
Սոճիների չորացման պատճառները պարզելու համար փորձանմուշներ են ուղարկվել Ռուսաստանի Դաշնություն
Հայաստանի անտառներում սոճիների զանգվածային չորացման վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացվել, փորձանմուշներն ուղարկվել են նաև Ռուսաստանի Դաշնություն։ Նախնական վնասատուի անունն արդեն հայտնի է։ Այսօր մեր հարցին ի պատասխան՝ հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Վնասատուի անունը նախարարը չէր հիշում։ Խոստացավ ավելի ուշ նախարարության կողմից մանրամասներ ներկայացնել: Ավելի ուշ նախարարությունն ուղղորդեց կապ հաստատել «Արգելոցապարակային համալիր» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Անահիտ Հարությունյանի հետ: Վերջինս նշեց, որ որևէ փորձաքննության մասին տեղյակ չէ:
Իրենց ՊՈԱԿ-ի կողմից կատարած աշխատանքների մասին որոշ մանրամասներ հայտնեց: Ըստ մասնագետի` սոճիների վնասատուն սոճու երկարակնճիթ բզեզն է, որը բնակվում է ծառի արմատում, դուրս է գալիս մայիս-հունիս ամիսներին և կատարում իր վնասատար գործողությունները:
Անահիտ Հարությունյանը նշեց, որ սոճու երկարակնճիթ բզեզը վնասակար է ոչ միայն սոճու, այլև եղևնիների համար:
Վնասատուն հայտնաբերելու և հաստատելու համար Արգելոցապարկային համալիր է հրավիրվել նաև Բույսերի պահպանության ինստիտուտի մասնագետը, պայքարի միջոցառումներ են իրականացրել: Մասնավորապես, իրենք քիմիական պայքարի աշխատանքներ են տարել, կոճղերը թունաքիմիկատներով մշակել են ու հողով ծածկել, որպեսզի չտարածվի:
Տիկին Անահիտը նշում է, որ այս տարի, նախորդ տարվա համեմատ, վարակված ծառերի քանակը նվազել է:
Ասուլիսի ժամանակ մեր հարցադրմանը, թե կանխարգելիչ ինչ միջոցառումներ են ձեռնարկվել, նախարարն էլ պատասխանեց, որ համարակալվել են հատման և ոչնչացման ենթակա բոլոր ծառերը։
Թե այս պահին գործընթացն ինչ փուլում է գտնվում, նախարարը տեղեկացված չէր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մեր հարցմանը պատասխանելիս Անտառային կոմիտեն հայտնել էր, որ ընդհանուր 44 hա չորացող ու չորացած սոճի է գրանցվել Հայաստանում` առավելապես Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզերում։ Չորացման գործընթացը շարունակվում է։
Փոխնախարար Վարդան Մելիքյանն էլ մեզ հետ զրույցում նշել էր, որ սոճիների զանգվածային չորացման պատճառը, ամենայն հավանականությամբ, նեմադոտներն են՝ կլոր որդերը:
Մեկնաբանել