
Ջավախքում ընկերության տնօրենն իր իրավունքը չի կարողացել վերականգնել
«Նինոծմինդայի կենցաղ սպասարկման վարչություն» ՍՊԸ-ի արդեն նախկին տնօրեն Լյովա Կոբելյանը տևական ժամանակ է՝ դատական քաշքշուկի մեջ է Վրաստանի դատարանների հետ: Ասում է, որ իր նկատմամբ խտրականություն է դրսևորվում ազգային պատկանելության պատճառով, ինչի հետևանքով իր գործով դատական գործընթացներն անընդհատ ձգձգվում են:
Լյովա Կոբելյանը «Նինոծմինդայի կենցաղ սպասարկման վարչություն» ՍՊԸ-ի 44 % բաժնեմասի սեփականատերն էր և միաժամանակ ընկերության տնօրենը: Մնացյալ 56 %-ը պետական բաժնեմաս էր: Այս ՍՊԸ-ի բալանսում Նինոծմինդայից Ախալքալաք տանող ճանապարհին եղել է քարի 2 արտադրամաս (քարի արտադրամասերից մեկն աշխատեցրել է Կոբելյանը) և մեկ վարչական շենք՝ Կենցաղի տունը: Սակայն դրանց նկատմամբ սեփականության իրավունք տևական ժամանակ չի կարողացել գրանցել։
Կոբելյանը շուտով տեղեկացել է, որ պետությունը վաճառել է պետական ՍՊԸ-ին պատկանող գույքը՝ առանց իր համաձայնության։ Ձևակերպվել է այնպես, որ 44 տոկոսի սեփականատերը գոյություն չունի, հետևաբար, գործարքն ամբողջովին իրականացվել է միանձնյա որոշմամբ։ «Ես պարզեցի, որ իմ բաժնեմասը պետականացրել են ու վաճառել»,- պատմում է Լյովա Կոբելյանը։
Դատական երկու ատյաններում բողոքարկումները դեռևս արդյունքներ չեն տվել։ Վերաքննիչի՝ գործը նորից քննելու որոշումից հետո՝ շրջանային դատարանն այն վարույթ չի ընդունել, այժմ Կոբելյանը կրկին Վերաքննիչ բողոք է ներկայացրել։
«Մեր շրջանային դատարանի դատավոր Արարատ Եսոյանի՝ հորեղբոր աղջկա ամուսինն է գնել այդ գույքը, դրա համար վճիռն էլ իրենց օգտին է եղել»,- ասում է Լյովա Կոբելյանը։
Կոբելյանը կասկածում է, որ այս գործարքները կայացվել են կոռուպցիոն պայմանավորվածությունների հետևանքով։ «Կաշառք են վերցրել, հոմ պատահական չեն արել»,- ասում է Լ․ Կոբելյանը։
Բողոքը Թբիլիսիի քաղաքային դատարանում է արդեն 3 ամիս։ Վարույթ ընդունել կամ չընդունելու մասին դեռևս ծանուցում չի ստացել։
Լյովա Կոբելյանն իր իրավունքներն ինքնուրույն է փորձում պաշտպանել։ Դիմումներ է գրում պետական պաշտոնյաներին և գերատեսչություններին։ Իր դիմումներից մեկի հիմքով կարգապահական վարույթ է հարուցվել նաև 2015թ․-ին հայցը մերժած Լուիզա Դոտուայի նկատմամբ։
Լ․Կոբելյանի փոխանցմամբ, այդ դատավորը միջնորդությունները չի դիտարկել, գործն ըստ էության չքննարկելով՝ որոշում է կայացրել, սխալ օրենքի հիման վրա է որոշումը կայացրել և այլն։ Դատավորի վերաբերյալ վարչական վարույթը ևս քննարկման փուլում է, դեռ պատասխան չի ստացել։
Մեկնաբանել