:
Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն էլ հանդիպել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ և քննարկել Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր: ԿԽՄԿ գրասենյակի ղեկավարը հավաստիացրել էր, որ կոմիտեն իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Գուրգեն Ալավերդյանի կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:
Հայտարարությամբ հանդես էր եկել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ դիմել է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին՝ արձանագրելով Գուրգեն Ալավերդյանի իրավունքների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները:
Մեկնաբանել