
Լեոյի 54․ ինչու է էժան վաճառվել Հիդրոմետի շենքը, և ովքեր են քրեական գործով անցնող Պետգույքի կառավարման կոմիտեի պաշտոնյաները
Երեւանի Լեոյի 54 հասցեում՝ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության նախկին շենքը հյուրանոցի է վերածվելու։ Տարածքի սեփականատերը, Կադաստրի կոմիտեից մեր ձեռք բերած փաստաթղթի համաձայն, «ԿԱՄ Դեվելոփմենտս» ՍՊԸ-ն է։ Լեոյի 54 հասցեի նկատմամբ սեփականության իրավունքն ընկերությունը գրանցել է 2018թ․ մայիսի 23-ին։
Ինչ գործընթացներ են նախորդել պետական գույքի վաճառքին
Պետական սեփականություն հանդիսացող Լեոյի 54 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրակցված է եղել Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված է եղել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ին։
Այս գույքի օտարման վերաբերյալ մեր գրավոր հարցմանն ի պատասխան, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը որոշ մանրամասներ է հայտնել։ Մասնավորապես, Կառավարության 2017թ․ փետրվարի 16-ի նիստի արձանագրությամբ Պետգույքի կառավարման կոմիտեին տրված հանձնարարականի համաձայն՝ Կոմիտեն հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հետ քննարկել է վերջիններիս զբաղեցրած շենքային տարածքների օպտիմալացման և առավել նպատակային օգտագործման հիմնախնդիրները, որի շրջանակներում, ԱԻՆ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն, պարզվել է, որ Լեոյի փողոցի 54 հասցեում տեղակայված կազմակերպության աշխատակազմը տեղափոխվել է Դավթաշեն 4 և Ա․ Միկոյան 109/8 հասցեներում գտնվող ԱԻՆ տարածքներ, և նշված գույքը տվյալ պահին ազատ է, փաստացի չի շահագործվում։
Հետագայում պատվիրվել է իրականացնել վերոնշյալ գույքի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն։ Տրված եզրակացության համաձայն՝ պարզվել է, որ շենքերից 1-ին մասնաշենքի միջնահարկային ծածկերը փայտից են, իսկ աստիճանավանդակների հարթակների հատվածներում և գմբեթի տակ միաձույլ երկաթ-բետոնից, միջնորմներն իրականացված են փայտից ծեփված գաջով և բետոնե մանրահատ բլոկներից, իսկ 2-րդ մասնաշենքի միջհարկային ծածկերը հավաքովի երկաթ-բետոնե կլորանցքավոր սալերից են, և մասնաշենքերի ընդհանուր տեխնիկական վիճակը և վնասվածության աստիճանը, ըստ գործող շինարարական նորմերի, դասվում է 3-րդ աստիճանի։
Շահագրգիռ մարմինների հետ անցկացված քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, հաշվի առնելով նաև շենքի շահագործման համար պահանջվող ներդրումների անհրաժեշտությունը, այն ներկայացնել օտարման՝ շենքի վերակառուցման և շահագործման նպատակով ներդրումներ իրականացնելու պայմանով, ինչն էլ հետագայում ամրագրվել է գույքի օտարման մասին Կառավարության համապատասխան որոշմամբ։
Լեոյի 54 հասցեի գույքի շուկայական արժեքի գնահատումը Պետական գույքի կառավարման կոմիտեն պատվիրել է նշված ոլորտում համապատասխան գործունեություն իրականացնելու որակավորում ունեցող «Ֆլորես» աճուրդի տուն ՍՊԸ-ին։ Ըստ ընկերության գնահատման հաշվետվության, 2017թ․ օգոստոսի 23-ի դրությամբ այն կազմել է 546 310 000 դրամ՝ ներառյալ հողի կադաստրային արժեքը՝ 30 420 000 դրամ, որն էլ ամրագրվել է Կառավարության որոշմամբ։
Կառավարությունը, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, 2017թ․ նոյեմբերի 30-ին որոշել է Արտակարգ իրավիճակների նախարարությանն ամրակցված, պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքից 1158 քմ մակերեսով մասը հետ վերցնել և ամրացնել ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը։
Այդ նույն որոշմամբ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրվել է Լեոյի 54 հասցեում գտնվող 2503 քմ մակերեսով վարչական շենքը և 56 քմ մակերեսով կաթսայատունը, ինչպես նաև դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 0,12 հա մակերեսով հողամասն օտարել մրցույթով։ Գույքի գնահատման արժեք և նվազագույն գին է սահմանվել 515 մլն 890 հազար դրամը։ Մրցույթով օտարման անհրաժեշտ նվազագույն ներդրումների չափ է սահմանվել 1 մլն դոլարին համարժեք դրամը։
Գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,12 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 30 մլն 420 հազար դրամ։
Կառավարության նույն որոշմամբ սահմանվել է նաև, որ կազմակերպվող առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով պետք է կազմակերպվի ևս երկու մրցույթ, ընդ որում՝ յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցնելով վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով, բայց ոչ պակաս գույքի գնահատված արժեքի 60 տոկոսից։
«Հիմք ընդունելով Կառավարության վերոնշյալ կետի պահանջները՝ Պետգույքի կառավարման կոմիտեն գույքը ներկայացրել է օտարման՝ մրցույթով գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, այնուհետև մրցույթի չկայացման արդյունքում կազմակերպվել է ևս երկու մրցույթ, յուրաքանչյուր անգամ գույքի վաճառքի գինը նվազեցնելով վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով, որի արդյունքում հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գին է սահմանվել 360 589 600 (ներառյալ հողամասի կադաստրային արժեքը՝ 30 420 000 դրամ), որին էլ մասնակցության հայտ է ներկայացրել և հետագայում մրցույթի հաղթող է ճանաչվել «ԿԱՄ դեվելոփմենթս» ՍՊԸ-ն»,- հայտնել է Կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը։
Ովքեր են Լեոյի 54 հասցեի այժմյան սեփականատերերը
«ԿԱՄ Դեվելոփմենտս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017թ․ օգոստոսի 22-ին։ Ընկերության սեփականատերը, համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Արմեն Ազատի Մուրադյանն է։
Արմեն Մուրադյանը նաև «ԴԵԿՈՐԱ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկն է, ինչպես նաև տնօրենն է։ Այս ընկերությունը հայտնի «Դոմուս» կահույքի խանութների և շինարարական հիպերմարկետի ցանցի սեփականատերն է։ Ընկերությունը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից էր ստացել 2017թ․-ին։
Պետռեգիստրի տվյալների համաձայն՝ Արմեն Մուրադյանի անվան հետ են առնչվում նաև «Սթարլայն» ՍՊԸ-ն (սեփական կամ վարձակալված անշարժ գույքի հանձնում վարձակալության և այլ գործառնություններ է իրականացնում), «Արտներշին» ՍՊԸ-ն (փայտանյութի, շինանյութի և սանտեխնիկական սարքավորանքի մեծածախ առևտրով է զբաղվել և, ըստ ՊԵԿ-ի՝ ժամանակավոր դադարեցված է), «Էկօսպան» ՓԲԸ-ի (փայտամշակման արդյունաբերությամբ է զբաղվում), «Մելիմպեքս» ՍՊԸ-ի (գործունեության տեսակը ՊԵԿ-ում չկա) և մի շարք այլ ընկերությունների հետ։ Բացի դրանից, Արմեն Մուրադյանը հիմնադիր է 2018թ․ սեպտեմբերին գրանցված «Կահույքագործների հայկական միություն» ՀԿ-ում և «Թինկ թանկ Արմենիա» վերլուծական կենտրոն ՀԿ-ում։
«Շենքը հուշարձան չէ, Լեոյի վրա կառուցված հերթական շենքերից է։ Ընդ որում՝ գնորդը պարտականություն ունի 500 մլն դրամի ներդրում կատարել, արդեն 400 մլն-ն արել են, մի 700 պիտի անեն։ Այդ իմաստով՝ խաբվել ենք»,- պատմեց ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։
Փաստաբան Սիրունյանը հաստատեց, որ Լեոյի 54 հասցեի գույքի ձեռք բերողները «Դոմուս»-ի սեփականատերերն են՝ Արմեն Մուրադյանը և նրա գործընկեր իջևանցի Արման Մարատի Ասլանյանը։
Նշենք, որ ընկերության բաժնետերը պաշտոնապես միայն Արմեն Մուրադյանն է։
Հարուցվել է քրեական գործ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել է Հիդրոմետ ծառայության շենքի վաճառքի նախապատմությունը։ Պարզվել է, որ Պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքի պահանջները՝ առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. «Ֆլորենս» ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։
Նշված առաջարկի հիման վրա ընկերությունը 2017թ․ օգոստոսի 23-ին («ԿԱՄ Դեվելոփմենտս» ՍՊԸ-ի գրանցման հաջորդ օրն է, հեղ․). իրականացրել է Լեոյի 54 հասցեում գտնվող 2503.4 քմ մակերեսով վարչական շենքի, 55.9 քմ մակերեսով կաթսայատան և 0.12 հա մակերեսով հողամասի գնահատում, ինչի արդյունքում նշված անշարժ գույքը գնահատվել է 515.890.000 դրամ:
Այդ գնահատման հիման վրա 2018թ․ մայիսի 17-ին Հիդրոմետ ծառայության շենքը մրցութային կարգով 360.620.000 դրամով օտարվել է «ԿԱՄ Դեվելոփմենտս»-ին։
Ինչպես տեղեկացնում է դատախազությունը, հետագայում կատարվել է նշված անշարժ գույքի 2017թ. շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված գույքի շուկայական արժեքը 2017թ. դրությամբ կարող էր կազմել ոչ թե 515.890.000 դրամ, այլ 850 մլն դրամ կամ 1.5 անգամ ավել սկզբնական գնահատված արժեքից:
Դատախազության ուսումնասիրության ընթացքում նաև պարզվել է, որ ՍՊԸ-ի կողմից նշված անշարժ գույքի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները, մասնավորապես՝ հաշվի չի առնվել գնահատվող գույքի նպատակային նշանակությունը, մակերեսը:
«Պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքի պահանջները՝ առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել ք. Երևան, Կենտրոն համայնք, Լեոյի փողոց 54 հասցեում գտնվող գույքի գնահատման աշխատանքներ: Արդյունքում ՍՊԸ-ի մասնագետը, խախտելով գնահատման ստանդարտի պահանջները, մասնավորապես՝ հաշվի չառնելով գնահատվող գույքի նպատակային նշանակությունը, մակերեսը՝ կազմել է կեղծ եզրակացություն, որով 850 մլն դրամ իրական արժեքով գույքը գնահատվել է 515.890.000 դրամ, որն էլ հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման մրցույթի համար: Արդյունքում նշված գույքը օտարվել է իրական արժեքից շուրջ 3 անգամ պակաս՝ պետությանը պատճառելով շուրջ 489.380.000 դրամի վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ»,- նշել է Գլխավոր դատախազությունը։
Պետական գույքի կառավարման կոմիտեի, ինչպես նաև Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրության արդյունքներով Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:
Դատախազության հաղորդագրության բովանդակության վերաբերյալ և Պետգույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից գույքի օտարման ընթացքում պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն և նրանց ներկայիս պաշտոնավարման վերաբերյալ մեր հարցերին Կոմիտեն խուսափել է պատասխանել։
«Հաշվի առնելով, որ վերոնշյալ գույքի օտարման վերաբերյալ ներկայումս հարուցված է քրեական գործ՝ իրականացվում է նախաքննություն, ուստի հաշվի առնելով անմեղության կանխավարկածի սկզբունքների պահանջները՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն զերծ է մնում որևէ դիրքորոշում տրամադրելուց»,- նշել է Կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը։
Ով է կառուցապատում Լեոյի 54-ը
Լեոյի 54 հասցեի շինաշխատանքներից դժգոհություններ են հայտնել հարևանությամբ ապրող բնակիչները։ Նրանք նաև հատված ծառերի մասին են բողոքներ ներկայացրել քաղաքապետարանին։ Սակայն շինարարը վստահեցնում է, որ շինարարական նախագծից բացի` ոչ մի գործողություն չի իրականացվել։
Լեոյի 54 հասցեն կառուցապատող ընկերությունը «Առ արտ» ՍՊԸ-ն է՝ գրանցված 2013թ․-ին։ Ընկերության բաժնետերերը մայր և դուստր Ռուզաննա Ադամյանն ու Նանե Հովհաննիսյանն են։ Ռուզաննա Ադամյանը ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դասախոս է։ Մեզ հետ զրույցում ասաց, որ ընկերության գործունեությամբ չի զբաղվում, պարզապես ամուսնու՝ Հովհաննես Հովհաննիսյանի մահից հետո ժառանգել է այն, ուղղորդեց խոսել տնօրենի հետ։ Տնօրեն Զոհրաբ Հովհաննիսյանն էլ հանգուցյալ Հովհաննեսի եղբայրն է։ Վերջինս ժխտեց իրենց կապը «ԿԱՄ դեվելոփմենթս» ընկերության հետ, ասաց, որ իրենք ընդամենը շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպություն են․ ««ԿԱՊ դեվելոփմենթսը» պատվիրատուն է, ես ՝ կապալառուն»։
«Առ Արտ»-ի տնօրենը վստահեցրեց, որ քաղաքապետարանի կողմից հաստատված շինարարական նախագծից դուրս ոչ մի բան չի արվում։ Ավելին, շինաշխատանքներին հետևում է քաղաքապետարանը, որի աշխատակիցները շաբաթական 3 անգամ այցելում են տարածք։ Ասաց, որ շինթույլտվությունը, բավականին երկար ձգձգելուց հետո, ստացել են նոր Հայաստանի օրոք։
«Չնայած փաստացի դալանը գտնվում է սեփականատիրոջ հողի վրա, բայց սեփականատերը որոշել է, որ այն բաց է մնալու։ Անգամ արդեն մենք ենք տուժողի դերում, մենք ենք դիմել ոստիկանություն, որպեսզի գան, մեր իրավունքները պաշտպանեն, և մեզ չխոչընդոտեն,- պատմեց Զոհրաբ Հովհաննիսյանը։ -Անգամ ֆասադները չեն ձևափոխվելու, ինչ քար որ կար, նույնը մնալու է։ Ինչը ճարտարապետորեն եղել է, մնալու է, վրան կիսահարկ ձեղնահարկ է ավելանալու։ Արտաքին տեսք չի փոխվելու։ Անգամ հին տուֆերը որոշվել է չփոխել, նույնը թողնել, որ տեսքը չփոխվի»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել