HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Պապյանի մուտքը Վրաստան ևս արգելված է․ «Վրացիք ինչի՞ց են ենթադրել, որ Վրաստան մուտքը ինձ ինչ-որ բանի համար պետք է»

2000 – 2006թթ․ Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, այնուհետև «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր նախագահ Արա Պապյանի մուտքը Վրաստան արգելված է։ Այդ մասին նա իմացել է երեկ։ Արգելքի մասին «Հետքի» հարցերին պատասխանել է Արա Պապյանը։

Պրն. Պապյան, որքա՞ն ժամանակ է՝ արգելված է Ձեր մուտքը Վրաստան։

Ես չգիտեմ՝ որքան ժամանակ է արգելված։ Ես իմացել եմ, երբ ինձ Միգրացիոն ծառայությունից են զանգահարել, ես իրենց միջոցով եմ իմացել երեկ։ Զանգել են, գնացել եմ հանդիպման, հարցրել եմ՝ ինչքան ժամանակ է իմ մուտքն արգելված, իրենք ասել են՝ չգիտեն, հստակ պատասխան չտվեցին։

Միգրացիոն ծառայությունը որտեղի՞ց է իմացել՝ ինչ-որ ցուցակ են ստացե՞լ Վրաստանից։

Ենթադրում եմ, որ իրենք ինչ-որ ցուցակ ունեն։

Չե՞ն ասել պատճառները, թե ինչու են արգելել Ձեր մուտքը։  

Պատճառների մասին հարցրի, էլի չգիտեին։

Վերջին անգամ ե՞րբ եք այցելել Վրաստան։

Վերջին անգամ Վրաստան 7 տարի առաջ եմ գնացել։ Դրանից հետո երբ է արգելափակվել՝ չգիտեմ, դա եղել է տարիներ առաջ, թե օրեր առաջ՝ չեմ կարող ասել։

Սոցիալական ցանցում գրել եք, որ Վրաստանի մասին գիտական հոդվածներ՝ փաստեր և փաստաթղթեր եք հրապարակել։ Ի՞նչ բովանդակություն ունեն դրանք, որ կարող էին Վրաստանի իշխանությունների զայրույթն առաջացնել։

Ես ընդհանրապես Վրաստանով չեմ զբաղվում, զբաղվում եմ միջազգային հարաբերություններով և միջազգային իրավունքով։ Երեք հոդված կա, որ ինչ-որ ձևով առնչվում է Վրաստանին, գուցե դա է պատճառ հանդիսացել։

Մեկն այն է, որ ես, քանի որ հաճախ եմ գրում պետությունների սահմանների առաջացման իրավական հիմքերի մասին, մի փաստաթուղթ եմ հրապարակել և գրել, որ Հայաստանի և Վրաստանի սահմանը որոշվել է Վրաստանի կոմունիստական կուսակցության մի որոշմամբ։ Դա հենց 1921 թվականի որոշումն է․ ոնց որ Ղարաբաղում է եղել, նույնն էլ եղել է էդ հատվածում։ Իմ հոդվածները ոչ թե քաղաքագիտական վերլուծություններ են, որ կարող էին իրենց դուրը գալ կամ չգալ, ուղղակի տարբեր պատմական փաստերի հրապարակումն էր։

Երկրորդ հոդվածն այն մասին էր, որ Վրաստանը ստորագրել է ազգային փոքրամասնությունների վերաբերյալ մի շարք կոնվենցիաներ, այդ թվում՝ Լեզուների խարտիան, որը չի հարգում։

Երրորդն էլ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, բայց քանի որ այնտեղ ես վկայակոչել եմ թուրք դեսպանի նամակը Բրիտանիայի արտգործնախարարին՝ 1945-ին, որտեղ թուրք դեսպանն ասում է, որ Մոսկվայի պայմանագիրը ստորագրելուց առաջ Ստալինը մեզ առաջարկեց, որ Սուրմալուն անցնի թուրքերին, և դրա փոխարեն թուրքերը Բաթումի մարզի հյուսիսը՝ Բաթում նավահանգստով, տան Վրաստանին, այս փաստաթուղթն եմ հրապարակել։

Ես ենթադրում եմ, որ կարող է այդ 3 հոդվածներից մեկը լինի պատճառը կամ երեքը միաժամանակ։ Ուզում եմ ասել, որ սա պատմական փաստի վկայակոչում է, ոչ թե իմ գնահատականը կամ վերլուծությունը։

Վրաստանի իշխանությունները զգայուն են Ջավախքի վերաբերյալ հնչեցրած քննադատություններում և վերլուծություններում։ Դուք մամուլի ասուլիսներում կամ առանձին հարցազրույցներում կոշտ դիրքորոշում արտահայտե՞լ եք Ջավախքին առնչվող հարցերում։

Եթե ես խոսում եմ լեզվի հարգման մասին, այդտեղ Ջավախքն է, եթե ես խոսում եմ Հայաստան-Վրաստան սահմանի վերաբերյալ իրենց կուսակցության որոշման մասին, էլի Ջավախքի հարցն է։ Մյուսն էլ Բաթումն է։ Բայց հարցն այն է, որ սա պատմական փաստի արձանագրում է՝ հիմնված փաստաթղթերի վրա, սա իմ, այսպես ասած, ենթադրությունը կամ դիրքորոշումը չէ։ Իրենք դեմ են դրան, թող գրեն համապատասխան գիտական հոդված և հերքեն։ Իրենք առավելագույնն ինձ կարող են մեղադրել, որ, օրինակ, կեղծել եմ փաստաթուղթը, բայց այդպես չէ։ Ես հղումը կատարել եմ, թող գնան, տեսնեն, որ ես չեմ կեղծել, այլ ճշգրտորեն վկայակոչել եմ։ Բայց իրենք, լինելով 20-րդ դարի պետություն, ժողովրդավար պետություն և հավակնելով Եվրամիության անդամ դառնալուն՝ փորձ են անում պարզապես ճնշումների միջոցով փակել ազատ խոսքի և ազատ մտքի ճանապարհը։ Ես այդ երեք հոդվածներում որևէ տեղ վիրավորական, անհարգալից խոսք չեմ գրել ոչ Վրաստանի, ոչ վրաց ժողովրդի նկատմամբ, պարզապես կա փաստի արձանագրում։

Ձեռնարկելո՞ւ եք ինչ-որ միջոց, օրինակ՝ ԱԳՆ-ի կամ այլ գերատեսչության միջամտությամբ, որ Ձեր մուտքի արգելքը հանեն։

Ոչ, ես չեմ ձեռնարկելու։ Ճիշտ ասած՝ ինձ նման առաջարկ եղավ Միգրացիոն ծառայության իրավաբանների և մասնագետների կողմից, որոնք ինչ-որ ցուցակ ունեն, հարց հնչեց, թե արդյոք ես պատրաստ եմ ինչ-որ հոդվածներով կամ այլ բաներով հանդես չգալ, որպեսզի իրենք հետամուտ լինեն սահմանը բացելու հարցում, ես ասացի, որ պատրաստ չեմ։ Ես գրել և գրելու եմ, և դա պատմական ճշմարտություն է։ Այսինքն՝ ոչ մեկին չեմ վիրավորել, չեմ վիրավորելու, բայց եթե վաղը ձեռքումս հայտնվեց մի փաստաթուղթ, որը հետաքրքիր է, ինչո՞ւ չպիտի հրապարակեմ, միայն նրա համար, որ Վրաստանի իշխանավորներին դա դուր չի՞ գալիս։ Ես Հայաստանում էլ շատ բան եմ գրում և հրապարակում, որը մեր իշխանավորների դուրը չէր գալիս կամ հիմա էլ չի գալիս։ Դա դեռ չի նշանակում, որ ես լուռ պիտի նստեմ տեղս։

Բնական է, որ եթե Վրաստանի հետ պիտի խոսեն, ասեն, որ Պապյանը զղջացե՞լ է։ Ինձ ընդհանրապես պետք չէ Վրաստանի մուտքը։ Ես չեմ հասկանում՝ վրացիք ինչից են ենթադրել, որ էդ մուտքը Վրաստան ինձ ինչ-որ բանի համար պետք է։

Հոդվածները իմ ենթադրություն են, որովհետև իրենք էլ չգիտեն պատճառը, ես էլ չգիտեմ պատճառը։ Ինձ հարցրել են, թե ինչը կարող էր լինել արգելքի պատճառը, ես ասել եմ, որ երբևէ գործունեություն ո՛չ Թբիլիսիում, ո՛չ Ջավախքում չեմ ծավալել, չեմ էլ եղել Ջավախքում խելքը գլխին։ Մի անգամ Ջավախքով Թուրքիա եմ գնացել։ Այսինքն՝ ի տարբերություն շատերի, ո՛չ Ջավախքից եմ, ո՛չ ազգական ունեմ, ո՛չ էլ եղել եմ այդ կողմերում։ Հետևաբար, եթե չկան գործողություններ, ես ենթադրում եմ, որ իմ առնչությունը Վրաստանի հետ իմ հոդվածներն են, բայց կարող է դա չլինի պատճառը։ Ես նաև չեմ բացառում, որ թուրքերի կամ ադրբեջանցիների դուրն եկած չլինեմ, և իրենք էդ ձևով փորձեն ինձ սև ցուցակների մեջ մտցնել։ Դա էլ չեմ բացառում։

Ես Վրաստանի շահերի պաշտպանության տեսակետից շատ բան եմ արել․ Արևմուտքում ներկայացրել եմ որպես պրոարևմտյան երկիր, Վրաստանի շահերն եմ պաշտպանել այն ժամանակներում, երբ Վրաստանը ներկայացուցչություն չուներ Կանադայում, հազար ու մի բան են արել։ Վրացիները պետք է մի քիչ հասկանան, որ չի կարելի նման անհեռատես քայլերով բարեկամներ կորցնել։

Հ․գ․ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայությունը խոստացել է որոշ պարզաբանումներ տալ ավելի ուշ։ Այն կներկայացնենք առանձին։ 

Լուսանկարը՝ Արա Պապյանի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter