
«Ջավախքում թուրքական գործոնն արդեն առկա է»
Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող, «Ա-ինֆո» գործակալության տնօրեն Արտակ Գաբրիելյանը այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց, որ «Ջավախքում թուրքական գործոնն արդեն առկա է»: Արտակ Գաբրիելյանի խոսքով' վերջին շրջանում ճանապարհաշինությամբ, Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությամբ պայմանավորված' տարածաշրջանում զգալի թվով թուրքեր են հայտնվել: Խորհրդի համակարգողը կարծում է, որ թուրքական վտանգին դիմակայելու ճանապարհը Սամցխե-Ջավախքի ինքանվարությունն է:
Վրաստանի Դաշնային կազմում Ջավախքի ինքնավարացման անհրաժեշտությունը Արտակ Գաբրիելյանը ներկայացրել է մարտի 5-16-ը Եվրոպայում անցկացրած հանդիպումների ժամանակ: Արտակ Գաբրիելյանը Եվրախորհրդարանի ավելի քան 10 անդամների է հանդիպել, հիմնականում' Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Եվրոնեստի Խրհրդարանական վեհաժողովի անդամների, Վրաստնաի և Կարավային Կովկասի զեկուցաբերների:
«Ես փորձում էի Եվրախորհրդարանի պատգամավորներին համոզել, որ եթե Վրաստանը ուզում է համոզիչ օրինակ դրսևորել Աբխազիայի և Օսիայի վերաբերյալ, ապա կարող է դա ապացուցել Ջավախքի առումով, և Ջավախքին տրվի ինքնավարություն»,- ասաց Ա. Գաբրիելյանը:
Արտակ Գաբրիելյանը լրագրողներին պատմեց, որ իր հանդիպումների ժամանակ ներկայացրել է Սամցխե-Ջավախքի հայության խնդիրները և նրանց պահանջները, այն է' Սամցխե-Ջավախքին տալ ինքնավար տարածքային միավորի կարգավիճակ, հայոց լեզվին' տարաշածրջանային լեզվի կարգավիճակ, վերջ տալ երկրամասի ժողովրդագրական պատկերը փոխելու ճիգերին, տեղական և պետական կառույցներում բարելավել հայերի ներկայացվածությունը, մշակել սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր:
«Կարծում ենք, որ ինքնավարության տրամադրմամբ նաև մենք պետք է կարողանանք որոշակի լուծել այդ խնդիրը, որովհետև կկարողանանք դեմն առնել թուրքական տնտեսական ներդրումային ծրագրերին: Այսօր Ջավախքում սոցիալ-տնտեսական վիճակը ծայաստիճան վատացել է, և Թուրքիան էլ, որպես հզոր պետություն, կկարողանա շատ շուտ տիրանալ Ջավախքի սոցիալ-տնտեսական վիճակին, իսկ դա կնպաստի արտագաղթին»,- ասաց Ա. Գաբրիելյանը:
Ըստ բանախոսի' պատգամավորները հիմնականում հետաքրքրված էին մարդու իրավունքների խախտման դեպքերով և հայոց լեզվին' որպես տարածաշրջանային լեզու կիրառելում: Նրանց համար անհասկանալի է եղել, թե ինչու մինչ այժմ այդ հարցերի մասին չի բարձրաձայնվել ու չի խոսվել: «Իմ կողմից մի քանի տարբերակներով նշվել է, որ նախ Եվրոպա այցելությունը բավականին դժվար է, վիզայի խնդիրներ կային, այնուհետև ժամանակ չի եղել: Մենք փորձել ենք այսքան ժամանակ կապի դուրս գալ Վրաստանի իշխանությունների հետ' հաշվի առնելով, որ հարցերը և խնդիրները վերջին հաշվով պետք է լուծեն Վրաստանի իշխանությունները»,- նշեց Արտակ Գաբրիելյանը:
Արտակ Գաբրիելյանը հավելեց, որ մանրամասնորեն ներկայացրել է մարդու իրավունքների վիճակը Ջավախքում: «Հետքի» հարցին, թե արդյոք Վահագն Չախալյանի դեպքին էլ են անդրադարձել, Ա. Գաբրիելյանը պատասխանեց, որ չեն անձնավորել որևէ մեկին, այլ խնդիրները ընդհանուր համատեքստում են քննարկվել` խոսելով ընդհանուր երևույթի մասին:
Պատգամավորները և պաշտոնյաները խոստացել են, որ կաջակցեն հիմնականում մի քանի ուղղություններով. նախ ԵԽ-ի կողմից տրամադրվելիք գումարների մի մասը ուղղորդվի Ջավախք, այնուհետև' նրանք կարևորել են լեզվի կարգավիճակի հարցը: Բանախոսը նշեց, որ Վրաստանը հսկայական գումարներ է ստանում դրսից, սակայն դրանք հիմանականում ծախսվում են Թբիլիսիում կամ Վրաստանի այլ շրջաններում: Արտակ Գաբրիելյանը չկարողացավ մի օրինակ հիշել, երբ այդ գումարներից Ջավախք ներդրում կատարած լինեին, ասենք, գյուղատնտնեսական որևէ ծրագրի համար:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել