HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Հոգեբուժական օգնության մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթն ընդունվեց

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթին:

Դրանով նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը` սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ, նախատեսել դատահոգեբուժական փորձաքննությունների հանձաժողովային կարգով իրականացումը, սահմանել հարկադիր բուժման ենթարկվող անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ` նրանց իրավական պաշտպանությունն ապահովելու նպատակով, նախատեսել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները, սահմանել բժշկական օգնության և սպասարկման պայմանները, սահմանել ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների իրականացման կարգը և պայմանները, սահմանել ընտանեկան բժշկի կողմից հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրման հնարավորություն՝ առողջապահության նախարարի հրամանով սահմանված հոգեբուժական օգնության և սպասարկման ծավալի և կարգի շրջանակներում:

Առաջարկվում է նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հոգեբուժական օգնությունը և սպասարկումը տրամադրել վճարովի հիմունքներով, բացառությամբ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերի, գործող մեխանիզմներ սահմանել՝ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքը համահունչ դարձնելով նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային:

Զեկուցող, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ օրենսդրական փաթեթի վրա աշխատել են շուրջ մեկուսկես տարի, նախաձեռնության նպատակը հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա մի շարք օրենսդրական բացերը լրացնելն է, հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքներն օրենքով սահմանելը, դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ ստեղծելը:

Թորոսյանի խոսքով՝ առաջին անգամ օրենքով ամրագրվել են ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների, հանդարտեցման մեթոդների կարգը և  պայմանները, այդ թվում՝ սահմանելով դրանց կիրառման տևողությունը։ Օրենսդրական նախաձեռնությամբ ամրագրվում են նաև հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձի՝ բժիշկ հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները: Տարանջատվել են ոչ հոժարակամ և հարկադիր բուժման տեսակները, սահմանվել են դրանց իրականացման կարգերը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն, անդրադառնալով ոչ հոժարակամ կամ հարկադիր բուժմանը՝ նշեց, որ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոմիտեն առաջարկում է հրաժարվել  մարդկանց մեկուսացումից՝ խանգարման հիմքով:

«Հասկանալով, որ Հայաստանն այս պահին այդ բարեփոխումներին ամբողջությամբ պատրաստ չէ, մենք պետք է կամք ցուցաբերենք նաև մասնագիտական հանրույթի հետ այդ քննարկումներն իրականացնելու, որպեսզի կարողանանք նաև ՀՀ պարտավորությունները լիարժեք իրականացնել»,- ասաց Զարուհի Բաթոյանը:

Արսեն Թորոսյանը, սակայն, չի կարծում, որ հնարավոր է և պետք է հրաժարվել ոչ հոժարակամ կամ հարկադիր բուժման մեխանիզմից:

Նախարարի խոսքով՝ ոչ հոժարակամ բուժումն իրականացվում է դատարան որոշմամբ՝ այն դեպքում, երբ անձի վարքագիծը վտանգ է ներկայացնում իր և շրջապատող անձանց համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զարուհի Բաթոյանից հետաքրքրվեց, թե ոչ կամավոր բուժման մեխանիզմից հրաժարվելու դեպքում ի՞նչ պետք է անել այն իրավիճակներում, երբ անձը վնաս է հասցնում շրջապատին, ագրեսիվ է, արդյոք պետք է անձին թողնել ազատության մեջ, և ասել՝ «ում ինչքան կարող ես, վնա՞ս հասցրու»:

Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ հենց նմանատիպ հարցերի պատասխանները ստանալու համար է, որ ինքն առաջարկում է իրավական օգնության համար դիմել միջազգային մասնագիտական հանրույթին:

Անդրադառնալով խնդրին՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հիշեց սպանության երկու դեպք, երբ հոգեկան առողջության հետ կապված  խնդիրներ ունեցող, հաշվառված հիվանդները հոգեբուժական հաստատությունից դուրս գալուց կարճ ժամանակ անց սպանել են ծնողներին: Դեպքերը, որոնց մասին խոսեց Դավթյանը, եղել են 2019-ին, երկու դեպքում էլ սպանություն կատարած անձինք ճանաչվել են անմեղսունակ:

«Մտահոգիչն այն է, որ երկուսն էլ հաշվառված հիվանդներ են եղել, երկուսն էլ կարճ ժամանակ առաջ են հոգեբուժական հիվանդանոցից ազատված եղել՝ «լավացում» ախտորոշմամբ։ Չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող է անձը հիվանդանոցից «լավացում» ախտորոշմամբ ազատվել ու օրերի ընթացքում մորը սպանել»,- հարց բարձրացրեց գլխավոր դատախազը:

Անդրադառնալով Զարուհի Բաթոյանի բարձրացրած հարցին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ Եվրոպայում չկա որևէ երկիր, որտեղ ընդհանրապես վերացված է հարկադիր բուժման պրակտիկան: Անդրադառնալով հարկադիր բուժման հարցին, Թաթոյանը նշեց, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոմիտեն, ինչպես ասաց Զարուհի Բաթոյանը, որպես  առավելագույն լուծում առաջարկել է հրաժարվել հարկադիր բուժման ինստիտուտից, քանի որ այս ինստիտուտի կիրառման ընթացքում չարաշահումները շատ են լինում, բայց Եվրախորհրդարանի առաջարկով ինտենսիվ քննարկումներ են եղել, և եվրամիության բոլոր երկրները եկել են եզրահանգման, որ ոչ թե պետք է հրաժարվել այդ ինստիտուտից, այլ երաշխիքները խստացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter