
ԱԺ խմբակցությունների դիրքորոշումները` մայիսի 8-ին տեղի ունեցած ծեծկռուտքի վերաբերյալ
Մայիսի 8-ին խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ակնկալում է քաղաքական հետևանքներ ու գնահատական: Այս մասին ասաց ԼՀԿ ղեկավարը ԱԺ ճեպազրույցների ժամանակ:
«Վարչապետն իր ելույթով, ըստ էության, լեգիտիմացրեց բռնությունը և ընդհակառակը` սկսվեց մի արշավ, որը միտված է բռնության զոհին դարձնել բռնություն կատարող կամ հիմնական մեղավոր: Եվ այդ արշավն այսօր էլ չի կանգնել մեծ թափ է հավաքում»,- ասաց Մարուքյանը:
Ըստ նրա` չի կարող այլընտրանքային ընդդիմադիր խոսքն ընկալվել որպես սադրանք, և վարչապետն այդ խոսքերով արդարացնում է բռնությունը:
«Դա ալիքաձև ազդելու է Հայաստանի բոլոր պրոցեսների վրա, սա մի մեծ պրոցեսի սկիզբ է, բայց դրանով իշխանությունը դրեց իր վերջի սկիզբը: Իշխանությունը, որը արդարացնում է բռնությունը, չի կարող ապագա ունենալ»,- ասաց նա:
Մարուքյանի համոզմամբ` վարչապետ Փաշինյանը պիտի դատապարտեր բռնություն կիրառողներին, մեջքից խփողներին, սպառնալիքներ հնչեցնողներին:
«Ես տեսա արդեն ազատամարտիկներ են էս թեմային խառնվում. մտովի հետ եմ գնում 2008-2009 թվականներ ու հիշում, երբ այցելում էի քրեակատարողական հիմնարկ Սասուն Միքայելյանին, այդ ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի կողքին էին, էսօր նրանք ինձ են դատապարտում»,- ասաց Մարուքյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն, անդրադառնալով այդ միջադեպին հիշեցրեց, որ ԲՀԿ-ն դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել` ընդգծելով, որ այն չի տեղավորվում պառլամենտարիզմի ու ժողովրդավարության տրամաբանության մեջ:
«Մենք կոչ ենք արել մեր գործընկերներին թողնել էս ամեն ինչը և վերադառնալ կառուցողական դաշտ, որովհետև հատկապես համավարակի այս պայմաններում երկրի առաջ բազմաթիվ խնդիրներ են ծառացած, որոնք հրատապ լուծման կարիք ունեն»,- ասաց նա:
Հարցին, թե, ըստ երկրորդ խորհրդարանական ուժի, ով է կատարվածում մեղավոր, Իվետա Տոնոյանն արձագանքեց` չեն պատրաստվում իրավապաշտպանի կամ փաստաբանի դեր ստանձնել, թող իրավապահները կատարվածին իրավական գնահատական տան:
Ինչ վերաբերում է «Իմ քայլի»` երկուստեք մանդատները վայր դնելու առաջարկին, Տոնոյանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշելու իր քաղաքական գործունեության ընթացքի տրամաբանությունը:
«Շատ լուրջ խնդիրներ կան, մենք խորհրդարանական ծեծուջարդի վերլուծությամբ ենք զբաղված… Մեր դատապարտումը հենց գնահատական է եղել, ասել ենք, որ բռունցքները ցույց տալու վայրը խորհրդարանը չէ»,- այսպես արձագանքեց ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը այն հարցին, թե ԲՀԿ-ն կատարվածին գնահատական չի տվել:
Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էլ վստահեցնում է` կատարվածը խմբակցության ղեկավարի և վարչապետի շուրթերով դատապարտել են:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ «Իմ քայլը» խմբակցությունը պարբերաբար մեղադրում է «Լուսավոր Հայաստանին» «նախկինների» հետ համագործակցելու համար, արդյոք կա՞ն նման փաստեր, Ռուբինյանն արձագանքեց.
«Կա քաղաքական համատեքստ, այդ համատեքստը ծնունդ է առել այս գումարման խորհրդարանի ձևավորման առաջին իսկ օրից, և այդ համատեքստն է` ստեղծել տպավորություն, որ այս խորհրդարանը պրոֆեսիոնալ չէ, անլուրջ է, որ պատգամավորները չեն տարբերվում նախկին խորհրդարանների պատգամավորներից, նրանք բռնությանը կողմ են, և շատ տրամաբանական է, թե ում էր ձեռնտու այս մտայնությունը ստեղծել` նախկին իշխանություններին, որոնք չէին անցել խորհրդարան»,- ասաց Ռուբինյանը: Նրա խոսքով` վերջին շրջանում Էդմոն Մարուքյանը կամա թե ակամա գտնվում էր այս համատեքստում:
«Մեր խմբակցությունն առավել քան հստակ դատապարտել է բռնությունը, հայտնել իր դիրքորոշումը. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն էլ տարօրինակ լայվի միջոցով է արտահայտել իր դիրքորոշումը կյանքի և քաղաքականության վերաբերյալ: Կարծում եմ՝ հանրությունն իր գնահատականը կտա»,- ասաց նա:
Տեղեկացնենք, որ Գլխավոր դատախազությունը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսանյութերն ու ԶԼՄ հրապարակումները ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում, ընթացքի վերաբերյալ լրացուցիչ կհայտնեն:
Մեկնաբանել