
Եթե Պուտինը որոշի երկաթյա կափարիչ դնել այս եռացող կաթսայի վրա, ապա ինքը կեռա այդ կաթսայում
Ռուսաստանի Դաշնությունում լույս տեսնող «Նովայա գազետա» թերթը ֆինանսական լուրջ դժվարություններ ունի: Ընդդիմադիր համարվող այս թերթը ֆինանսավորում է Ազգային պահուստային բանկի ղեկավար և հիմնական բաժնետեր Ալեքսանդր Լեբեդևը, ում բանկային հաշիվների վրա արգելանք է դրվել, և ՌԴ կենտրոնական բանկը սկսել է այնտեղ ստուգումներ իրականացնել:
Այս խնդրի շուրջ «Հետքի» հարցերին պատասխանել է ռուսական «Նովայա գազետա» թերթի խմբագիր Դմիտրի Մուրատովը
Ինչո՞ւ են հատկապես հիմա այս ճնշումներն ահագնացել:
Որովհետև մենք, որպես ազատ լրատվամիջոց, աջակցել և գրել ենք խարդախ ընտրությունների դեմ իրականացված հասարակական հանրահավաքների մասին: Որովհետև մենք շարունակում ենք բացահայտել կոռուպցիան բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, այդ թվում` Պուտինի և նրա մերձավորների: Նրանք, ում ձեռքում է այսօր իշխանությունը, հասկանում են, որ կորցնում են հասարակության աջակցությունը, նրանք կորցնում են իրենց ազդեցությունը և կարող են կորցնել իրենց միլիարդները: Ահա թե ինչու անկախ մեդիան, որը կենտրոնացած է հետաքննությունների և ազնիվ լրատվության վրա, համարվում է թշնամի:
Ինչպե՞ս և ե՞րբ առաջացան խնդիրները: Արդյո՞ք դրանք միայն ֆինանսական են:
Մենք միշտ ունեցել ենք խնդիրներ իշխանությունների հետ, բայց ճնշումը, որին մենք այսօր բախվել ենք, հավանաբար ամենաուժեղն է: Մենք այս ճնշումը զգացինք անցյալ տարվա վերջին, երբ ՌԴ Կենտրոնական բանկի ավելի քան 130 պաշտոնյաներ, իրավապահ մարմինների և Անվտանգության դաշնային ծառայության հետ, գնացել են Ալեքսանդր Լեբեդևի բանկի գրասենյակ:
Արդյո՞ք բանկային հաշիվները փակելը քաղաքական որոշման արդյունք է:
Իհարկե, մենք վստահ ենք, որ սա քաղաքական որոշում է: Նախ և առաջ, ԿԲ-ն ստուգել էր Լեբեդևի բանկը կես տարի առաջ: Նրանք որևէ անօրինական բան չէին գտել և խոստավանել էին, որ բանկը պահպանում է բոլոր օրենքները: Վեց ամիս անց նրանք կրկին եկան բանկ: Դա սովորական երևույթ չէ, նույնիսկ Ռուսաստանում:
Երկրորդ պատճառը. նրանց ուշադրության գլխավոր թիրախը Լեբեդևի անձնական բանկային հաշիվներն են, որտեղից նա ֆինանսավորում է «Նովայա գազետա»-ն, Բրիտանական թերթերը, քաղցկեղով հիվանդ երեխաներին և բարեգործական այլ ծրագրերը:
Երրորդ պատճառը. «Նովայա գազետա»-ն միակ լրատվամիջոցը չէ, որ այսօր դժվարություններ ունի: Սա միտում է: Մեզանից առաջ Գլխավոր դատախազությունը սկսել էր ստուգել անկախ «Դոժդ» հեռուստակայանի ֆինանսական աղբյուրները, «Գազպրոմը» փոփոխություններ արեց «Էխո Մոսկվի»` անկախ ռադիոկայանի տնօրենների խորհրդում: Միաժամանակ, իրավապահները ստուգում են քաղաքական հայտնի ակտիվիստ Ալեքսեյ Նավալի բանկային հաշիվները Կիրովում: Այսպիսով, բոլոր այս փաստերը թույլ են տալիս, որպեսզի ասենք, որ սա համակարգված քարոզարշավ է, որպեսզի բռի մեջ պահել անկախ քաղաքական և մեդիա ներկայացուցիչներին նախագահական ընտրություններից առաջ և հետո:
Թերթի դեմ ներկայացված հայցերը արդյո՞ք նույնպես քաղաքական դրդապատճառներ ունեն:
Սա կոռումպացված պաշտոնյաների մասին մեր հետաքննությունները կանխելու փորձ է: Կարևոր է նշել, որ վերջին մեկ կամ մեկուկես տարվա ընթացքում մեր դեմ 5 դատական գործ է սկսել նախագահական գրասենյակը (Управление делами президента РФ), որը մեր հետաքննություններից շատերի կիզակետում էր:
Դատական հայցերը տարբեր հետաքննություններից հետո են սկսվել: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ «Նովայա գազետայի» համար հետաքննություն անցկացնելն արդեն վտանգավոր է:
Դա միշտ էլ վտանգավոր է եղել: Եվ ոչ միայն մեզ համար, այլ Ռուսաստանում յուրաքանչյուր ազնիվ լրագրողի համար: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք կորցրել ենք 4 լրագրող. նրանք բոլորն էլ տարբեր թեմաներով հետաքննություններ են անցկացրել` բարձրաստիճան պաշտոնյաների, մարդու իրավունքների, Հյուսիսային կովկասի և այլ թեմաներով:
Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող են լուծվել թերթի ֆինանսական խնդիրները, դուք ի՞նչ լուծում եք տեսնում թերթի աշխատանքները բնականոն ընթացքի բերելու համար:
Մենք պատրաստ ենք աշխատել առանց աշխատավարձի այնքան, որքան հնարավոր է: Մենք գիտենք, որ վաղ է խոսել ինչ-որ կոնկրետ լուծումների մասին: Մենք տակավին հավատում ենք, որ կկարողանանք լուծել այդ խնդիրնեը: Այսօր մենք ստանում ենք ֆինանսական աջակցության հարյուրավոր առաջարկներ տարբեր մարդկանցից` մեր ընթերցողներից, արվեստագետներից և բիզնեսմեններից, ովքեր պատրաստ են իրենց թոշակներից և աշխատավարձերից գումար հատկացնել: Մենք շնորհակալ ենք բոլորից, բայց մենք չենք ընդունում այդ առաջարկությունները: Մենք գիտակցում ենք, որ կան հարյուրավոր ավելի կարևոր խնդիրներ, որոնք փողի կարիք ունեն: Օրինակ` քաղցկեղով հիվանդ երեխաները, ովքեր գումար չունեն հիմա, որովհետև կառումպացված պաշտոնյաները որոշել են ճնշում գործադրել Լեբեդևի և «Նովայա գազետա»-ի վրա:
Որքա՞ն ժամանակ կարող եք առանց ֆինանսավորման աշխատել, լրագրողներն ինչքա՞ն կդիմանան:
Մենք պատրաստ ենք աշխատել որքան հնարավոր է երկար:
Եթե ճնշումները քաղաքական ենթատեքստ ունեն, չե՞ք կարծում, որ Վլ. Պուտինի ընտրվելու դեպքում այդ ճնշումներն ավելի կմեծանան:
Եթե այդպես լինի, ապա դա միայն անհանգստություններ կպատճառի միայն իրեն: Դա կլինի իր քաղաքական կարիերայի վերջին որոշումներից մեկը: Նա չի հասկանում, որ մեր հասարակության մտածելակերպը փոխվել է: Մարդիկ անկախ լրատվամիջոցի, քաղաքական անկախության կարիք ունեն և տարբեր տեսակետեր լսելու հնարավորություն: Եթե նա որոշի երկաթյա կափարիչ դնել այս եռացող կաթսայի վրա, ապա ինքը կեռա այդ կաթսայում:
Որպես խմբագիր հնարավոր համարո՞ւմ եք Ռուսաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացումը:
Իհարկե: Դա հեշտ է: Եթե դու վստահ ես քեզ վրա, եթե դու չես վախենում մրցակցությունից, միայն տուր հավասար իրավունքներ բոլոր քաղաքական առաջնորդներին: Հավասար իրավունքներ ասվածը ներառում է` հավասար մուտք ունենալ հեռուստաընկերություններում, հավասար բյուրոկրատիկ պահանջներ յուրաքանչյուր թեկնածուին կամ քաղաքական կուսակցությանը և այլն: Ընդհանրապես, հավասար իրավունքը նշանակում է քաղաքական ազատություն: Եթե մենք դա ունենք, մեր ընտրությունները կլինեն ազնիվ և արդար: Բայց, իհարկե, քանի դեռ գործող պաշտոնյաներն են իշխանության գլուխը, մենք չենք ունենա արդար ընտրություններ, որովհետև նրանք վախենում են կորցնել իրենց իշխանությունը և փողը, նրան վախենում են հնարավոր քրեական հետապնդումից:
Մեկնաբանել